
Ես՝ մահէս ետքը պիտի տեւեմ երկար ատեն...եւ մանաւանդ մահէս ետքը պիտի ապրիմ... Ինտրա (Տիրան Չրաքեան)
Մաս 1
Շաբաթապահը
Ավարտել էր արդեն իր կյանքի գիրքը՝ «Ներաշխարհ»ը, ավելին` երկար սպասումներից հետո այն արդեն տպագրվել էր: Ինքն իրեն կնքել էր Ինտրա անունով՝ մի փոքր խաղալով Տիրան անվան տառերի դասավորության հետ՝ հիշելով , «Արեւելքին գերագահող» «կայծակող մեծ հնդիկ աստծուն», որ լույսի և եթերի աստվածն է «հնդիկ Զևս մը գրեթէ, կամ բոլորովին»: Իր ներաշխարհի մեջ այնպես ներդաշնակորեն տեղավորված սիրելի տիկնոջը՝ Վերժինին տարածել էր իր «Ներաշխարհ»ի պատումի մեջ՝ տալով Իռենա անունը: Արդեն ծնվել էր իր այդքան սպասված զավակը: Եվ երբ երազանքերը կատարված էին, զգաց ունայնություն ունայնությանց: «Եթէ կարելի ըլլար որ ջնջէի, այրէի բոլորը ինչ որ գրած եմ, բոլորը ինչ որ խօսացած եմ, եթէ կարելի ըլլա՛ր որ անհետանար անցեալը, եղած չըլլայի ի՛նչ որ եղած եմ, որպէսզի ճշմարիտ լոյսը միայն տարածէի շուրջս»:
Հավիտենական սիրո և միակ ճշմարիտ լույսի ետևից գնալու համար Աստծուն նվիրելիք Կիրակինները Տիրան Չրաքյանը փոխարինեց Աստծուն նվիրելիք Շաբաթներով: Դարձավ շաբաթապահ քարոզիչ:
Սադրիչը «Պոլսոյ յատուկ գրավաճառն» էր, որը դռնեդուռ ընկած անվճար գրքեր էր բաժանում: Նաև մի հույն՝ թրքախոս Թեֆրոնիտիսը , որ, հոգեորսության դուրս գալով Պոլսո թաղերում, մի օր անցավ Չրաքյանենց կողմերով և երկար զրույցի բռնվեց նրա հետ: Հետո տվեց հասցեն՝ Բերա, Թիւնելին ետեւը, Գրանֆիլ փողոց, թիւ 63, որտեղ գերմանացի միսիոնարը շաբաթ օրը քարոզ պիտի կարդար: Տիրանը գնաց և 2 շաբաթ անց նամակով բարեկամներից մեկին՝ Աշոտ Փափազյանին հայտնեց` «ես ալ Գալստական մը, Շաբաթապահ մը ըլլալու վրայ եմ, քանի որ սրտագին կը ճանչնամ անոնց վարդապետութեան ճշմարտութիւնը»: Հետաքրքիր է, որ այդուհանդերձ պնդում էր, թե դա չի նշանակում, «որ լքած եմ մեր եկեղեցին. Ոչ բնաւ: Անցյալ կիրակի Մայր եկեղեցի գացի բողոքականութենէն դարձած Հուեւան վարդապետը լսելու ...և այսօր ալ եկայ մեր մանկութեան Ս.Խաչ եկեղեցին: Զարմանալի բան, նոր աչքով կը տեսնեմ կոր ինչ ինչ բաներ: Մեր եկեղեցին սքանչելի է, իբրեւ խանդավառ հաւատքի եւ խանդավառ պաշտամունքի եղանակ. Մեղք որ անհասկանալի է շատերուն»:
Տիրանը համոզված էր, որ մեր եկեղեցու փառաբանման համար իրենից լավ ոչ ոք կարող էր քարոզ անել և ազդեցություն ունենալ մարդկանց վրա, նրանց սրտին և հոգուն հասանելի լինել: Մի բան, որ կար Պոլսի Բերա շրջանի Գրանֆիլ փողոց, թիւ 63 հասցեի աղոթատեղիում և մի բան որ, ըստ իրեն, պակասում էր մեր եկեղցուն. Պարզ խոսք Սիրո և Ճշմարտության մասին, մարդկային անկեղծ ապրումակցում նույն այդ Սիրո և Ճշմարտության պակաս զգացողների հետ:
Աշխարհի փրկությունը որոնողը
Բայց կյանքի այս շրջադարձը իր ակունքներ ուներ: Անվճար կրոնական գրքեր բաժանողը, կամ Թեֆրոնիտիսը միայն լրացրել են Անհունով, Տիեզերքով, Աստծո ամենազօրության փառքով, հոգիի առեղծվածով, անդրկյանքով տարված, «հեռանոյշ Ճշմարտին» փնտրող Տիրան Չրաքյանի հետաքրքրությունը: Երեխա ժամանակ «ես շապիկ կը հագուէի Եկեղեցին, և մոմերու բոցերուն և բուրվառին խունկին հետ անբացատրելի բաներու մէջ կը վերանար հոն երեւակայութիւնս»: Տարված էր, Թեոդիկի բառերով՝ «կիսաղօտ գիտութեամբ», կարդում էր հոգեպաշտության մասին և տեղյակ էր՝ շատ գիտնականներ ոգեհարցության՝ spiritisme-ի միջոցով հավատացյալ են դարձել: «Ոստան»ի 1911թ. տպագրված «Յայտնութիւնք Անդրաշխարհէն» մեծ հոդվածի մեջ ներկայացնում է փաստեր յօգուտ ոգեհարցության: Երբեք չհակադրեց իր հայացքները եկեղեցուն: «Հոգին է Աստուած,- ոչ թէ վերացական գաղափար՝ այլ կենդանի իրականութիւն: Մեր պարտքն է... բարիք միայն գործել, և անձնուէր, անեսական ու հեզ ըլլալ... Հեզ... կատարելութիւնն այս է...անբաւ հեզութիւն՝ անսահման կարողութեան հետ...մարդ կը սարսռա խորհելով թէ որքան հպարտ եղած է, ուստի որքան չարակամ, և որքան չարագործ... Հեզ ըլլալ, այսպէս կ’ըսէ այսօրուան պայծառադէմ ու տրտմագին Գիտութիւնն, այսպէս կ’ըսեն նաեւ Անցելոյն կրօնքներն ու գիտութիւններն, յաւերժական Աւետարանն և մասնաւորապէս՝ մենւոր Եկեղեցի մը ...որ կը կոչուի Հայաստանեա՜յց Եկեղեցի...»:
Իր դասընկեր Արամ Նիկողոսյանը հիշում է, որ վանականներն իրենց սև զգեստներով և երկնասլաց աղոթքներով վերացնում էին նրան: Տիրանը պաշտեց Մաղաքիա Օրմանյանը, զմայլվեց Նարոյան Եպիսկոպոսի քարոզներով, միշտ կապուած մնաց Դուրյան Սրբազանին, «որուն հոգւոյն եւ մտաց նրբութիւնները կը գերէին զինք»: Պոլսո 3 հոգևորականներ, որոնք երբևէ բազմել են Կոստանդնուպոլսի պատրիարքական գահին: Իր ոգեկան վերացումների ժամանակ սավառնում էր եթերներում, հետո իջնում հողին կարծես Տիրանը չլիներ, այլ՝ մի օտար մարդ, որ «... իրեններն ալ չէին ճանչնար զինք: Կը վերանար երբ կը խորհէր, կը վերանար երբ կը նկարէր, կը վերանար երբ գեղեցիկը կըմբռնէր, կվերանար երբ երաժշտութիւն կ’ունկնդրէր...: Կը սիրէ ապրիլ մտքի բացարձակ անիշխանութիւնով, շրջելով երկինք ու երկիր եւ թօթափելով մարդկային լուծը, հասնելու համար մինչեւ հոն, ուր կարելի է այլեւս նոյնանալ բնութեան տարրերուն հետ»,-«Մարմարա»ի էջերին գրեց Չրաքյանի երբեմնի աշակերտը՝ պաշտոնով ատամնաբույժ, էությամբ գրող Եդուարդ Սիմքէշյանը՝ շարունակելով. «Այդ Ինտրան ջնջուած էր հիմա եւ անոր փոխարէն հետզհետէ մարմին կ’առնէր նոր օրերու Տիրան Աւետարանիչը»:
1890-ականների սկզբին, երբ Պոլիս է գալիս հիպնոսի մասնագետ Բիկմանը, Տիրանը դասընկերոջ հետ, գիտական կրթությունը լրացնելու համար մասնակցում է «հիպնոսացման փորձերուն...»: Ժամանակ անց ընկերը նկատում է, որ «գիտական ոգին ստէպ տեղի կուտար հաւատքի միամտութեանը, խանդաւառութեամբ ինկաւ ոգեկոչութեան մանուածապատ դիւրահաւանութեան մէջ: ...Հաղթ կաղնին փլած էր»: Երբ կա Աստուածային գիտությունը, «ի՞նչ արժեք ունին մարդկային գձուձ եւ մոլար գիտութիւնները»-, ասում էր Տիրանը: Գուցե կատուների հանդեպ ունեցած իր առանձնակի սերը ևս իր բացատրությունն ունի: Տիրանը իր կատվի աչքերի մեջ գերբնական ցոլացումներ էր նկատում և «ակռաները սեղմած կը խօսակցէր անոր հետ անմահութեան, անհունութեան, տիեզերքի վրայ».
Տիրան Չրաքեան
Այնպես որ 1912-ին արդեն իր լավագույն ընկերոջ՝ Միքայել Կյուրճյանի հարցին՝ թե ինչով է տարված, պատասխանում է՝ Metapsychie և լուսաբանում, որ դա մահից հետո կյանքը հաստատող իրողության մասին է: Տեսնես, հաստատվեց մահից հետո շարունակվող կյանքի մասին Տիրանի համոզումը, 1921թ. Հունիս 6-ին, երբ շղթայակապ 1000 կիլոմետր արնաշաղախ ոտքերը հազիվ քարշ տալով՝ խոշտանգված, անոթի տանջամահ եղավ աքսորի ճանապարհին՝ սեր, միություն և հավատք մրմնջալով: Մինչ նրա մարմինը եղերական վախճան կունենար, հոգին՝ հավիտենական կյանք, և թողած գրականությունն էլ՝ մի շքեղ հետք, նա դեռ պետք է ի վերուստ իրեն տրված ժամանակը արդյունավորեր երկրի վրա: Եվ նախ՝ պետք է ծնվեր: Եվ դա տեղի ունեցավ 1875-ին:
Տիրանիկը Սկյուտարից
Ծնողները՝ թե Գասպարը, թե Աննան Արաբկիրցի էին: Բայց տևական ժամանակ է տեղափոխվել էին Պոլիս, Սկյուտար թաղամասում տուն դրել: Գասպարը Օսմանյան դրամատան մեջ իր ազնիվ աշխատանքով պահում էր ընտանիքը: Ճիշտ է, քիչիկ թուլություն ուներ օղիի հանդեպ, բայց ո՛վ բնավ թուլություն չունի: Գասպարը մեռավ 1898-ին: Եվ միայն նրա մահից հետո, որդին հասկացավ հորը ու ափսոսեց իր չասածի, չարածի համար:
Անչափ կապված էր մոր՝ Աննայի հետ. «Մայրիկս որ օրրեց զիս երբե՜մն, իր երկնանուէր խաղաղածո՜ւփ յոյզերով»: Սիրում էր նրան անսահման, ասում էր՝ «կ’ երկրպագեմ հոգեւին»: Աննա խաթունը տան լույսն էր, փափկությունը: «Գըթած ու ներող սիրտ» էր, որի կարեկցանքն ու սերը «աղօթքի կը նմանէր»:
1908-ին Աննան մահացավ՝ «Փոխուելով այլ եւս ի հող եւ ի տեսիլ, ի զօրութիւն, ի շունչ, ի գաղափար,ի գերմարդկային անմարմնաւորութիւն», որ այլևս «կը թեւածէ, կը հանգչի ի յաւիտենական տեսլականն, ի Տէր...»: Հետմահու իր Տիրանիկից մի ամբողջ «Նոճաստան» ընծա ստացավ՝ հնչեակների (sonnet) մի փունջ՝ «Ձոն նոճեդալար եւ նոճեսոսափ սիրոյ»:
Չրաքյանների ավագ որդին՝ Թորգոմը՝ հետագայում Պոլսի հայտնի լուսանկարիչներից մեկը, արդեն կար, երբ 1875թ., հին տոմարով Սեպտեմբեր 11-ին, ծնվեց Տիրանը, կամ փաղաքուշ՝ Տիրանիկը: «...Սեպտեմբեր 11-ին ծնած ըլլալուս համար, ամէն ամսոյ 11-ը ասկէ առաջ ինծի թուած էր ըլլալ յաջողութեան օր մը...»: Բայց շատ տարիներ հետո կսկսի կասկածել՝ «Այս տասնըմէկ թիւը ինծի համար երջանկաբեր թի՞ւ մըն է արդէօք»: Ընդհանրապես, տարիներ անց կսկսի վերարժևորել ամեն բան, ավելի ճիշտ՝ արժեզրկել ամեն երկրայինը, թողնել Աշխարհը, իր սերը, ուրանալ տաղանդը, իր գրիչն ու վրձինը: Ի դեպ՝ վրձինը...
« ...երբ տակաւին կը վարանէր գրչին ու վրձինին միջեւ...»
Թեև բանաստեղծություններ էր գրում, բայց՝ ի սկզբանե նկարիչ էր: Մասամբ ուսանեց Պոլսի գեղարվեստի դպրոցում, սակայն դժգոհ կաղապարված կրթությունից, թողեց: Ճիշտ է, շատ տարիներ անց հասավ Փարիզ՝ Սորբոնի արվեստների բաժնում սովորելու: Ստիպված եղավ օրապահիկ դրամը շահելու համար դիմանկար-ծաղրանկարներ անել: «Բարիզը ահագին է, եւ ես ոչինչ կ’զգամ զիս, քանի որ Բարիզին ահագին ըլլալը կ’ զգամ»: Շուտով հեռացավ այս քաղաքից: Հետո, իբրև հրաշալի նկարիչ, ամսագրեր, հանդեսներ ձևավորելու պատվերներ ստացավ, այդ թվում՝ թրքական հայտնի «Սէրվեթի Ֆինուն» պարբերականից:
Պոլսում խոսում էին, որ երբ 1888-ին Հովհաննես Այվազովսկին այնտեղ էր՝ տեսնելով Տիրանիկի ջրաներկ ծովանկարը, գովեստի խոսքեր է շռայլել, նախ՝ չհավատալով, որ դա «տղու մը մատներով» ստեղծված է: Այվազովսկին նրա մեջ ապագա մեծ նկարիչ էր տեսել: Տիրանը նոր բառ հորինեց բնապատկերի՝ paysage-ի համար՝ վայրանկար: Հետո նոր բառեր ստեղծեց իր գրականության, չնաշխարհիկ բանաստեղծությունների և, հատկապես, «Ներաշխարհ»-ի համար: Ստեղծիչ էր: Նկարները չկան, որոշները նվիրեց իր մտերմագույն ընկերոջը՝ Միքայել Կյուրճյանին, որին դեռ կանդրադառնանք և Լևոն Թաշճյանին: Ի՛նչ եղան դրանք. դեռ, կամ արդեն չգիտենք: Այնպես որ, այսօր կարող ենք միայն գոհանալ «Ամենուն տարեցոյցը»-ի 1927թ. հատորի մեջ Թէոդիկի շնորհիվ զետեղված՝ Սեւ ծովի մայրամուտին արված նկարով, Մաղաքիա Օրմանյանի գծանկարով, «եղծեալ լուսանկարից» արտանկարված իր լավ ընկեր Լեւոն Թաշճյանի ճարտարապետ հոր յուղաներկ դիմանկարով և Գրականության և արվեստի թանգարանում Միքայել Կյուրճյանի թղթերի մեջ պահված մի քանի գծանկարների պատճեններով:
Տիրանը երևի այնքան չէր հուզվել, իր նկարչության մասին մեծ ծովանկարչի դրվատանքից, որքան այն տեսարանից, երբ Գում Գափույում՝ տեսնելով ժողովրդի ընդունելությունը, Այվազովսկին արտասվեց և գլխաբաց ողջունեց մարդկանց: Հիշելով այս, նամակներից մեկում Միք. Կյուրճյանին գրեց՝ «Մարդ այսքան մեծ եղած ըլլալու է՝ այսքան խոնարհիլ կարենալու համար...:
Եգիպտոսը
«Միայն հաւատա՛, ես նախորդ կեանքի մը մէջ Եգիպտոս ապրեր եմ. Եգիպտացի մըն եմ եղեր, աւելի ճիշդը՝ Արաբ մը, գրավաճառ եւ հեղինակ...ըստ վկայութեան médium -ի մը»,- գրում է բանասեր Սարգիս Թութունճյանին: Եգիպտոսը իր մտասևեռումն էր: Սֆինքս, երկրաչափական կատարելության բուրգեր... Քաղաքակրթական ինչ-որ կապվածություն ուներ այս ավազոտ և կիզիչ քրմական աշխարհի հետ: Կարիք ուներ զգալ Եգիպտոսի թրթիռները հենց տեղում: Նրան օգեց Միք. Կյուրճյանը.ընկերոջը հրավիրեց Ալեքսանդրիա: Զինված նկարչական պարագաներով՝ Տիրանը շուտով այնտեղ էր: Մի հրաշալի նկար սկսեց, ինչպես հիշում է Միքայելը. Նեղոսի ափ, արմավենիներ և մի սլացիկ եգիպտուհի՝ կուժը գլխին: Անավարտ թողեց: «Խօսակցութեան ընթացքին կը խորասուզուէր և կ’այլուրանար»: Մտքի մեջ խմորվում էր իր ապագա գիրքը: Գուցե իսկապես հե՛նց Եգիպտոսի դյութանքը օգնեց Տիրանին տեղափոխվել մեկ այլ, առավել խորհրդավոր աշխարհ, որ «Ներաշխարհ» էր կոչվելու:
Մեկնաբանել