
Արդարադատության նախարարության մանիպուլյացիայի պարզաբանում. Վահե Վարսանյան
Ապրիլի 7-ին «Հետք»-ում հրապարակված «Կառավարության երազանքը՝ վախեցած, բայց երջանիկ հանրություն» հոդվածում անդրադարձել էինք նաև Արդարադատության նախարարության օրենսդրական վերջին նախագծին, որով առաջարկում է վերացնել Վարչական դատավարության օրենսգրքի՝ վարչական ակտի կատարումը կասեցնող դրույթը վարչական ակտը դատարանում վիճարկելու ժամանակ: Պնդել էինք, որ այս նախագծով խստացվում է պետության պատժիչ ուժը, բացի տնտեսվարողների նյութական խոշոր և, հավանական է, անդառնալի վնասից (որով նաև խրախուսվում է կաշառակերությունը), իրավական գործընթացների ելքը կախվածության մեջ է դրվում իշխանության կամքից:
ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է հոդվածին. «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ» վերտառությամբ տեքստ է շրջանառել՝ փորձելով հերքել հոդվածի՝ վերոնշյալ պնդումը:
Արդարադատության նախարարության «Պարզաբանումն» ամբողջությամբ մանիպուլյացիա է:
Այսպես. «վարչական ակտը դատարան բողոքարկվելուց հետո դեռևս չի համարվում անբողոքարկելի և կատարման ենթակա, քանի դեռ չի կայացվել այդ վեճով վերջնական դատական ակտ»։
Նախարարությունը «մոռանում» է նշել, որ վարչական ակտը բողոքարկվելու պարագայում չի դառնում կատարման ենթակա միայն այն դեպքում, երբ դատարանը՝ որպես հայցի ապահովման միջոց, որոշում է կասեցնել տվյալ վարչական ակտի կատարումը։ Իսկ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց չկիրառվելու դեպքում վարչական ակտը ենթակա կլինի կատարման՝ անգամ բողոքարկվելու պարագայում։
Այսինքն՝ դատական կարգով վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման օրենքով երաշխավորված իրավունքը օրինագծով փոխարինվում է դատական ակտի կասեցման՝ դատարանի հայեցողությամբ։ Այլ կերպ ասած՝ նախկինում, եթե դատական հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարումը «ավտոմատ» կասեցվում էր՝ մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի օրինակ ուժ ստանալը, առաջարկվող օրինագծով, որպեսզի բողոքարկված վարչական ակտի կատարումը կասեցվի և մինչև վերջնական դատական ակտի կայացումը չկատարվի, անհրաժեշտ է, որ դատարանը հայցվորի առանձին միջնորդության հիման վրա որոշի կասեցնել տվյալ վարչական ակտի կատարումը մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժ ստանալը։
Ահա այսպես ներկայում անձի՝ օրենքով երաշխավորված իրավունքը կախվածության մեջ է դրվելու դատական հայեցողությունից, այլ կերպ ասած՝ այն, ինչ ունես այս պահին, պետական մարմինների նշանակած տուգանքը մուծելուց հետո, խնդրելու ես, որ հետ ստանաս։
Եվ սա այն դեպքում, երբ նման «միջնորդությունը բավարարվում է միայն եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը»։ Արդարադատության նախարարությունն իր պարզաբանման մեջ նշում է, որ վարչական ակտը բողոքարկելու դեպքում տուգանված անձը պարտավոր է հիմնավորել՝ եթե վարչական ակտի գործողությունը չկասեցվի՝ ի՞նչ անդառնալի հետևանքներ կառաջանան իր համար:
Դիցուք՝ ինչպե՞ս է անձը հիմնավորելու, որ պարեկի կիրառած 10.000 դրամի վարչական ակտի կատարումը իրեն զգալի վնաս է պատճառելու կամ անհնարին է դարձնելու իր իրավունքների պաշտպանությունը, կամ, օրինակ, ինչպե՞ս է տնտեսվարողը կարողանալու հիմնավորել, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում արձանագրող ՊԵԿ-ի անհիմն վարչական ակտով առաջադրված 200.000 ՀՀ դրամ տուգանքի կիրառումը զգալի վնաս է պատճառելու իրեն կամ անհնարին է դարձնելու իր իրավունքների պաշտպանությունը, ի՞նչ անդառնալի հետևանքներ են առաջանալու իր համար։
Այս և բոլոր նմանատիպ դեպքերում կատարումը չկասեցված վարչական ակտերով տուգանքի գումարները գանձվելու են, իսկ տուգանվածները խրվելու են երկար դատական վեճերի մեջ, որոնց արդյունքում, եթե հաղթեն ու վարչական ակտն անվավեր ճանաչվի (իսկ ՀՀ-ում վարչական ակտի՝ բոլոր ատյաններով դատական վիճարկման միջին ժամկետը մոտ 3-4 տարի է, և դա այն դեպքում, եթե որևէ դատական ակտ չբեկանվի, և գործը չուղարկվի նոր քննության, որի դեպքում այդ ժամկետը հանգիստ կարելի է կրկնապատկել), այդ դեպքում նոր կարող են անվավեր ճանաչված վարչական ակտերով գանձված տուգանքի գումարները դիմել և հետ ստանալ ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Հետևաբար, հիմնավոր է մեր պնդումը, որ օրինագիծն ունակ է սնանկացնել տնտեսվարողներին, քանի որ անգամ ամենահաջողակ և «գետնին ամուր կանգնած» բիզնեսը երկու ամսում կարելի է դարձնել անվճարունակ Տեսչական մարմնի կամ ՊԵԿ-ի՝ տուգանք կիրառելու մասին անհիմն մի ակտով։ Իսկ եթե տվյալ ակտը լինի մի քանի հարյուր միլիոն դրամ տուգանք նախատեսող (որոշ դեպքերում կայացվում են մի քանի միլիարդ դրամ տուգանք կիրառող վարչական ակտեր), ապա դրա կատարումը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսվարողի սնանկացմանը, իսկ իր իրավունքների համար պայքարող տնտեսվարողը, շատ հնարավոր է, չհասնի դատական ակտի հրապարակման բաղձալի օրվան, քանի որ կսնանկանա և կլուծարվի մինչև վարչական ակտի վիճարկման եզրափակիչ դատական ակտի հրապարակումը։
Եվ, եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ ՀՀ գործող օրենսդրությունը չի պարունակում արդեն իսկ կատարված ակտը տարիներ անց անվավեր ճանաչվելու դեպքում գանձված գումարների նկատմամբ հաշվարկված տոկոսները վերադարձնելու որևէ հստակ կարգավորում, պատկերն ավելի է ամբողջանում։
Պետական մարմինը կորզում է տուգանքը, տարիներ անց դատարանը որոշում է, որ տուգանքը ապօրինի էր, որևէ պատասխանատվություն պետական մարմինը չի կրում, իսկ տուժող տնտեսվարողը որևէ փոխհատուցում չի ստանում: Նախարարությունը մեծահոգություն ու բարի կամքի դրսևորման ժեստ է համարում, որ պետությունը տարիներ անց, իր սխալի պատճառով միլիոնավոր կամ միլիարդավոր դրամի վնաս կրած տնտեսվարողին վերադարձնելու է նրանից ապօրինի գանձած գումարը:
«Պարզաբանման» երկրորդ մանիպուլյատիվ պնդումը սա է. իրականում, այս նախագծի նպատակն է մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին պաշտպանել այն անբարեխիղճ անձանցից, որոնց գործողությունների արդյունքում վտանգվում է հանրային շահը, քանի որ ներկա կարգավորման պայմաններում վարչական ակտերը, եթե բողոքարկվեն դատարան, ինքնըստինքյան չեն կասեցվի այնպիսի դեպքերում, երբ, օրինակ, դրանցով արգելվում է առերևույթ ապօրինի շինարարությունը, իրավախախտ հանրային սննդի կետի գործունեությունը, սահմանափակվում է շրջակա միջավայրին վնաս պատճառող գործողությունը, արգելվում է, օրինակ, առերևույթ օրինախախտ ֆինանսական կազմակերպության գործունեությունը, որը շարունակում է քաղաքացիներին վարկեր տրամադրել և այլն։
Նախ՝ որևէ անհրաժեշտություն չկա տուգանքի տեսքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտի կատարման կասեցումը վերացնել, որ հնարավոր լինի չկասեցնել, օրինակ, հանրային սննդի կազմակերպման թույլտվությունը վերացնող վարչական ակտը։ Առաջարկվող կարգավորումը կարող էր, պարզապես, չվերաբերել տուգանքի տեսքով պատասխանատվություն կիրառելու մասին վարչական ակտերին։ Այլ կերպ ասած՝ որևէ անհրաժեշտություն չկա Արդարադատության նախարարության կողմից պաշտպանվող քաղաքացու նկատմամբ պարեկի կազմած տուգանք կիրառելու ակտի կատարումը կասեցնող նորմը վերացնել, որպեսզի հնարավոր լինի տվյալ քաղաքացուն անորակ սնունդ վաճառած սննդի կետի գործունեությունը դադարեցնել։ Առաջարկվող կարգավորումը, շատ հանգիստ, կարող էր սահմանել բացառություն՝ տուգանքի տեսքով՝ վարչական ակտերի կատարման կասեցման մասով և սահմանել, որ տուգանք կիրառող վարչական ակտերի կատարման կասեցում սահմանող նորմը պահպանում է իր ուժը։
Ուստի, եթե Արդարադատության նախարարության օրինագիծը, լրիվ հնարավորություն ունենալով իր առաջարկվող կարգավորումից բացառել տուգանք նախատեսող վարչական ակտերի կատարման կասեցումը, դրանք ևս ներառել է իր կարգավորման մեջ, որքան էլ Արդարադատության նախարարությունը հակառակը չպնդի, ակնհայտ է, որ նախարարության նպատակը հենց տուգանք նախատեսող վարչական ակտերի կատարումն է մինչև դատարանի կողմից այդ մասով վերջնական դատական ակտի կայացումը։ Հակառակ պնդման համար անհնար կլինի որևէ ողջամիտ հիմնավորում գտնել։
Ավելին, եթե Արդարադատության նախարարության միակ մտահոգությունը հանրային շահի պաշտպանությունն է, ապա Վարչական դատավարության օրենսգրքի գործող խմբագրությունը պարունակում է այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը: Այսպես, նույն՝ Վարչական օրենսգրքի 83-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը սահմանում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործող, գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից: Այսինքն, հանրային շահի պաշտպանության խնդիրը լուծված է գործող Վարչական դատավարության օրենսգրքով, քանի որ ցանկացած վարչական մարմին, վարչական ակտ կայացնելիս հիմնվելով համապատասխան օրենսդրական կարգավորման վրա, կարող է հիմնավորել դրա անհապաղ կատարման անհրաժեշտությունը։
Վարչական դատավարության օրենսգրքի գործող խմբագրութունը լուծել է անգամ այս հարցում վարչական մարմնի հնարավոր չարաշահումների (և Արդարդադատության նախարարության հնարավոր հակափաստարկի) հարցը և սահմանել, որ Վարչական մարմնի կողմից նման ակտի ընդունման դեպքում Հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել նման վարչական ակտի կատարումը։ Դրանով նաև բացառվում է այն հակափաստարկի հիմնավորվածությունը (որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունն իր մեկ այլ՝ 11.03.2025 թվականի «Պարզաբանմամբ»), որ 83-րդ հոդվածի առաջին մասով սահմանված բացառությունների շարքն անհրաժեշտ է լրացնել հանրային շահի խնդիրը լուծելու համար, և Արդարադատության նախարարության այն փայլուն գաղափարը, որ ավելի ճիշտ է բացառությունը դարձնել կանոն, քան կանոնից նախատեսել բացառություններ։
Հանրային շահի պաշտպանությամբ հիմնավորելով տուգանքն անհապաղ կիրառելու անհրաժեշտությունը՝ արձանագրենք, որ ինչպես տուգանքների դեպքում պետական մարմինների որոշումը կարող է խոտան լինել, այնպես էլ հանրային շահի պատրվակով՝ պատժիչ հետևանքը կարող է ավելի ծայրահեղ լինել: Եթե տուգանքի դեպքում տնտեսվարողը տուգանքը մուծելուց հետո դեռ կարող է շանս ունենալ շարունակել աշխատանքը, ապա հանրային շահի պատրվակով միանգամից վարչարարություն կիրառելով՝ տնտեսվարողի գործունեության կասեցումը նրան զրկում է գործունեությունը շարունակելու հեռանկարից:
Հետևաբար՝ Արդարադատության նախարարությունը ներկայացվող օրինագծով լուծում է այլ՝ հանրային շահի հետ չկապված խնդիր։
Իրականում, առաջարկվող օրինագծից և դրա հիմնավորումներից տպավորությունն այն է, որ, որպես կանոն, քաղաքացիներից և տնտեսվարողներից պետական մարմինները գանձելու են գումարներ՝ տուգանքի անվան տակ, իսկ պետությունը ամեն ինչ կանի՝ այդ գումարները չվերադարձնելու համար: Տուգանվողների համար լավագույն դեպքում՝ լուծվում է նրանցից անվճար (անտոկոս) դրամական միջոցներ ներգրավելու հարցը, այն էլ եթե դատական բոլոր ինստանցիաներն անցնելուց հետո այդ գումարները երբևէ վերադարձվեն: Այսպիսով՝ լուծվում է պետական վարչարարությունն էլ ավելի սարսափելի դարձնելու, պետական և դատական հայեցողության շրջանակն ավելի ընդլայնելու և դրանով իսկ ՀՀ քաղաքացուն ավելի հնազանդ դարձնելու խնդիր։ Իսկ Արդարադատության նախարարության «Պարզաբանումներն» օրինագծի՝ «բարի և հանրօգուտ» նպատակը՝ իբրև թե մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին պաշտպանելու անբարեխիղճ անձանցից, հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում։
Նման գործելաձևը գնահատում ենք իբրև ոչ պրոֆեսիոնալ ու անազնիվ: Կարծում ենք՝ Արդարադատության նախարարությունը հանդես չի գա իր պարզաբանման պարզաբանումը պարզաբանելու նախաձեռնությամբ: ՀՀ քաղաքացիները արժանի չեն, որ պետությունը նրանց հետ վարվի գրպանահատի հոգեբանությամբ՝ իր իրական մտադրությունները քողարկելով նման օրենսդրական նախաձեռնություններով ու «պարզաբանումներով»:
Վահե Վարսանյան
«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր
Մեկնաբանել