
Ռուբեն Վարդանյանի գործով «տուժողները» դատարանից պահանջել են ամենախիստ պատիժը կիրառել նրա նկատմամբ
Ապրիլի 15-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Նիստին շարունակվել է գործով «տուժողների» հարցաքննությունը։ 12-ից ավելի «տուժողներ» ցուցմունք են տվել և դատարանից պահանջել են ամենախիստ պատիժը կիրառել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Մենք չենք ներկայացնի այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։
Դատարանում ուսումնասիրվել են նաև «տուժողների» նկատմամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։
Նշենք, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ դադարեցնում է հացադուլը։ «Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել