HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով ՍԴ որոշումը կարող է իրավունքի չարաշահման հիմք ստեղծել. փաստաբան

Սահմանադրական դատարանը (ՍԴ) երեկ՝ 2025թ. ապրիլի 16-ին, Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համապատասխան դրույթները, սակայն՝ դատարանի մեկնաբանմամբ: Հրապարակվել է որոշման միան եզրափակիչ մասը, ՍԴ մեկնաբանութուններին  հանրությունը դեռ ծանոթ չէ:  Սակայն, արդեն պարզ է, որ բռնագանձման ենթակա է միայն այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնը ստանձնելուց հետո և կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ 

Փաստաբան Հարություն Հարությունյանը ՍԴ-ի որոշումը տարանջատում է երկու մասի՝ քրեական գործի առկայության հիմքով իրականացված ուսումնասիրություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա  բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ինչը ևս գույքի ուսումնասիրության հնարավորություն է տալիս: 

Ծանոթանալով ՍԴ որոշման եզրափակիչ մասին՝ փաստաբանը նշում է, որ քրեական գործերի հիմքով սկսված գույքի ուսումնասիրությունների ու բռնագանձումների դեպքում պետք է հստակ լինի պատճառահետևանքային կապը՝ կատարված արարքի ու ավելացված ակտիվի միջև: Սա դառնում է պարտադիր պայման: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ենթադրյալ ապօրինի գույքին, ապա, ըստ Հարություն Հարությունյանի, այս դեպքում գույքը պետք է ապօրինի դիտարկվի պաշտոնը ստանձնելուց հետո: Այսինքն՝ իրավասու մարմինը չի կարող ուսումնասիրությունը տարածել ավելի վաղ շրջանի վրա, քան անձի կողմից պաշտոնի ստանձնումը, հետևաբար այդ ժամանակահատվածում ձեռք բերված գույքը բռնագանձման ենթակա չէ:

Սակայն, հարցեր են առաջանալու փոխկապակցված անձանց դեպքում: Հ. Հարությունյանի խոսքով, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիմքով սկսված ուսումնասիրություններով Սահմանադրական դատարանը դիտարկել է միայն պաշտոնի ստանձնումից հետո ընկած ժամանակահատվածը, իսկ փոխկապակցված անձը երբեք պաշտոն չի զբաղեցրել, կարող են ասել, որ նա սուբյեկտ չէ, հետևաբար նրա մասով չպետք է իրականացվի ուսումնասիրություն: Սակայն, մյուս կողմից, սա կարող է անհստակություններ առաջացնել:

«Ունենք անձինք, որ 1990-ականներից պաշտոն են զբաղեցնում, նշանակում է, որ իրենց վերաբերյալ, եթե օպերատիվ-հետախուզականով հարուցեցին, սկզբնական շրջանից սկսած՝ պիտի դիտարկեն, ինչն անում է 30 և ավելի տարի: Ենթադրում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ պետք է նշված լինի կոնկրետ ժամանակահատված, օրինակ՝ ոչ ավել, քան այսքան տարի: Դրանով սահման կդրվի»,-ասում է Հարություն Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել իրավունքի չարաշահման, և դատախազությունը օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բոլոր պաշտոնատար անձանց մասով երբ ցանկանա՝ կարող է ուսումնասիրություն սկսել: Հ. Հարությունյանի դիտարկմամբ՝ Դատախազությունը կարող է ասել, որ քրեական գործն իրեն հետաքրքիր չէ, մեղադրական ակտը հետաքրքիր չէ, դրանով շրջանցի պատճառահետևանքային կապը և ապօրինի գույք գնահատի պաշտոնի ստանձնումից հետո ձեռք բերված գույքը:

«Մի քիչ աբսուրդ է: Ստացվում է, որ քրեական գործով անցնողների իրավունքները պաշտպանության ավելի լայն շրջանակ կարող են ունենալ, քան օպերատիվ-հետախուզական միջոցառումների դեպքում: Սա միանշանակ կարող է բերել Դատախազության կողմից իրավունքի չարաշահման: Իմ կարծիքով, որոշ ժամանակ անց, արդեն դատական պրակտիկայի հիման վրա, նորից պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որ իրավակիրառ պրակտիկայի հետ կապված որոշում կայացնի»,-ասում է Հարություն Հարությունյանը:

Նրա վարույթում մի գործ կա, որ ՍԴ որոշման հիման վրա արդեն դատարան չպետք է մտնի, մեկ այլ գործի դեպքում բացակայում է պատճառահետևանքային կապը, ինչը ևս դատարան չպետք է ուղարկվի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում հարուցված գործ կա, որի դեպքում մինչև պաշտոնը զբաղեցնելը ձեռք բերած գույքն էլ է ներառվել ապօրինի գույքի ցանկում: ՍԴ որոշման հիմքով՝ Դատախազությունը պետք է նվազեցնի իր պահանջը, քանի որ այդ գույքը ցանկից դուրս է գալու:

«Շատ հետաքրքիր է, թե Սահմանադրական դատարանը ապացուցման բեռի շեմը ինչպես է սահմանել: Արդեն ունենք Վերաքննիչ դատարանի երկու որոշում, որով անձանց դեպքում ապացուցման բեռի շեմն իջեցվել է, քան դասական մրցակցության սկզբունքով սահմանված շեմն է»,-նշում է Հ. Հարությունյանը և հավելում, որ այդ գործերից մեկը վերաբերում է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին:

Ինչ վերաբերում է արդեն կնքված հաշտության համաձայնագրերին, Հ. Հարությունյանի փոխանցմամբ՝ դատարանով հաստատված հաշտության համաձայնագրերը կարող են նոր հանգամանքի հիմքով վերանայվել: Իսկ այն գործերը, որոնցով հաշտութան համաձայնագիրը կնքվել է մինչև դատարան մտնելը, ֆորմալ առումով չեն կարող նոր հանգամանքի հիմքով վերանայվել, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter