
Դպրոցականների շրջանում տարածված «դռների խաղը» կարող է երեխաների վրա ազդել ֆիզիոլոգիապես եւ հոգեբանորեն
Ապրիլի 8-ի երեկոյան Մարիամն աշխատանքից տուն է հասել այն ժամանակ, երբ երեխաները խաղում էին։ Տուն մտնելով՝ տեսել է, որ 9-ամյա ավագ դուստրը 6-ամյա քրոջ համար անընդհատ երկու գույնի դռների մասին է կրկնում ու հետո հարցնում, թե արդյոք քույրը պատին շատ ժամացույցներ է տեսնում։ Մայրը միանգամից հասկացել է, որ երեխաներն ինչ-որ վատ խաղով են տարված, ու տպավորություն է ստացել, որ նրանք կրկնօրինակում են ինչ-որ տեղ տեսածը։ Մարիամը հարցրել է, թե ինչ են խաղում, եւ պատկերացում էլ չի ունեցել, որ դուստրերը տարվել են վերջին շրջանում հատկապես դպրոցականների շրջանում համացանցի միջոցով վարակի պես տարածված խաղով։
Ուշ երեկոյան նրա բարեկամուհին այլ երկրում պատրաստված լրագրողական ռեպորտաժ է ուղարկել այդ խաղի վտանգավորության մասին, ապա խնդրել, որ զգույշ լինեն։ Դրանից Մարիամն իմացել է, որ խաղը տարածված է նաեւ Հայաստանից դուրս: Երեխաների քնելուց առաջ նա հետաքրքրվել է, թե որտեղ են տեսել խաղը, արդյոք խաղացել են դպրոցում։ Ավագ դուստրը պատմել է, որ դպրոցում խաղացել են, հետո թվարկել է այն երեխաների անունները, որոնք մասնակցել են դրան։ Ինքը նրանց թվում է եղել։
«Իրեն էլ են ասել, որ գնա խաղա։ Պառկացրել են, աչքերը փակել է, հետո քունքերը տրորել են։ Ասում է՝ դուռ տեսա, հենց բացեցի, սեւ մարդ տեսա, վեր կացա, ասեցի՝ էլ չեմ ուզում խաղալ»,- աղջկա պատմածն է հիշում Մարիամն ու հավելում, որ դստեր համադասարանցիների մեջ երեխա է եղել, որ երկու անգամ է խաղացել։ Դասամիջոցին դասվարը նկատել է, որ երեխաները խաղում են, բայց առաջին հայացքից չի պատկերացրել, թե ինչ խաղ է, պարզապես խնդրել է ավարտել այն։
Այդ օրը Մարիամն ու ամուսինը երեխաներին մանրամասն բացատրել են խաղի թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիոլոգիական հետեւանքները։ Պատմել են, որ քունքերի մոտ նյարդային հանգույցներ կան, որոնք տրորելիս հնարավոր է վնասել առողջությունը։ Նույն օրը Մարիամն ավագ դստեր դասարանի ծնողական «չաթում» նամակ է գրել ու կցել բարեկամուհու՝ իրեն ուղարկված ռեպորտաժը խաղի մասին։ Ասում է՝ 35 ծնողից ոչ ոք տեղյակ չէր դրանից։ Բայց արձագանքը չի ուշացել։ «Մամաները խուճապի մեջ ընկան: Ասեցի՝ զգույշ կխոսեք երեխաների հետ, որ խաղը նրանց ավելի շատ չհետաքրքրի։ Հաջորդ առավոտյան ծնողները սկսել են գրել, որ երեխաները գիշերը մղձավանջի մեջ են եղել, չեն քնել, իսկ այն երեխան, որը երկու անգամ էր մասնակցել խաղին, ամբողջ գիշեր դողացել, քրտնել է։ Երեխաները խնդրել են լույսերը վառ պահել, մամաներին ասել են, որ իրենց մոտ պառկեն ու փաթաթվել են նրանց»,- մյուս ծնողների պատմածներն է հիշում «Հետքի» զրուցակիցը։ Ի տարբերություն համադասարանցիների՝ Մարիամի ավագ դուստրը հանգիստ է քնել ու հոգեբանական խնդիր չի ունեցել։
Դրանից հետո ծնողները դասվարին պատմել են խաղի մասին։ Դպրոցում ծնողական ժողով է հրավիրվել։
Մարիամը պատմում է, որ ապրիլի 8-ից հետո, երբ իրենց տանը տեսել է աղջիկների խաղը, սկսել է հետաքրքրվել դրանով, փնտրել է համացանցում ու տարբեր տեղեկություններ կարդացել, իսկ հետո երեխաներին պատմել է խաղի վտանգավոր հետեւանքների մասին։ «Երկուսով ասեցին՝ մամա, հասկացանք, որ վատ բան ա, էլ չենք անի, կլինի՞ չխոսենք էդ մասին, վախենում ենք»,- պատմում է Մարիամը։
Նա ընդամենը մեկն է այն բազմաթիվ ծնողներից, որոնց երեխաները վերջին շրջանում առնչվել են այդ խաղին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք եւս դպրոցահասակ երեխա ունեցող ծնողներից հետաքրքրվել ենք խաղի մասին, ու չի եղել մի ծնող, որ տեղեկացված չլիներ դրանից։ Ավելին՝ հատկապես վերջին օրերին համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, սկսեցին ակտիվ քննարկել վարակի պես տարածում գտած խաղն ու դրա վտանգավորությունը։
«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նախ նշում է, որ լավ կլինի հրապարակայնորեն չօգտագործել խաղի անունը, քանի որ ցանկացած կոնկրետ հիշատակում ինքնին կարող է գրավիչ լինել ու հրապուրել երեխաների նոր շրջանակների։ Հավելում է, որ երեխաները հնարավոր է հետագայում վախենան, օրինակ, խաղի մեջ կիրառվող գույներով դռներից կամ այդ գույներով թղթերի հետ աշխատելուց։
Մ. Ղազարյանը երկու օր առաջ ընդունել է 10-ամյա մի այցելուի, որը մինչ այդ ուշաթափվել էր դպրոցում։ Դասարանում աշակերտները միմյանց պատմել են խաղի մասին, եւ երկու երեխա դասամիջոցին սկսել են խաղալ։ Հոգեբանի դիտարկմամբ՝ իրեն այցելած երեխան ներշնչողականություն է ունեցել, մի քիչ էլ դերասանական հակումներով է եղել, որը կոչվում է դեմոնստրատիվ նախատրամադրվածություն, այսինքն՝ այդ ժամանակ հանդիսատեսի ներկայությունը կարեւոր է։ Խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար երեխան ուշագնացության պատրանք է ստեղծել՝ պառկելով գետնին։ Մասնագետն ասում է՝ երկու հոգով են խաղացել, բայց ամբողջ դասարանը խուճապային գրոհի մեջ է ընկել։ Ընդգծում է, որ իրականում «ուշագնաց» եղած երեխայի գիտակցության շեմը պահպանված է եղել, ուշագնացություն չի եղել, բայց խաղի բացասական հետեւանքները հետո են ի հայտ եկել։
Այսպես՝ 10-ամյա երեխայի գիշերային քունն անհանգիստ է դարձել, վախեր են առաջ եկել, որոնք հաղթահարվել են հոգեբանի հետ աշխատանքից հետո։ «Դուռը մի տարածքից մեկ այլ տարածք մտնելու խնդիր է լուծում, այս դեպքում երեխան կարող է վախենալ օտար տարածք մտնելուց։ Նույնիսկ կարող է վախենալ տանը լոգարան մտնել։ Ինչ հոգեբանական խնդիր որ ունի, կարող է սրվել այդ ազդեցությունից։ Հնարավոր է՝ մթության վախը զարգանա, փոքր տարածքներ մտնելու վախը»,- նկատում է կլինիկական հոգեբանը։
Մասնագետի փոխանցմամբ՝ երեխաների շրջանում վտանգավոր խաղերի հանդեպ հետաքրքրությունը նորություն չէ, այն միշտ էլ եղել է։ Բայց նախեւառաջ պետք է հասկանալ, թե կոնկրետ պարագայում ինչ է կատարվել երեխայի հոգեկան աշխարհում։ Խաղի գործուն մեխանիզմը երեխայի մոտ հալյուցինացիոն պատկերներ առաջացնելն է։ Դրանք իրականության ընկալման աղճատումներ են, երբ գոյություն ունեցող առարկաներն ընկալվում են այլակերպված։ Օրինակ՝ պատից կախված հագուստը մթության մեջ կարող է մարդ թվալ կամ նույնիսկ շարժվել։ Այս ամենը երեւակայության արդյունք է։
Մարինա Ղազարյանն ասում է, որ «դռների խաղը» ֆիզիոլոգիական եւ հոգեբանական կողմեր ունի։ Ֆիզիոլոգիականն այն է, երբ կենտրոնական նյարդային համակարգում որոշակի գրգռիչների ազդեցությամբ տեղի է ունենում գիտակցության լուսանցքի նեղացում, ինչն էլ կարող է հանգեցնել ուշագնացության։
Մասնագետը նկատում է, որ մանկության, դեռահասության շրջանը լի է փորձարկումներով, իսկ տարածում գտած խաղը հենց փորձարկում է ենթադրում, ինչն էլ հետաքրքիր է երեխային։ Ու նույնիսկ եթե նրան ասում ենք, որ խաղը կարող է ուշագնացությամբ կամ ավելի վատ հետեւանքով ավարտվել, հետաքրքրությունը մնում է։
Ըստ հոգեբանի՝ իրենք փորձել են գտնել տարածված խաղի բուն աղբյուրը, բայց չեն կարողացել։ Արտերկրում տարածվելուց հետո այն հասել է նաեւ Հայաստան, եւ հիմա համացանցում երեխաներին փորձում են գրավել տարբեր գայթակղիչ վերնագրերով ու կանչերով, օրինակ, ասում են՝ այժմ կխաղանք մի անհավանական խաղ, այժմ կգտնվենք մի անվահավանական վիճակի մեջ։ Սա երեխաների շրջանում խաղի հանդեպ հետաքրքրություն է առաջացնում։
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ քունքերը տրորելու եւ հիպնոսի միջոցով կարող են առաջանալ երեւակայութունից բխող պատկերներ, որոնք, չի բացառվում, շարունակեն երեխային անհանգստացնել նույնիսկ արթուն ժամանակ. «Եթե ծնողը ինտերնետն էլ անջատի, վերահսկողությունն ուժեղացնի, մի հատ էլ երեխային պատժի, միեւնույնն է՝ նրա հոգեկանը դրանից չի կազդուրվում։ Երեխան պետք է հասկանա հետեւանքները, եւ այս դեպքում հոգեբանական աշխատանքը շատ կարեւոր է»։
-Ենթադրենք, երեխան 10 տարեկան է, առնչվել է խաղին, եւ ծնողն ուզում է օգնել նրան։ Ի՞նչ պետք է անել։
-Ծնողը պետք է մասնակցային լինի, այսինքն՝ պետք է մասնակից լինի երեխայի կյանքին, օրինակ՝ հարցնի, թե ինչ է նայել։ Այս խաղը կվերջանա, եւ գուցե մեկ այլ վտանգավոր խաղ գա։ Դրա համար անհրաժեշտ է դպրոցներում մասնագիտական պրոֆիլակտիկ զրույցներ տանել։ Ժամանակին մեկ այլ խաղ էր տարածվել, որի հետեւանքները դեռ կան։ Երեխաներ կային, որոնք չէին մասնակցել դրան, բայց հեռախոսը զանգելիս վախենում էին։ Օրինակ՝ խաղերից մեկում երեխային հրահանգում են, որ իր ձեռքը կտրի ու նկարն ուղարկի, հակառակ դեպքում տան անդամներից մեկին վտանգ է սպառնում, քանի որ իբր նրանց տան հասցեն գիտեն։ Եվ հիմնականում հրահանգ տվողը ռոբոտն էր, հաճախ մարդ էլ չկար այնտեղ։
Երեխաներին պետք է ասել, որ կան իրական հանցագործներ, որոնք ուզում են վատ բաներ անել, եւ կան բարի մարդիկ, որոնք ուզում են լավ բաներ անել։ Նույնը համացանցում է՝ թե՛ լավ, թե՛ վատ բաներ կան։ Ես շատ կարեւորում եմ նաեւ հոգեւորականների հետ զրույցը։
Երեխաներին անընդհատ պետք է հարցեր տալ։ Մենք շատ քիչ ենք հարցեր տալիս նրանց։ Պատժում ենք՝ «չի՛ կարելի», «էս ի՞նչ արեցիր», բայց «ինչո՞ւ»-ն քիչն ենք հարցնում։
-Ի՞նչ գործնական խորհուրդներ կտա՞ք ծնողներին, ինչպե՞ս աշխատեն երեխայի հետ՝ նման վտանգներից զերծ պահելու համար։
-Օրինակ՝ ծնողը պետք է հարցնի երեխային՝ արդյոք քեզ պետք է մի բան, որը կարող է կառավարել քեզ, արդյոք այդ դեպքում դու կլինես ինքնուրույն որոշում կայացնողը կամ եթե դու հայտնվես անգիտակից վիճակում, ո՞նց ես կարող դա պատկերացնել։ Եթե «ինչո՞ւ»-ները չեն ասում, գալիս են ենթադրությունները։ Հարցեր պետք է տալ, իսկ փորձարկումը անձի վրա, օրինակ՝ զարկերակ շոշափելը, անթույլատրելի է։
Ի դեպ, եթե երեխան խաղին չի առնչվել, սխալ է նրան պատմել այդ մասին։ Պետք չէ կանխակալ տեղեկություն տալ, այլ պարզապես ասեք, որ եթե քեզ անծանոթ խաղեր առաջարկեն, որտեղ վտանգ ես տեսնում, պետք է բարձրաձայնես։
Երեխաներն ասում են՝ ընկեր Մարինա, ինչի՞ համար են դա անում: Ասում եմ՝ դիտումների, փողի, վնաս պատճառելու, մարդկանց կամազուրկ դարձնելու, մեր դեմ հանելու համար։ Կան մարդիկ, որ ուզում են թուլացնել մեր կամքը, մեզ դարձնել կամազուրկ եւ հեշտ կառավարելի տարբեր նպատակների համար։ Երկրորդը՝ որպեսզի չլինեն կայուն ընտանիքներ, կայուն հասարակություններ, ինչը պետք է ուրիշ հասարակությունների։ Եվ երրորդը՝ սա հանցագործության մի տեսակ է։
Երեխային պետք է բացատրենք հետեւանքը, ուժեղացնենք նրա անձը։ Դրա համար նա պիտի ունենա առօրեական բազմազանություն։ Եթե երեխայի օրը բազմակողմանի հագեցած է, նրան չի հետաքրքրի այդ կեղտոտ «սնունդը»։
ՀԳ. «Կանա» հոգեբանական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խաղին՝ նշելով, թե ինչ հետեւանքներ այն կարող է առաջացնել, ինչ պետք է իմանան ծնողները դեռահասների պահվածքի մասին եւ ինչպես պետք է արձագանքեն, եթե երեխան արդեն խաղացել է այդ խաղն ու իրեն լավ չի զգում:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն էլ «Հետքին» փոխանցել է, որ խաղի վերաբերյալ իրենք ահազանգեր չեն ստացել։
Մեկնաբանել