HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հանրային մեղադրողը պահանջում է Իշխան Վահանյանին դատապարտել 18 տարի ազատազրկման

«Ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Ջրականի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհետ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել կամ գերեվարվել է։

«Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ, և նա ենթակա է քրեական պատասխանատվության»,- նշեց Գևորգ Ավետիսյանը։

Հանրային մեղադրողը պահանջեց ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով: Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հանրային մեղադրողն առաջարկեց հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու՝ 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը:

Գումարտակի անձնակազմը, մնալով առանց հրամանատարի, խուճապի է մատնվել

Իր մեղադրական ճառում Գևորգ Ավետիսյանն ընդգծեց, որ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ 

Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու մասին՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են, հակառակորդի կողմից գերեվարվել են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ, իսկ զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Վահանյանը փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից

Հանրային մեղադրողը շեշտեց, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Իշխան Վահանյանը, թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում չի ընդունել մեղադրանքը։

«Գտնում ենք, որ, հերքելով իր կողմից կատարված հանցագործությունները, Իշխան Վահանյանն ընդամենը նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- նշեց Գևորգ Ավետիսյանը։

Վահանյանը, պատճառաբանելով, որ վիրավոր է՝ լքել է մարտի դաշտը

Տուժողներից մի քանիսը հայտնել են, որ նկատել են, իսկ մյուս մասը լսել, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը հայտնել է, որ վիրավորվում է ստացել և քայլերով գնացել, նստել է տեղանքում գտնվող ավտոմեքենաներից մեկն ու հեռացել: Դրա հետևանքով զորքի մոտ առկա խուճապային վիճակն ավելացել է:

Տուժողները նշել են, որ Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը կիրառել է միայն հրաձգային զինատեսակներ, Իշխան Վահանյանի փախուստից հետո անձնակազմը մնացել է առանց պատշաճ ղեկավարման, իրենց մեծամասնությունը տեղյակ չի եղել, որ հակառակորդն արդեն իսկ գտնվում է Հադրութ քաղաքում, ինչի հետևանքով գնացել են այդ ուղղությամբ և ընկել շրջափակման մեջ:

Դատախազը նշեց, որ մարտի ժամանակ գումարտակի հրամանատարի վիրավորվելու դեպքում վերջինս պետք է իր պարտականությունները հանձնի ենթակա պաշտոնատար անձանցից որևէ մեկին (տեղակալներին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ վաշտերի հրամանատարներից որևէ մեկին)։

Եթե առկա է հարկադրաբար նահանջի անհրաժեշտություն, ապա ցանկացած պարագայում այն պետք է լինի միայն ավագ պետի՝ տվյալ դեպքում զորամասի հրամանատարի հրամանով կամ թույլտվությամբ և իրականացվի կազմակերպված, որպեսզի ստարաբաժանումը մարտունակ վիճակում դուրս բերվի մարտադաշտից

Հրամանատարը պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին

Հանրային մեղադրողը մեջբերեց դատարանում հարցաքննված վկա, 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանի և վկա, Ջրականի զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի ցուցմունքները, որոնց հավաստմամբ՝ հրամանատարը սահմանված կարգի համաձայն՝ պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին, և այդ մասին հայտնել վերադասին, որից հետո նոր միայն դուրս գալ մարտից: Բացի այդ, նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ: 

«Պետք է սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հասկանալ՝ արդյոք Իշխան Վահանյանը անձնուրաց կերպով ծառայել է իր ժողովրդին, թե՞ ոչ, արդյոք նա արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը՝ պաշտպանել է հայրենիքը, թե՞ դրսևորելով վախկոտություն, խնայելով կյանքը՝ ամեն հնարավոր առիթ օգտագործել է իր պարտականությունները չկատարելու համար։

Իշխան Վահանյանը պաշտպանության շրջանը շրջանցած հակառակորդին դիմակայելու համար կազմակերպե՞լ է արդյոք շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, թե՞ ոչ, իսկ դրա հնարավորությունը չլինելու և հարկադրաբար նահանջի կատարելու անհրաժեշտության դեպքում՝ ստորաբաժանումներին մարտունակ վիճակում այդ հատվածից դուրս բերելու համար մանրակրկիտ կազմակերպել է զորքի նահանջը և սահմանել է դրա ուղղությունը, թե՞ վիրավորման առիթն օգնագործելով՝ ենթակա անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման՝ հույսը դնելով բախտի քմահաճույքի վրա»,- նշեց Ավետիսյանը։

Նշված հարցի վերաբերյալ Վահանյանը հայտնել է, որ կատարել է իր վրա օրենսդրությամբ և մարտական կանոնագրքերով դրված պարտականությունները և այն հետևանքները, որոնք առաջացել են, իր մեղքով չեն: Մարտադաշտից հեռացել է իր այդ պարտականությունները կատարելուց հետո, երբ ստացած վիրավորման պատճառով այլևս հնարավոր չի եղել մնալ տեղում կամ տեղաշարժվել: 

Դատախազը հիշեցրեց Վահանյանի ցուցմունքն, ըստ որի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը սկսել է կրակել Խուռհատ սարի ուղղությամբ, իր ենթակայության ներքո գտնվող անձնակազմը խուճապահար վիճակում սկսել է իջնել սարից: Այդ ընթացքում ինքն աջ ազդրի շրջանում ստացել է բեկորային վիրավորում և, հասկանալով, որ ստացած վիրավորումով հնարավոր չէ այլևս մնալ մարտի դաշտում, իր մոտ առկա ռադիոկապով կապվել է զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ և ներկայացրել տիրող իրավիճակը: Հրամանատարին փոխանցել է նաև իր ստացած վիրավորման և հրամանատարությունը Հայկազ Գրիգորյանին փոխանցելու մտադրության մասին: Վերջինս Հայկազ Գրիգորյանի ներկայությամբ ռադիոկապով սահմանել է այն ուղղությունը, որով  անհրաժեշտ է եղել դուրս գալ մարտի դաշտից, այսինքն՝ նահանջել, և մոտավորապես 20-ից 30 րոպե մնալով տեղանքում, հասկանալով, որ Հայկազ Գրիգորյանը կազմակերպում է նահանջը, վերջինիս է փոխանցել նաև իր մոտ առկա կապի միջոցները, և 7 վիրավոր զինծառայողների հետ, որոնց թվում է եղել նաև զինծառայողներից Մոնթեն, ավտոմեքենայով դուրս է եկել մարտի դաշտից: 

Իր ունեցած տեղեկություններով, նահանջը կազմակերպելուց հետո գումարտակի անձնակազմը տարաձայնություններ է ունեցել վերադաս հրամանատարության հետ նահանջի ուղղության հետ կապված, ինչի պատճառով մի մասը գնացել է նախանշված՝ Սարուշենի ուղղությամբ, իսկ մյուս մասը՝ Հադրութի, որի հետևանքով ընկել են շրջափակման մեջ: 

Իր գնահատամամբ, իր դեմ վկայություն տված սպաները օգտվում են նրանից, որ ինքը գտնվում է անազատության մեջ և նման բովանդակության ցուցմունքներ տալով՝ փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով իր վրա, իսկ ժամկետային զինծառայողներն իրեն մեղադրող ցուցմունքերը տալիս են իրենց վրա գործադրած ճնշումների պատճառով: 

«Մեղադրանքի կողմի գնահատմամբ, նման բովանդակությամբ ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- նման եզրահանգում արեց հանրային մեղադրողը։ 

Վահանյանը իր ցուցմունքներում հայտնել էր, որ Մոնթե անունով զինծառայողի հետ է նստել մեքենան և գնացել։ Սակայն, վկա Մոնթե Պողոսհանի խոսքով՝ ինքը մարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում, որից հետո համածառայակիցներն իրեն օգնել և իջեցրել են սարից՝ նստեցնելով կայանած ավտոմեքենաներից մեկը: 

Նա նաև նշել է, որ ավտոմեքենայում եղել են իրենց գումարտակի շուրջ 8 տարբեր աստիճանի վիրավորումներ ունեցող այլ ժամկետային զինծառայողներ: Վարորդը նույնպես եղել է ժամկետային զինծառայող: Նույն ժամանակ իրենց տեղափոխել են Տող գյուղի, ապա Խնձորեսկի հոսպիտալ, որտեղ հադիպել է Իշխան Վահանյանին: Վերջինս հայտնել է, որ բեկորային վիրավորում է ստացել ոտքի շրջանում, սակայն նրա վրա տեսանելի վնասվածքներ չի նկատել, միայն նկատել է, որ կաղալով է քայլել: Նշել է, որ Իշխան Վահանյանը իրենց հետ նույն ավտոմեքենայով մարտական գործողությունների վայրից չի տեղափոխվել հոսպիտալ և ընդհանրապես այդ ավտոմեքենայում չի եղել: Իրենց տարհանման մանրամասների մասին հոսպիտալում պատմել է Վահանյանին, ով այդ հանգամանքները հետագայում վերագրել է իրեն և ներկայացրել, թե ինքն էլ է զինծառայողների հետ եղել: 

Տուժողների և վկաների խոսքով՝ Վահանյանը հեռացել է՝ իր հետ վերցնելով կապի միջոցները

Վկա, Ջրականի զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանի ցուցմունքի համաձայն՝ Իշխան Վահանյանը զանգահարել է իրեն և խուճապահար վիճակում զեկուցել, որ հակառակորդը հարձակում է գործել, ինչի հետևանքով զորքը փախչում է, բացի այդ, ունեն զոհեր և վիրավորներ, ինքը նույնպես վիրավոր է, ինչի համար նահանջում են, իսկ Վահանյանը ցանկանում է հեռանալ: Տեղեկանալով, որ Վահանյանը ծանր վիրավորում չի ստացել, Քարամյանը հայտնել է, որ պետք չէ խուճապի մատնվել և հեռանալ, անհրաժեշտ է զորքին հավաքել և շարունակել ղեկավարումը:

Այնուհետև, Իշխան Վահանյանը երկրորդ անգամ զանգահարել է իրեն և հայտնել, որ գրեթե հասել է Հադրութ քաղաք, ինչին պատասխանել է, որ հակառակորդի կողմից գրավված լինելու պատճառով, պետք չէ գնալ Հադրութի վերևի գյուղի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում տեղյակ չի եղել, որ Վահանյանը չի կատարել իր հրամանը և առանձնացել է գումարտակի անձնակազմից:

Նշել է նաև, որ ինքը որևէ կերպ տեղեկացված չի եղել Վահանյանի կողմից հրամանատարությունը այլ սպայի հանձնելու մասին, մինդեռ այդ մասին նա պարտավոր է եղել հայտնել: Ինքը դեպքի օրը գումարտակի սպաներից կապի մեջ է գտնվել միայն Իշխան Վահանյանի հետ: Եթե ենթակա անձնակազմը լիներ Վահանյանի ղեկավարության ներքո, ինքը ո՛չ Վահանյանին, և ո՛չ էլ անձնակազմին դեպի Հադրութի ուղղությամբ չէր ուղղորդի:

Վերլուծելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերը՝ Քարամյանը կարծիք է հայտնել, որ այնտեղ պատշաճ կերպով չի կազմակերպվել նահանջը, իսկ թեթև վիրավորում ստացած գումարտակի հրամանատարի փախուստը ազդել է ենթակա անձնակազմի մոտ խուճապ առաջացնելու և նմանատիպ զոհեր տալու տեսանկյունից:

Վկա փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունք է տվել այն մասին, որ հոկտեմբերի 10-ին կամ 11-ին զորամասի հրամատարական կետում հրամանատար Արթուր Քարամյանը պատմել է իրեն, որ Իշխան Վահանյանը, առանց իր թույլտվության, փախել է մարտական դիրքերից, և իր հետ վերցնելով կապի միջոցները, զորքին թողել առանց ղեկավարման: Հրամանատարը փորձել է Իշխան Վահայանի հետ կապ հաստատել նաև բջջային հեռախոսով, սակայն վերջինս եղել է անհասանելի: Նա նաև չի արձագանքել ռադիոկապին: Ինքը նույնպես փորձել է կապ հաստատել Իշխան Վահանյանի հետ, սակայն չի հաջողվել: Իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իշխան Վահանյանի կողմից մարտական դիրքերը փաստացի թողնելուց հետո անձնակազմը խուճապահար վիճակում գնացել է Հադրութ տանող ճանապարհով և Վանք գյուղում հայտնվել շրջափակման մեջ: 

Ըստ 5-րդ գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանի՝ այն ժամանակ, երբ անձնակազմը իջել է արդեն իսկ սարի ներքևի հատվածի խաչմերուկ, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ նստել է տեղում գտնվող ավտոմեքենաներից մեկը և իր հետ վերցնելով կապի միջոցները, հեռացել՝ չսահմանելով անգամ իրենց հետագա գործողությունների շրջանակը կամ նահանջ կատարելու ուղղությունը: Անձնակազմը, տեսնելով կատարվածը  ավելի է մատնվել խուճապի: Իշխան Վահանյանի հեռանալուց հետո, կապի բացակայության, կոնկրետ նահանջի ուղղությունը չիմանալու պատճառով 5-ից 6 ժամ ինքը և մյուս սպաները փորձել են դուրս գալ տեղանքից, բացի այդ կապի դուրս գալ գնդի հրամանատարի հետ, սակայն չի հաջողվել, բոլոր ուղղություններից կրակել են իրենց ուղղությամբ: 

Հակառակորդի կրակոցների ազդեցության տակ ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանը և կամավոր Արտյոմը շարժվել են Վանք գյուղի ուղղությամբ, իսկ իրենք մոտ 35 զինվորով և 4 սպաներով փորձել են բարձրանալ նույն զորամասի 3-րդ գումարտակի  ուղղությամբ, ինչը չի ստացվել, այդ հատվածից ևս կրակոցներ են հնչել, այնուհետև՝ փոխել են ուղղությունը և կարողացել շրջափակումից դուրս գալ՝ գնալով Սարուշեն գյուղի ուղղությամբ: Քանի որ կոնկրետ ուղղություն չեն ունեցել, փորձել են տարբեր ուղղություններ, որոնցից մեկով դուրս են եկել:   

Նա նշել է, որ Իշխան Վահանյանն, իր գնահատմամբ, ի վիճակի է եղել կատարել իր վրա դրված պարտականությունները, բացի այդ, վերջինս պարտավոր է եղել մինչ հեռանալը իր փոխարեն, եթե անգամ վիրավորում էր ստացել, նշանակել պաշտոնակատար, խնդիրներ առաջարել և այդ մասին զեկուցել վերադասին ու փոխանցել կապի միջոցները:

Իրենց մոտ կապի միջոցներ թողնելու պայմաններում  իրենք անմիջապես կապ կհաստատեին գնդի հրամանատար Արթուր Քարամյանի հետ և կիմանային հետագա իրենց խնդիրները և կներկայացնեին ստեղծված իրավիճակը: 

Վահանյանը փորձել է համոզել վկային դատարանում հայտնել, թե ինքը հրամանատարությունն ու կապի միջոցները փոխանցել է նրան

Հայկազ Գրիգորյանը դատարանում նշեց նաև, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ երկուսով՝ Իշխան Վահանյանի հետ նույն մեքենայով են տեղափոխվել դատարան, որի ժամանակ Վահանյանը փորձել է համոզել, որ ինքը դատարանում հայտնի, թե ինքն իբր կապի միջոցները և հրամանատարությունը փոխանցել է իրեն, ու ինքն իրականում լուրջ վիրավորում է ստացած եղել, ինչին չի համաձայնվել:

Վահանյանը նահանջող անձնակազմին չի հայտնել Հադրութում հակառակորդի գտնվելու մասին

Տուժող Էրիկ Գասպարյանը նշել է, որ Մուրադյանի գլխավորությամբ դեպի Հադրութ քաղաք գնալու ճանապարհին լսել է, թե ինչպես է իրենց հետ նույն վայրում գտնվող կամավոր Արտյոմը զանգահարել Իշխան Վահանյանին և հարցրել, թե ինչու է իր ենթակա անձնակազմին մենակ թողել, ինչին Վահանյանը պատասխանել է, որ ոչնչով չի կարող օգնել:

Դատարանում ավելացրեց նաև, որ անգամ կամավորի հետ խոսակցության ժամանակ Իշխան Վահանյանը չի հայտնել Հադրութում հակառակորդի գտնվելու մասին, այլապես ճանապարհը չէին շարունակի այդ ուղղությամբ: Իր գնահատմամբ այն տեղանքում, որտեղ իբր վիրավորվել է Վահանյանը, հնարավոր չի եղել ստանալ բեկորային վիրավորում, քանի որ հակառակորդը Խուռհատ սարում կրակել է հրաձգային տեսակի զենքերից: 

Հանրային մեղադրող շեշտեց՝ Իշխան Վահանյանը նշել է, որ ինքը որոշակիորեն զրկված է եղել նաև իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից: 

Որպես այդպիսին դրանք կապել է երկու հանգամանքների հետ՝ վիրավորման և անձնակազմի կողմից խուճապահար վիճակում Խուռհատից իջնելու և բարոյահոգաբանական վատ վիճակում իրենց կողմից տրված հրամանները չլսելու և չկատարելու հետ:

Ամբաստայալ Վահանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հոկտեմբերի 10-ին ստացած բեկորային վիրավորումն այնքան խորն է եղել, որի առաջացրած ցավին դժվար է եղել դիմանալ և տեղաշարժվել է այլ զինծառայողների՝ այդ թվում Հայկազ Գրիգորյանի օգնությամբ:

«Իմ կողմից հնչեցրած այն հարցին, թե ինչ պատճառաբանությամբ է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ստացած նույնական մարմնական վնասվածքի պայմաններում ինքը մնացել գումարտակի հրամանատարական կետում և շարունակել ծառայությունը, իսկ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի ժամանակ որոշել դուրս գալ մարտի դաշտից, Վահանյանը պատասխանեց, որ թեև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նշված է նույնանման վնասվածքներ, այնուամենայնիվ, երկրորդ վնասվածքը շատ ավելի խորն է եղել և դրանով հնարավոր չի եղել շարունակել պարտականությունների կատարումը: 

Ինչպես նախորդ դեպքում, այս հանգամանքը ևս հերքվել է քրեական գործում առկա ապացույցներով»,- հայտնեց դատախազը։

Դատարանում հետազոտված վկա Արթուր Քարամյանի ցուցմունքով՝ Վահանյանը՝ որպես գումարտակի հրամանատար, ունենալով վիրավորում, պարտավոր է եղել տեղում ստանալ բուժօգնություն և շարունակել ղեկավարել ենթակա անձնակազմին: 

Տուժող Էրիկ Խաչատրյանն էլ նշել է՝ «Վահանյանը հետույքն այնպես էր բռնել և վազում, որ կողքից նայողի մոտ վիրավորում ստացած զինծառայողի տպավորություն չէր թողում: Այն հատվածում, որտեղ իբր վիրավորում է ստացել Վահանյանը, հնարավոր չէր վիրավորվել, քանի որ այդ հատվածում հակառակորդը սկսել է կրակել միայն նրա հեռանալուց հետո»: 

Տուժող Նարեկ Սիրունյանի ցուցմունքով՝ Վահանյանը չէր կարող այդ հատվածում վիրավորում ստանալ, քանի որ միակ արկը, որ տեղանքում արձակվել է, արձակվել է Հովհաննես Մուրադյանի կողմից հակառակորդի ուղղությամբ: Իր գնահատմամբ, այդ իրավիճակում հայտնվել են բացառապես վերադաս հրամանատարության մեղքով՝ վատ ղեկավարելու արդյունքում:

Հանրային մեղադրողը հայտնեց, որ առաջին վնասվածքը, որն, ըստ Իշխան Վահանյանի, ստացել է Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, ունի 1.5*1.0 սմ չափսերը, իսկ երկրորդը ստացել է սեպտեմբերի 29-ին, ունի 2.7*1.0 սմ չափսերը։ Վահանյանը հայտնել է, թե երկորդ վիրավորումն ավելի խորն է եղել: 

Գևորգ Ավետիսյանը նշեց, որ մեղադրող ապացույցները բավարար են Իշխան Վահանյանին դատապարտելու համար, և որ Իշխան Վահանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է հանդիսանում պատիժը նշանակելու պահին վերջինիս խնամքին անչափահաս անձի առկայությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter