
Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին
Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի ուսումնասիրության համար ասպարեզում հայտնվել են նոր և հին հավակնորդներ` հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն և այդ հանքավայրի հետ քանիցս առնչություն ունեցած գործարար Սիլվա Համբարձումյանը:
«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ցանկանում է պարզել, թե որքան ոսկու պաշար կա Տերտերասարի հանքավայրում, և դրական արդյունքների պարագայում դիմել շահագործման իրավունք ստանալու համար:
Այդ նպատակով ընկերությունն արդեն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն` ստանալու Տերտերասարի ոսկու հանքավայրի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների թույլտվություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացություն:
Ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում նոր է
«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն գրանցվել է 2022թ․ ամռանը։ Հիմնադրել են Արամ Ստեփանի Ստեփանյանն ու Սարգիս Գառնիկի Վարդումյանը։ Այս անձինք առավել հայտնի են «Ս․Ա․Վ․ գրուպ» ՍՊԸ-ի գործունեությամբ, որը հայաստանյան շուկայում ներկայացնում է ձեռնոցներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, հյութի ձողիկներ, ալյումինե տարաներ, մեկանգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ և շատ այլ ապրանքներ։ Այս ընկերության՝ որպես հոլդինգային մաս կազմող այլ ընկերություններ ևս կան, օրինակ՝ «Էվուլուտ» ՍՊԸ-ն, որը էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոն է։
«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենք նոր են մուտք գործում հանքարդյունաբերության ոլորտ, սակայն վստահեցրեց, որ ունեն պրոֆեսիոնալ թիմ, լավ ծրագիր և թափանցիկ են աշխատում:
Նարեկ Գևորգյանն ասում է, որ սեփականատերերը ներդրողներ են, նրանք համաձայնել են ներդրում անել նաև այդ ոլորտում: Կապիտալը հայկական է, որևէ միջազգային մասնակցություն չկա, գուցե ընթացքում բանկային միջոցներ ներգրավվեն: Տնօրենը վստահեցնում է, որ մութ ուժեր կամ անուններ չկան այս ամենի հետևում, ամեն ինչ թափանցիկ է արվում:
«Հնարավորինս փորձել ենք ներգրավել այնպիսի մասնագետներ, որոնք հանրապետությունում հայտի են, և փորձի տեսակետից լավ թիմ ունենք: Բոլորի հետ թափանցիկ ենք, բոլորի հետ բաց ենք»,- նշում է Նարեկ Գևորգյանը:
Ո՞վ է նախկինում շահագործել Տերտերասարի հանքավայրը
Երկրաբանական ֆոնդում առկա տեղեկատվության համաձայն՝ 2000-2012թթ․ Տերտերասարի ոսկու հանքավայրը շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն։ Ընկերությունը տարբեր բաժնետերեր է ունեցել, այդ թվում՝ օֆշորային ընկերություններ, իսկ հանքարդյունահանման գործունեության վերջին շրջանում այն տնօրինել է գործարար Սիլվա Համբարձումյանը։
Վերջինս էլ, լսելով Տերտերասարի նոր հավակնորդների մասին, նույնպես ակտիվություն է ցուցաբերել և այդ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի համար պայքար է սկսել՝ նախնական հանրային լսումներ է նախաձեռնել Լիճք բնակավայրում:
Լիճքի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռևս հոկտեմբերին Սիլվա Համբարձումյանը նախնական լսում է անցկացրել իրենց գյուղում, խոստացել է գյուղին ապահովել Ագարակ-Մեղրի երթուղային ավտոբուսով, որը, ըստ վարչական ղեկավարի, արդեն Երևանում է և մայիսից պետք է գործի։ Գյուղացիները միանշանակ դրական պատասխան են տվել գործարարին։
Համաձայն Երկրաբանական ֆոնդում առկա ամփոփ հաշվետվության՝ հանքավայրը 2000 թվականից շահագործվել է բաց, իսկ 2005թ․-ից՝ ստորգետնյա եղանակով։ Օգտակար հանածոների (ոսկի, արծաթ, պղինձ, կապար, ցինկ) կորզումը կատարվել է գրավիտացիայի և ֆլոտացիայի տեխնոլոգիայով։
Հանքավայրում մնացորդը կազմում է 131․4 հազար տոննա հանքաքար, ոսկու պարունակությունը՝ տոննայում 9,31 գրամ, ոսկու քանակը՝ 1223,1 կգ։
Նույն հաշվետվությամբ արձանագրվել է, որ երկրաբանական հետագա աշխատանքները կարող են ավելացնել շահագործման պաշարները՝ հանքի խորքում և մոտակա տարածքներում։ Կանխորոշված պաշարները են՝ 8 հազար տոննա հանքաքար, 638․4 կգ ոսկի և 8․26 տոննա արծաթ։
«Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ն ՇՄԱԳ հայտում նշել է, որ այս հանքավայրի վերջին գնահատումն իրականացվել է 2003 թվականին` ավանդական եղանակով, առանց տվյալների էլեկտրոնային բազայի ձևավորման: Սուլֆիդային հանքաքարի արդյունահանումը ստորգետնյա եղանակով իրականացվել է մշակման «ոչ ավանդական» համակարգով, որի տեխնիկատնտեսական ցուցանիշները նախկին ընդերքօգտագործողի հաշվետվությունում բացակայում են:
Հանքավայրից արդյունահանված հանքաքարի վերամշակումն իրականացվել է Այգեձորի հարստացուցիչ ֆաբրիկայում և դրա մասին ֆոնդային նյութերում ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ հանքաքարի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիայի ընտրության հարցում հստակ կողմնորոշվելու և հանքաքարի հարստացման տեխնոլոգիական ցուցանիշները կանխատեսելու համար։ Այդ պատճառով ընկերությունն ինքն է ցանկանում կրկին երկրաբանական ուսումնասիրություններ կատարել՝ նախկինում տրված երկրաբանատնտեսագիտական գնահատականն արդիականացնելու նպատակով։
Նարեկ Գևորգյանը պատմեց, որ Տերտերասարի հանքավայրը նախկինում շահագործված և լքված է եղել, իրենց ընկերությունը դիմել է լքված հանքավայրում նոր ուսումնասիրություն անելու համար: «Տարիներ շարունակ այդ հանքավայրը շահագործվել է, այնուհետև այն լքվել է, ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի ունեցել, սակայն այնտեղ ապօրինի գործունեություն է ծավալվել մինչ մեր օրերը: Մեր ունեցած տվյալներով՝ այնտեղ կան հարուցված քրեական գործեր»,- ասում է տնօրենը:
Իրենք դիմել և ուզում են մասնավորի միջոցներով գնահատել պետության գույքը, քանի որ ապօրինի շահագործման հետևանքով նույնիսկ պետությունը չգիտի, թե այնտեղ իրականում ինչ է մնացել:
Ընկերությունը չի թաքցնում, որ այն ապագայում շահագործելու մտադրություն ունի։
Եթե պաշարները հաստատվեն այն չափով, որով ընկերությանը տնտեսապես ձեռնտու լինի, ապա «Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ի տնօրենը հավաստիացնում է, որ շահագործման պարագայում պետք է միմիայն ստորգետնյա եղանակով արդյունահանում իրականացնեն:
Նախատեսում են ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը ստանալու պարագայում հանքաքարի հարստացումը կազմակերպել Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում, որը հանքավայրից շուրջ 60 կմ է հեռու։
Որտե՞ղ է գտնվում հանքավայրը
Տերտերասարի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 23 կմ հեռավորության վրա։ Մեղրի-Երևան ավտոմայրուղու հետ այն կապված է 4,5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհով։
Ազդակիր վարչական շրջանների` Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր բնակավայրերի վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց նստավայրում արդեն իսկ տեղի է ունեցել «Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի առաջին հանրային քննարկումը, որին բնակիչները առարկություն չեն ունեցել և նախնական համաձայնություն են տվել։ Սակայն, դրանից հետո հայտնվել է գործարար Սիլվա Համբարձումյանը և Լիճք բնակավայրում մեկ այլ հանրային քննարկում է անցկացրել և ինքն է ուզում վերաշահագործել Տերտերասարի հանքավայրը։ Լիճքում էլ Սիլվա Համբարձումյանին են դրական պատասխան տվել։ Վլադիկ Գևորգյանն ասում է, որ լիճքեցիները հավատացել են գործարարի հերթական խոստումներին, սակայն հին աշխատողները բազմիցս պատմել են, որ իրենց աշխատավարձերի պարտքերը գործարարը մինչ օրս չի փակել։
«Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ն 329 637 քմ տարածք է հայցում պաշարները վերագնահատելու ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Չնայած ՇՄԱԳ հայտում նշվում է, որ այն դուրս է «Արևիք» ազգային պարկի սահմաններից, այդուհանդերձ, դեպի նախատեսվող գործունեության հայցվող տարածք ճանապարհը մասամբ անցնում է «Արևիք» ազգային պարկի տարածքով, որը գրունտային ճանապարհ է և նախկինում ու ներկայում օգտագործվում է ինչպես տարածքի բնակիչների կողմից, այնպես էլ օգտագործվել է հանքի շահագործման համար։
Կադաստրի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ hայցվող տարածքի կոորդինատներում նեռարված է
- հատուկ պահպանվող տարածքներ նպատակային նշանակության բնապահպանական անտառ և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության և գյուղաարտադրական, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս (լուս․՝ 1)
- կից ներկայացված հատակագծի տարածքի անմիջական շրջակայքի բնապահպանական նշանակության հողեր, բնապահպանական անտառ, անտառային անտառ, բնապահպանական թփուտ ((լուս․՝ 1),
- բնապահպանական այլ հողատեսքի հողամաս (լուս․՝ 2)
- բնապահպանական և այլ (լուս․՝ 3)
- բնապահպանական անտառ (Վարդանիձոր համայնք) (լուս․՝ 4)
-
լուս․՝ 1 լուս․՝ 4 Լուս․՝ 2 լուս․՝ 3
Նարեկ Գևորգյանն ասում է, որ Տերտերասարը նոր հանքավայր չէ, որ տարածքի հետ կապված որևէ խոչընդոտ լինի: Իրենք օգտագործելու են արդեն իսկ գոյություն ունեցող խորշերը, որոնք նույնպես դուրս են ազգային պարկի սահմաններից: Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի նշած հատուկ պահպանվող տարածքներին կամ բնապահպանական և այլ հողատարածքներին, ապա, ըստ տնօրենի, Կադաստրի հետ կապված քարտեզային անճշտություններ կան, քանի որ պաշարները հաստատված են եղել դեռևս 1970-ականներին, և հայտնի է եղել, որ այնտեղ կա հանքավայր, սակայն շահագործան թույլտվության դիմելու պարագայում այդ անճշտությունները կվերացվեն, իսկ հողերի կատագորիան կփոփոխեն` դարձնելով արդյունահանման նպատակային նշանակության:
«Հանքավայրը չի կարելի բարձիթողի վիճակում թողնել: Բնապահպանական տեսանկյունից եթե նայենք, լքված հանքավայրն ինքն իրենով արդեն մեծ բնապահպանական ռիսկ է պարունակում, մյուս կողմից էլ` պետության հարստությունն ապօրինի շահագործվում է, փաստացի որոշակի ուժեր այնտեղ գործունեություն են ծավալում, որից պետությունը որևէ լումա չի ստանում: Մենք ընդամենը դիմել ենք օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն իրականացնելու համար, ունենք լուրջ մասնագիտացված թիմ, գրվել է լուրջ ծրագիր՝ հաշվի առնելով թե՛ բնապահպանական, թե՛ մյուս ռիսկերը»,- նշում է Նարեկ Գևորգյանը:
Մեր հարցին, թե ինչու կամ ինչպես են ընտրել Տերտերասարը, Նարեկ Գևորգյանն ասում է, որ մասնագետներն են խորհուրդ տվել, քանի որ այն տարիներ շարունակ բարձիթողի վիճակում է եղել, գումարած այն հանգամանքը, որ տարածաշրջանը հեռանկարային է, և պետությանն էլ ցանկանում է, որ այդ տարածաշրջանը զարգանա, ընտրությունն այդպիսով կանգ է առել Տերտերասարի հանքի վրա:
«Տվյալ դեպքում այդ գործունեության միակ շահառուն պետությունն է, և մեր ներդրումով պետությունը հասկանալու է, թե այնտեղ կա, արդյոք, որոշակի պաշար, որից հետո թե՛ պետությանը, թե՛ մենք կհասկանանք` եթե ձեռնտու է, մեր կազմակերպությունը կդիմի հետագա շահագործման համար: Ծրագիրը գրված է բոլոր օրենքներին և նորմատիվներին համապատասխան»,- նշում է Նարեկ Գևորգյանը:
Եթե պարզվի, որ Տերտերասարի հանքավայրում իրենց սպասելիքները չեն արդարանում, ապա «Պրո-Կոնստրակտ» ՍՊԸ-ի թիմը պատրաստ է այլ հանքավայրեր ևս դիտարկել, այս պահին էլ այդ ուղղությամբ մասնագետների հետ աշխատանքներ են տարվում:
Սիլվա Համբարձումյանի նախաձեռնած հանրային քննարկումը զարմանք և մտավախություն է առաջացրել «Պրո Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչների շրջանում: «Մտավախությունն այն է, որ եթե այս ամեն ինչը պետությունը հաշվի չի առնելու և եթե մեր ծրագրին դրական եզրակացություն չտրվի, կստացվի, որ կան ուժեր, որոնք տարիներ շարունակ այնտեղ գործունեություն են ծավալել, այսինքն` ինչ ուզել, արել են, ոնց ուզել, արել են, ոչ մի բնապահպանական նորմատիվ չի պահպանվել, և այս պահին կրկին ակտիվացել են»,- նշում է Նարեկ Գևորգյանը:
Սիլվա Համբարձումյանից նույնպես փորձեցինք մանրամասներ ճշտել։ Վերջինս մեր հեռախոսազանգին ի պատասխան, ասաց, որ Գորիսի ճանապարհին է, վերադառնալուց հետո կկարողանա մանրամասն պատասխանել մեր հարցերին։ Այդուհանդերձ, տիկին Համբարձումյանը հաստատեց, որ ինքն իրապես ուզում է շահագործել Տերտերասարի հանքավայրը, այնտեղ դեռևս 2014թ․-ից կուտակած հանքաքար ունի, որի հսկողության համար պահակակետ է տեղադրել և պահակներ նշանակել։ Սկսել է Այգեձորի գործարանի վերազինում իրականացնել, սարքավորումների մի մասն արդեն տեղադրված է, մի մասն էլ ճանապարհին է։
Ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պրո Կոնստրակտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Տերտերասարի ոսկու հանքավայրի վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Տերտերասարի հանքի ապօրինի շահագործման քրեական գործի վերաբերյալ տեղեկատվության համար գրավոր դիմել ենք Քննչական կոմիտե, պատասխանին և մանրամասներին կանդրադառնանք առաջիկա հրապարակմամբ:
Կարդացեք նաև՝
-
Ո՞վ է արդյունահանելու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկին
-
Ավստրալիական ընկերությունը օրական արդյունահանելու է 10 կգ ոսկի
Գլխավոր նկարում՝ Սիլվա Համբարձումյանը, ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել