
Ոստիկանության բաժնում քաղաքացուն ծեծել են, ինչի հետևանքով «կակազություն» է առաջացել
Մոտ 2,5 տարի է անցել Ոստիկանութան Նոր Նորքի բաժնում Գարեգին Ավագյանին ենթադրյալ խոշտանգելու դեպքից, սակայն մինչ օրս նախաքննությունը դեռ չի ավարտվել: Գործով մեղադրյալներ չկան, թեև Գարեգինը կարող է տեսնելու դեպքում մատնացույց անել ծեծող ոստիկաններին:
2022թ. նոյեմբերի 27-ի առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, ձախից կողերի կոտրվածք, փակ ողնաշարային վնասվածք, 2 ողի կոտրվածք, ողնաշարի և կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գարեգին Ավագյանը: Նա հայտնել է, որ ձերբակալվածների պահման վայրում ոստիկաններն իրեն ծեծել են:
Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում) նախաձեռնվել է քրեական վարույթ:
2022թ. դեկտեմբերի 14-ին վարույթը փոխանցվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործութունների քննության վարչությանը: Մեկ օր անց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման ղեկավարից ստացվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը:
Բժշկական զննության ժամանակ Գարեգին Ավագյանը հայտնել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ի երեկոյան Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրեն Աճառյան փողոցից բռնի ուժով, առանց ներկայանալու, ձեռնաշղթաներով տարել են Նոր Նորքի բաժին և բակում ոստիկաններից մեկը հրամայել է, որ գրպանը «բան գցեն», իսկ պարանոցից՝ պայուսակ: Գարեգինը դիմադրել է: Նույն ոստիկանի հրամանով իրեն քաշելով տեղափոխել են Ոստիկանության բաժնի երկրորդ հարկ, որտեղ իրեն հայհոյել են ու ծեծել: Նա հայտնել է, որ Ոստիկանության պետը, 12 այլ ոստիկաններ հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր հատվածներին: Ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Երբ ուշքի է եկել՝ կակազելով ջուր է ուզել: Գարեգինը նաև հայտնել է, որ ոստիկանների՝ իրեն ծեծելուց հետո դժվարությամբ է խոսում:
Ֆիզիկական զննությամբ Գարեգին Ավագյանի մաշկային ծածկույթների տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձեռքերի դաստակների, ստորին վերջույթների շրջանում, կրծքավանդակի աջ ու ձախ կողերին կապտուկներ, կոտրվածքներ և այլն:
2022թ. դեկտեմբերի 15-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Երկու քրեական վարույթները միացվել են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ստացված եզրակացության մեջ նշված է, որ Գարեգին Ավագյանի ստացած մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկայով:
Ոստիկանության ծառայողները հայտնել են, որ Գ. Ավագյանի պարանոցին եղել է սև պայուսակ և Ոստիկանության բաժնում հանելով այդ պայուսակը՝ իրեն հարվածել է երկաթյա պահարանների անկյուններին, սեփական մարմնի բարձրությունից իրեն նետել է գրասեղանի սուր անկյանը, սենյակում դրված թախտին, որի հետևանքով էլ ստացել է վնասվածքները:
2023թ. փետրվարի 8-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որը հանձնարարվել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետին: Արձանագրվել է, որ Գարեգին Ավագյանին պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եզրակացության մեջ հստակ նշված չի եղել, թե արդյոք Գարեգին Ավագյանը, կարող էր իր բարձրությունից ցած նետվելով և սուր առարկաներին հարվածելով, ստանալ նշված վնասվածքները, քննիչը հարցաքննել է փորձագետին: Փորձագետը բացառել է, որ Գ. Ավագյանը վնասվածքները կարող էր ստանալ սեփական բարձրությունից վայր ընկնելուց և երկաթյա պահարանին, սեղանին կամ թախտին հարվածելուց: Փորձագետը հարցաքննվել է: Նա հայտնել է, որ նշված իրերի եզրերը սուր են, կարող էին առաջանալ սալջարդ վերքեր՝ մաշկի ամբողջականության առավել խորը խախտումով: Նշված վնասվածքներն առավել բնորոշ են ոտքով և բռունցքով հարվածներին, այսինքն՝ Գարեգին Ավագյանի նշած հանգամանքներում:
Սակայն, նույն փորձագետն ամիսներ անց՝ փաստաթղթային լրացուցիչ փորձաքննության ժամանակ, տվել է բոլորովին այլ եզրակացություն: Նշել է, որ հաշվի առնելով վնասվածքների բնույթը և տեղակայությունները, ուսումնասիրելով դեպքի վայրի արձանագրությունը և լուսանկարչական հավելվածները, ինչպես նաև հաշվի առնելով դեպքի վայրի տեղատեսության տվյալները՝ հնարավոր է նշված վնասվածքների առաջացումը Գ. Ավագյանի կողմից բազմիցս բարձրությունից վայր ընկնելու և մարմնի նշված հատվածներով «բութ առարկաների հետ համահարվածվելու հետևանքով»: Փորձագետը, հավանաբար, «մոռացել» է իր բացառման մասին: Մասնավորապես այն, որ երկաթյա պահարանի, սեղանի, թախտի եզրերը սուր են, կարող էին առաջանալ սալջարդ վերքեր՝ մաշկի ամբողջականության առավել խորը խախտումով, ինչն այս դեպքում առկա չէր:
2024թ. հոկտեմբերին նշանակվել է նաև ամբուլատոր դատահոգեբուժական և հոգեբանական հանձնաժողովային փորձաքննություն, որն իրականացրել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները: Գարեգինը հայտնել է, որ երբ ոստիկանները հարվածել են ողնաշարին՝ ուժեղ ցավից գիտակցությունը կորցրել է: Ուշքի գալուց հետո կակազել է:
Փորձագետները հետևություն են արել, որ Գարեգին Ավագյանը քրոնիկ հոգեկան հիվանդություն, ժամանակավոր հոգեկան խանգարում, թուլամտություն չունի: Նրա մոտ հայտնաբերվել է «կակազություն»: Իսկ կակազությունն ի հայտ է եկել 26.11.2022թ. տարած հոգետրավմայից հետո, քանի որ մինչ այդ չի կակազել, խոսքը եղել է սահուն, և խանգարումներ երբեք չի ունեցել:
Նշենք, որ Գարեգին Ավագյանին ձերբակալել են ապօրինի թմրամիջոցներ և կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով: Նա կալանավորվել և պահվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, այնուհետև խափանման միջոցը փոխվել է, այժմ տնային կալանքի մեջ է:
Գարեգին Ավագյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը «Հետքին» փոխանցեց, որ ձերբակալման և այլ արձանագրություններ կազմվել են օրենքի խախտումներով: Օրինակ՝ նշվել է, որ Գարեգին Ավագյանը հոգեկան հուզմունքի վիճակում է, և մարմնի վրա ակնհայտ վնասվածքներ առկա չեն: Չկան նշումներ, թե որ ժամին է սահմանափակվել Գարեգինի ազատությունը, չկա նշում, թե որ ժամին է այն կազմվել, երբ է ներկայացվել ծանոթացման: Գարեգինին չեն ծանոթացրել կազմված փաստաթղթերին, իսկ որոշների տակ բացակայում է նրա ստորագրությունը, սակայն չկա նաև նշում, որ նա հրաժարվել է ստորագրել:
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է և Գարեգին Ավագյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:
Առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին հաղորդում է տալիս իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ենթարկվելու մասին, և գործը տեղից չի շարժվում: Նման դեպքերի համար տարիներով ձգվող և վերջում կարճվող գործերը Հայաստանում օրինաչափություն են դարձել:
Մասնավորապես՝ գրել էինք, որ Հայաստանում տարեկան միջինում 180 հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ: Նախաձեռնված քրեական վարույթների միայն 1,8%-ն է հասնում դատարան, մնացած վարույթները կարճվում են, կամ ճակատագրերը՝ մնում անհայտ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքական դիրքով, զբաղեցրած կշռով է պայմանավորված, թե որ գործերին առաջնահերթություն կտրվի։
2018-2024թթ. առաջին վեց ամիսներին 1167 նման հաղորդում է ներկայացվել։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 1112 քրեական վարույթ: Սակայն, վերջին 6,5 տարվա ընթացքում միայն 20 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Այդ հաղորդումների հիման վրա հիմնականում նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն գործերը դատարան գրեթե չեն հասնում: Իսկ դատարանում գործերի քննությունը տարիներով ձգվում է, և տուժողներն այլևս չեն ցանկանում իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել: Սա ցույց է տալիս, որ պետությունը բավարար ջանք չի գործադրում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնությունները կանխելու, կատարվածը բացահայտելու և պատժելու միջոցով նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Տես նաև՝
Մեկնաբանել