
Թորամանյանը՝ Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը
Դժվար է ասել՝ կընտրե՞ր ճարտարապետի ճանապարհը Միքայել Մազմանյանը, եթե չլիներ 1916 թվականին Անիում անցկացրած ճակատագրական ամառը և հետո հանդիպումը Թորոս Թորամանյանի հետ։ Միջնադարյան հայկական մայրաքաղաքի վանքերի խոյակներով և որմնանկարներով հիացած պատանին դառնալու էր hայկական ճարտարապետության նորարարական դպրոցի հիմնադիրներից, hայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի տեսական ժառանգության պահպանողը, տարածողը և զարգացնողը։
Հայկական հուշարձաններին Մազմանյանն առաջին անգամ ծանոթացել էր դեռևս 1914-ին, երբ ընկերների հետ այցելել էր Սանահին և Հաղպատ վանքեր, 3 օր անցկացրել Անիում: Ինչպես ինքն է գրել՝ «ճաշակեցի հայ ճարտարապետության կերտվածքների, կոթողների առնական քնարականությունը»։
1916 թվականը շրջադարձային եղավ Մազմանյանի համար: Նա երեք ամիս անցկացրեց Անիում՝ իր դասընկեր Արտաշես Վրույրի հրավերով, որի հայրը՝ Արամ Վրույրը, լուսանկարիչ էր Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբում: Այստեղ Մազմանյանը արտանկարում էր Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները, հուշարձանների ներքին և արտաքին տեսքը։
Անիից վերադառնալիս Մազմանյանը կանգ առավ Ալեքսանդրապոլում, որպեսզի այցելի Թորամանյանին և ցույց տա իր կատարած աշխատանքները։ Ահա թե ինչպես է նա նկարագրում այդ հանդիպումը. «Նստած էր գիրուկ, թիկնավետ, մազերը կարճ խուզած։ Թավ հոնքերի մացառների շեշտակի, խոժոռ հայացքով նայեց մեզ։ Հագին հասարակ, խունացած ու մաշված վերնազգեստ էր՝ առանց փողկապի․․․ Հայտնեցի գալուս նպատակը։ Առանց հարց ու փորձի, նստեց ձախ կողմը դրված գրասեղանի առջև, բացեց նկարչական տետրս ու համբերությամբ յուրաքանչյուր գծանկարի տակ նշանակեց պատկերված հուշարձանի կամ բեկորի դարաշրջանը։ Բամբ, թավիշե ձայնով, որի մեջ սեր կար և գուրգուրանք, հուզիչ մի շերտ, հորդում էին նրա բացատրությունները»։
Ներսիսյան դպրոցի «Երգ ու ներկ» աշակերտական ամսագրում Մազմանյանի «Անիի Մայր եկեղեցին» հոդվածը (1916թ.)՝ ջրաներկով կատարած Մայր տաճարի նկարով:
Թորամանյանն ապրում էր համեստ պայմաններում՝ մի փոքրիկ սենյակում, որը միաժամանակ ծառայում էր որպես ննջարան, ճաշասենյակ և աշխատասենյակ։ Երբ իմանում է, որ մի քանի տղաներով իջել են ստորգետնյա Անի, խանդավառվում է, սկսում է հարցեր տալ: Չնայած, որ նա Անիում երկար տարիներ էր անցկացրել, երբեք ստորգետնյա քաղաք չէր իջել շատ պարզ պատճառով՝ անցքը, որով սողալով պետք էր ներս մտնել, շատ նեղ էր, և խոշորամարմին Թորամանյանը չէր կարող այնտեղ մուտք գործել: Ավարտելով դիտարկումները՝ Թորամանյանը հավելեց. «Տղաս, կտեսնիմ՝ շատ կհետաքրքրվես հայ ճարտարապետությամբ։ Գովելի գործ է, սակայն պետք է նախապես զգուշացնեմ, որ անվարտիք պիտի մնաս, նայիր ինձի»։
Թ. Թորամանյանի՝ Մ. Մազմանյանին նվիրված լուսանկարը, 1933 թ.
1924 թվականին՝ ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում (Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցներ) ուսանելու ընթացքում Մազմանյանն ամառային արձակուրդին այցելեց Թորամանյանին, որն այդ ժամանակ ապրում էր Էջմիածնում։ Նրանք զրուցեցին մինչև ուշ երեկո, և Թորամանյանն ապագա ճարտարապետին նվիրեց իր «Տեկորի տաճարը» գիրքը։
1929 թվականից Մազմանյանը սկսեց աշխատել Երևանում, և նրանց հարաբերությունները վերաճեցին մտերմության ու գործընկերության։ Թեև Մազմանյանը նախագծման գործունեությանը զուգահեռ ուսումնասիրում էր հայկական ճարտարապետությունը, նա հետևում էր Թորամանյանի խորհրդին՝ խուսափելով անցյալի ձևերի մեխանիկական կրկնությունից։ Իր տեսական հոդվածներում Մազմանյանը հիմնավորում էր այն գաղափարը, որ միջնադարյան վարպետները լավագույնս օգտագործում էին իրենց ժամանակի շինարարական տեխնիկան, և նույն մոտեցումը պետք է կիրառվի ժամանակակից ճարտարապետության մեջ՝ ժամանակակից արտահայտչամիջոցներով։
1933 թվականին Թորամանյանը Մազմանյանին տրամադրեց իր լուսանկարչական ապարատը՝ այն հուշարձանները նկարելու համար, որոնց չափագրությունները նա կատարում էր, այդ թվում՝ Երերույքի, Պտղնիի, Ավանի։ Բնորոշ դրվագ է Պտղնիի չափագրության ժամանակ Մազմանյանի հայտնաբերած հյուսիս-արևելյան անկյունում մնացած միակ քարը, որը թույլ էր տալիս որոշել նավի ծածկի բարձրությունը և կորագիծը։ Թորամանյանը զարմացած էր․ «Աս շատ պատասխանատու քար է և լավ է, որ նկատել ու չափագրել եք: Այսքան մանրամասն չափագրելու հնարավորություն չեմ ունեցել ես, ժամանակս սուղ է եղել միշտ»։
Թորամանյան. Գրչանկարը՝ Մազմանյանի, 1964 թ.
Մազմանյանի նախաձեռնությամբ 1933 թվականին շինարարական (հետագայում՝ Պոլիտեխնիկ) ինստիտուտում ստեղծվեց հայ ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն, որտեղ նա հրավիրեց Թորամանյանին՝ մասնակցելու գիտամանկավարժական աշխատանքներին։ Մազմանյանի վարքը ցույց է տալիս այն հարգանքն ու գնահատանքը, որը նա ուներ Թորամանյանի հանդեպ։ 1933 թվականին նա նախաձեռնեց Թորամանյանի գիտական ժառանգությունը մեքենագրելու և հրատարակության պատրաստելու գործը, քանի որ վատառողջ գիտնականի համար դժվար էր միայնակ ի մի բերել իր հսկայածավալ աշխատանքները։
1934 թվականի փետրվարին Մազմանյանը կազմակերպեց Թորամանյանի ծննդյան 70-ամյա և հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվելու 30-ամյա հոբելյանը՝ գիտնականի կամքին հակառակ։ «Մտա Խանջյանի մոտ հոբելյանը կազմակերպելու համար: Ասաց՝ ի՞նչ է արել որ, մի քանի եկեղեցի է չափել: Հասկացա, որ ուզում է հոգուս հետ խաղալ: Ես չհասկանալու տվի, հանեցի Ստրժիկովսկու առաջին հատորը, ցույց տվեցի Թորամանյանի լուսանկարը, կենսագրությունը, գործերի ցուցակը: «Լավ,- ասաց,- գնա Ռուբենին ասա, թող ձևակերպի»»,- հիշում է Մազմանյանը:
Թորամանյանի դուստրը՝ Նազիկ Թորամանյանը, վկայում է, որ չնայած Մազմանյանի թախանձանքներին՝ հայրը ներկա չգտնվեց երեկոյին՝ վատառողջ լինելու պատճառով։ Նիստը վարում էր ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, իսկ Մազմանյանը հանդես եկավ ծավալուն ելույթով։ Ելույթ ունեցան նաև Մարտիրոս Սարյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Լիսիցյանը և այլք։ Կարելի է ասել, որ Մազմանյանը շտապում էր՝ կարծես զգալով, որ գիտնականին շատ քիչ ժամանակ է մնացել։ Եվ չսխալվեց. Թորամանյանը մահացավ մարտի 1-ին՝ հոբելյանական երեկոյից երկու շաբաթ անց։
1955 թվականին աքսորից վերադառնալուց հետո Մազմանյանը ձեռնամուխ եղավ Թորամանյանի մասին հուշերի հավաքագրմանը։ Նրա խնդրանքով մեծ գիտնականի մասին իրենց հուշերը գրեցին Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Խալփախչյանը և այլք։ Սակայն գիրքն ավարտին հասցնել նա չհասցրեց՝ վախճանվելով 1971 թվականին։
Թորամանյանի մասին հուշերի հավաքածուն՝ «Ժամանակակիցները Թորոս Թորամանյանի մասին», լույս տեսավ միայն 2005 թվականին՝ Նուբար Պապուխյանի և Գառնիկ Թորամանյանի ջանքերով։ Թեև Մազմանյանի հոդվածը Թորամանյանի մասին տեղ գտավ գրքում, սակայն իր անձնական հուշերը դուրս մնացին, քանի որ նա չէր հասցրել դրանք ամբողջացնել։ Հուշերը հրատարակվեցին միայն 2007 թվականին «Ճարտարապետություն և Շինարարություն» ամսագրում։
Առաջիկայում «Հետքը» կներկայացնի Միքայել Մազմանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։
Արխիվային նյութերը տրամադրել է
Մազմանյանի թոռնուհին՝ Լիլիթ Տեր-Մինասյանը
Մեկնաբանել