
«Օրրանը» նշեց հիմնադրման 25-ամյակը
Ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի անդամները, ընկերներն ու բարեկամները: Կազմակերպությունն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը:
Այս տարիների ընթացքում բարեգործական կազմակերպությունը հասցրել է օգնել շուրջ 3500 երեխաների ու 1300 ծերերի, աջակցել է մոտ 29.000 արցախցի ընտանիքների: Ընդհանուր առմամբ, մինչ օրս «Օրրանն» օգնել է ավելի քան 30 հազար մարդու: Օգնությունը բազմազան է՝ երեխաների դասապատրաստումից ու տարատեսակ պարապմունքներից մինչեւ նյութական օգնություն սննդային փաթեթների, հագուստի, հիգիենայի պարագաների եւ այլ իրերի տեսքով:
2000 թ. Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից Երեւանում հիմնադրված ՀԿ-ն 2009-ին կենտրոն է բացել նաեւ Վանաձորում: Ներկայում «Օրրանի» շահառու է շուրջ 100 ծեր եւ 6-16 տարեկան ավելի քան 300 երեխա:
««Օրրանը» զուտ պատերը չեն, «Օրրանը» տուն է, ջերմություն է, եւ այդ ամենը մենք ստեղծել ենք ձեր օգնությամբ: Յուրաքանչյուրդ, որ այսօր հրավիրված եք այստեղ, 25 տարվա մեջ ինչ-որ ձեւով առնչվել եք «Օրրանին»: Եվ մենք երախտապարտ ենք»,- իր բացման խոսքում ներկաներին դիմեց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Նա բեմում էր ամուսնու՝ «Օրրանի» համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի եւ երկու թոռնիկների հետ:
Ելույթից առաջ Արմինե Հովհաննիսյանը հացով եւ ցորենի հասկերով լի զամբյուղը դրեց բեմի կենտրոնում դրված մեծ սեղանին, ինչը խորհրդանշական էր: «Օրրանի» համահիմնադիրը նշեց, որ երբ հնում Հայաստանում նոր տուն էին կառուցում, ցորենի հատիկներ էին շաղ տալիս, որպեսզի տունը միշտ առատ հաց ունենա: «Ես ու Րաֆֆին ցանեցինք այդ հատիկները 25 տարի առաջ, բայց դուք էիք, որ ջրեցիք այդ ծիլերը, եւ այսօր մենք ունենք առատ «Օրրան»: Այսօր մեր երախտագիտության օրն է ձեզ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատեց, որ եկել են հաշվետվություն տալու 25 տարվա իրենց համեստ ծառայության մասին: Ապա շարունակեց, որ կնոջ նախաձեռնող ղեկավարության ներքո «Օրրանն» իր կամավորներով, ուսուցիչներով, բարերարներով ու սաներով սովորեցրել է, որ սիրով եւ հոգատարությամբ կարելի է կերտել այնպիսի սերունդ, որը արժանապատիվ ներկա եւ ապագա կունենա Հայաստանում՝ հավասար հնարավորություններ ստեղծելով յուրաքանչյուրի համար:
Բացման խոսքից հետո Հովհաննիսյանները տեղավորվեցին սեղանի շուրջ, իսկ հետո նրանց միացան «Օրրանի» կյանքում եւ կայացման մեջ մեծ ներդրում ունեցած անհատները՝ բարերարներ, ընկերներ, աջակիցներ, կամավորներ:
Նրանց շարքում էր գործարար Գրիգոր Գրիգորյանը, ում Արմինե Հովհաննիսյանն անվանեց «Օրրանի» հենասյուներից մեկը: Գրիգորյանը, որը կազմակերպության գլխավոր հովանավորներից է, տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաեւ «Օրրանի» ֆինանսական տնօրենը, մանրամասներ ներկայացրեց անցած տարիների ընթացքում ՀԿ-ի դրամահավաքների ու կատարած ներդրումների մասին: Հիշելով իր տատին, որը հարազատներին կորցրել էր Հայոց ցեղասպանության ժամանակ՝ սփյուռքահայ բարերարը պատմեց, որ 1983-ին, լինելով մահամերձ, տատն իրեն պատգամել էր, որ երբ սկսի գումար վաստակել, չմոռանա Հայաստանի երեխաներին ու ծերերին: Տատի այդ խոսքերը ճակատագրական են եղել Գրիգոր Գրիգորյանի համար, որը 2001-ին միացել է «Օրրանին»:
Գրիգորյանից բացի՝ «Օրրանի» խորհրդանշական մրցանակ ստացավ նաեւ գործարար Ռալֆ Յիրիկյանը, որը եւս կազմակերպության հիմնական աջակիցներից է տարիներ շարունակ:
Բացի աջակիցներին ու ընկերներին պատվելուց՝ «Օրրանի» թիմը երեկոյի ընթացքում ներկայացրեց նաեւ մի քանի կարճ ռեպորտաժ այն մարդկանց մասին, ովքեր տարբեր տարիների եղել են կազմակերպության շահառու եւ ոչ միայն հաղթահարել են իրենց կյանքում ի հայտ եկած դժվարությունները, այլեւ հասել են հաջողությունների: Տեսանյութերի հերոսները երեկոյի հրավիրյալների թվում էին:
Մեկնաբանել