HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի թունավոր կետերը

Չռեկուլտիվացրած պոչամբարները

Լուսանկարում Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կոնսերվացված պոչամբարն է։ Պատվարից ներքև Այրիգետն է, որի վրա շահագործվում է «Դաստակերտ» հէկը։ Հէկի աշխատողները որոշել են հիդրոէլեկտրակայանի իրենց բիզնեսը համատեղել մեղվաբուծության հետ։ 

Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքից՝ Դաստակերտից, 1,5 կմ հեռավորության վրա է Դաստակերտի կոնսերվացված պոչամբարը։ Այն առաջացել է 1951-1975 թվականներին Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման և լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքով։

1976 թվականից Դաստակերտի հանքավայրն ու հարստացուցիչ ֆաբրիկան, ինչպես և պոչամբարը կոնսերվացվել են։

Պոչամբարը օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածքն է։ Այսպես սահմանում է Ընդերքի մասին օրենսգիրքը։ 

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի տարածքում շուրջ 365 մլն մ3 փաստացի ծավալով 23 պոչամբար կա։ Դրանցից 11-ը կոնսերվացված է և ռեկուլտիվացման ենթակա։ 

Քարտեզը՝ Արեն Նազարյանի

Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերը կորցնում են իրենց առաջնային արժեքը և բացասական են ազդում շրջակա բնական միջավայրի վրա։ Ռեկուլտիվացիան խախտված տարածքների վերականգնում է։     

Ռեկուլտիվացման ենթակա է նաև Դաստակերտի պոչամբարը։ 

Պոչամբարի եզրով կառուցված ջրահեռացման համակարգը, որով գետը շրջանցում էր պոչամբարը, այլևս գոյություն չունի։ Եվ գետը, քայքայելով պոչամբարը, առու է բացել դրա մեջ։ Պոչամբարի մակերեսի որոշ մասեր փլուզվել են առաջացել են խոռոչներ։

Տարածքով անցնում է Այրիգետի վտակ Կըշկոշտի գետը։ Դաստակերտի հանքավայրից վերև՝ Կըշկոշտ և Այրիգետ գետերի ջրի որակը համարվում է երկրորդ դասի, որը որակվում է որպես «լավ դաս»,  իսկ երբ դեպի ներքև է հոսում՝ դառնում է 5-րդ՝ «վատ» դասի ջուր։ Այսինքն՝ փակված պոչամբարից ներքև՝ երկու գետերի միախառնման մասում, ջրի որակն ընկնում է։  

2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները պոչամբարի թափոնների և հողային շերտի նմուշառումներ են կատարել։ Երբ համեմատում ենք ստացված արդյունքները և թույլատրելի սահմանային կոնցենտրացիաների շեմը, պարզ է դառնում, որ թե ընդերքօգտագործման թափոններում, թե հողային շերտում մկնդեղի պարունակությունը 11-14 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ցինկի պարունակությունը հողային շերտում 7 անգամ է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 

Թե մկնդեղը, թե ցինկը հողի քիմիական աղտոտման տեսանկյունից առաջին դասի վտանգավորության նյութեր են։ Դրանք դասակարգված են հողի որակի հիգիենիկ և սանիտարական կաննոների և նորմերի մասին առողջապահության նախարարի համապատասխան հրամանում։ 

Այրիգետից օգտվում է երկու բնակավայր` Տորունիքն ու Տոլորսը։ Փաստացի 64 բնակիչ ունեցող Տորունիքում 2,5 հա է ոռոգվում այդ գետով։ Հիմնականում կարտոֆիլ, լոբի, քիչ քանակությամբ լոլիկ ու վարունգ են աճեցնում։ Բանջարեղենը գյուղացիներն իրենք են օգտագործում, նաև իրացնում են շուկաներում։

«Քանի որ մեր գյուղը ոռոգման ջուր չունի, ժողովրդի տնամերձերը բաժանված են գետափնյա տարածքից, կարելի է ասել՝ 95 տոկոսը Այրիգետից է ոռոգում։ Մենք նկատում ենք հողի վրայից շերտեր, տարեկան մոլիբդենի շերտն ավելանում էր։ Իսկ ինչ վնաս է տալիս, մենք դա չենք նկատել, երևի ռադիացիա, բան, չափումներ է պետք, էտի չենք կարա ասենք։ Որ հողի որակական հատկանշները փոխվում է, ավելի մածուցիկ է դառնում, ոչ թե փխրուն, կորցնում է իրա սնուցումը, էդ ակունքներում երևում է»,- ասում է Տորունիքի բնակիչ, Սիսիանի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակից Քաջիկ Հախվերդյանը։ 

Դաստակերտի պոչամբարի տարածքը 3,85 հա է։ Այստեղ ամբարված է եղել 1,5 մլն խմ թափոն՝ թեպետ նախագծային ծավալը ամբարվածի կրկնակին է եղել։ Թե ինչ է մնացել պոչամբարի պարունակությունից, հայտնի չէ։ 

Պոչամբարի 30 մետրանոց պատվարը կառուցված է եղել խճաքարից, կավից և լեռնային ապարների բեկորներց։ Դրանք արդեն վաղուց քայքայված են։ Չնայած դրան, Դաստակերտի հանքավայրի կենտրոնական տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք ստացած «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն Դաստակերտի կոնսերվածցված պոչամբարը պետք է ծառայեցներ որպես պահեստային պոչամբար։ Այս մասին ընկերությունը նշել է Շրջակա միջավայրի վրա գնահատման հայտում, որը ստացել է դրական եզրակացություն։

Ընկերությունը, սակայն, դեռ չի շահագործում Դաստակերտի հանքավայրը պատճառները բազմազան են՝ հողօգտագործման խնդիրներ, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմքով դատական գործընթացներ։ 

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ից բացի, Դաստակերտի հանքավայրի նկատմամբ նոր հավակնորդներ կան, որոնք նույնպես դիմել են այնտեղ ուսումնասիրություններ կատարելու համար։ 

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն Դաստակերտի պոչամբարի կառավարման որևէ աշխատանք չի իրականացնում։ Պոչամբարը ցանկապատված չէ, ճանապարհի անմիջական հարևանությամբ է, և մուտքն արգելող կամ վտանգավորության վերաբերյալ որևէ ցուցանակ չկա։ 

«Նույնիսկ հասարակ լենտ էլ քաշված չի եղել, միշտ բաց է եղել, հասանելի գյուղատնտեսական ապրանքներին էլ, մարդկանց էլ։ Մի երկու տարի առաջ եկան փորձանմուշ վերցրին, երկիրը խառնվավ, պատերազմ, բան, թեման փակվեց։ Մենք էլ կուզենայինք իմանայինք՝ իրականում ինչ վնաս է տալիս, ամեն ինչի վրա կասկածում ենք։ Կարտոֆիլը քանդելուց, որտեղ սպիտակ շերտ երևում է, մայրս մի քիչ տարիքով կին է, կարող է ասի՝ էս մի վերցրեք, ես ինչ գիտեմ։ Ոչ մեկը չի եկել ասել էսքան ժամանակ, մի պետական մարմին կամ սանէպիդկայանը, որ զգուշացնի, որ մոլիբդենի ժամանակ մի բան արեք։ Խմելիք են օգտագործում, ապրանքն է խմում (նկատի ունի՝ անասունները-հեղ․)»,- պատմում է Քաջիկ Հախվերդյանը։

Վերջինս 1989 թվականից Տորունիքում է ապրում, 23 տարի աշխատել է Դաստակերտի համայնքապետարանում, եղել է ակումբի տնօրենուսուցիչ։ Մշտապես երթևեկել է պոչամբարի կողքով։ Պատմում է, որ պոչամբարից արտահոսքը հատկապես նկատելի է եղել 1994-95 թվականներին։ 

«94-95 թվերին շատ ակներև էր, շատ փխրուն էր, էն ժամանակ ցեմենտի պես փխրված բան էր, անձրևից բերում լցնում էր։ Որ արդեն քայքայվեց պոչամբարը, առաջ տենց չէր, Դաստակերտ գնալուց կտեսնեիք ձախի վրա դրենաժը, քանդվեց։ Հիմա պոչամբարի վերևի շերտը պնդացել է, առաջին տարիները, գետի ջուրը շատ էր փոխվում, լճում նստվածքը երևում էր, Տոլորսին մենք լիճ ենք ասում։ Հիմա էլ մոլիբդեն չի բերում, ինչքան էլ սելավ է եղել, չենք նկատել»,-շարունակում է Տորունիքի բնակիչը։ 

11 կոնսերվացված պոչամբարների ցանկում ներառված են նաև այն պոչամբարները, որոնք ինչ-որ ժամանակ ռեկուլտիվացվել են։ Սակայն իրականացված մեխանիկական ռեկուլտիվացումը պատշաճ որակի չի եղել, և այժմ դրանք կրկին ռեկուլտիվացնելու անհրաժեշտություն է առաջացել։ 

Կառավարությունը հաստատել է, որ ռեկուլտիվացման ենթակա են բոլոր այն հողերը, որոնք բացասական ներգործության արդյունքում ամբողջովին կամ մասնակի կորցրել են իրենց առաջնային տնտեսական արժեքը: 

Պոչամբարները Հայաստանում գրանցվում են Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, որն այժմ Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո է։ 

Արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանին խնդրել էինք տրամադրել այս պահին չռեկուլտիվացված պոչամբարների թարմացված ցանկը, գտնվելու վայրը, ծավալները, պարունակությունը։ Նախարարությունը, սակայն, մեզ տվյալներ չի տրամադրել։ 

«Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված պոչամբարների հետ կապված տեղեկատվությունը տրամադրման և հրապարակման ենթակա չէ»,- պատասխանել է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Նա իր մերժումը հիմնավորել է Արտակարգ իրավիճակների նախարարի 2017թհուլիսի 20  հրամանով, որտեղ, սակայն, արտադրական վտանգավոր օբյեկտների մասին խոսք չկա։ 

Պոչամբարները բաց երկնքի տակ գտնվող կառույցներ են՝ հասանելի արբանյակային տեսալուսանկարահանման համար։ Թե ինչու ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետը դրանց վերաբերյալ ինֆորմացիան չի տրամադրում, հասկանալի չէ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը հստակ նշում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը։

2018-2019թթ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները կատարել են Հայաստանի տարածքում ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի և փակված պոչամբարների տեղադիրքերի ուսումնասիրություն, թափոնների, հողային ծածկույթի և մակերևութային ջրերի քիմիական կազմի վերլուծություն, թափոնների ծավալների մոտավոր գնահատում։ Դրա հիման վրա ՇՄՆ նախարարի հրամանով առանձնացվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող 5 պոչամբար։ Դաստակերտի պոչամբարը դրանց թվում է, Սյունիքի մարզում ևս երկուսը՝ Փխրուտն ու Ողջին, Լոռու մարզում՝ Նազիկ պոչամբարը, Գեղարքունիքում՝ Սոթքի պոչամբարը։  

Եկեղեցին և պոչամբարը «հարևաններ» են

Հայաստանի հարավից տեղափոխվենք հյուսիս։ 10-րդ դարից մեզ հասած Ախթալայի վանական այս համալիրը վերջին տարիներին տուրիստական հայտնի ուղղություն է դարձել։ Տարեկան 60-70 հազար այցելու է ունենում։ 10 տարի առաջ այդ թիվը զգալիորեն քիչ էր՝ 8-10 հազար։ 

Վանական համալիրի անմիջական հարևանությամբ «Նազիկ» փակված պոչամբարն է՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարներից մեկը։ Սա այն պոչամբարներից է, որը մեկ անգամ արդեն ռեկուլտիվացվել է, սակայն կրկին ռեկուլտիվացնելու անհրաժեշտություն կա։ 

Նազիկ պոչամբարը զբաղեցնում է մոտ 2 հա տարածք։ Պոչամբարը գործարկվել է 1971 թվականին, 17 տարի անց կոնսերվացվել է, սակայն 2000-ին վերագործարկվել է։ Վերջնականապես փակվել է 2010-ին։

«Հիմա գերագույն խնդիրը Նազիկ պոչամբարն է, որը պետք է ռեկուլտիվացվի նորից։ Հիմա դուք տեսնում եք, որ Ախթալայի համայնքում ոչ միայն Նազիկ պոչամբարը կա, պոչերի հետքերը կան, այլ նաեւ Ախթալա համայնքի տարբեր հատվածներում փռված են եւ դրանք չեն փակվել։ Եվ տուրիստները, որ հատկապես գալիս են Ախթալա, տեսնում են, հարց են տալիս՝ ինչ է սա, եւ մենք պատասխանում ենք, որ սա պղնձի, այսպես ասած, մնացորդներն են եւ ներքեւի մասը, իհարկե, չենք էլ ասում ամբողջությամբ, որ եղել է պոչանք, պոչամբար, որովհետեւ կարող է մարդկանց մոտ վախի, այսպես ասած, տրամադրություն ստեղծել»,- ասում է Ախթալայի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը։ 

«Նազիկ» պոչամբարը Ախթալա գետի հովտում է, Ախթալան Դեբեդի վտակներից է։ Պետական մոնիթորինգ իրականացնող «Շրջակա միջավայրի մոնիտորինգ և տեղեկատվության կենտրոնը» տարիներ շարունակ ուսումնասիրում է Ախթալա գետը և որակում որպես վատ, այսինքն՝ 5-րդ դասի։ Պետական մարմինը նշում է պատճառը՝ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով գետն աղտոտված է ծանր մետաղներով՝ ցինկով, պղնձով, կադմիումով, մանգանով, կոբալտով, անագով, սուլֆատ իոնով և կախութային չոր նյութերով:

Ծանր մետաղներով հողի աղտոտվածության վերաբերյալ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» ուսումնասիրությունները, մասնավորապես, 2023թ վերջին եռամսյակի ցուցանիշները, ցույց են տալիս, որ Ախթալայի հողերում բարձր են հատկապես  մկնդեղի, պղնձի և ցինկի կոնցենտրացիաները, և դրանք քանիցս գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։  Օրինակ՝ մկնդեղի ցուցանիշն այստեղ շատ բարձր է՝ գերազանցելով թույլատրելի նորման 36 անգամ, պղնձի պարունակությունը՝ 102 անգամ։

«Մենք 5-6 տարի առաջ Ախթալայի վանքում սկսեցինք բնապահպանական այսպես մի ծրագիր իրականացնել, որտեղ մկնդեղի պարունակությունը նորմայից քառապատիկ բարձր էր։ Էդ շլակները, էդ ձուլած նյութերը ամբողջությամբ Վանքի բակը աղտոտված էր, եւ մարդկանց, բնակչության համար դա մեծ խնդիր էր։ Այդ ծրագրով ամբողջ հողը մաքրվել է, գեոտեքստիլ է փռվել եւ էս կանաչեղենը, որ տեսնում եք, արդեն բնապահպանական այս ծրագրի արդյունքում է, որը տեղի է ունեցել»,- շարունակում է Տ․. Հեթում քահանա Թարվերդյանը։

«Տարիներ շարունակ ըտեղ բաց է երել, ընդհանրապես բաց է երել, ցանկապատել են, ինչ-որ բողոքներ է եղել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, դրա արդյունքը էդ է, ցանկապատել են, որովհետեւ անասունները գնում էին, արածում էին, էդ կաթը խմում է բնակչությունը։ Էն ժամանակ հենց արտասահմանցիներին էդ էր զարմացնում, որ դեղին ինչ-որ բան է, սահարայի էր նմանումէդ էլ էր էկզոտիկա, բայց դե էդ էկզոտիկան ծանր մետաղներ է պարունակում իր մեջ»,- ասում է Ախթալայի բնակիչ Նվարդ Սիլիկովան։

Չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ աշխատում է Հայաստանում, 2018  թվականից՝ հանքարդյունաբերական և մետաղամշակման հետևանքով առաջացած աղտոտվածության ուղղությամբ։ Առաջին ծավալուն ուսումնասիրությունն իրականացրել են Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզում։ Ամբողջական պատկեր ստանալու համար փորձանմուշներ են վերցրել Ալավերդու պղնձաձուլական գործարանի, հանքերի և պոչամբարների շրջակայքից։ 

«Մեր ուսումնասիրությունները մեծապես կենտրոնանում են շրջակա միջավայրում և մարդկանց մարմիններում ծանր մետաղների առկայության վրա։ Մենք աշխատել ենք ծանր մետաղների ընդարձակ ցանկի հետ, մոտավոր 10 տարր, արդյունքները տարբեր են՝ կախված վայրից և նմուշի տեսակից՝ հող, փոշի, մեզ, մազ։ Յուրաքանչյուր չափում ցույց է տալիս աղտոտման տարածման տարբեր աղբյուրի առկայություն։ Օրինակ՝ մազի մեջ մետաղի առկայությունը ցույց է տալիս երկարաժամկետ աղտոտվածությունը։ Հողը ցույց է տալիս հիմնականում օդի միջոցով աղտոտվածության տարածումը, նստվածքի դեպքում խոսում ենք ջրի, էկոհամակարգի աղտոտվածության մասին» ,- պատմում է Վալերյա Գրեչկոն՝ «Առնիկա» կազմակերպության հայաստանյան ծրագրերի համակարգողը 2018-23թթ։ 

Նմուշառումներ են արվել նաև Նահատակի և «Նազիկ» պոչամբարներից և շրջակայքից։ Ուսումնասիրվել է նմուշների երկու հավաքածու՝ մարդկանցից և շրջակա միջավայրից։ Կենսաբանական նմուշները ներառել են ազդակիր կամ պոտենցիալ ազդեցության տակ գտնվող համայնքների բնակիչների մազի և մեզի նմուշներ, իսկ շրջակա միջավայրինը՝ նմուշներ Դեբեդ գետից, տեղական փոքր առվակներից, հողից և փուշուց։

«Եթե ամփոփեմ մեր ծրագրերի բոլոր արդյունքները, մենք մեծ քանակով աղտոտվածություն գտանք պոչամբարների և թեժ կետերի մոտակայքում։ Մենք, օրինակ, գտանք, որ Ախթալայում և Մեծ Այրումում մեծ քանակով ծանր մետաղներ կային այն վայրերում, որտեղ նմուշներ ենք վերցրել՝ պոչամբարների մոտակայքից։ Մենք շոկի մեջ էինք, երբ տեսանք արսենիումի և կադմիումի մակարդակի թվերը շրջակա միջավայրի նմուշներում։ Մեծ քանակով ծանր մետաղներ հայտնաբերեցինք նաև Դեբեդ գետի այն մասում, որը պոչամբարներից հետո է շարունակվում»,- շարունակում է «Առնիկա» կազմակերպության հայաստանյան ծրագրերի համակարգողը։

Վալերյա Գրեչկոն նշում է, որ այս երկու ենթակառուցվածքները մեծ վտանգ են ներկայացնում տեղացիների համար։ Նույնն է հաստատում նաև բնակիչների մեզի անալիզում և մազի օրինակներում մետաղների բարձր մակարդակը։  

«Երեք տղայի (8-14 -15 տ) մեզի անալիզներում մեծ էր արսենիումի մակարդակը։ Սովորաբար, մենք մեր արդյունքները համեմատում ենք իրավական գործիքների հետ, որն ունենք Եվրոպայում կամ աշխարհում։ Այս երեք արդյունքը չեխական ստանդարտների հետ համեմատելիս ավելի բարձր էր՝ համեմատած արսենիումի բարձր մակարդակ ակնկալվող միջավայրում աշխատող չափահաս մարդկանց հետ։ Դժվար է համեմատել պարզապես պոչամբարի մոտ ապրող գյուղացի երեք տղային այն չափահաս աշխատողի հետ, որի դեպքում սպասվում է արսենիումի բարձր մակարդակ։  Մեր ստացած արդյունքները տագնապալի են»,-մանրամասնում էՎալերյա Գրեչկոն։ 

Բոլոր պոչամբարների հարևանությամբ՝ մոտ տարածության վրա, սողանքային մարմիններ կան։ Օրինակ՝ Նազիկ պոչամբարից շուրջ 900 մ հեռավորությամբ երկու սողանքային մարմիններ կանԴաստակերտի պոչամբարի երկու կողմում նույնպես երկու սողանքային մարմիններ կան՝ շուրջ 1 կմ հեռավորությամբ։ 900 մ հեռավորությամբ սողանքային մարմին կա նաև Փխրուտի մոտ, իսկ Ողջիի պոչամբարի մի հատվածը համընկնում է սողանքային մարմնի մի մասի հետ։ Հայաստանը զերծ չէ բնական աղետներից։ 

«Եթե նշելու լինեմ կոնկրետ վտանգներ, կասեմ Ախթալայի և Նազիկի մասին, թեպետ Նազիկի պոչամբարը վերամշակված է, մենք ստացանք շատ հաղորդագրություններ և ազդանշաններ տեղացիներից, որ վարար անձրևների կամ ձյան ժամանակ, կամ երբ բնության որևէ զգալի երևույթ է տեղի ունենում, վերամշակված պոչամբարն ունի տեսանելի արտահոսքեր դեպի Դեբեդ գետ, որը հետո հոսում է դեպի Վրաստան։ Սա բավականին վտանգավոր է տեղացիների համար, քանի որ կարող է աղտոտել նաև գետնի ջուրը և Դեբեդի մակերեսային ջուրը»,- ամփոփում է Վալերյա Գրեչկոն։

«Ստեղ շատ պարզ գործողությունների հաջորդականություն է պահանջվում, պարզապես կլինի դա պոչամբար, ռեկուլտիվացիա, թե ասֆալտ փռել, մոտավորապես նույն բանն է՝ ուղղակի էն մարդիկ, որոնք  ենթադրաբար տենդեր են շահել եւ իրականացրել էդ աշխատանքը, եթե պատշաճ չեն իրականացրել, պետք է ենթարկվեն հետապնդման եւ վերականգնեն վնասը, եթե պետությունը վնաս է կրել ոչ պատշաճ ռեկուլտիվացիայի արդյունքում։ Նույն Նազիկի պոչամբարը, տեսնում եք՝ ինչ վիճակում է այսօր էլ գտնվում, ինչպես է նորից էնտեղից հոսք գնում դեպի գետը։ Ռեկուլտիվացված վիճակը այդ պոչամբարի ակնհայտորեն ոչ մասնագիտական աչքով էլ երևում է, որ բավարար չէ, էդտեղից ահավոր հոտ է գալիս, ո՞նց կարող է հոտ գալ ռեկուլտիվացված օբյեկտից, մանավանդ որ շատերը խոսում են, թե էդ օբյեկտները դառնալու են գոլֆի դաշտեր, չգիտեմ ինչեր»,- ասում է էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը։ 

Վերջինս շեշտում է, որ այստեղ ի հայտ է գալիս կոռուպցիայի գործոնը․ եթե այդ պոչամբարները հանձնելիս չեն եղել այն վիճակում, որն օրենքը պահանջում էր, ապա ինչպե՞ս են պետական մարմիններն ընդունել դրանք։ 

«Գալիս է կոռուպցիայի գործոնը, որովհետեւ ինչ-որ մեկն օրենքը խախտելով, ընդունել է ոչ պատշաճ կերպով իրականացված աշխատանքը կամ օբյեկտը, ինչու՞։ Ինչու հետապնդման չեն ենթարկվում այն մարդիկ, որոնք ժամանակին անբարեխիղճ են եղել եւ ոչ պատշաճ վիճակում գտնվող օբյեկտ են ընդունել պետության հաշվեկշիռ»,- հարցնում է Արթուր Գրիգորյանը։ 

Ինչպես արդեն պատմեցինք՝ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գույքագրել են «Նազիկ», ՍոթքիԴաստակերտի, Ողջիի և Փխրուտի փակված պոչամբարները։ Մնացածները չեն գույքագրել, որովհետև դրանց ընդերքօգտագործման իրավունքները դեռևս վավեր են: 

Երկար տարիներ է՝ չեն գործում Մղարթի, Թուխմանուկի, Արմանիսի հանքավայրերը։ Դրանց պոչամբարների ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի որ կան քրեական, դատական և վարչական գործեր, որոնցից հետո պարզ կլինի նաև ընդերքօգտագործման իրավունքի հարցը և պոչամբարի ճակատագիրը։ 

«Դրանք համարում են գործող ընկերություն, այսինքն՝ նրանց ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ։ Այլ բան է, որ նրանք փաստացի չեն գործում, արդյունահանում չեն իրականացնում, արտադրանք չեն տալիս, բայց նրանց ընդերքօգտագործման իրավունքը իրավական առումով, այո, ուժի մեջ է, եւ նրանք շարունակում են գործել։ Հետեւապես չկա որեւէ իրավական հիմք դադարեցնելու պոչամբարի շահագործումը, թեեւ ինքը փաստացի չի շահագործում նույն կերպ, ինչպես որ, օրինակ, բուն հանքավայրը։ Այստեղ էլ իրավական կազուս կա, և ի՞նչն է ստեղ զավեշտալի․ որ քանի որ այդ ընկերությունները փաստացի չեն գործում, պետական մարմինը, հղում կատարելով գործող կարգավորումներին, զրկեց նրանց ընդերքօգտագործման իրավունքից, հիմա ընկերությունները վերականգնեցին այդ իրավունքը, բայց շարունակում են չգործել։ Հիմա այստեղ առաջանում է հարց՝  ո՞վ է պատասխանատու այդ պոչամբարի անվտանգության համար, կամ որ այդ պոչամբարից շրջակա միջավայր անհամաչափ մեծ աղտոտում չգնա, պատասխանատու է ընկերությունը, արդյո՞ք ընկերությունը դա անում է, ես միայն մի օրինակ բերեցի, բայց դա բոլորին է վերաբերում՝ եւ Թուխմանուկին, եւ մյուսներին»,- նշում է Արթուր Գրիգորյանը։ 

Էկոլոգիական իրավունքի մասնագետի համոզմամբ, ընկերությունները դա չեն անում, և այս պարագայում պետական մարմինը պետք է ստուգումներ  իրականացնելու միջոցով պարտավորեցնի ընկերություններին կատարել ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրված իրենց պարտավորությունները, այդ թվում՝ պոչամբարի անվտանգության ապահովման վերաբերյալ։

Բնապահպանությանևընդերքիտեսչականմարմինը վերջին 5 տարվա ընթացքում լքված, կոնսերվացված, ռեկուլտիվացված կամ ռեկուլտիվացման ենթակա պոչամբարներում ստուգումներ, ուսումնասիրություններ չի իրականացել։ Այս մասին մեզ ասել է Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ 

Համաձայն ընդերքի մասին օրենսգրքի՝ ընդերքօգտագործողները հանքի շահագործումից երկու տարի առաջ պետք է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության ներկայացնեն հանքի փակման վերջնական ծրագիրը, որում ներառվելու են նաև ռեկուլտիվացիոն աշխատանքները։ 

«Ինչու է կարեւոր, որ դրանք պատշաճ կառավարվեն։ Պոչամբարը կուտակված հանքարդյունաբերական թափոններ են, շատ վտանգավոր թափոններ են մարդու առողջության համար, եւ եթե պատշաճ չի կառավարվում տվյալ պոչամբարը, ապա էդտեղից լինում են արտահոսքեր, հատկապես դեպիմակերեւութային, այսինքն՝ գետեր, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Ոռոգման արդյունքում աճեցվում է սնունդ, որը շրջանառության մեջ է դրվում եւ մենք գնում ենք էդ սնունդը, սնվում ենք դրանով եւ այդ ամենը մտնում է մեր օրգանիզմ։ Ես վստահ չեմ, որ սննդի անվտանգության համար պատասխանատու մարմինները պատշաճ դրանք վերահսկում են, համոզված եմ, որ չեն վերահսկում հատկապես էդ ծանր մետաղները։ Ու երբ էդ հարցերը բարձրացվում են հատկապես ազդակիր համայնքների բնակիչների կողմից, որոնք անմիջական ազդեցության կրողներն են, ասում են՝ գնացեք, դիմեք դատարան, այսինքն՝ պետությունը իր ձեռքերը լվանում է, պատկան մարմինները լվանում են ձեռքերը, ընկերությունները շարունակում են նույն կերպ, պետական մարմինները շարունակում են նույն կերպ չվերահսկել՝ պատշաճ կերպով պատշաճ դաշտ չբերել էդ սուբյեկտներին, եւ ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես որ կա, ու եթե դու քո հարազատներին, հատկապես նաեւ երեխաներին ինչ-որ բան, ասենք, պաղպաղակ ես գնում, չգիտես էդ կաթը որտեղից է բերված»,- նշում է Արթուր Գրիգորյանը։ 

Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշման մեջ ներառվել է «Ընդերքօգտագործման թափոնների լքված, տիրազուրկ տեղամասերի և օբյեկտների ռեկուլտիվացիայի համար նախագծային փաթեթների մշակում» միջոցառումը։ Դրա շրջանակներում 2022 թվականին «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերով կազմակերպվել է մրցույթ։ 

ՇՄՆ մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Նազիկ և Փխրուտի փակված պոչամբարների ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի մշակման համար կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված 2 ընկերության հետ։

Նազիկ պոչամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթում հաղթող է դարձել «Գեոսփեյս» ՍՊԸ-ն: Իսկ Փխրուտ պոչամբարի համար մրցույթում հաղթել է «Քլասթեր» ՍՊԸ-ն։ Էդգար Սարգսյանը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց, որ Փխրուտի աշխատանքներին էլ է ծանոթ, որովհետև այնտեղ էլ իր ընկերն է հաղթել։ 

2022-ի ապրիլին և հունիսին ստեղծված այս ընկերությունները սեպտեմբերին մասնակցել են հայտարարված մրցույթին և հաղթող ճանաչվել։ Նախագծանախահաշվային աշխատանքները երկու ընկերություններն էլ կատարել են 69 մլն դրամով։  

Նազիկ պոչամբարի մրցույթում հաղթող ընկերության հիմնադիր և տնօրեն Էդգար Սարգսյանը խուսափեց մեզ հետ զրույցից։ 

Նազիկ և Փխրուտ պոչամբարների ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները մշակվել են 2023 թվականին և սահմանված ժամկետում ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախատեսված է պոչամբարներում իրականացնել կենսաբանական ռեկուլտիվացիա՝ հիդրոցանքսի միջոցով։

Առ այսօր, սակայն, ոչ մի պոչամբար չի ռեկուլտիվացվել: 

Մյուս 3 պոչամբարների համար հայտարարված մրցույթում հաղթողներ չեն եղել։

Շրջակա միջավայրի նախարարությունը չի ցանկանում խոսել Հայաստանում չռեկուլտիվացված կամ ռեկուլտիվացման ենթակա պոչամբարների մասին։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հարցազրույցի մեր խնդրանքը մերժեց, նա պահանջեց ներկայացնել ֆիլմի ողջ բովանդակությունը եւ բանախոսներին։ Քանի որ դա «Հետքի» համար անընդունելի և Հայաստանի օրենսդրությամբ չսահմանված պահանջ էր, ևս մեկ դիմում ուղղեցինք նախարարին։ Վերջնական պատասխանն անփոփոխ էր «Նախարարության ներկայացուցիչը չի մասնակցի հարցազրույցին ֆիլմի բովանադակությունը ձեր կողմից նախապես չներկայացնելու պատճառով»։ 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter