HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ:

«Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում և վերաբերում են մեր ժողովուրդների բարեկամությանը: Ես վստահ եմ, որ մեր քննարկումները շարունակական են լինելու և կրկին կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը կանգ չի առնելու և մենք անընդհատ նոր գաղափարներով ենք հանդես գալու, որոնք նպաստելու են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ասել է. «Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար, ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են քաղաքական երկխոսության դերն ու փոխվստահության ամրապնդման կարևորությունը՝ ի շահ հարևան ժողովուրդների կայունության և բարօրության։

Նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը՝ կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ որպես ողջ Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման՝ ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։

Դրականորեն արձանագրելով տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապերն ու համագործակցությունը՝ նախագահներն առանձնակի կարևորել են խորհրդարանական դիվանագիտության հետևողական զարգացումը՝ դիտարկելով այն որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման լավագույն հարթակներից։

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական ու մշակութային ընդհանրություններին՝ շեշտելով, որ այս հարուստ ժառանգությունը կազմում է երկուստեք վստահության, բարեկամության և շարունակական գործընկերության անսասան հիմքը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել վրացական կողմի՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը՝ նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։

Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրավիրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պատեհ առիթով այցելել Վրաստան»,-նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter