HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցը՝ Միքայել Մազմանյանի հուշերում․ ճարտարապետի օրագիրը

«Չարենցի ձայնը տենորային էր: Նա խոսում էր բարձր նոտաներով ու բարձրաձայն, ավելի գյուղացու, քան քաղաքացու ինտոնացիայով: Մի բան ասելուց առաջ ցուցամատը մեկնում էր առաջ, գլուխը՝ հետ տանում, հոնքերը՝ բարձրացնում, ապա՝ արտասանում խոսքերը: Խոսակցության ժամանակ շատ էր դիմում ձեռների շարժումներին և ուներ հարուստ միմիկա»,- այսպես է նկարագրում Միքայել Մազմանյանը Չարենցին իր օրագրում։

Ճարտարապետի և բանաստեղծի մտերմությունը սկիզբ է առել երիտասարդական, խանդավառ հեղափոխական ռոմանտիզմի տարիներին և շարունակվել մինչև 1930-ականների ստալինյան բռնաճնշումների շրջանը։

Չարենցի դիմանկարը․ Միքայել Մազմանյան 1922թ

Նրանք ծանոթացել են 1917 թվականի աշնանը, Թիֆլիսում։ Այդ ժամանակ քսանամյա Չարենցի «Դանթեական առասպել» պոեմն արդեն լույս էր տեսել, իսկ տասնութամյա Մազմանյանը մեկ տարի առաջ էր վերադարձել Անիից։ Նա հնարավորություն էր ունեցել Նիկողայոս Մառի արշավախմբի հետ ուսումնասիրելու միջնադարյան հայոց մայրաքաղաքի հարուստ ճարտարապետությունը։ Բազմակողմանի զարգացած և լայն հետաքրքրություններ ունեցող Մազմանյանը դուր եկավ արդեն հայտնի բանաստեղծ Չարենցին։  Սկսվում է նրանց բարեկամությունը, որ հետագայում շարունակվում է նաև համատեղ ձեռնարկների ձևով։ 

1921 թվականին Մազմանյանը մեկնում է Մոսկվա՝ շարունակելու ուսումը ՎԽՈՒՏԵՄԱՍ-ում (Բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցներ)։ Այդ տարիներին Մոսկվայում հաճախ էր լինում նաև Չարենցը։

Նա հատուկ հետաքրքրություն ուներ ճարտարապետության հանդեպ։ 1921 թվականի աշնանը Մազմանյանն ու Չարենցը գրեթե ամեն օր միասին են անցկացրել՝ շրջելով Մոսկվայի փողոցներով, այցելելով ցուցահանդեսներ ու գրական երեկոներ։ Չարենցը Մազմանյանին է նվիրել իր «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» տաղը.

(...)Մեր վարպետները հնուց տուֆ են սիրել ու մարմար,

Շունչ ներշնչող են եղել կարծր քարին ու հողին.-

Մեր վարպետները հնուց երգ են սիրել ու պայքար,

Մահ են բերել անքանքար, բութ ու տխմար տիրողին…

Մոսկվայում կրթությունն ավարտելուց հետո՝ 1929 թվականին, Մազմանյանը վերադառնում է Հայաստան։ Չարենցի հետ ընկերությունը շարունակվում է արդեն Երևանում։

«Ինտուրիստ» հյուրանոցում Չարենցն ու Մազմանյանը նույնիսկ հարևաններ էին դարձել. բանաստեղծը բնակվում էր երկրորդ հարկում, իսկ ճարտարապետը՝ հենց նրա վերևի սենյակում, երկուսն էլ՝ իրենց ընտանիքներով։

Միքայել Մազմանյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց, Իզաբելլա Չարենց. 1932թ. Երևան

1937 թվականը ճակատագրական եղավ ինչպես բանաստեղծի, այնպես էլ ճարտարապետի համար։ Երկուսն էլ ձերբակալվեցին, Մազմանյանը՝ փոքր-ինչ ավելի ուշ։ Նրանք մի քանի ամիս անցկացրել են նույն բանտում, սակայն՝ տարբեր խցերում։ Չարենցին սկզբում մեկուսարան էին տեղափոխել, իսկ հետո, որպես պատիժ, տեղափոխել քրեականների խուց։ Մազմանյանը գտնվում էր քաղաքական բանտարկյալների խցում՝ այլ մտավորականների հետ։

1937 թվականին Չարենցը մահացավ Երևանի կենտրոնական բանտի հիվանդանոցում, իսկ Միքայել Մազմանյանը ձերբակալվեց և աքսորվեց։

Միքայել Մազմանյանի հուշերից Չարենցի մասին. «Չարենցը՝ որպես անհատ և ստեղծագործող, բարդ երևույթ էր։ Նրա հայացքը մշտապես քննող էր. անծանոթին անմիջապես վերցնում էր քննության տակ ու... վերջ։ Այլևս կարող էր բոլորովին չնայել նրան, քանի որ դիմացինը, ըստ երևույթին, պարզ էր դառնում նրա համար։ Նա յուրաքանչյուրի հետ իր ձևով էր. խոսակցությունից էր կախված թե՛ խոսելակերպը, թե՛ թեման, և թե՛ օգտագործվող բառապաշարը։ Հենց սա է նրա մասին եղած հակասական կարծիքների պատճառը։ Չարենցի ողջ էությունը իր լիարժեք ծավալով ու խորությամբ քչերին է հասանելի եղել»։

Առաջիկայում «Հետքը» կներկայացնի Միքայել Մազմանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։

Կարդացեք նաև՝ 

                   Արխիվային նյութերը տրամադրել է
Մազմանյանի թոռնուհին՝ Լիլիթ Տեր-Մինասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter