
Տեսակապով վկայություններ, հետաձգված դատավարություն. հարցաքննվեցին 73 զինծառայողի գործով տուժողները
Վեներա Ղարայանը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն և երկու որդուն։ Կրտսեր որդին՝ Դավիթ Ղարայանը, 2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղում Մարտունի 3 զորամասի 7-րդ վաշտի զինծառայողների հետ հայտնվել է շրջափակման մեջ, ապա՝ զոհվել։
Այսօր Վեներա Ղարայանը դատարանում հարցաքննվեց տեսակապի միջոցով։ Մինչ այդ նա դատարան էր ներկայացրել փաստաթղթեր՝ իր առողջական վիճակի վերաբերյալ և խնդրել էր հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր՝ քննիչի մոտ տված ցուցմունքը։ Սակայն, գործով մեղադրվող Գոռ Իշխանյանի և Նվեր Մարտիրոսյանի պաշտպանները պնդում էին՝ պաշտպանական կողմը պետք է հարցաքննելու հնարավորություն ունենա, և այդ տուժողները պետք է հարցաքննվեն։
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։
Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Վեներա Ղարայանը մինչ հարցաքննությունը սկսելը հայտնեց, որ իր մոտ սկլերոզ է ախտորոշվել, դրա համար էր խնդրում հիմք ընդունել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց՝ թող պատմի այն, ինչ կհիշի։
Վերջին անգամ Վեներան որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել։ Դրանից 2 ամիս հետո իմացել է, որ որդուն Հադրութ էին տեղափոխել։
«Հոկտեմբեր 14-ին ամուսինս զոհվեց մեծ տղայիս հետ, ուզում էինք Դավիթին գտնել, ասեցին՝ ուղարկել են ապահով տարածք, ինչ-որ պահեստներ։ Հարցնում էի՝ ի՞նչ պահեստներ, ոչ մեկ չէր ասում»,- նշում է նա.
Վեներան Հադրութում է մեծացել, տեղանքին լավ ծանոթ է։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը հարցնում է՝ տուժողը գիտի՝ որտեղ է գտնվում «9-րդ կմ»-ն, Հադրութից որքա՞ն հեռավորության վրա էր գտնվում։
«Ես էդ տարածքին 5 մատիս պես ծանոթ եմ։ 9 կմ էր հեռու»,- պատասխանում է տուժողը։
-Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում այստեղ,- հարցնում է պաշտպանը։
-Գոռից մինչև Ջալալը մեղադրում եմ, բոլորն էլ անփույթ վերաբերմունք են դրսևորել,- պատասխանում է նա։
Տուժող ճանաչված Լուսինե Սարգսյանը ևս հայտնեց՝ իրենց ասել են՝ տղաները բունկերներում են։
Որդու՝ Արտուշ Խաչատրյանի հետ կապը կորել էր հոկտեմբերի 10-ից։
«Ամուսինս այլ ծնողների հետ մեկնել է Արցախ, հանդիպել են Գոռ Իշխանյանին, ասել է՝ ես մեղավոր չեմ, հրաման է եկել վերևից, որ ես ուղարկեմ»,- տեսակապով նման ցուցմունք տվեց Լուսինե Սարգսյանը։
Տուժողի պնդմամբ՝ հոկտեմբերի 11-ին զինծառայողներին ուղարկել են Հադրութ, որն արդեն գրավյալ տարածք է եղել, և նրանք ընկել են շրջափակման մեջ։
-Որտեղի՞ց գիտեք, որ Հադրութը գրավված էր,- հարցնո՞ւմ է պաշտպան Դավիթ Կարապետյանը։
-Հադրութը գրավված է եղել հոկտեմբերի 9-ին,- պատասխանում է տուժողը։
-Որտեղի՞ց գիտեք,- կրկին հարցնում է պաշտպանը։
-Մեր բոլոր բարեկամներն էլ գիտեին,- ասաց Լուսինե Սարգսյանը։
-Ինչ-որ մեկին մեղադրո՞ւմ եք,- հարցնում է Գոռ Իշխանյանի պաշտպանը։
-Դե, պիտի չուղարկեր Գոռ Իշխանյանը, իրավունք չուներ, եթե գրավված էր։
-Իսկ եթե Գոռ Իշխանյանին հրաման է եղել, կարո՞ղ էր չենթարկվել,- հարցնում է պաշտպանը։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը միջնորդեց հարցը հանել և խնդրեց տուժողին չպատասխանել։
Ծնողներից մեկն էլ տեղից նկատողություն արեց պաշտպանին՝ ասելով, որ ներկայանա մինչև հարց տալը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստերի դահլիճից դուրս հանեց ծնողին։
Հաջորդը տեսակապով հարցաքննվեց Ալեքս Գևորգյանը, ով Ճարտար գյուղից էր, այժմ բնակվում է Ռուսաստանում։
Ալեքսը նշեց, որ Գոռ Իշխանյանը եղբոր զորամասի հրամանատարն է եղել։
Եղբոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 11-ից արդեն կապ հաստատել չի ստացվել։ Ալեքսը զանգել է Գոռ Իշխանյանին, որն էլ ասել է՝ «զինծառայողները թաքնված են, հեսա գնում ենք, հանենք»։
Ըստ տուժողի՝ եղբորը վաշտի զինծառայողների հետ ուղարկել են Հադրութ, բայց ոչ ոքի չեն տեղեկացրել, որ նրանց դիմավորեն։
Նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց. նախագահող դատավորի վերաբերյալ ՀԿ-ն քննչական գործողություններ է իրականացնում
Դատարանն այսօր պետք է հարցաքններ նաև այլ տուժողների, սակայն գործով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը խնդրեց նիստն ընդմիջել 10 րոպեով, քանի որ շատ կարևոր զանգ է ստացել։ Ընդմիջման ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց դատարանի միջանցքում։ Մի քանի րոպե անց նիստերի քարտուղարը հայտարարեց՝ նիստն անորոշ ժամանակով հետաձգվում է։
Նիստին ներկա զոհվածների ծնողները, որոնք գործով տուժողներ են, ասացին, որ տեսել են՝ ինչպես են դատավոր Արտուշ Գաբրիելյանին տանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն։
Զոհվածների ծնողներն անհանգստացած են, քանի որ հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Իսկ նոր դատավորի դեպքում գործի քննությունը կերկարի։ Եթե վաղեմության ժամկետը լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրվող անձինք պատասխանատվություն չեն կրի։
Մեկնաբանել