
Բռնության դեմ պայքար, թե՞ պայքարի իմիտացիա․ մարդու իրավունքները Հայաստանի իրավապահ համակարգում
Ապրիլի 29-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն քննարկում էր կազմակերպել «Մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանի իրավապահ համակարգում» թեմայով, որին մասնակցում էին Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Քննարկումը բաղկացած էր երկու մասից: Առաջին հատվածը նվիրված էր ոստիկանության համակարգում խոշտանգումներին և մարդու իրավունքների այլ խախտումներին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ բռնության, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ձևերը բացառելը քաղաքական առաջնահերթություն է։ Նա համամիտ չէր քննարկման ընթացքում հնչած այն պնդմանը, թե Ոստիկանությունը չի կարողանում ձերբազատվել բռնությունից։ Ըստ փոխնախարարի՝ թեեւ բռնության դրսևորումները ոստիկանության համակարգում լիովին վերացած չեն, սակայն իրենք ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում բռնության դեմ պայքարի երկու միջոց մատնանշեց՝ ոստիկաններին կրթելը և վերահսկողական գործիքակազմի ներդրումն ու զարգացումը։
Թեև քննչական մարմիններում ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են, սակայն այս դեպքում էլ դժգոհությունը բռնության ենթարկված քաղաքացիների գործերով ոչ պատշաճ քննությունն է։ Քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանն առարկեց, ասաց, որ ըստ վիճակագրության՝ քննիչների և գործը հսկող դատախազների որոշումների շատ քիչ տոկոսն է բողոքարկվում, հետեւաբար վարույթների մասնակիցները գոհ են իրենց աշխատանքից։
Ինչ վերաբերում է դժգոհություններին, Շիրազ Գրիգորյանի համոզմամբ, երբեմն տուժող քաղաքացիները ոստիկանության ծառայողների կողմից կիրառված համաչափ ուժը ընկալում են որպես բռնություն, քանի որ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը շատ հաճախ ցածր է։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը հակադարձեց այս պնդմանը՝ նշելով, որ դա թյուրընկալում է։ Իսկ թե ինչու քննիչների և դատախազների որոշումները տուժողները չեն բողոքարկում, պատճառն, ըստ իրավաբանի, ոչ թե քննությունից գոհ լինելն է, այլ այն, որ նրանք չունեն փաստաբաններ կամ չեն վստահում իրավապահ համակարգին՝ ապարդյուն համարելով բողոքարկելը։
Շիրազ Գրիգորյանը, ինչպես նաև Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանը կարևորեցին պարեկային ծառայողներին ամրակցված տեսախցինկները, քանի որ քննության փուլում անգնահատելի ապացույց են համարում տեսախցիկների արձանագրածը։
Սաշիկ Ավետիսյանն օրինակ բերեց պարեկային ծառայողների կողմից բռնության մի դեպք, որի բացահայտմանն օգնել են հենց ամրակցված տեսախցիկները։ Ժամկետային զինծառայողի հոր ավտոմեքենան կանգնեցնելուց հետո միջադեպ է եղել զինծառայողի, նրա հոր և պարեկային ծառայողների միջև, հայրը խնդրել է չտուգանել, որդին միջամտել է, պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո զինծառայողին պարեկային ծառայողները ձերբակալել և տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարեկային ավտոմեքենայում զինծառայողի նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն զինծառայողը ներողություն է խնդրել՝ բացատրելով, որ դա արել է, քանի որ իր հոր նկատմամբ էլ նրանք են բռնություն կիրառել։ Սակայն պարեկային ծառայողները շարունակել են ծեծը, զինծառայողին մտցրել են առաջին հարկում գտնվող սանհանգույց, իրենց ամրակցված տեսախցիկները հանել, դրել են միջանցքում և խոշտանգել են նրան։ Սակայն տեսախցիկների ձայնագրիչներն աշխատել են, և խոշտանգման ամբողջ ընթացքը ձայնագրվել է, թե ինչպես է զինծառայողը խնդրում, աղերսում, որ իրեն չհարվածեն։ «Այրած ծխախոտ են հանգցրել քթին, և այդ բռնության ֆոնի վրա անձը միզել է տակը»,- պատմեց Սաշիկ Ավետիսյանը։
Արաքս Մելքոնյանը նկատեց, որ տեսագրված բռնության դեպքերը միշտ չէ, որ արժանանում են քննչական մարմինների համապատասխան արձագանքին։ Նրա խոսքով՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բազմաթիվ տեսանյութեր ունի քաղաքացու նկատմամբ ոստիկանների բռնության մասին, սակայն նրանք պատասխանատվության չեն ենթարկվել։ «Մենք ունենք ոստիկանության տոտալ անպատժելիություն քննչական և դատախազական մարմինների կողմից»,- նշեց Արաքս Մելքոնյանը։
Նա նաև անդրադարձավ այնպիսի իրավիճակների, երբ բռնության դեպքերի վերաբերյալ չկան տեսանյութեր, և քննչական մարմինը ստիպված է հիմնվել ցուցմունքների վրա։ Ըստ Մելքոնյանի՝ քննչական մարմինն առաջնորդվում է ոստիկանների գործողությունների իրավաչափության կանխավարկածով, այսինքն՝ տուժողը պետք է ապացուցի, որ բռնության է ենթարկվել։ Արաքս Մելքոնյանի խոսքով՝ ոստիկանների ցուցմունքներին առավել մեծ դեր և կշիռ է տրվում, քան տուժողին և նրա վնասվածքներին, իսկ գործերի քննության ձգձգումները տուժած քաղաքացիներին պատճառում են հոգեկան տառապանք։ Գնահատելով ոստիկանական համակարգում բռնության դեմ պայքարը՝ Արաքս Մելքոնյանը նշեց, որ դա «պայաքարի իմիտացիա» է, եւ իրավապահ համակարգին կամք է անհրաժեշտ այդ գործում։
Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սաշիկ Ավետիսյանի պնդմամբ՝ եթե անձը տվյալներ է հայտնում բռնության վերաբերյալ, անհնար է, որ այդ հաղորդումն անհետևանք մնա։ Ինչ վերաբերում է «պայքարի իմիտացիային», նա այդ տեսակետին համակարծիք չէ։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց՝ բռնության դեմ պայքարելու կամք ունեն։ Նշեց՝ խնդիրներից խոսելը կարևոր է, բայց պետական կառույցները մոտիվացվում են նաև, երբ դրականն է արձանագրվում։
Քննարկումը վարող, «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը հարցրեց, թե ինչու են բռնությունների, խոշտանգումների վերաբերյալ հաղորդումները շատ, բայց դատարան հասած գործերը։ Ոչ պատշաճ քննությու՞նն է պատճառը, թե՞ գործերն են հնարած։
Դատախազ Սաշիկ Ավետիսյանն ասաց՝ պատճառն այն է, որ այդ հաղորդումների մեջ գերակշռում են ոստիկանների կողմից համաչափ ուժ կիրառելու դեպքերը, որոնք քաղաքացիները դիտարկում են որպես բռնություն։ Որոշ դեպքերում էլ, ըստ դատախազի, ապացույցների անբավարարության պատճառով քրեական հետապնդում չի իրականացվում։
Շիրազ Գրիգորյանն էլ հավելեց՝ քանի որ Նոր քրեական օրենսգրքով պարտավոր են յուրաքանչյուր հաղորդման հիմքով վարույթ նախաձեռնել, դատարան գնացած գործերի համեմատ նախաձեռնված վարույթների թիվը շատացել է։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Սեդա Ստեփանյանի կարծիքով, իրավապահ համակարգում բռնության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է զարգացնել համակարգի ներկայացուցիչների հմտությունները։ Նա անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի և Դատախազության ներկայացուցիչների մատնանշած դեպքերին, երբ ոստիկանները կիրառում են համաչափ ուժ, իսկ քաղաքացիները դա որակում են որպես բռնություն։ Սեդա Ստեփանյանի խոսքով՝ համաչափ ուժի կիրառումը պետք է լինի ոստիկանության ծառայողի վերջին բացառիկ միջոցը։ Եվ դա վերաբերում է ոչ միան կոնկրետ դեպքերին, այլև հավաքների և բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողություններին։
Քննարկման երկրորդ հատվածում խոսվեց Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) համակարգում խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումների մասին։ Արդարադատության նախարարության ՔԿԾ շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ ՔԿԾ-ի կողմից մեծապես կարևորվում է հոգեբանական և ֆիզիակական բռնության բացառումը, և այդ ուղղությամբ վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարել։
Նա նաև անդրադարձավ վերջերս Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծի դեպքին։ «Ցմահ դատապարտյալը փորձել է առավելություններ ունենալ, փորձել է անօրինական պահանջներ ներկայացնել։ Չեմ ուզում մանարամասներ ներկայացնել, քրեական գործն ընթացքի մեջ է, նշված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Հարությունյանը։
ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը նշեց, որ 2023 թվականի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով 382 առաջարկ են ներկայացրել, որից 176-ը վերաբերել է քրեակատարողական հիմնարկների բարելավմանը, վատ վերաբերմունքի կանխարգելմանը։ «Սակայն կատարողականի ստուգման արդյունքում մենք արձանագրել ենք, որ այդ առաջարկների ընդամենը 14%-ն է կատարվել»,- ասաց Լաուրա Գասպարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը դրույթներ չի պարունակում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ։ «Դեպքերը կարող են խոշտանգման չհասնել, բայց ներառեն անմարդային վերաբերմունքի էլեմենտներ, որոնք պատշաճ քննության առարկա չեն դառնում»,- նշեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իարվաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը «սիրում է» անձանց կրկնակի դատապարտել, ինչը դրսևորվում է մի դեպքում պահման պայմանների վատ վիճակով, մյուս դեպքում՝ որոշակի արտոնություններից և իրավունքներից զրկելով, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատազրկման չկիրառմամբ։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է առաջնորդվի միայն Սահմանադրությամբ և ապահովի միջազային կոնվենցիաներով ստանձնած պոզիտիվ պարտավորությունների կատարումը։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավախորհրդատու Դավիթ Գյուրջյանը նշեց, որ վատ վերաբերմունքը միայն պահման պայմանների կամ բռնության դեպքերի հանգամանքներով չի պայմանավորված, կան նաև այլ բնույթի գործողություններ, ինչպիսիք են՝ անվտանգային գոտին ժամանակին փոխելը, անվտանգային գոտու սահմաններում պայմանները փոխելու խնդիրները, օրինակ՝ խիստ պայմանից դեպի մեղմ պայման փոխելու հետ կապված խնդիրները։ «Մենք բախվում ենք վերասոցիալականացման հանձնաժողովների ոչ պատշաճ աշխատանքին։ Մասնավորապես, դատապարտյալների հետ կապված գնահատվում են այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ պատկերացում չեն կարող տրամադրել դատապարտյալի անձի և նրա դրսևորած վարքագծի մասին»,- ասաց Դավիթ Գյուրջյանը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է խնդիրները քարտեզագրել հանրության լայն շրջանակների մասնակցությամբ, նախանշել լուծումները և ըստ դրանց՝ շարժվել առաջ։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց, որ 10 տարի է՝ այցելում են տարբեր քրեակատարողական հիմնարկներ, սակայն վերջին շրջանում վիճակը վատթարացել է։
Ամփոփելով քննարկումը՝ Արդարադատության նախարարության ՔԿԾ շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ հրատապ լուծում պահանջող խնդիր է շենքային պայմանների բարելավումը, իրենց համար կարևոր են նաև վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման խնդիրները։ «Շատ խնդիրներ բարձրաձայնվեցին, բայց նաև կատարված աշխատանքների մասին պետք չէ մոռանալ։ Վերջին տարիներին լուրջ, էական բարեփոխումներ կատարվել են և կշարունակվեն դրանք՝ ծառայելով խնդիրների լուծմանը»,- ասաց Ռաֆայել Հարությունյանը։
Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի
Մեկնաբանել