
Նիդերլանդներում սպանված Ջեմիլ Օնալը պատմել էր թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի և Վիգեն Բադալյանի համագործակցության մասին
Հինգշաբթի երեկոյան Հաագայի մոտ գտնվող Ռեյսվեյկ քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձինք սպանել են թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալին, որը բարձրաձայնել էր մի շարք թուրք պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մասին։
Հիշեցնենք, որ «Հետքի»՝ վերջերս հրապարակած «Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը»» հետաքննության մեջ տեղ էին գտել Օնալի պնդումներն այն մասին, որ հայ գործարարը նույնպես համագործակցել է Ֆալյալիի հետ և ծրագրային ապահովում է տրամադրել Թուրքիայում առանց լիցենզիա գործող շահումով խաղերի կազմակերպման համար։ Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները:
Հետաքննությունը կարող եք կարդալ այս հղումով։
Նախքան իր սպանությունը, Օնալը նախազգուշացրել էր իշխանություններին, որ իր կյանքը վտանգի տակ է, քանի որ տեղեկություններ ունի թուրք քաղաքական գործիչներին ենթադրյալ ապօրինի շահումով խաղեր կազմակերպող սինդիկատի կողմից տրված կաշառքների մասին։
Նիդերլանդների ոստիկանության խոսնակ Միշել Մոլենաարը հաստատել է, որ սպանվածը Ջեմիլ Օնալն է։ «Սպանության հանգամանքների և կասկածյալի վերաբերյալ հետաքննությունը լիակատար ընթացքի մեջ է։ Այս նպատակով ստեղծվել է նաև հետաքննական մեծ թիմ»,- ասել է խոսնակը։
Follow the Money հարթակը հայտնում է, որ նախքան սպանությունը՝ երկուշաբթի, Օնալը զրուցել է լրագրողների հետ և պատմել է, որ իր դեմ մահափորձ է սպասվում։ Օնալի փաստաբանը հայտնել է Follow the Money-ին, որ հնարավոր վտանգի մասին իրենք տեղեկացրել են նաև Նիդերլանդների իշխանություններին։
«Այս լուրջ սպառնալիքի մասին Դատախազությունը տեղեկացվել է մի քանի անգամ», - ասել է փաստաբանը՝ խնդրելով անանուն մնալ անձնական անվտանգության նկատառումներով։
Նիդերլանդների դատախազությունը հրաժարվել է մեկնաբանությունից։
Թուրքական իշխանությունները Օնալին անվանել էին Հալիլ Ֆալյալիի՝ թուրք-կիպրոսցի գործարարի 2022 թվականի սպանության «գլխավոր կազմակերպիչը»։ Ենթադրաբար, Ֆալյալին ամսական մոտ 80 միլիոն դոլար էր ստանում ապօրինի շահումով խաղերից։
Թուրքիայի քաղաքացի Օնալը OCCRP-ի լրագրողներին հայտնել էր, որ ինքը կապ չունի Ֆալյալիի սպանության հետ։
Օնալը եղել է Ֆալյալիի ֆինանսական տնօրենը։ Ըստ Օնալի՝ Ֆալյալիի կազմակերպության անունից ինքն ամսական մոտավորապես 15 միլիոն դոլարի վճարումներ էր կատարել Թուրքիայի և հյուսիսային Կիպրոսի իշխող կուսակցության քաղաքական գործիչներին։
Նիդերլանդների ոստիկանությունը Օնալին ձերբակալել էր 2023թ․ դեկտեմբերին Թուրքիայից ստացված միջազգային հետախուզման հիման վրա, նա պայքարում էր Թուրքիա արտահանձնման դեմ։
Բանտից տրված ավելի քան 20 ժամ բացառիկ հարցազրույցներում Օնալը լրագրողներին աննախադեպ մանրամասներ է ներկայացրել ենթադրյալ ապօրինի գործունեության ներքին գործընթացների մասին։ OCCRP-ի հետաքննությունը կարդացեք այստեղ։
«Հետքը» մասնակցել է այս միջազգային հետաքննությանը՝ հրապարակելով վերը նշված հոդվածը Վիգեն Բադալյանի և Ֆալյալիի կապի մասին։
Հետաքննության հրապարակումից մեկ ամիս անց Օնալը OCCRP-ին հայտնել էր, որ ազատ է արձակվել բանտից։
Մեկնաբանել