HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը՝ դստեր հուշերում

Դաշնամուրի վրա կոմպոզիտորի նոտաներն են՝ ցցուն կետերով թղթեր, վրան` ծակող գրիչը։ Բոլոր իրերը թողնում են նույն տեղում, երբ տանը տեսնելու ունակությունից զուրկ մարդ կա։ Հոր մահից հետո էլ դուստրը թողել է ամեն ինչ այնպես, ինչպես կար։

-Ինչպիսի՞ն էր Ձեր հայրը՝ կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը։

-Ուժեղ և խիստ, միաժամանակ շատ բարի հայր։ Ինքնատիպ և ազգային կոմպոզիտոր։

Կոմպոզիտորի դուստրը՝ դաշնակահարուհի Գայանե Հովհաննիսյանը, երեսուն տարուց ավելի է՝ Երևանի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն։ Սիմոն Հովհաննիսյանի երաժշտությունը հնչում է քիչ՝ հատուկ առիթներին։ Դրանցից էր այս տարի կոմպոզիտորի 85-ամյակի առթիվ կազմակերպված հուշ երեկոն։ Նվագում էին Գայանեի ներկա և նախկին ուսանողները։

Սիմոն Հովհաննիսյանի կյանքը դժվարություններ հաղթահարելու պատմություն է։ Հինգ տարեկանից կորցնելով տեսողությունը՝ գտել է աշխարհը բացահայտելու և պատկերելու իր միջոցը՝ երաժշտությունը։ Կոնսերվատորիայում սովորել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 

«Սիմոնը հայ մտավորականության ամենապայծառ դեմքերից է,- ասում էր իր սանի մասին Էդվարդ Միրզոյանը, իսկ նրա երրորդ կվարտետը՝ այսպես բնութագրում․«Այստեղ կա և՛ կսկիծ, և՛ ցավ, և՛ առնականություն, և՛ գեղեցկություն, և՛ տիրապետում կվարտետային բարդ ժանրին»։

1987թ․-ին գրված 3-րդ լարային քառյակը Սիմոն Հովհաննիսյանը գրել էր որդու՝ վաղամեռիկ ջութակահար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակին։ Իր հարցազրույցներից մեկում Սիմոն Հովհաննիսյանը խոսում է այն գործերի մասին, որոնք գրվել են ի հիշատակ․ «Ճակատագրով եղել են պահեր, որ հիշատակի առթիվ եմ գրել, ստեղծագործությունները ստացվել են լավ, բայց տա Աստված, որ այսուհետ գործեր նվիրեմ կենդանի, ուրախ առիթներով»։

Կոմպոզիտորի դուստրը նվագում է հոր՝ իրեն նվիրած սոնատինը և պատմում հոր մասին։


Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Միլենա Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter