HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

73 զինծառայողի դատաքննությունը վտանգված է. զոհվածների ծնողները պահանջում են ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել

Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնել և պատժել իրենց որդիների մահվան մեջ մեղադրվող հրամանատարներին։

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։

Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Հրամանատարների գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այս գործով վերջին դատական նիստին դատարանը տեսակապով հարցաքննում էր այն ծնողներին, ովքեր գտնվում են արտերկրում, կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատարան։

Դեռևս կային զոհվածների ծնողներ, որոնք պետք է հարցաքննվեին։ Սակայն, նիստը նախ ընդմիջվեց, ապա անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատարանից տարան։

Ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն տվեց, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և նա զրկվի ազատությունից։ ԲԴԽ-ն կասեցրեց նաև դատավորի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Դրանից հետո Գաբրիելյանին մեղադրանք առաջադրվեց՝ կաշառք ստանալու հատկանիշով։ Նա 2 ամսով կալանավորվեց։

Զոհվածների ծնողներն անհանգստացած են՝ գործը նոր դատավորին մակագրելու դեպքում հավանաբար քննությունը զրոյից կսկսվի, իսկ այս դեպքում կա վաղեմության ժամկետի խնդիր։ Հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Եթե այն լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրվող անձինք պատասխանատվություն չեն կրի։

Դատախազությունում զոհվածների ծնողներին հանդիպել էր դատախազի տեղակալներից մեկը։ Վերջինս ծնողներին առաջարկել էր այսօր հանդիպել Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանին, որը 73 զինծառայողների գործով հանրային մեղադրողներից մեկն է։

ՀՀ նոր քրեական օրենսգրքի համաձայն՝ միջին ծանրության հանցանքի դեպքում վաղեմության ժամկետը 10 տարի է։ Ծնողները հույս ունեն, որ 73 զինծառայողների գործով այդ օրենքը, բացառության կարգով, նաև իրենց դեպքում կկիրառվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter