
Դպրոցներում բուլինգի դեպքերը շարունակվում են, բայց դրանք կանխարգելելու արդյունավետ մեխանիզմներ դեռ չկան
«Դու բոմժի մեկն ես, քեզնից շան հոտ է գալիս». դպրոցում երկու եղբայրներին ուղղված այսպիսի արտահայտությունները շարունական բնույթ են կրել: Ավագ եղբայրը փորձել է անտեսել, նույնը խորհուրդ է տվել կրտսեր եղբորը, սակայն վերջինս, ի տարբերություն եղբոր, սկսել է պատասխանել: Դրանից հետո եղբայրները դպրոց քիչ են հաճախել: Ընտանիքն էլ չի կարողացել տղաներին համոզել, որ դասի գնան: Ավագ եղբայրը ծանր ֆիզիկական աշխատանքով է սկսել զբաղվել, իսկ կրտսերին նկատել են Երեւանի կենտրոնում մուրացկանությամբ զբաղվելիս:
Դպրոց-ծնող-համայնքապետարան շղթայում յուրաքանչյուրն իր արդարացումն է բերում, եւ դրանից տղաների վիճակը դեպի լավը չի փոխվում: Այս երեխաներն ապրում են մեր կողքին, բայց միջավայրը նրանց մեկուսացրել է:
Հոգեբան. բուլինգը երբեմն կարող է հոգեբանական-սոցիալական մակարդակի հասնել
«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը նշում է, որ «բուլինգ» սահմանումը տրվում է այն դեպքում, երբ երեւույթը տեւական, պարբերական է գոնե մի ժամանակահատված:
Բուլինգը ուժի, հարկադրանքի, վիրավորական ծաղրի կամ սպառնալիքի կիրառումն է վիրավորելու, ագրեսիվ գերիշխանության կամ ահաբեկման նպատակով։ Այս պահվածքը հաճախ կրկնվում է ու դառնում սովորական։ Բուլինգը կարող է իրականացվել անհատապես կամ խմբով:
Ըստ հոգեբանի՝ կա ֆիզիկական, հոգեբանական բուլինգ եւ կիբերբուլինգ: Սակայն երեւույթը երբեմն կարող է հոգեբանական-սոցիալական մակարդակի հասնել, եթե պայմանավորված է սոցիալական վիճակով:
«Գաղտնիք չէ, որ կա «խոցելի խումբ» արտահայտություն, կամ «ծանր իրավիճակում գտնվող երեխա», եւ այս կատեգորիաները վկայում են, որ տվյալ անձը, որը չունի պատշաճ սոցիալական վիճակ, ինչու չէ, նաեւ դրանով պայմանավորված հիգիենիկ վիճակ կամ ինտեգրում հասարակության մեջ, ավելի շատ կարող է դառնալ բուլինգի զոհ, քան այն ընտանիքների երեխաները, որոնք ապահովված են»,- նկատում է Մ. Ղազարյանը:
ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, սակայն, նշում է, որ բուլինգի կարող են ենթարկվել նաեւ սոցիալապես շատ ապահովված մարդիկ, բարձր պաշտոններ ունեցող անձանց երեխաներ։ Ըստ նրա՝ սոցիալական կամ այլ դիրքով բուլինգը տարանջատելը ճիշտ չէ։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ, պատասխանելով հարցին, թե իրենց տվյալներով՝ խոցելի խավի երեխաները բուլինգի ենթարկվածների քանի տոկոսն են կազմում, նշում է, թե որքան էլ զարմանալի է, տարբերակված իրավիճակներ չունեն, որ բուլինգը որոշակի սոցիալական պայմաններով պայմանավորված լինի, կամ արտաքինով, կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով:
«Իհարկե, գիտենք, որ բուլինգի դեպքերը որոշակի դասակարգումներ ունեն, որոշակի սոցիալական խմբեր կան, որոնք ավելի հակված են բուլինգի ենթարկվողի դիրքում հայտնվելուն, բայց չեմ կարող առանձնացնել, շատ տարբեր իրավիճակներ են, շատ բազմազան են»,- ասում է Թ. Սարգսյանը:
Հոգեբան Մ. Ղազարյանը նկատում է, որ երեխայի շարունակական անտեսումը շրջապատի կողմից եւս բուլինգի դրսեւորում է: Այն տարածված է նաեւ դպրոցական խմբային «չաթերում»: Հոգեբանն ընդգծում է՝ դպրոցական «չաթերը» հիմնականում ստեղծվում են խմբային հաղորդակցության նպատակով, բայց կարճ ժամանակ հետո դառնում են ասեկոսեների, երկրորդային քննարկումների աղբյուր, օրինակ՝ կարող է քննարկվել մի դեպք, եւ այլաբանական կարծիքներ հնչեն՝ թիրախավորելով կոնկրետ անձի։
«Մասնավոր դպրոցներից մեկում է եղել. «չաթ» է եղել, որին պայմանական անուն դնենք՝ «Առանց Գրիգորի»: Կապ չունի, թե ինչ են քննարկում, բայց խմբային վարակը՝ մի մարդու անտեսումը, մտնում է հոգեբանական բուլինգի մեջ, դա նաեւ արտադպրոցական մակարդակում է լինում, որի հետեւանքները հաստատ կերեւան նաեւ դպրոցում։ Ինչ-որ բան քննարկել՝ առանց այդ երեխայի, նշանակում է՝ նրան հանել խմբից, անտեսել։ Իսկ ի՞նչ հաճույք են ստանում բուլինգ կազմակերպողները։ Վտանգներից մեկն այն է, որ, փաստորեն, բուլինգ անողը հաճույք է ստանում դիմացինի վատ զգալու, վատ էմոցիաների վրա»,- պատմում է հոգեբանն ու ավելացնում, որ անձին կարող են ենթարկել բուլինգի, օրինակ, սեղանին տհաճ գրություններ, առարկաներ դնելով կամ նրա իրերը վերցնելով ու նետելով:
ԿԳՄՍՆ-ին ենթակա Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) փոխտնօրեն Հայկուհի Ադամյանը հաստատում է, որ գոյություն ունի մեկուսացման, անտեսման երեւույթ, այդ թվում՝ ծնողների շրջանում: Նշում է, որ դեպքեր են արձանագրվել, երբ ծնողներին հանել են ծնողական «չաթերից»։
Կա նաեւ «թվացյալ բուլինգ» հասկացություն, ինչի մասին քիչ է խոսվում: Մարինա Ղազարյանի դիտարկմամբ՝ սրա դեպքում մարդուն թվում է, թե իրեն ճնշում են, երբ ինչ-որ ժամանակահատված խմբի մյուս անդամները չեն շփվում իր հետ, անձն էլ հակված է ներշնչման կամ դեպրեսիայի եւ բնավորության այդպիսի շեշտադրումներով կարող է մտածել, թե իրեն անտեսում են:
Նախարարության թիրախում կանխարգելիչ քայլերն են
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թ. Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ դպրոցներում իրականացվում են բռնության կանխարգելման, նման դեպքերի բացահայտման տարբեր ծրագրեր: Ըստ նրա, ամենաինստիտուցիոնալը, թերեւս, նախարարությանը ենթակա Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) եւ ՀՀ տարածքային մանկարժակահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) կողմից իրենց սպասարկման տարածքներում գտնվող հաստատություններում իրականացվող ծրագրերն են:
Ըստ «Հետքի» զրուցակցի՝ նախարարության ուշադրությունն առավելապես ուղղված է կանխարգելիչ քայլերի ձեռնարկմանը, այսինքն՝ օգնել, որ երեխաներն ու ուսուցիչները ճանաչեն բուլինգը որպես երեւույթ, երեխաները պատկերացնեն, թե ինչպես եւ ում դիմելու միջոցով կարող են կանխել իրենց նկատմամբ ոչ ցանկալի վերաբերմունքը, իսկ մեծահասակներն էլ ճիշտ արձագանքեն դրան:
ՀՄԿ փոխտնօրեն Հայկուհի Ադամյանի տեղեկացմամբ՝ կենտրոնը 3 դպրոցներում պիլոտային ծրագիր է իրականացրել բուլինգի կանխարգելման եւ արձագանքման ընթացակարգերի ուղեցույցի հիման վրա: Ծրագրի շրջանակներում վերհանվել են կարիքները, ուսուցիչները բուլինգի տեսանկյունից դպրոցում վտանգավոր միջավայր են համարել միջանցքը, պետքարանները, խաղահրապարակը։ Ադամյանի խոսքով՝ միջանցքներից սկսած՝ աշխատանքը պետք է ամբողջական լինի։
«Բուլինգի կամ բռնության կանխարգելման եւ արձագանքման հստակ մեխանիզմներ դպրոցներում դեռեւս ներդրված չեն, բայց մենք տարբեր գործողություններ ենք կատարում՝ վերապատրաստման դասընթացներ ենք անում, տարբեր խորհրդատվություններ մանկավարժներին, ծնողներին, մասնագետներին՝ տարբեր գերատեսչությունների, կառույցների հետ համագործակցելով: Օրինակ՝ երեխաների հանդեպ բռնության եւ դրա կանխարգելման թեմայով դասընթացներ ենք կազմակերպել 45 դպրոցներում, որոնց 10 հազարից ավելի մանկավարժ է մասնակցել: Դրանից հետո ՏՄԱԿ-ները շարունակել են դասընթացները դպրոցների մանկավարժների հետ»,- պատմում է Հ. Ադամյանը։
ՀՄԿ փոխտնօրենը նշում է, որ իրենց նպատակը ոչ միայն բուլինգի դեպքերը բացահայտելն է, այլեւ աջակցությունը, ուսուցիչների հետ աշխատանքը, խնդիրների վերհանումը:
Վերապատրաստումներից հետո բուլինգի դեպքերը չեն նվազում
Կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանը, սակայն, պնդում է, որ չնայած շատ է խոսվում բուլինգի մասին, դրա վերաբերյալ բազմաթիվ ծրագրեր ու վերապատրաստումներ, նախաձեռնություններ են լինում, երեւույթը չի նվազում: Նրա համոզմամբ՝ առաջնահերթ շեշտը պետք է դնել երեխայի արժեքային համակարգի, խղճի վրա, այլ ոչ թե արգելքների: Իրավական առումով էլ նույնիսկ կարող է դրվել տվյալ հաստատությունից հեռացնելու հարցը: Սակայն այդ ամենը, մեծ հաշվով, խնդիրը չի լուծում:
«Լինում են դեպքեր, երբ բուլերի՝ բուլինգի ենթարկող անձի հետ աշխատում են հիմնականում արգելքների կամ «չի կարելի»-ների մակարդակով, բայց բացատրական կողմը մարդու արժեքային համակարգից, խղճից է գալիս, դա ավելի խորը ազդեցություն կարող է թողնել, որ հետագայում մարդը բուլինգի չենթարկի այլ անձի։ «Չի կարելի» մակարդակով կամ երբեմն իրավական կողմը հիշեցնելով՝ մակերեսային աշխատանք է տարվում, բայց իրական վտանգը կանցնի այն դեպքում, երբ մարդը մի քանի րոպեով ինքն իրեն դնի դիմացինի դրության մեջ, այսինքն՝ այսօր մեր սերնդին ինչ-որ չափով պակասում է ապրումակցումը։ Եթե խղճով հասկանան, թե ինչ է տեղի ունենում կամ հոգեբանորեն հասկանան դիմացինի ապրումները, թերեւս, այդ երեւույթը զգալի չափով կպակասի»,- մեկնաբանում է հոգեբանը:
Ի՞նչ պետք է անեն ընտանիքն ու մասնագետները
Մարինա Ղազարյանի խոսքով՝ ընտանիքը պետք է կարողանա ապրումակցում սերմանել, այլ ոչ թե առավոտից երեկո իր գործին լինի, տանը եղած ժամանակ էլ յուրաքանչյուրն իր հեռախոսի մեջ լինի կամ այլ զբաղվածության մեջ, եւ ջերմություն չլինի։ «Ընտանիքից պակասող ջերմությունը բերում է նրան, որ բուլինգը կարող է շատանալ մեր հասարակության մեջ։ Մանկության դրական դրվագներ, գույներ ստացած անձը դիմացինին վնասելու ավելի քիչ հակվածություն ունի»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Բացի ֆիլմերի դիտումից՝ հոգեբանը խորհուրդ է տալիս միասին արշավների գնալ, հասարակական բարիք ստեղծել, բռնության տեսարաններից ֆիլտրել հեռուստաեթերը:
«Եթե երեխան սոցիալական խոցելի խմբից է, պետք է հասկանալ, որ դուք նրա կոշիկներով չեք քայլել: Օրինակ՝ երբ դպրոցում գումար են հավաքում ու ասում են, ենթադրենք, Արմենի համար ենք հավաքում, որովհետեւ ինքը չունի, ու այդ ամենն արվում է բարձրաձայն, լավ կլինի, որ չարվի: Դա պետք է շատ ծածուկ անել: Խտրականությունը եւս բուլինգի տարրեր ունի»,- հավելում է Մ. Ղազարյանը:
Ոստիկանության անչափահասների հանցավորության եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանն էլ ասում է, որ բուլինգի հիմքերը ձեւավորվում են վաղ տարիքում, ծնողավարման կանոնների չիմացության հետեւանքով, երեխայի մոտ վստահություն, խնդիրները ինքնուրույն լուծելու կարողություն, հաղորդակցության հմտություններ չձեւավորելու պատճառով:
«Ամենակարեւորը՝ բուլինգի ենթարկված անձը չպետք է մենակ մնա իր խնդրի հետ: Վաղ տարիքից ձեւավորված վստահելի հարաբերությունների արդյունքում երեխան պիտի պատմի դրա մասին»,- նշում է գնդապետ Պետրոսյանն ու խորհուրդ տալիս չթաքցնել դեպքերը, խնդրին ուղիղ նայել, իսկ եթե արարքը վերածվել է հանցագործության, դիմել իրավապահ մարմիններին։
Հոգեբան Մարինա Ղազարյանը նկատում է, որ ծնողներին զուգահեռ մասնագետներն էլ պետք է կատարեն իրենց աշխատանքը: Օրինակ՝ դպրոցի հոգեբանը պետք է աշխատի երեխայի հետ, խմբային մոտեցում դրսեւորի: «Լսած կլինեք, որ վերջին շրջանում դպրոցներում կա հոգեսոցիալական տոկունության ծրագիր՝ որոշակի մեթոդիկայով եւ տեխնիկայով խաղերի համակցությամբ: Ուսուցիչը նույնպես պիտի ունենա հոտառություն, որ, բացի դասը դասավանդելուց, խումբը կարողանա վերցնել իր ուշադրության տակ, ունենա հուզական դաշտ,- նշում է հոգեբանը,- այս ծրագիրը է՛լ ավելի կարեւորություն ունեցավ, երբ Արցախից եկան բռնի տեղահանված երեխաները: Օրինակ՝ ինչպես անել, որ բարբառով խոսող երեխային չնմանակեն՝ դարձնելով ծաղրի առարկա, որ երեխան հաջորդ օրն այլեւս չցանկանա դպրոց գնալ»:
Գործուն քայլերից մեկը մասնագետը համարում է ուսուցողական, ստուգված բովանդակությամբ, առանց բռնության տեսարաններով ֆիլմերի համատեղ դիտումը, ինչը պետք է լինի ոչ թե դասընթացի մաս, այլ ժամանց, երբ երեխաները շրջանով նստած կլինեն, ջերմ մթնոլորտ կլինի: «Երբեմն մեծահասակը տալիս է այնպիսի հրահանգներ, որտեղ ցույց է տալիս իր նախապատվությունները, այսինքն՝ բուլինգի դեմ են պայքարում, բայց ինքն է դառնում բուլինգի ենթարկող»,- ասում է Մարինա Ղազարյանը:
Այս տարի 55 ահազանգ է ստացվել բուլինգի վերաբերյալ
Նախարարության ներկայացուցիչ Թամարա Սարգսյանը պատմում է, որ եթե բուլինգի դեպքն արդեն արձանագրված է, իրենք փորձում են մանրամասն ուսումնասիրել այն, եւ եթե անձը չի ցանկանում անհատականացվել, ուղղորդում են դիմել անանուն նամակներով, ահազանգել «թեժ գիծ»: Սարգսյանի տեղեկացմամբ՝ այս առումով ԿԳՄՍՆ-ն ուղիղ աշխատում է դպրոցների ու տարբեր գերատեսչությունների հետ: Ստացված տեղեկություններն ուղղվում են ՀՄԿ-ին, Կրթության տեսչական մարմնին, դեպքի բնույթից կախված՝ նաեւ Ներքին գործերի նախարարություն: Այնուհետ ոչ պլանային արագ արձագանքման խումբ է ձեւավորվում անհաժեշտ մասնագետներով, որն էլ ուսումնասիրում է դեպքը:
Հանրակրթության վարչության պետը նկատում է, որ իրենք բուլինգի դեպքերի վիճակագրություն չեն վարում, բայց տվյալները կարող են արտահանել «թեժ գծի» զանգերից ու ստացած գրություններից:
Փոխարենը ՀՄԿ փոխտնօրեն Հայկուհի Ադամյանն ասում է, որ այս տարվանից սկսել են տվյալներ հավաքագրել բուլինգի դեպքերի մասին: 2025 թ. ընթացքում ստացվել է 55 ահազանգ։
Ադամյանի տեղեկացմամբ՝ դրանք հիմնականում վերաբերել են հոգեբանական բուլինգին, որը ոչ միայն երեխաներն են երեխաների հանդեպ կիրառել, այլեւ ուսուցիչները՝ երեխաների։ Գրանցվել են նաեւ ֆիզիկական բուլինգի դեպքեր, երբ երեխաներն են բռնություն կիրառել, երբեմն էլ՝ ուսուցիչները երեխաների հանդեպ, ինչն ուսուցիչների կողմից դիտարկվում է որպես «դաստիարակչական մեթոդ», քանի որ չգիտեն ինչպես շտկել երեխաների վարքը։
Կրթությունից դուրս մնալու պատճառների մեջ բուլինգն առաջատար չէ
«Այժմ մի քիչ այլ ուղղությամբ ենք ուսումնասիրություն անում: Հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք արդյունքը։ Դպրոցից դպրոց տեղափոխված երեխաների շրջանում պատճառներից մեկը բուլինգն է կամ միջավայրի վերաբերմունքը։ Մեզ համար էլ պարզ է, որ ինչքան էլ փորձում ենք բաց քաղաքականություն վարել, շատ ծնողներ ուղղակի նախընտրում են երեխային կոնֆլիկտի ծագման պահին տեղափոխել տվյալ դպրոցից ու հարցը փակել»,- նշում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Ըստ նրա՝ երեխաները բուլինգի կամ բռնության են ենթարկվում հիմնականում միջանձնային հարաբերությունների պատճառով:
«Վատ կոմունիկացիայի եւ կոնֆլիկտները ժամանակին չկանխարգելելու հետեւանքով է առաջանում այդ ամենը։ Այսինքն՝ մենք նկատում ենք, որ մասնագիտական մոտեցման խնդիր ու պակաս է լինում ժամանակին չմիջամտելու առումով, ինչի հետեւանքով փոքր կոնֆլիկտները վերաճում են մեծ կոնֆլիկտների, որոնք կարող են լինել թե՛ երեխաների միջեւ, թե՛ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում: Ծագած խնդիրը ժամանակին ճիշտ արձագանք չի ստանում, անտարբերության է մատնվում ու հասնում է այն իրավիճակին, որ այլեւս հնարավոր չի լինում կառուցողական մոտենալ հարցին»,- նշում է ԿԳՄՍՆ պաշտոնյան:
Իսկ դիտարկմանը, որ բուլինգը կարող է հանգեցնել երեխայի դպրոց չհաճախելուն, դրա հետեւանքով՝ նաեւ մուրացկանությամբ զբաղվելուն, Թ. Սարգսյանն արձագանքում է, որ նման ահազանգեր չեն ստացել, բայց ինֆորմացիան այլ խողովակներով հասնում է իրենց: Հիշում է մի դեպք, երբ երեխան երկու ամսից ավելի դպրոց չի գնացել, քանի որ երբեմն նաեւ դպրոցից է ցուցում եղել, որ որոշ ժամանակ չհաճախի դասի, մինչեւ իրավիճակը հանդարտվի:
«Հենց սրա մասին եմ ասում, որ մենք ավելի շատ ոչ թե խնդիրը լուծելու, այլ հետաձգելու իրավիճակին ենք հասնում։ Բնականաբար, այդտեղ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը: Ըստ նրա՝ կրթությունից դուրս մնալու պատճառների մեջ բուլինգն առաջատար չէ: «Մեզ համար պրոբլեմատիկ ուղղություններն են՝ սոցիալական պայմանները, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը հատկապես մեծ տարիքում, ինչ-որ շրջանակի դեպքում՝ երեխայի վարքային դժվարությունները կամ առանձնահատկությունները, երբ ծնողը չի կարողանում ազդել, որ երեխան շարունակի կրթությունը: Իսկ բուլինգի հետեւանքով երեխաներն ավելի հաճախ տեղափոխվում են դպրոցից»,- նշում է Թամարա Սարգսյանն ու հավելում, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ նման ռիսկի տակ գտնվող երեխաների մասով անհրաժեշտ է միջգերատեսչական աշխատանք:
«Իրականում այդ աշխատանքն իրականացվում է, իհարկե, որոշ տեղերում գուցե այդքան արդյունավետ չէ, որովհետեւ մի տարի է՝ միասնական, միջգերատեսչական աշխատող համակարգ կա, բայց այս ուղղությամբ բոլոր մարմինները տեղեկացված են, ու աշխատանքը պիտի արվի»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ կրթությունից դուրս մնալու պատճառները, ապա տարվելիք աշխատանքների բնույթը, եւ թե ինչ մասնագետներ պիտի ներգրավվեն: «Բայց վստահ եմ, որ եթե երեխաները ներգրավված են աշխատանքի մեջ ու ընտանիքի համար սոցիալական խնդիր են լուծում, թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար դա ավելի առաջնային է դառնում, քան կրթությունը»,- նկատում է նախարարության պաշտոնյան:
Այս առումով, Թ. Սարգսյանի տեղեկացմամբ, ԿԳՄՍՆ-ն աշխատանքներ է տանում երեխաների եւ ծնողների իրավագիտակցությունը բարձրացնելու համար, բայց երբ շատ դեպքերում տեսնում են, որ աջակցող քայլերն անարդյունավետ են, այլ տարբերակներ են քննարկում: Օրինակ՝ եթե ընտանիքը սոցնպաստի շահառու է, բայց երեխաներին կրթության մեջ չի ներգրավում, քննարկվում է նման ընտանիքներին նպաստի համակարգից դուրս թողնելու հարցը: Նպատակն այն է, որ ծնողներն առավել պատասխանատու լինեն երեխաներին կրթության մեջ ներգրավելու հարցում:
Բռնության դեպքերը կարող են դրդել անգամ ինքնասպանության փորձի
Ոստիկանության անչափահասների հանցավորության եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանն ասում է, որ Ոստիկանությունը դպրոցներից ստանում է բռնության մասին ահազանգեր, բայց դրանք չեն կարող կապել բուլինգի հետ, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ «բուլինգ» սահմանում չկա։ Միաժամանակ նկատում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օրինագիծ է մշակել երեխայի իրավունքների ու պաշտպանության մասին, որի ընդունումից հետո իրավապահները կառաջնորդվեն հստակ դրույթներով։ Մասնավորապես՝ օրինագծի 4-րդ հոդվածով սահմանվում է բուլինգը։
«Հենց այդ հիմքի բացակայության պատճառով չենք նույնականացնում կամ վարում վիճակագրություն բուլինգի դեպքերի վերաբերյալ, որովհետեւ դրա համար իրավական հիմքեր են անհրաժեշտ»,- նշում է գնդապետ Պետրոսյանը։
Դպրոցներից Ոստիկանության ստացած ահազանգերը ներկա պահին կարող են լինել ոչ թե բուլինգի, այլ միջանձնային հարաբերություններում ծագած կոնֆլիկտի վերաբերյալ։
Էդգար Պետրոսյանը դժվարանում է պատասխանել, թե ինչով է պայմանավորված դպրոցներից ահազանգերի շատանալը․ «Դեպքերը հնարավոր է տասնյակ անգամ շատ լինեն, բայց չեն բարձրաձայնում: Մինչ այս հիմնականում ծնողներն էին դիմում, բայց հիմա լինում են դեպքեր, երբ մանկավարժական կոլեկտիվն է ահազանգում»։
Բուլինգի հետեւանքով մեկուսացումը, ըստ գնդապետ Պետրոսյանի, ռիսկային կարող է լինել անձի համար։ Ասում է՝ այն կարող է ազդեցություն ունենալ անձի ձեւավորման, հետագայում նրա կողմից իրավախախտումներ ու հանցագործություններ կատարելու հարցում։
«Երեխայի հոգեկան աշխարհն ընդունեք որպես սպիտակ թուղթ, եթե ճմռթեցինք, հետքերը կմնան։ Բուլինգի ենթարկված մարդու հոգեկան աշխարհն այդպիսին է: Հետագայում այն հարթելը բավական դժվար է: Ու կարող են առաջանալ ինքնասպանության, ինքնավնասման, ինչպես նաեւ հասարակության լիարժեք անդամ դառնալու խնդիրներ: Նման հետեւանքները կարող են նույնիսկ 20 տարի հետո էլ երեւալ»,- նշում է Ոստիկանության պաշտոնյան։
Առաջին նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Մեկնաբանել