
Արտաշատ համայնքի ղեկավարը շահերի բախման վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել․ մրցույթում հաղթել է ավագանու անդամի ընկերությունը
Արտաշատ համայնքի Բուրաստան և Մասիս վարչական բնակավայրերում փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքների կատարման մրցույթ է հայտարարվել։ Գնումն իրականացվել է երկու չափաբաժնով։ Դրանցից մեկով Բուրաստան գյուղի փողոցների վերանորոգման և ասֆալտապատման մրցույթում հաղթող մասնակից է ճանաչվել Արտաշատի համայնքապետարանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն։
Աշխատանքների կատարման գինը սահմանվել է մոտ 41 մլն դրամ։ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն աշխատանքների կատարման մրցույթի 5 մասնակցից ամենաէժան գինն է առաջարկել՝ մոտ 37 մլն 731 հազ․ դրամ և հաղթող ճանաչվել։
Արտաշատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին։ Ըստ հայտարարության՝ ընկերության տնօրեն Նարեկ Բաղդասարյանը Արտաշատ համայնքի ավագանու անդամ է, որի հետ «գտնվում եմ քաղաքական հարաբերությունների մեջ»:
«Որպես պաշտոն զբաղեցնող անձ՝ նախքան պայմանագրի կնքման գործընթաց սկսելը, հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Արտաշատի համայնքապետարանի կայքում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Հետքին» հայտնեցին, որ Կառլեն Մկրտչյանը դիմել է նաև հանձնաժողովին։ Ուսումնասիրվել է, ընթացակարգային խախտում չի հայտնաբերվել։ Հաղթող ճանաչված ընկերությունն ամենանվազ գին առաջարկողն է եղել։ Հանձնաժողովը դիմել է համայնքի ղեկավարին, որպեսզի հրապարակային հայտարարություն ներկայացնի շահերի բախման իրավիճակի վերաբերյալ, որից հետո կնքի պայմանագիրը։
Ստացվում է, որ գնումների ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս շահերի բախման իրավիճակում գտնվող պաշտոնյային պայմանագիր կնքել՝ պահպանելով միայն ձևական պահանջը՝ այդ մասին հրապարակային հայտարարություն ներկայացնել։ Այդ հրապարակային հայտարարությունը շահերի բախումը վերացրե՞ց, քաղաքական կապերը չեզոքացրե՞ց։
Հիշեցնենք, որ դեռևս 2024թ․ մայիսի 13-ին «Հետքը» գրել էր, որ Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: Համայնքապետարանում որևէ խնդիր չեն տեսնում, ուղղակի վկայակոչում են «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:
Մեր հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով 300 հազ․ դրամի չափով տույժ։
Հանձնաժողովն արձանագրել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին պայմանագրի կնքմամբ համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:
Կառլեն Մկրտչյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերացնել հանձնաժողովի որոշումը, որով արձանագրվել էր շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների խախտում։ Վարչական դատարանը մերժել է Արտաշատ համայնքի ղեկավարի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի:
Նման իրավիճակից խուսափելու համար այս անգամ Կառլեն Մկրտչյանը որոշել է հրապարակային հայտարարություն ներկայացնել և խուսափել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նմանատիպ որոշումից։
Մեկնաբանել