
Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել
Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում եւ անշարժ գույք է ձեռք բերել:
Փաշինյանը դուրս է եկել փայտամշակման բիզնեսից
2023-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում:
«ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր Ս. Փաշինյանին, մնացած 50-ը՝ Նարեկ Պետրոսի Ղազարյանին, որը գործարար, Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է: Ղազարյանները, ինչպես Փաշինյանները, Իջեւանից են, ավելին՝ հայկական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են:
Սիփան Փաշինյանի ու Նարեկ Ղազարյանի ընկերության «ՉերՎուդ» անունը պատահական չէր ընտրվել: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի էր ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Եվ իրոք, ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:
Գրել էինք, որ ուկրաինական ռեգիստրում Ս. Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշվել էր ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա, իսկ հաշվառման հասցեն Չերկասիի Դնեպրի հերոսների 23 բարձրահարկ շենքի բնակարաններից մեկն էր (տես ստորեւ):
Մենք Ս. Փաշինյանի փայտամշակման բիզնեսին անդրադարձել էինք 2023-ի հունվարին: Նույն տարվա հոկտեմբերին նա դուրս է եկել «ՉերՎուդ» ՍՊԸ-ից՝ իր 50 տոկոս բաժնեմասը զիջելով ընկերության տնօրենին՝ Արթուր Ղազարյանին, որը Ն. Ղազարյանի հարազատ եղբայրն է: Այդուհանդերձ, ըստ ուկրաինական ռեգիստրի, Ս. Փաշինյանը ուղիղ մեկ ամիս մնացել է այդ 50 տոկոսի վերջնական շահառու սեփականատեր եւ միայն 2023-ի նոյեմբերին է այդ հարցում եւս զիջել Ա. Ղազարյանին:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, ըստ ուկրաինական ռեգիստրի տվյալների, 2023-ի նոյեմբերից այլեւս որեւէ կապ չունի «ՉերՎուդ» ՍՊԸ-ի հետ:
Վարչապետի եղբորորդին մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել
2023-ի մայիսին, երբ դեռ «ՉերՎուդ» ընկերության փայատեր էր, Սիփան Փաշինյանն Ուկրաինայում գրանցվել է որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր: Գործունեության տեսակը մեկն է՝ ավտոմեքենաների տեխսպասարկում եւ նորոգում: Ընդ որում՝ այս դեպքում Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշված է Հայաստան եւ ոչ թե Ուկրաինա:
Որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր՝ ԱԺ նախկին պատգամավորը գրանցվել է Ուկրաինայի պարզեցված հարկման համակարգի 2-րդ խմբում, ինչը նշանակում է, որ նա կարող է աշխատանքի ընդունել մինչեւ 10 հոգու: Մյուս կողմից՝ նրա տարեկան եկամուտը չի կարող գերազանցել 5.921.400 ուկրաինական գրիվնան (ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 55 մլն դրամի): Պարզ չէ, թե որքան եկամուտ է ստացել Սիփան Փաշինյանը 2024 թվականի ընթացքում, սակայն հայտնի է, որ նա վճարել է 37.600 գրիվնա (350 հազ. դրամ) ընդհանուր հարկ:
Եթե «ՉերՎուդ» ընկերության տվյալների մեջ Ս. Փաշինյանի հասցեն նշված էր Դնեպրի հերոսների 23 շենքը, ապա ֆիզանձ-ձեռնարկատեր գրանցվելիս նա նշել է Չերկասիի Կազացկայա 9/1 հասցեն, որը եւս նորակառույց բարձրահարկ է (տես ստորեւ):
Թե՛ Դնեպրի հերոսների 23, թե՛ Կազացկայա 9/1 շենքերը կառուցել են Ղազարյանները: Նախորդ հոդվածում գրել էինք, որ Անդրանիկ Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է, իսկ խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն:
«Նադիա» շինարարական ընկերության կայքում նշվում է, որ այն Չերկասիի մարզի առաջատար կառուցապատողն է, որը կառուցում եւ իրացնում է բնակելի եւ առեւտրային անշարժ գույք: Ըստ կայքի տվյալների՝ Դնեպրի հերոսների 23 բնակելի շենքը շահագործման է հանձնվել 2012-ին, իսկ Կազացկայա 9/1-ը՝ 2021-ին:
Փաստորեն, թե՛ նախկինում, թե՛ հիմա Սիփան Փաշինյանը ուկրաինական ռեգիստրում որպես իր հասցեներ նշել է բնակելի շենքեր, որոնք Ղազարյաններ են կառուցել: Այդուհանդերձ, այս հասցեներում վարչապետի եղբորորդին սեփականություն չունի: Փոխարենը նա սեփականություն ունի Չերկասիի Տոբիլեւիչի նրբանցք 4 հասցեում, որը, ըստ շինարարի կայքի, դեռեւս կառուցվում է, բայց արդեն ամբողջությամբ իրացվել է:
Այս շենքն ավտոկայանատեղ է, ունի 5 վերգետնյա եւ 2 ստորգետնյա հարկեր, բաղկացած է 249 կայանման խցերից, որոնք փակվում են շերտավոր դարպասներով: Կարելի է ասել, որ կայանատեղի շենքը մեկ համալիր է հարեւանությամբ գտնվող նորակառույց բարձրահարկի հետ (հասցեն՝ Միխայիլ Գրուշեւսկու 110), որը շահագործման է հանձնվել 2021-ին: Սրա շինարարը եւս «Նադիան» է:
Ըստ վերջինիս կայքի՝ Տոբիլեւիչի նրբանցք 4 հասցեում կարելի է կայանատեղ ձեռք բերել 288-300 հազ. գրիվնայով (ներկա փոխարժեքով՝ 2,7-2,8 մլն դրամ):
«Հետքը» պարզել է, որ Սիփան Փաշինյանն այս շենքում ունի 1 հատ կայանատեղ եւ 2 հատ ոչ բնակելի տարածք: Սրանք, ենթադրաբար, օգտագործվում են մեքենաների տեխսպասարկման ու նորոգման նրա բիզնեսի համար:
Ի դեպ, 2022-ի սեպտեմբերի 8-ին Ս. Փաշինյանն Ուկրաինայում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչի հետեւանքով տուգանվել է 680 գրիվնայի չափով: Իսկ ահա 2023-ի մայիսի 22-ին Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում նա ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել, ինչի հետեւանքով ստիպված է եղել հետագայում 2 տուգանք վճարել՝ 680-ական գրիվնա չափերով:
Ի՞նչ էին հայտարարագրել նախկին պատգամավորն ու կինը վերջին անգամ
34-ամյա Ս. Փաշինյանը 2021-ի հունիսին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հեռացել է քաղաքականությունից: Պաշտոնը թողնելու առիթով նույն տարվա հոկտեմբերին նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Ըստ այդմ՝ 2021-ի աշնանը վարչապետի եղբորորդին համատեղ սեփականության իրավունքով 1 հատ բնակարան ուներ Իջեւան քաղաքում (որպես ՀՀ քաղաքացի՝ նա հենց Իջեւանում է հաշվառված), ինչպես նաեւ 1 հատ Lexus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018-ին: Նախկին պատգամավորի բանկային հաշիվներին 2021-ի հոկտեմբերին կար 5,2 մլն դրամ, 307 եվրո եւ 32 դոլար, նաեւ 350 հազ. դրամ կանխիկ է ունեցել: Ըստ հայտարարագրի՝ 2021-ի ընթացքում նրա եկամուտը եղել է պատգամավորի աշխատավարձը՝ ընդհանուր 3 մլն դրամ:
Փաշինյանը նշել է, որ 50 տոկոս բաժնեմաս ունի երեւանյան «ԷքՍիփԷդ» ՍՊԸ-ում, որի գործունեության տեսակը հանրային սննդի կազմակերպումն է: Ընկերության մնացած 50 տոկոսի տերը իշխանության մեկ այլ ներկայացուցիչ է՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: ՍՊԸ-ից ստացած եկամուտ Սիփան Փաշինյանը չի հայտարարագրել:
Բիզնես ունի նաեւ նրա կինը՝ Էլեն Միքայելյանը, որը 50 տոկոսի փայատեր ու տնօրեն է երեւանյան «Էլ Թրավել Ակումբ» ՍՊԸ-ում (տուրիստական գործակալություն է): Երբ 2021-ին ամուսինը թողել է պատգամավորի մանդատը, հայտարարագիր է ներկայացրել նաեւ Միքայելյանը, որն այն ժամանակ «Յունիբանկի» համակարգչային ադմինիստրավորման եւ կոմունիկացիաների վարչության պետն էր:
Ըստ հայտարարագրի՝ Սիփան Փաշինյանի կինը 2021-ի աշնանն ունեցել է 15 մլն դրամի եւ 1000 դոլարի ավանդներ, բանկային հաշիվներին՝ 110 հազ. դրամ ու 4000 եվրո, ինչպես նաեւ 650 հազ. դրամ կանխիկ: Էլեն Միքայելյանը 2 առանձին տողերով նաեւ կրիպտոարժույթ էր հայտարարագրել: Հայտարարագիրը ներկայացնելուց առաջ՝ 2021-ի ընթացքում, նա ստացել էր ընդհանուր 14 մլն դրամի եկամուտ, որից 8,9 մլն-ը եղել է վարկ «ՎՏԲ-Հայաստան» բանկից, մնացած եկամուտները եղել են «Յունիբանկում» դրված ավանդների տոկոսները, բանկից ու տուրիստական գործակալությունից ստացած աշխատավարձերը եւ, ըստ էության, եկամտահարկի վերադարձ, որը հատկացնում է Ֆինանսների նախարարությունը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախկին պատգամավորի կինը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից կառուցվող շենքից բնակարան է ձեռք բերել, ինչի համար հիպոթեք է վերցրել: Վարկի մայր գումարի մնացորդը 2021-ի հոկտեմբերին կազմել է 20,6 մլն դրամ:
Լուսանկարները՝ vikka.ua, 18000.com.ua, nadiyabud.com, armlur.am կայքերից
Մեկնաբանել