
«Երբ դեղը քիչ է լինում, ես չեմ խմում, ամուսնուս եմ տալիս»
Ջուլիետա Սարգսյանն անշտապ մաքրում է սեղանին դրված բանջարեղենը։ Բազուկից մատները նկատելի կարմրել են։ Արծաթյա մատանին ուղղում է։ Մատանու պատկերները՝ Արցախի պապիկ-տատիկը, Ղազանչեցոց եկեղեցին, Ասկերանի բերդը, նրան անընդհատ տեղափոխում են տուն՝ Արցախ։ Ինքն էլ չէր պատկերացնում, որ մի օր Արցախում իր գնած մատանին այդքան ցավ է պատճառելու իրեն։ Բայց միեւնույն է՝ չի պատրաստվում այն մատից հանել, այդպես ցավի հետ ապրում է՝ ամեն օր մտքով վերադառնալով տուն։
Կեսօրվա արեւը տաքացրել է Մասիսի Այնթապ գյուղի փողոցները։ Տղամարդկանց մի խումբ տներից մեկի բակի ստվերոտ անկյունում հավաքված խոսում է։ Տիկին Ջուլիետայի ամուսինը՝ Համլետ Սարգսյանը, եւս այնտեղ է։ Նրա հետ միասին մոտ 50 մետր քայլում ենք՝ տուն հասնելու համար։ Հենց հասնում ենք, նա ամիջապես նստում է բազմոցին, շնչառական սարքերն արագ միացնում է, հետո ներողություն խնդրում, թե այդպես է՝ մի քանի մետր քայլելուց հետո շունչը կտրվում է, բայց ամբողջ օրն էլ չի կարող տանը նստած մնալ։
Տիկին Ջուլիետան սեղանից հավաքում է կիսատ մաքրած բանջարեղենը, ապա անջատում գազօջախը։ Ճաշը կպատրաստի զրույցից հետո. դեռ կհասցնի մինչեւ թոռների՝ դպրոցից տուն գալը։
Այնթապում Սարգսյանների վարձակալած տունը երեք փոքր սենյակ ունի։ Հյուրասենյակն ու խոհանոցը միացված են։ Հյուրասենյակի մի անկյունը, ասես, հիվանդանոցային անկյուն լինի։ Անկյունում դրված սեղանին Համլետ Սարգսյանի շնչառական ու ճնշման սարքերն են։ Այդտեղից տիկին Ջուլիետան բերում է Ձմեռ պապի պատկերով երկու տուփ։ Բայց դրանցում ոչ թե Նոր տարվա նվերներ են, այլ ամուսինների դեղերն ու դեղատոմսերը։ Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն։
72-ամյա Համլետ Սարգսյանն ասթմա ունի եւ թոքերի անբավարար աշխատանք։ Կինն ասում է՝ թոքերը 40 տոկոսով են աշխատում։ Դրա համար էլ շնչառական սարքեր է օգտագործում։ Ամբողջ գիշեր դրանց օգնությամբ է շնչում։ Այս մարտին վատացել էր, սկզբից տարել էին Մասիսի հիվանդանոց, որտեղից տուն էր եկել ու նորից վատացել։ Արյան ճնշումը բարձրացել էր, ու որդին նրան տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այդտեղ մի քանի օր վճարովի հիվանդասենյակում է մնացել՝ օրական 20 հազար դրամ վճարելով, հետո տեղափոխել են անվճար հիվանդասենյակ։ 10 օր բուժումներից հետո դուրս է գրվել։
2023 թ․ արցախահայության բռնի տեղահանությունից հետո Համլետ Սարգսյանի ինքնազգացողությունը հաճախ է վատանում։ Չնայած մինչեւ այդ էլ ասթմա ուներ, եւ թոքերի վատ էին աշխատում։ Այս ախտորոշումն Արցախում է ստացել դեռ 2016 թ․։ Ստեփանակերտում 6 ամիսը մեկ պառկում էր հիվանդանոցում, բուժում ստանում։ Բռնագաղթից հետո ճնշումը հաճախ է բարձրանում է, ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։
«Հատե ստի մղակը պեց ըմ թողալ, տուս եկալ, դե լա ես մի քիչ լեց ըմ լա ինում, անց լա կենում, լա ինքը տղամարդ ա, լոխ ներս ա գցում, շուտ ա ջղայնանում (դուռն այսպես բաց եմ թողել, դուրս եմ եկել, դե ես մի քիչ լաց եմ լինում, անց է կենում, ինքը տղամարդ է, ամեն ինչ ներս է գցում)»,- ասում է տիկին Ջուլիետան: Նա էլ առիթմիա եւ շաքարային դիաբետ ունի։ Երրորդ խմբի հաշմանդամ է։ Ասում է՝ եթե մի քիչ բարկանում է, սիրտը վատանում է։
Թոշակառու ամուսինները ամսական 70 հազար դրամից ավելի դեղ են գնում։ Ըստ տիկին Ջուլիետայի՝ դեղեր կան, որոնց փոխարինողներ են խմում, որպեսզի ավելի մատչելի լինի։ «Քսարելտոն ամենաթանկ դեղն է, որ երկուսս էլ խմում ենք։ Երբ դեղը քիչ է լինում, ես չեմ խմում, ամուսնուս եմ տալիս, որ գոնե շտապօգնություն չկանչենք այդ պահին»,- ասում է կինն ու ավելացնում, որ Ստեփանակերտում դեղերն անվճար էին ստանում, միայն մի քանի մատչելի դեղեր էին գնում։
Տիկին Ջուլիետան զրույցի ժամանակ պարբերաբար նշում է ամուսնու շնչառական սարքերի մասին, որոնք դժվարությամբ են ձեռք բերել։
Նախորդ տարեվերջին ամուսինը վատացել էր։ Արարատի հիվանդանոցից շտապօգնությամբ տարել էին «Էրեբունի» ԲԿ։ Այդտեղ անվճար ԿՏ եւ ՄՌՏ հետազոտություններ էր անցել, բայց մնացածի համար վճարել էին մոտ 50 հազար դրամ։ Հիվանդանոցում ցուցում էին տվել թթվածնային CPAP սարքից օգտվել, ինչից հետո գնել էին սարքը, քանի որ տանը մշտապես պետք է օգտվի դրանից։
Ամուսիններն ասում են, որ դրսից գնելու համար 270 հազար դրամ էր հարկավոր, իսկ Հայաստանում կրկնակի թանկ է։ Ընտանիքը դիմել էր «Կարմիր խաչին», Առողջապահության նախարարությանը։ Առաջին տեղից հայտնել էին, որ նման սարքերի օգնություն չեն տրամադրում, իսկ նախարարությունը փոխանցել էր, որ անվճար կարող են տրամադրել հիվանդանոցում պառկած ժամանակ։ Մինչդեռ Սարգսյաններին այն անհրաժեշտ էր տանն ունենալ։ Ընդ որում՝ նրանք նախարարությանն ասել էին, որ պատրաստ են սարքի գնի կեսը վճարել։
Ծանոթներից մեկը Սարգսյաններին առաջարկել էր դրամահավաքի միջոցով հավաքել գումարը, բայց հրաժարվել էին։ «Էրեխեքս լացեցին, չթողեցին»,- պատմում է տիկին Ջուլիետան։
Այդ պահին միակ լուծումը տանտիրոջը դիմելն էր, որ մեկ-երկու ամիս տան վարձն ուշացնեն կամ մաս-մաս վճարեն՝ անհրաժեշտ սարքը գնելու համար։ Տան համար ամսական վճարում են 160 հազար դրամ։ Տանտերը համաձայնել էր։
Սա Սարգսյանների երկրորդ տեղահանությունն է։ Մինչեւ 1988 թ. Սումգայիթի ջարդերը ապրել են Բաքվում։ Այդտեղ են ծնվել նրանց 4 դուստրերը, իսկ որդին՝ Ստեփանակերտում։ Մարտակերտի Չլդրան գյուղում ծնված Համլետ Սարգսյանը 17 տարեկան էր, երբ Բաքու է գնացել, որտեղ էլ ծանոթացել է կնոջ հետ։ Այնտեղ վարսավիր էր։ Բաքվից հեռանալուց հետո այլեւս վարսավիրություն չի արել։
Ստեփանակերտում ամուսինները զրոյից տուն են կառուցել։ Համլետ Սարգսյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Պատերազմից հետո շինարարությամբ է զբաղվել։ Մինչեւ Արցախից 2023 թ. բռնագաղթը շարունակում էր աշխատել, չնայած առողջական խնդիրներ ուներ։ Չի բացառում, որ շինարարության փոշին դարձած լինի իր հիվանդության պատճառներից մեկը։
Տիկին Ջուլիետան էլ աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում՝ սկզբից՝ տնտեսվար, հետո՝ մաքրուհի։
«Էն ժամանակ ջահել էի, որ Բաքվից եկա, տուն սարքեցի, հիմա աչքս ոչ մի բան չի ուտում։ Հիմա հենըմ չոլումը»,- շնչառական սարքը հանելուց հետո ասում է 72-ամյա տղամարդը։
Վերադառնում ենք բռնագաղթի օրերին, բայց ավելի շատ լռում ենք զրույցի այդ հատվածում։ Իմ դիմաց երկու առողջական խնդիրներով մարդիկ են նստած, եւ նրանց ամեն մի ապրումը հնարավոր է վատացնի ինքնազգացողությունը։
Ամուսինն ասում է՝ բոլորն էլ գիտեն, թե իրենք ոնց եկան։ Սեպտեմբերի 25-ին որդին եկել էր, ընտանիքին ասել, որ դուրս գան Ստեփանակերտից, իսկ ինքը կգնա բենզին վերցնելու, հետո կմիանա մյուսներին։ Բայց մայրն ընդդիմացել էր՝ խնդրելով, որ միասին գնան։ Տղան տեղի էր տվել, ու երբ միասին հասել էին Շուշիի մոտ, վառելիքի պահեստը պայթել էր։
-Մի օր հնարավոր կլինի՞ հետ գնալ,- հարցնում եմ։
-Չէ, թե կառավարությունն իրանք են, չէ։ Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – հեղ.) ասալ ա՝ Արցախն Ադրբեջան ա, վերջ։ Մեր հայ ազգը հող չի ուզում, փող ա ուզում,- պատասխանում է Համլետ Սարգսյանը։
Տիկին Ջուլիետան սուրճով բաժակները դնում է սեղանին, բայց դա մի պահ նույնիսկ աննկատ է մնում։ Զրույցից հետո, կարծես, մի ծանր ամպ էր նստել հյուրասենյակում։
Լուսանկարները՝ Ռիմա Գրիգորյանի
Մեկնաբանել