HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Արցախի շրջափակման հետևանքները 12-ամյա Վալերին մինչև հիմա զգում է

Շրջափակման վերջին ամիսներին Արցախի փողոցներում հատուկենտ մեքենաներ կային։ Հիմնական փոխադրամիջոցները ձիերն ու ավանակներն էին կամ հեծանիվը։ Օգոստոսն էր՝ շրջափակման իններորդ ամիսը, ու հացի համար հերթերը կարող էին ժամեր ձգվել։ Այդ օրը տասնամյա Վալերին եղբոր ու ընկերոջ հետ հացի էր գնում։ Տղաները հեծանիվով էին, Վալերին երկուսի մեջտեղում էր, որպեսզի անվտանգ լինի, բայց փողոցն անցնելիս քաղաքում շրջող եզակի ավտոմեքենաներից մեկը հարվածեց նրան։ Վալերիին արնաշաղախ, անգիտակից վիճակում հասցրին հիվանդանոց։

«Դեմքն ամբողջությամբ ջնջխված էր, շուրթերը, կոկորդը լրիվ պատռվել էր, ուսը՝ կոտրվել։ Վիրահատող բժշկուհին ասաց, որ առաջին անգամ է նման բան տեսնում ու ձեռքով ամեն բան կարել է»,- պատմում է Վալերիի մայրը՝ Նադեժդա Պետրոսյանը։

Տղային հաջողվեց փրկել, բայց երկարատև բուժում էր անհրաժեշտ։ Դեպքից մեկ ամիս անց սկսվեց Արցախի բնակչության բռնի տեղահանումը։ Վալերին ընտանիքի հետ Ստեփանակերտից եկավ Հայաստան և ապրում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։

«Վթարից հետո Վալերիի վերին ծնոտը չի զարգանում, դեմքը միակողմանի է աճում, որի պատճառով էլ կեցվածքը ծռվում է։ Երեխաս չէր կարողանում ծամել, բերանը նորմալ չէր բացվում»,- պատմում է Նադեժդան։

Հայաստանում երեխային բուժելու համար դիմել են բժշկական հաստատություններ։ Նրանց ասել են, որ դա պլաստիկ միջամտություն է համարվում և ներառված չէ պետպատվերի ցանկում։ Նադեժդան դիմել է Առողջապահության նախարարություն, պատմել դեպքի մանրամասները, խնդրել ընդառաջել, բայց չեն աջակցել։ Հիմա երեխայի վերականգնողական բոլոր ծախսերն իրենք են հոգում։

Նադեժդայի հետ մեր զրույցն ընդհատում են դպրոցից տուն վերադարձող Վալերին ու Արթուրը։ Արևից Վալերիի այտերը վարդագունել են, տղայի դեմքին նայելիս որևէ բան չի հուշում, որ բազմիցս վիրահատվել է։ Հետո նա ժպտում է ու թվացյալ կատարելության տակից երևում են վթարի հետևանքները՝ կոտրված ատամներն ու թեք ծնոտը։

Մեքենայով երեխային հարվածողը ոստիկան է եղել, ընտանիքը բողոքել է, իսկ ոստիկանը սպառնացել է նրանց։ Վրաերթի ենթարկած ոստիկանը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել երեխայի բուժման համար, նաև չի պատժվել իր արարքի համար։

Աղջկա ընտանիքի հետ է ապրում նաև 69-ամյա Իռա Պետրոսյանը։ Հողամասում նա բանջարեղեն, ելակ է աճեցնում։ Ասում է՝ ինչ-որ բանով զբաղվում է՝ այդպես փորձելով ցրել մռայլ մտքերը, թեպետ չի հաջողվում։ Ընտանիքն առաջին անգամ տեղահանվել է Հադրութից՝ 2020թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Տնից ու հայրենիքից բացի Իռան կորցրել է նաև 27-ամյա որդուն՝ Անդրանիկին։ Նա զոհվել է զինադադարի հաջորդ օրը՝ 2020թ նոյեմբերին 10-ին, Մարտունու շրջանում։

«1993 թվականն էր, պատերազմը դեռ շարունակվում էր, շատ կորուստներ կային, այդ ժամանակ ես Հադրութի հիվանդանոցում էի աշխատում։ Մեծ հիվանդանոցում մոտ 100 մարդ էր աշխատում, բոլորս որոշեցինք, որ ամեն մեկս պիտի էլի մի երեխա ունենա, որ լրացնենք պատերազմի կորուստները։ Չորս աղջիկ ունեի այդ ժամանակ ու ծնվեց Անդրանիկը»,- պատմում է տիկին Իռան։

Անդրանիկն ընտանիք չուներ, բանակից վերադառնալուց հետո տունն էր վերանորոգել, մեքենա գնել, ընկերուհի ուներ, բայց ամուսնանալ չհասցրեց։ Որդու զոհվելուց հետո Իռային Ստեփանակերտում բնակարան էին տվել, նա այնտեղ մենակ էր ապրում։

Ընտանիքում միայն Նադեժդայի ամուսինն է աշխատում է, մյուսներն առողջական խնդիրներ ունեն։ Մինչև պատերազմը Նադեժդան նույնպես աշխատում էր, Ջրականի զորամասի խմորեղենի արտադրամասի պատասխանատուն էր։ Հիմա աշխատել չի կարող, առողջական խնդիրներ ունի, 12 անգամ վիրահատվել է, որից հինգը՝ տեղահանությունից հետո։

«Ամեն տեղս վիրահատած է՝ հոդերս, ողնաշարս։ Երբ եկանք էստեղ, սթրեսից նյարդային խնդիրներս սրվեցին, մատներս էնպես էին կծկվել, որ ստիպված վիրահատեցին։ Ու էդպես բոլորի մոտ է, ում հետ խոսում եմ՝ հիվանդ են, էս դեպքերից հետո արցախցիների 90%-ը հիվանդացավ»,- ասում է Նադեժդան։

Տեղահանությունից հետո նաև մոր մոտ են առողջական խնդիրները գլուխ բարձրացրել։ Իռայի սիրտն են վիրահատել և հիմա թոշակի զգալի մասը դեղերին է հատկացնում, մի քանիսն էլ անվճար է ստանում։

Մինչև Այնթապ տեղափոխվելը Պետրոսյանների ընտանիքը Ոսկետափ գյուղի մանկապարտեզում է բնակվել, հետո այնտեղ վերանորոգում է սկսվել, իրենք էլ տեղափոխվել են։ Տունը, ուր հիմա ապրում են, մեծ է ու խոնավ, անձրևոտ օրերին սենյակներում տաշտակներ են դնում։ «Չեմ դժգոհում, կարևորը տանիք ունենք, ուզում եմ միայն տղայիս առողջությունը կարգավորվի, ոչ մի բան մեզ համար հեշտ չի էստեղ, բայց հույս ունեմ, որ լավ է լինելու», - ասում է Նադեժդան։

Գլխավոր լուսանկարում՝ Վալերի Հակոբյանը

Լուսանկարները՝ հեղինակի

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter