
«Շարունակիր հետևել նշաններին». Պաուլո Կոելյոյի խորհուրդը հայ երիտասարդ դրամատուրգին
Չորս տարի առաջ այս և այլ նշանների պատճառով Արթուր Հարոյանը հայտնվեց Բրազիլիայում
Նշաններ, շատ նշաններ: Անսահման շատ նշաններ և բոլորը՝ կապված Բրազիլիայի հետ: Երբ փոքր էի, ու լամբադա պարը նոր էր հայտնի մեր շրջապատում և միաժամանակ ոչ շատ ընդունելի պարային ձև էր, բարեկամներն ու հարևանները հավաքվում էին, մթի և սովի տարիներ էին, սերիալ էին դիտում և խնդրում էին ինձ և քրոջս պարել: Սա առաջին ասոցիացիան էր Բրազիլիայի հետ: Հետո մանկապարտեզում երկրաշարժի օրը, երբ ամեն ինչ սկսեց փլվել, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Հասցրի դուրս թռչել շենքից. աստիճանների վրա գտա այն աղջկա թաշկինակն, ում սիրահարվել էի: Թաշկինակի վրա Բրազիլիայի դրոշն էր: Աղջիկը լացում էր վախից, հայրը կողքին էր, քաջություն չունեցա թաշկինակը վերադարձնելու… Ավելի հասուն տարիքում նվեր ստացա. Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսն» էր: Կրկին Բրազիլիա: Կապ հաստատեցի Կոելյոյի հետ, գրեցի այն ամենի մասին, ինչ հիմա քեզ եմ ասում: Իսկ նա ինձ պատասխանեց. «Կյանքը մարտ է, իսկ դու պետք է լինես նրա խելացի և ուժեղ զինվորը: Շարունակիր հետևել նշաններին»: Տոմս գնեցի և գնացի Բրազիլիա` որպես զբոսաշրջիկ: Արդեն չորս տարի է, այստեղ եմ:
Ինչպե՞ս կարողացար ի սկզբանե հարմարվել նոր տարածությանն ու մարդկանց: Լեզուն գիտեի՞ր:
Գնել էի մի քանի բառարան, սակայն պորտուգալերենը հստակ տարբերվում է Բրազիլիայի պորտուգալերենից: Հեռավորությունից չէի նեղվում: Պատասխանատվություն այդ պահին զգում էի միայն իմ հանդեպ:
Բրազիլիայո՞ւմ սկսեցիր գրել պիեսներ, առնչություն ունենալ թատրոնի հետ, թե՞ այդ ամենի սկիզբը դրվել էր Հայաստանում:
Դեռ բանակում էի գրում և դրանից առաջ: Երբ ապրում էի Ամազոնիայում, ցուցահանդես կազմակերպեցի Հայաստանի մասին, և մեծ հաջողություն ունեցավ: Հետո ընդունվեցի թատերական դպրոց: Սկսեցի նկարահանվել, ընկերներով թատերական խումբ ստեծեցինք` «Տապան» անունով (Arca` պորտուգալերենով): Աշխատանքի անցա հայկական դպրոցում:
Համացանցից տեղեկացա քո և քո գործունեության մասին: Հիմա պատրաստվում ես բրազիլացի հանդիսատեսին ներկայացնել «1915» ներկայացումը: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:
«1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի և թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ և ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաև ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ և մենախոսություններ, ինչպես նաև իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Թատերական կյանքը փաստորեն սկսեցիր արտերկրում: Ինչո՞ւ:
Մինչ այդ էլ Վանաձորի պետական թատրոնում խաղում էի: Հովհաննես Թեքգյոզյանը մի հրաշալի պիես ուներ` «Մետաստազը», որտեղ գանգրահեր տղայի կերպարն էի մարմնավորում: Հետո անցա ժամկետային ծառայության: Երբ վերադարձա, ուզում էի շարունակել աշխատել թատրոնում, բայց ընտանեկան խնդիրներ առաջացան. հայրս դեմ էր… Իսկ հիմա ես դերասան եմ, բայց այլ տիրույթում` հեռվում:
Հայաստան վերադառնալու մասին չե՞ս մտածում:
Մտածում եմ, բայց արդեն որպես զբոսաշրջիկ: Իմ նշանները, էությունը, ապրելաոճն այստեղ են: Հայաստանի մասին միշտ էլ մտածում եմ: Եվ օգնել կարելի է նաև հեռվից, ինչն անում եմ այս պահին:
Անդրադառնանք Բրազիլիային, վերջինիս արվեստի ընկալումներին: Ինչպիսի՞ն է բրազիլացի հանդիսատեսը:
Տարբեր ազգերից կազմված այս պետությունը (ճապոնացիներ, իսպանացիներ, իտալացիներ, գերմանացիներ) իր տարրերով անդրադառնում է արվեստիս վրա, և իհարկե տեղի հայտնի հայերը նույնպես` Արաքսի Բալաբանյանը, Ստեփան Ներսիսյանը, որոնց անձամբ եմ ճանաչում: Այստեղ, փողոցից սկսած, դու տեսնում ես այն, ինչ ազդեցություն է թողնում քեզ վրա և շատ ուժեղ. կանայք, որոնք մերկ են և տարբեր ֆիգուրներ են պատկերում իրենց մարմիններին, որոնք պարում են և փողոցում…, հեռուստանովելներ, որոնք հեռու են հայկական իրականության սերիալներից, որոնք պրոֆեսիոնալ են, ասելիք ունեն: Այլ շատ լավ ֆիլմեր էլ ունեն, որոնցից մեկի ժամանակ ծանոթացա Էդուարդո Սեմերջյանի հետ` արմատներով հայ դերասան, ով ծնվել և մեծացել է Սան Պաուլուում: Կարճ ասած` այստեղ արվեստի յուրաքանչյուր ձև կարող է հաստատվել և մեծ հաջողություն ունենալ:
Վերադառնալով «1915» ներկայացմանը… Ինչպե՞ս այն կընդունի բրազիլացի հանդիստեսը: Արդյոք նա ծանո՞թ է հայ ազգի պատմությանը:
Ներկայացման ռեժիսորը բազմիցս ասել է, որ բրազիլացի հանդիսատեսին ավելի մոտ է կոմեդիան, սակայն որոշեցինք ռիսկի գնալ: Դերասանական կազմում ընդգրկված են միմիայն բրազիլացիներ. միայն ես եմ հայ և բեմի ձևավորողներից մեկը` Սարգիս Սեմիրջյանը: Գիտե՞ս` ինչն է հետաքրքիր. բրազիլացի դերասաններն զգում են ներկայացումը, ամեն փորձից հետո լացելով են տուն գնում: Եվ ես շնորհակալ եմ նրանց դրա համար: Թատրոնը, որտեղ բեմադրվում է ներկայացումը, կոչվում է Viga Espaço Cênico: Բեմն ամբողջությամբ համընկնում է այն տանը, այն միջավայրին, որը ես նկարագրել եմ պիեսում: Պրեմիերան կլինի հոկտեմբերին:
Արթուր, ստացվում է` մեկ ընտանիքի ողբերգությամբ փորձել ես ցույց տալ մի ամբողջ ազգի ողբերգությունը:
Կարելի է ասել, այո: Դեռ շատ բան կցանկանայի ասել ներկայացման միջոցով, բայց երբեմն հարկավոր է լինել կարճ և կոնկրետ: Այս ներկայացման խորհուրդն այն է, որ նույն ցավը զգան օտարները՝ ցանկացած բրազիլացի, որը կնայի ներկայացումը: Դերասանուհիները հայերեն են երգելու ներկայացման ընթացքում: Բացատրել եմ երգի իմաստը, թարգմանել: Այնպես են երգում` և ես, և իրենք փշաքաղվում ենք: Հավատում եմ, որ ներկայացումը կկայանա Բրազիլիայում: Ինձ համար շատ կարևոր է նրանց արձագանքը:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել