HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը քիչ առաջ արդարացվեց: Դատարանը ճանաչեց Դ. Սանասարյանին անպարտ և արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Արդարացման դատավճիռը հրապարակվել է գործը մոտ 6 տարի դատարանում քննվելուց հետո: Դատավճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Ըստ մեղադրանքի՝ Պետական վերահսկողական ծառայությունում պաշտոնների են նշանակվել պետական գնումների ընթացակարգերում մասնակցող անձինք, որոնք հետագայում ամենօրյա ռեժիմով զբաղվել են իրենց պատկանող ընկերությունների կառավարմամբ։ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Ադյանն, ըստ մեղադրանքի, միաժամանակ եղել է «Զորաշեն» ՍՊԸ-ի սեփականատերը, իսկ նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը զբաղվել է «Մեդէքսպերտ» ընկերության կառավարմամբ:

«Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- նշված է մեղադրանքում:

ՊՎԾ վերը նշված պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ 2018-2019թթ. ընթացքում Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին ապօրինի կերպով միջամտելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ պարտադրել են փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր: Այս գործողությունների նպատակն, ըստ մեղադրանքի, եղել է հայտարարված մրցույթներում Սամվել Ադյանի հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաղթանակն ապահովելը:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանը չի ընդունել մեղադրանքը և հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter