
Ֆոտոխցիկը՝ որպես խղճի հայելի. Սեբաստյան Սալգադու
Բրազիլացի լուսանկարիչ-վավերագրող Սեբաստյան Սալգադուն համոզված էր, որ յուրաքանչյուր մարդու պատմություն արժանի է լսելի դառնալու։ Նրա խորաթափանց սև-սպիտակ լուսանկարները պատմում են աշխարհի տաբեր ծայրերում ապրող մարդկանց ծանր կյանքից։ Դրանք խոսում են ոչ միայն աղքատության, տառապանքների, այլև մարդու ուժի մասին։ Սալգադուն պատկերում էր բնության վրա մարդու ավերիչ ազդեցությունը։ Նրա ֆոտոպատմությունները կոչ են անում դադարել վերաբերվել երկրագնդին որպես անսպառ ռեսուրսի։ Նա կարծում էր, որ միայն բնության վերականգնումով կարող է վերականգնվել մարդկությունը։
Սալգադուն ծնվել է 1944 թվականին, Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Այմորես քաղաքում։ Ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Վաթսունականների ուսանողական շարժումների ակտիվ մասնակից ամուսիններ Սեբաստյան և Լեյլա Սալգադուները ստիպված էին լքել Բրազիլիան։ 1970-ականներին տեղափոխվում են Ֆրանսիա։ Տնտեսագետ Սեբաստյան Սալգադուն Համաշխարհային բանկի ծրագրերով հաճախ էր գործուղվում աֆրիկական երկրներ։ Կնոջ գնած ֆոտոխցիկը և Սեբաստյանի լուսանկարչական առաջին փորձերը ճակատագրական դարձան։ 1973թ.-ին նա թողնում է տնտեսագետի կարիերան և նվիրում կյանքը լուսանկարչությանը։ Լուսանկարչի ծրագրերի սատարողը և համակարգողը կինն էր՝ Լեյլան։
«Լուսանկարել նշանակում է ուշադրություն դարձնել կյանքի մի պահին ոչ թե սպառողի հայացքով, այլ հարգանքով». Սեբաստյան Սալգադու
Նրա լուսանկարչական ծրագրերը ընդգրկում են ավելի քան 130 երկիր՝ հինգ տասնամյակների ընթացքում։ Աղքատություն, միգրացիա, էկոլոգիական ճգնաժամեր, բռնություններ պատկերող Սալգադուի ֆոտոպատմությունները դարձան հումանիտար աղետների մասին համամարդկային լեզվով խոսող վկայություններ։ Սալգադուի լուսանկարներում կարծես հայելու պես արտացոլվի մարդկության խիղճը։
Սալգադուն ակտիվորեն սկսեց աշխատել տարիներ ձգվող լուսանկարչական նախագծերի վրա, նա հրապարակում է հեղինակային ֆոտոգրքեր, ինչպիսիք են «Այլ Ամերիկան», «Աշխատողները», «Միգրանտները»։ 2004 թ.-ից սկսած Սալգադուն աշխատում է «Գենեզիս» նախագծի վրա։ Այդ նախագծի շրջանակներում լուսանկարիչը վավերագրում է մարդու և քաղաքակրթության կողմից դեռևս անձեռնմխելի լանդշաֆտները, դրանց ֆլորան և ֆաունան։ Բռնությունների և դաժանությունների մասին պատմող լուսանկարչի համար կարծես բնությունն էր, որ թույլ տվեց չկորցնել հավատը մարդկության նկատմամբ։
Սալգադուի կյանքի վերջին փուլի ամենակարևոր նախագիծը, սակայն, կապված չէր լուսանկարչության հետ։ 1998 թվականին Ռուանդայի ուղևորությունից վերադարձած, ֆիզիկապես և հոգեպես հյուծված Սալգադուին բժիշկները խորհուրդ էին տվել դադար վերցնել։ Կնոջ հետ վերադարձան հայրենի Բրազիլիա՝ Այմորեսում գտնվող հայրական ֆերմա, որտեղ անցել էր լուսանկարչի մանկությունը։ Տրոպիկական փարթամ անտառները՝ ֆերմայի շուրջը, որ մնացել էին հիշողությունում, մարդկային գործոնների, անտառահատումների պատճառով վերածվել էին անկենդան անապատի։ Ամուսիններ Սեբաստյան և Լեյլա Սալգադուները որոշեցին բնությանը վերադարձնել իր բնական վիճակը։ Իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացրին շատերի կարծիքով անիրագործելի այդ գործին։ Մոտ քսան տարի տևած աշխատանքները տվեցին իրենց արդյունքները, տնկվեց երկու միլիոնից ավել ծառ։
Ռեժիսոր Վիմ Վենդերսը, ով 25 տարի շարունակ ուսումնասիրել է լուսանկարչի աշխատանքները, Սեբաստյանի որդու՝ բրազիլացի ռեժիսոր և օպերատոր՝ Ժուլիան Ռիբեյրո Սալգադուի հետ նկարահանել է Սեբաստյան Սալգադուի մասին պատմող «Երկրի աղը» ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմը արժանացել է հատուկ մրցանակի։
2025թ.-ի մայիսի 23-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ լուսանկարչության պատմության ամենաազդեցիկ կերպարներից մեկը՝ Սեբաստյան Սալգադուն։
Մեկնաբանել