
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ամենախիստ պատիժն են պահանջում Իշխան Վահանյանի համար
Խուռհատ սարի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գայանե Հովակիմյանն ու Գուրգեն Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր իրենց դիրքորոշումը հայտնեցին ամբաստանյալ Իշխան Վահանյանի պատժի վերաբերյալ՝ խնդրելով դատարանին ամենախիստ պատիժ նշանակել Վահանյանի նկատմամբ։
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել կամ գերեվարվել է։
«Պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը ներկա պահին դեռևս գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավել խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանին՝ որպես սպայի, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ հանցանքների կատարումը։ Դատարանից խնդրում ենք Վահանյանի նկատմամբ նշանակել ամենախիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միտումնավոր, թե անփութորեն ոչ պատշաճ կատարելու և վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերով միջնորդություն ուղարկել դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի՝ լինելով գումարտակի հրամանատար և պատասխանատու նշված դիրքերը պաշտպանելու հարցում՝ Վահանյանը թույլ է տվել հանցավոր անփութություն, որն էլ հանգեցրել է ծանր հետևանքի։ Նա տեղյակ է եղել գումարտակի բարոյահոգեբանական վիճակի մասին, քանի որ մինչ այդ զբաղեցրել է շտաբի պետի պաշտոնը։ Քաջատեղյակ է եղել 5-րդ գումարտակի անձնակազմի սպայական կազմի ոչ լրիվ և փորձառու սպաներով համալրված չլինելու մասին, շարքային կազմի անփորձ լինելու մասին, և անձնակազմի կողմից ռազմամթերքով և անհրաժեշտ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարելու համար համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում 5-րդ գումարտակը տեղավորել է Խուռհատ սարի դիրքերում։
«Լինելով փորձառու սպա, լավ հասկանալով թույլ տրված սխալների հետևանքը՝ Վահանյանը լքել է մարտի դաշտը՝ թողնելով 5-րդ գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի ստորաբաժանումների միջև կապը, իր հետ տանելով «հայտեռա» տեսակի կապի միջոցը։ Այդ քայլը ոչ միայն փլուզել է գումարտակի պաշտպանությունը, այլ նաև բացասական ծանր հետևանք ունեցել գումարտակի վրա»,- նման գնահատական տվեց Գուրգեն Գրիգորյանը։
Ժամանավոր բացակայության դեպքում հրամանատարը իր պարտականությունները թողնում է իր տեղակալին՝ այդ մասին զեկուցելով ավագ հրամանատարին։ Ըստ Գրիգորյանի՝ օրենքի նշված պահանջները Իշխան Վահանյանի կողմից չկատարելու փաստը հիմնավորել են 5-րդ գումարտակի սպայկական կազմը, տեղակալ Հայկազ Գրիգորյանը, 5-րդ գումարտակի նախկին հրամանատար Վազգեն Վարդանյանը, հրետանու մարտկոցի նախկին հրամանատար Արսեն Ղարիբյանը և 13-րդ վաշտի հրամանատար Ղարիբ Ջավադյանը։
Մի շարք նույնաբովանդակ ցուցմունքներով հիմնավորվել է նաև, որ մարտական գործողությունների թեժ պահին Իշխան Վահանյանը հայտնել է իր վիրավոր լինելու մասին, նստել է մեքենան և հեռացել։ Իր պարտականությունները կատարելու ուղությամբ իր հրամանատարական կազմին չի տվել ոչ մի ցուցում։ Այն, որ Իշխան Վահանյանը հեռացել է մարտական դիրքից՝ թողնելով գումարտակը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարին, իր նախաքննական ցուցմունքով հաստատել է Ջրականի զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանը։ Տուժող Արթուր Հարությունյանն էլ նշել է, որ Վահանյանի հեռանալուց եղել է նրա կողքին և տեսել է վերջինիս, որ նա ազատ տեղաշարժվել է, իսկ մյուս տուժող Դավիթ Սահակյանը տեսել է հեռացող կամազ ավտոմեքենան, որի մեջ գտնվել է Վահանյանը, ով փորձ չի արել վիրավորներ դուրս բերել մարտի դաշտից։
Գրիգորյանը շեշտեց՝ ցուցմունք տված տուժողներից և վկաներից ոչ ոք չի հայտնել, որ Վահանյանը ի վիճակի չի եղել կատարելու իր պարտականությունները։
Վերջիններս նշել են, որ մարտերի սկսելուց հետո վերադաս հրամանատարի կողմից որևէ կոնկրետ հարաման չեն ստացել անգամ այն պարագայում, երբ թշնամու հարձակումից հետո ունեցել են կորուստներ և վիրավորներ։ Իշխան Վահանյանը անգամ որևիցե հրաման չի տվել կանոնակարգելու, մարտի դաշտից վիրավոր զինվորների և զոհված զինծառայողների դիերի դուրսբերման ուղությամբ։ Նահանջի ընթացքում գումարտակի՝ մի քանի մասին բաժանվելու վրա մեծ ազդեցություն է ունեցել Իշխան Վահանյանի կողմից հեռանալը, և բերել գումարատակի անձնակազմի կողմից հրամանատարական կազմի նկատմամբ վստահության վերացմանը, որն էլ իր ազդեցությունն է թողել շրջափակումից դուրս գալու գործողության վրա և հանգեցրել ծանր հետևանքների։
Իշխան Վահանյանը պատշաճ կերպով չի վերաբերվել իր պարտականությույններին, մինչև մարտական դիրքեր բարձրանալը, Խուռհատ սարի վրա որևիցե աշխատանք չի կատարել՝ 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար, չի փորձել որևիցե կերպ համալրել գումարտակը, մարտական դիրրքեր բարձրանալիս չի փորձել բարենպաստ դիրքավորել գումարտակը և չի կատարել որևիցե ինժեներական աշխատանք։
Ըստ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների՝ նշված գործողությունները կատարելու պայմաններում գումարտակը կհայտնվեր ավելի բարենպաստ պայմաններում և կբարձրացներ գումարտակի մարտունակությունը։ Այդ պարագայում հնարավոր էր թույլ չտալ մարտական դիրքերի փլուզումը, հատկապես այն պարագայում, երբ թշնամին հարձակումը իրականացրել է հրաձգային զինատեսակով։ Այդ մասին դատարանում ցուցմունք են տվել բոլոր հարցաքննվածները։
«Դատաքննության ընթացքում ձեռք բերվեցին ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը անփույթ վերաբերվելու փաստի մասին». Գուրգեն Գրիգորյան
«Վերը շարադրվածից ակնհայտորեն երևում է, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 375-հոդվածի 4-րդ մասի, 380 հոդվածի 1-ին մասի Վահանյանը կատարել է ևս երկու հանցագործություն։ Դրանցից մեկը կայանում է նրանում, որ Վահանյանը մարտի դաշտից հեռանալիս անօգնական վիճակի մեջ է թողել գումարտակի զինվորներին, և երկրորդը կայանում է նրանում, որ Վահանյանը, խախտելով ԶՈՒ կանոնագիրքը, անփութորեն է վերաբերվել իր վրա դրված պարտականություններին, պատշաճ կերպով չի կազմակերպել 5-րդ գումարտակի պաշտպանությունը, որը հանգեցրել է ծանր հետևանքի։ Իշխան Վահանյանի նշված գործողությունները ոչ մի կապ չունեն սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ, և թե պաշտպանական գործողությունները, և թե վիրավոր զինվորներին մարտի դաշտում թողնելը, դրանք առանձին ավարտված հանցագործության դեպքեր են, և արտացոլված չեն սույն քրեական գործի մեղադրանքում։
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում ակնհայտորեն ձեռք բերվեցին ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը անփույթ վերաբերվելու փաստի մասին։ 2020թ. հոսկտեմբերի 9-ին Արցախի պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Աշոտ Ղազարյանը և Ալյոշ Դավթյանը այցելել են 5-րդ գումարտակի գտնվելու վայր, հրահանգավորել են Վահանյանին՝ դիրքերի պաշտպանության և անվտանգության կազմակերպելու ուղությամբ, և արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին Վահանյանը զանգահարել է Աշոտ Ղազարյանին և զեկուցել, որ զորքը փախչում է։ Դա նույնպես խոսում է այն մասին, որ Վահանյանը չի կատարել վերադաս պետերի տրված հրամանները, իսկ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը չի փորձել ճշտելու 5-րդ գումարտակում տիրող իրավիճակին և պաշտպանական դիրքերի կազմակերպման ուղությամբ կատարված աշխատանքների մասին։ Դա նշանակում է, որ զորամասի հրամանատարը չի կատարել իր պարտականությունները»,- եզրափակիչ ելույթում նշեցին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։
Գուրգեն Գրիգորյանը հայտնեց, որ ամբողջությամբ և լիովին համաձայն են մեղադրողի մեղադրական ճառում բերված հիմնավորումների հետ և Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորվում է նաև այլ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել դատաքննության ընթացքում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին։
Մեկնաբանել