HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ վճռով արձանագրվել է դատավորի իրավունքների խախտում. իսկ ո՞վ պետք է վարույթ նախաձեռնի ԲԴԽ անդամների դեմ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025թ. հունվարի 23-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա: ՄԻԵԴ-ն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում, որը վերաբերել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկը մերժելուն:

Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՄԻԵԴ-ի՝ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2015թ. դեկտեմբերի 3-ին կայացված վճիռը: Արդարադատության նախարարության կողմից վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք էր հայտնաբերվել, և նախարարը դիմել էր ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Կարգապահական նիստի ժամանակ Ս. Անտոնյանի ներկայացուցիչը Կարեն Անդրեասյանին բացարկ էր հայտնել ակնհայտ հիմքով, այն է` ԲԴԽ նախագահը և կարգապահական վարույթի միջնորդությունը ԲԴԽ ներկայացրած Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ունեն համատեղ տնտեսական շահ: Նախարարը և ԲԴԽ նախագահի կինը հանդիսանում են AM իրավաբանական ընկերության մասնակիցներ: Ի դեպ նույն հարցն է առաջացել նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի կարգապահական վարույթի քննության ընթացքում։ Այդ ժամանակ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որը համընկնում է ՄԻԵԴ վճռում արտահայտված իրավական դիրքորոշմանը:

Արդյունքում ԲԴԽ-ն, անտեսելով այդ հանգամանքը, Կ. Անդրեասյանի նախագահությամբ, որոշել է Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնել: Նույն հանգամանքներում դադարեցվել են նաև Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:

Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետևաբար նրա անդամների վրա տարածվում են նույն կարգավորումները, որոնք վերաբերում են դատավորներին:

Նշված կարգապահական գործերով պատասխանատվության ենթարկվող դատավորների ներկայացուցիչները բարձրաձայնում էին, որ ԲԴԽ անդամները, մերժելով Կարեն Անդրեասյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, հեղինակազրկել են դատական իշխանությանը ինչպես հանրության, այնպես էլ իրավաբանական, մասնագիտական շրջանակների առջև: Համատեղ տնտեսական շահի առկայության պայմաններում խուսափել են ԲԴԽ նախագահին հեռացնել գործի քննությունից` թույլ տալով, որ կասկածի տակ դրվի դատավորների անկախությունն ու անաչառությունը:

ԲԴԽ կազմում կան նաև գործող դատավորներ, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ առնչվում են դատարանի անաչառության սկզբունքը պահելու և դատարանի հեղինակությանը չվնասելու խնդրին, և նման բացթողումը չէր կարող պատահականության արդյունք լինել: ԲԴԽ դատավոր անդամները դրա ամենօրյա կրողներն են:

ԲԴԽ անդամների կողմից նման վարքագիծ է դրսևորվել նաև հետագայում`այսինքն թույլ են տվել, որ Կարեն Անդրեասյանը շարունակի մասնակցել այն գործերի քննությանը, որոնց վերաբերյալ միջնորդությունները ԲԴԽ են ներկայացվել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից:

«Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ…»,- նշված է դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշման մեջ:

Այսինքն դատավոր Անտոնյանի լիազորությունները դադարեցվել է այն բանի համար, որը թույլ են տվել նաև ԲԴԽ անդամները, երբ դադարեցրել են Անտոնյանի լիազորությունները։ Իսկ ո՞վ պետք է զբաղվի ԲԴԽ անդամներին ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն օրենքով էական կարգապահական խախտում է համարվում այն խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող արարքի հայտնաբերումը։ Դրա թվին է դասվում նաև ՄԻԵԴ-ի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

Հիմք ընդունելով Ս. Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը, արձանագրված միջազգային պայմանագրով ամրագրված իրավունքի խախտում թույլ են տվել որոշումը ստորագրած ԲԴԽ անդամները՝ ներկայում պաշտոնավարող դատավորներ` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը, նույն դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Չիչոյանը, ներկայումս քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանը, քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն  Քոչարյանը, գիտնական անդամ Երանուհի Թումանյանցն ու Կարեն Անդրեասյանը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Վերջինս վարույթ կարող է հարուցել միայն վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության հետ կապված անհամապատասխանության հիմքերով:

Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի հիման վրա ԲԴԽ դատավոր անդամների նկատմամբ նախաձեռնվել կամ հարուցվել է կարգապահական վարույթ:

Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքոնյանը, հղում կատարելով Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածին, պատասխանեց, թե այս դեպքում ԲԴԽ անդամի կարգապահական պատասխանատվության հարցը լուծվում է հենց ԲԴԽ-ի կողմից։

Ըստ այդ հոդվածի՝ ԲԴԽ անդամին խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` նույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհուրդը քննում է առնվազն իր երեք անդամի միջնորդության հիման վրա:

Արդարադատության նախարարությունը, ըստ էության փորձում է խուսափել վարույթ նախաձեռնելուց, քանի որ ԲԴԽ-ն կարող է միայն իր անդամին պատասխանատվության ենթարկելու հարց քննարկել: Չի կարող նախաձեռնել այն դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը, որոնք ՄԻԵԴ-ի արձանագրած խախտումներով որոշում կայացնելու ժամանակ թեև եղել են անդամ, բայց այսօր՝ ոչ: Օրինակ՝ դատավորներ Հայկ Գրիգորյանը, Նաիրա Հովսեփյանը, Մեսրոպ Մակյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանն արդեն ԲԴԽ անդամներ չեն, սակայն շարունակում են պահպանել դատավորի կարգավիճակը, հետևաբար ոչ թե ԲԴԽ-ն պետք է այդ հարցով զբաղվի, այլ Արդարադատության նախարարությունը:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ԲԴԽ գիտնական անդամ Երանուհի Թումանյանցին: Նա, «Հետքի» հետ զրույցում հղում կատարելով հենց նույն հոդվածին, նշեց, որ այս դեպքում ԲԴԽ-ն վարույթ հարուցող մարմին չէ, հետևաբար հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է:

Իսկ ո՞վ պետք է զբաղվի ԲԴԽ անդամների հարցով: ՄԻԵԴ-ում են գտնվում մոտ մեկ տասնյակ դատավորների գործեր, որոնց լիազորությունները դադարեցրել է ԲԴԽ-ն: Չի բացառվում, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ ևս նմանատիպ վճիռներ կայացնի:

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Առնվազն աշխատանքի վերականգման և պարապուրդի հատուցման պահանջներն ակնհայտ են։ Եթե համապատասխան պահանջ լինի, կարելի է դիտարկել նաև անձին վնաս պատճառելու հարցը, քանի որ իրավաբան-ռեժիսիոր Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ դիտավորյալ կայացրած սխալ որոշման արդյունքում անձը զրկվել է աշխատանքից, եկամտից, թոշակ ստանալու իրավունքից, արատավորվել է նրա բարի համբավը։ Ինչու դիտավորյալ, քանի որ, եթե Անդրեասյանը այդ պահին չի գիտակցել կամ չի ընմբռնել իր գործողությունների անօրինական լինելը, նիստի ընթացքում ԲԴԽ բոլոր անդամներին հանգամանալից դրա մասին միջնորդությամբ ներկայացվել է՝ իր գործողությունների ապօրինի լինելու մասին։ Մեր օրերում ռեժիսիորներին պատասխանատվության կանչելը արտառոց բան չէ, մանավանդ անհաջող ռեժիսիորին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter