HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: Ստորեւ՝ Ալեն Սիմոնյանւ ելույթը։

«Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր երկրների միջեւ համագործակցության խորացման համար: Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Մեծ հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում:

Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության եւ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Սակայն հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն եւ կայունություն: Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարեւոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից եւ մշակույթից մինչեւ զբոսաշրջություն ու առողջապահություն:

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Այստեղ են ձեւավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության եւ նորարարությունների ոլորտներում հստակ ծրագրերի:

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարեւորությունը: Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձեւավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր եւ կայուն հիմք: Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում խթանելու անմիջական կապերն ու համատեղ նախաձեռնությունները:

Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների եւ վերափոխումների, առավել քան երբեւէ, կարեւոր է պետությունների ու տարածաշրջանների կայուն, փոխշահավետ եւ երկարաժամկետ համագործակցություն հաստատելուն ու զարգացմանն ուղղված քայլերը:

Համոզված եմ, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ կարեւոր խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման եւ միջտարածաշրջանային կապերի խորացման գործում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- եզրափակել է ելույթն ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter