
Հայ առաքելական եկեղեցին իշխանությունների թիրախում. ինչից սկսվեց հակամարտությունը
Այսօր՝ հունիսի 9-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական գրառումն արեց Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ։ Սա վերջին 11 օրերի ընթացքում վարչապետի արդեն 18-րդ գրառումն էր։
Փաշինայնն իր գրառման մեջ պնդել է, որ Գարեգին Երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը և երեխա ունի։ Վարչապետը նաև նշել է, որ եթե կաթողիկոսը փորձի հերքել սա, ապացույցներ կներկայացնի։
«Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,- գրել է Փաշինյանը։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս արշավը Նիկոլ Փաշինայնը սկսեց մայիսի 29-ին։ Կառավարության հերթական նիստում նա եկեղեցիներն անվանեց «չուլանացված»։
Վարչապետի այս հայտարարությանը եկեղեցականները բավական մեղմ արձագանքեցին։ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն օրինակ գնահատելի համարեց, որ վարչապետը վերջապես ընկալել է սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանության պատասխանատվությունը։
«Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը»,- գրել էր Սրբազանը։
Հաջորդ օրն առավոտյան վարչապետի արած գրառումը ցնցեց հայ հասարակությանը։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել էր Փաշինjանը։
Այս գրառման մեկնաբանություններում օգտատերերը չէին կարողանում հավատալ, որ հեղինակը վարչապետն էր։ Նույնիսկ կարծիքներ էին հնչում, որ նրա էջը կոտրել են։ Սակայն, դրանից րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն արեց։
«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»,- գրել էր նա։
Օրվա ընթացքում վարչապետը ևս 4 գրառում արեց հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ։
Օրվա ավարտին վարչապետն ավելի հեռուն գնաց գրելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Իսկ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Թե ինչպես է Փաշինյանը պատկերացնում սա հայտնի չէ։ Համաձայն ՀՀ Սահմանդրության եկեղեցին և պետությունը անջատ են և կառավարությունը որևէ կերպ չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։
Նույն օրը եկեղեցուն թիրախավորող գրառում կատարեց նաև Աննա Հակոբյանը։ Եթե Փաշինյանը հոգևորականներին մեղադրում էր եկեղեցական կանոնները խախտելու մեջ, ապա Աննա Հակոբյանը նրանց մեղադրեց քրեորեն պատժելի արարք կատարելու՝ մանկապղծության մեջ։
«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»,- գրել էր Հակոբյանը։
Հայ առաքելալան եկեղեցին Փաշինյանի հայտարարություններին անդրադարձավ հունիսի 2-ին։ Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստից հետո տարածված հայտարաարության մեջ ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները և կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները։
«Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»,- ասված էր հայտարարության մեջ։
Բացի Մայր Աթոռից Փաշինյանի հայտարարությունների կապը ՀԱԵ-ի հասցեին Ադրբեջանից հնչող մեղադրանքների հետ նկատեցին նաև քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ։
Հիշեցենենք, որ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն թիրախավորել էր Հայ առաքելական եղեկեցուն։ Նա Էջմիածինն ու Երևանը անվանել էր ադրբեջանական տարածք և մեղադրել հայերին այդ տարածքները «յուրացնելու» մեջ։
Փաշազադեի այս հայտարարությունները Մայր Աթոռը զավեշտալի և ստահոդ էր որակել։
«Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից»,- ասված էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները լարված էին դեռ 2018 թվականից։ Այդ ժամանակ մի խումբ ակիտվիստներ սկսել էին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը», որը վայելում էր նաև նոր իշխանության եկած Փաշինյանի որոշ թիմակիցների հովանավորությունը։ Իսկ այդ շարժման ղեկավարներից Կարեն Պետրոսյանը նշանակվեց ՀՊՏՀ Գյուրում մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ապա տնօրեն։
Իշխանություն-եկեղեցի հակասություններն ավելի խորացան 2020-ի դեկտեմբերին, երբ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կոթողիկոսները հորդորեցին Փաշինյանին հրաժարական տալ։ Հետագայում Գարեգին Բ-ն կրկնել է այդ հորդորը, նշելով, որ այն ժամանակով չի սահմանափակվում։
Իսկ նախորդ տարի մայիսին, երբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ստանձնեց Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդությունը, ՔՊ-ականները սկսեցին պնդել որ եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։
Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների արշավի պատճառը, ըստ որոշ գործիչների, Մայր Աթոռի բարձր հեղինակությունն է հանրության շրջանում։ «Կովկասյան բարոմետրի» իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների 62%-ը լիովին, իսկ 17%-ը ամբողջությամբ վստահում է իր դավանած կրոնական հաստատությանը։ Մեկ այլ հարցմամբ էլ հարցվածների 80%-ը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է։
Գլխավոր լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել