HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ՝ «Հետքի» հրապարակման հիման վրա 

Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի»՝ 2024թ. նոյեմբերի 28-ի՝ «173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում» վերնագրով հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել: Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվել է օպերատիվ ստուգում, արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել է Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ վարույթը նախաձեռնվել է 2025թ. ապրիլի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք):

Գրել էինք, որ Արդարադատության նախարարությունը 2021թ. հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր մշակել սնանկության էլեկտրոնային համակարգ։ 172 մլն 800 հազար դրամ գումարը վճարվել է, սակայն համակարգը չի գործում:

Ըստ պայմանագրի՝ «Հարմոնիան» պետք է էլեկտրոնային հարթակ ստեղծեր, որտեղ տեղի կունենար սնանկության ամբողջ գործընթացը՝ մասնակիցներին զերծ պահելով թղթաշրջանառությունից։ Այս համակարգի գործարկումից հետո պետք է նվազեր նաև Սնանկության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը:

Համակարգը ստեղծվել է, աշխատանքի արդյունքների ընդունման ժամանակ պայմանագրից շեղումներ չեն արձանագրվել, սակայն՝ համակարգը հնարավոր չէ շահագործել:

Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանն այդ ժամանակ մեզ փոխանցել էր, որ «Էլեկտրոնային սնանկության համակարգի գործարկմանը խոչընդոտում են «Դատական համակարգ» («CAST») ծրագրի տեխնիկական խնդիրները: Վերջինս հնացած է, չունի սահուն փոխգործելիության ապահովման պատշաճ հնարավորություններ: Ներկայում մշակվում են խնդրի համակարգային հասցեագրմանն ուղղված լուծումներ»: 

«Արդյոք հնարավոր չէր նախապես կանխատեսել «CAST» ծրագրի հետ սահուն փոխգործելության ապահովման խնդիրները» հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է. «Ինչպես դատական համակարգի հետ առնչվող այլ համակարգերի դեպքում, սնանկության համակարգի դեպքում ևս համակարգի տեխնիկական առաջադրանքով նախատեսվել է դատական համակարգի հետ փոխգործելիության ապահովում: Առկա տեխնիկական խնդիրների կանխատեսումը դուրս է տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքների շրջանակից»:

Նշենք, որ քրեական վարույթն այժմ քննվում է Քննչական կոմիտեում: Վերջինիս մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա, իսկ նախաքննությունը շարունակվում է։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter