
Հայկական գինի-կոնյակով բեռնված մոտ 70 բեռնատար դեռևս կուտակված է վրացական սահմանին
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ ARARAT) արտադրանքն արտահանող բեռնատարները կանգնած են Վրաստանի Թբիլիսի քաղաքի Գեզի մաքսակետում։ Ինչպես «Հետք»-ին հայտնեցին գործարանից, ըստ բեռնափոխադրում իրականացնող ընկերության երեկ (11 հունիսի) փոխանցած տեղեկությունների՝ այնտեղ կայանած է ավելի քան 20 բեռնատար։
Թե ինչու է վրացական կողմը ձգձգում սահմանը հատելու թույլտվությունների տրամադրումը, «Երևանի կոնյակի գործարանին» լիարժեք պարզաբանումներ առայժմ չեն տրամադրվել։
Այս տարվա ապրիլի վերջից հայ կոնյակագործներն ու գինեգործները ահազանգում են, որ վրացական կողմը թույլ չի տալիս հայկական կոնյակով և գինիով բեռնված բեռնատարներին անցնել սահմանը։ Ալկոհոլային խմիչքն արտահանվում է Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով: Վրացական կողմը հայտարարում է, որ լաբորատոր փորձաքննությունների է ենթարկում է ապրանքը, որի հետևանքով հայկական ապրանքով բեռնված բեռնատարները օրեր շարունակ մնում են Լարսի անցակետում։
Վրացական կողմն այլ՝ մանրամասն բացատրություններ այդպես էլ չի տվել։ Հայ կոնյակագործներն ու գինեգործները մայիսին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ արեցին, սակայն իրենց հարցերի պատասխանները չստացան։
«Մեզ ոչ ոք որևէ նորմալ պատասխան չի տվել՝ ո՛չ Հայաստանի պատկան մարմինները, ո՛չ՝ Վրաստանի։ Տարբեր վարկածներ ու ենթադրություններ ենք լսել։ Ասում են՝ վրացական կողմը ուզում է ոչ պաշտոնապես մեզնից տարանցիկ բեռնափոխադրումների համար հավելյալ գումարներ գանձել այնպես, ինչպես արվում էր 90-ականներին»,- ասում է Հայկական կոնյակ արտադրողների համակարգող Մարինա Առաքելյանը։
Կոնյակագործներն ու գինեգործները այլ վարկածներ ևս լսել են և կրկին՝ ոչ պաշտոնական։ Քննարկում են հնարավոր և անհնար բոլոր տարբերակները՝ արդյոք Վրաստանին իսկապես հետաքրքրում է Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի որակը, թե այլ պատճառներ կան, որոնք չեն հնչում։
«Գուցե, սա ռուսական կողմի հրահանգն է և վրացական մաքսավորների ձեռքով է փորձում պատժել մեզ։ Նախկինում այսպես չի եղել, երբեք մեր կոնյակն ու գինին այսքան երկար փորձաքննությունների չեն ենթարկվել Վրաստանում կամ Ռուսաստանում։ Ինչու՞ հիմա որոշեցին այս հարցն այսքան ձգձգել։ Ընդ որում, մենք չգիտենք էլ՝ այս փորձաքննություններից հետո մեզ թույլ կտա՞ն արտահանել»,- ասում է գինի-կոնյակ արտադրող գործարաններից մեկի ներկայացուցիչը։
Օրերս կոնյակ արտադրողների խնդիրները քննարկվել են նաև Ազգային ժողովում՝ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Կառավարությունում զբաղվում են այս հարցով։ Էկոնոմիկայի նախարարությունը աջակցության մի քանի քայլեր է ձեռնարկել։
«Չգիտեմ՝ դրանք սկսե՞լ են գործել, թե՞ չէ, բայց, հաշվի առնելով այն, որ այս մարդիկ վնասներ են կրում, որոշակի աջակցություն նրանց տրամադրվելու է: Ես ինքս խնդիրը քննարկել եմ Վրաստանում՝ նրանց խորհրդարանում: Խնդիրը բազմաշերտ է: Այնպես չէ, որ հստակ կարելի է ասել, թե ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված: Բայց հաստատ այնպես չէ, որ առանձին տնտեսվարողների հետ է կապված, համակարգային խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կբարձրաձայնվեն»,- ասել է Թունյանը։
Թունյանը նաև ակնարկներ է արել հայկական կոնյակի որակի վերաբերյալ։
«Անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, տեղի արտադրողները պետք է նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ապրանքների որակին, որովհետև, ցավոք սրտի, երբեմն դա դառնում է լծակ: Ու մեր մոտից գնացող ապրանքների մեջ որոշակի թերությունները մի քանի տարի կարող է չբարձրաձայնվեն, բայց ինչ-որ հարմար պահի, երբ պետք է, կարող է համակարգված արգելքի տեսքով լինեն»,- նշել է Բաբկեն Թունյանը:
Տեսանյութում՝ հայկական գինով և կոնյակով բեռնված բեռնատարները վրացական մաքսակետում
Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում վրացական կողմը հայկական գինի-կոնյալով բեռնված 50 բեռնատար բաց է թողել։ Սակայն, այս պահին շուրջ 70 բեռնատար դեռևս սպասում է իր հերթին։
«Պայմանավորվածություն կա, որ առաջիկա օրերի ընթացքում այս մեքենաները ևս կանցնեն սահմանը։ Որևէ պատճառ այս ձգձգումների վերաբերյալ չի ներկայացվել»,- ասում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Մինչ նախարարությունը նման հայտարարություն է անում, անցակետում կուտակված բեռնատարները, ըստ Մարինա Առաքելյանի, անորոշ սպասում են, վրացական կողմից նրանց որևէ հստակ պատասխան չի տրվել, թե երբ թույլ կտան ճանապարհը շարունակել դեպի Ռուսաստան։
Ըստ Լիլիթ Շաբոյանի՝ այս խնդիրը կոնկրետ կոնյակին ու գինուն է վերաբերում։ Պտուղ-բանջարեղենի մասով նման խնդիր չկա։
Այս ամենի համատեքստում ուշագրավ էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունները։ Մայիսի 15-ին Պապոյանը Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ հայկական կոնյակի արտահանման խնդիրների պատճառներն անհասկանալի են։ Հայտարարեց, որ առաջիկա օրերին, ըստ նախնական պայմանավորվածության, ինքը կայցելի Վրաստան՝ հարցերը տեղում լուծելու ու հասկանալու համար։
Օրեր անց Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ վրացական կողմից են գալու Հայաստան այս խնդրի առնչությամբ։
Սակայն, կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է հունիսի 6-ին Երևան նախատեսված այցը, ասել են՝ ծանրաբեռնված են։ Վրացական կողմից նախարար Գևորգ Պապոյանի հետ զրուցել և ներողություն են խնդրել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջում վերջին երկու գրառումներից մեկը իր հարցազրույցն է այն մասին, որ կուսակրոն հոգևորականները զանգվածաբար չեն պահել երդումը, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Մյուս գրառմամբ էլ նախարարը հայտարարում է, որ Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles - CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը։
«Մեր պետությունը, փաստացի, չի կարողանում կոնյակի արտահանման հարցը լուծել։ Վրացիները մեր արտահանումը կանգնեցնում են, հայ արտահանողներին ահռելի ֆինանսական վնասներ տալիս, բայց մենք այդ օրերին Վրաստանի մշակութային օրեր ենք կազմակերպում Երևանում»,- նկատում է Մարինա Առաքելյանը։
Ըստ նրա՝ բեռնափոխադրող ընկերություններից Վրաստանում օրական 100 դոլար են գանձում բեռնատարների սպասման համար։ Հատկապես ոչ խոշոր արտահանողների համար դա էական ֆինանսական բեռ է։ Մյուս կողմից էլ՝ ռուսական ցանցերը, որոնց պետք է մատակարարվեն կոնյակն ու գինին, տուգանքներ են սահմանում ուշացումների համար, պատվերները չեղարկում։
«Բազմաթիվ արտահանողներ ադեն չեն էլ ուղարկում իրենց ապրանքը։ Սպասում են այս խնդիրը լուծվի։ Եթե պետք է բեռնատար վարձեն, ուղարկեն ու մնա անցակետում, ավելի ձեռնտու է ապրանքը իրենց պահեստներում պահելը»,- ասում է Մարինա Խաչատրյանը։
ՀՀ մաքսային ծառայությունը ժամանակավորապես արգելել է գինի-կոնյակ արտահանող բեռնատարներին հատել հայ-վրացական սահմանը
Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հունիսի 10-ի երեկոյան այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ)։
ՊԵԿ-ն արգելում է հատել հայ-վրացական սահմանը՝ դա ներկայացնելով որպես բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից բխող քայլ։
«Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը»,- ասում են ՊԵԿ-ից։
Մեզ հետ զրույցում ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ այս արգելքը վերաբերում է միայն գինի-կոնյակ տեղափոխող բեռնատարներին, մյուս ապրանքները անարգել հատում են սահմանը։
Հայկական կողմից գինի-կոնյակ արտահանող բեռնատարների ելքը կբացվի, երբ վրացական սահմանակետում արդեն եղած կուտակումները նվազեն։
Կոնյակը՝ Հայաստանի արտահանման առաջատարներից
Հայկական կոնյակի հիմնական սպառողը Ռուսաստանն է։ Ըստ մաքսային ծառայությունից ստացված տվյալների՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 235 մլն դոլարի կոնյակ, որի 80%-ը՝ դեպի Ռուսաստան։
Մնացածն արտահանվել է Բելառուս, Ուկրաինա, ոչ մեծ քանակով՝ եվրոպական երկրներ։
Հայաստանի արտահանման մեջ կոնյակը ուրույն դիրք ունի։ Մինչև 2022 թվականի վերաարտահանումները, կոնյակը Հայաստանի արտահանման կազմում եղել է ամենամեծ արժեքով արտահանվող ապրանքների առաջին հնգյակում՝ պղնձի խտանյութի, սիգարետի, ոսկու, ֆերոմոլիբդենի կողքին։
2022-ին սկսված վերաարտահանումների մեծ ալիքից հետո, երբ ոսկին, ոսկերչական իրերն ու ադամանդը առաջին պլան մղվեցին՝ ներկրվելով Ռուսաստանից և արտահանվելով հիմնականում ԱՄԷ ու Չինաստան, կոնյակը որոշակիորեն զիջեց դիրքերը, բայց մնաց առաջին տասնյակում։
Գինու արտահանման ծավալները ավելի համեստ են։ Այն առաջատարների շարքում չէ։
Լուսանկարն ու տեսանյութը «Հետք»-ին է փոխանցել Մարինա Առաքելյանը
Տես նաև՝
- Գինի և կոնյակ արտադրողները փաստի առաջ են կանգնած. վաճառքը նվազել է, վարկերը՝ ծանրացել
- Հայկական գինու-կոնյակի շուկան տուժում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում
- Հայ արտադրողները ստիպված են հրաժարվել «կոնյակ»-ից. նոր անվանում դեռ չկա
Մեկնաբանել