
Ես պատերազմի տղան եմ ու 20-րդ դարունը. Նիկողոս Սարաֆեան (մաս 3)
Le Petit Parisien , Le Matin, Paris-Midi Յառաջ և ուրիշ թերթեր շարունակում էին իրենց լուսարձակի տակ պահել 1936թ. Դեկտեմբեր 7-ի գիշերը Փարիզի Վոժիռար փողոցի 16 հասցեում տեղի ունեցած սպանության հետաքննության ընթացքը: Թերթերն արդեն տպագրել էին Նիկողոս Սարաֆեանի կնոջ դստեր՝ Անահիտ Փաստրմաճեանի ցուցմունքը, որով նա հավաստում էր, թե ատամնաբույժը իրեն բռնաբարել է` նախօրոք ինչ-որ թմրեցնող հեղուկ խմեցնելով: Հաջորդիվ ցուցմունք էր տալիս Բրաբիոն Սարաֆեանը՝ տուժող աղջկա մայրը: Բրաբիոնը պատմում է, որ, իմանալով կատարվածի մասին, «Այնքան բարձր կը պոռայի որ դրացիները եւ դռնապանուհին սարսափեցան: Ամուսինս ուզեց անձնասպան ըլլալ եւ փորձեց ճեղքել բազկերակը»: Իսկապես Նիկողոսը անզորությունից ածելիով կտրում է դաստակի երակները: «Շատ կը սիրէի խորթ աղջիկս, որ միայն գոհունակութիւն պատճառած էր մեզի: Իմանալով դժբախտութիւնը, աչքի առջեւ բերելով մեր ընտանիքին վրայ ինկած անպատուութիւնը ուզեցի մեռնիլ, եւ եթէ աւելի ծանր վէրքեր չստացայ, պատճառը այն է որ Անահիտ վրաս նետուեցաւ եւ ածելին ձեռքէս առաւ: ...Անուղղակի պատասխանատուութիւն մը կը զգամ, որովհետեւ ես էի որ Սասունին ծանօթացուցի իմ ազգականներուս: Զայն կը ճանչնայի պարզապէս իբրեւ հայրենակից»: Սարաֆեանների հարկի տակ մի իսկական դրամա էր տեղի ունենում: Անահիտը՝ տան ատրճանակը վերցրած, ծրագրում է գնալ և գնդակահարել ատամնաբույժին և հետո անձնասպան լինել: Ահա այստեղ է, որ տիկին Բրաբիոնը ուշքի է գալիս և մայրական բնազդով փրկում աղջկան՝ ստանձնելով վրեժի գործը և թույլ չտալով, որ դուստրը մարդասպան դառնա: «Գացի շիտակ ատամնաբոյժին: Սպասեցի ժամը 5էն 9, որովհետեւ շատ յաճախորդներ կային սպասման սրահին մէջ: Ատամնաբոյժը բան չէր կասկածեր: ...Ըսի,- «Նոր յաճախորդ մը գտայ ձեզի, ձեր հասցէն տալով»,-կրցածիս չափ կը զսպէի յուզումս: Տուի կարծեցեալ յաճախորդին անունն ու հասցէն, որպէսզի հեռաձայնով խօսի: ...Մինչ Սասունի հեռաձայնի թիւը կը կազմէր, ետեւէն մօտեցայ եւ գնդակ մը արձակեցի ծոծրակին: Ատամնաբոյժը ինկաւ, իսկ ես քանի մը գնդակ եւս արձակեցի. չեմ գիտեր քանի հատ պարպեցի, երբ գետին փռուած էր, դուրս ելայ վազելով: Ոստիկանութեան յանձնուելէ առաջ... ուզեցի երթալ վերջին անգամ համբուրել աղջիկս եւ ամուսինս: Սարսափելի գիշեր մը անցուցի...»: Դիակի զննությունը պարզեց, որ տիկին Բրաբիոն 5 գնդակ է պարպել բժշկի վրա: Դատաբժշկական զննությամբ հաստատվեց Անահիտ Փաստրմաճեանի վիճակը և Նիկողոս Սարաֆեանի կտրված երակների պատկերը: Տիկին Բրաբիոնը կալանավորվեց: Տեղափոխվեց Փըթիթ – Ռօքէթի բանտ «իբրեւ կամաւոր մարդասպան»: Սասունիի եղբայրներից Արմենը ստանձնեց ընտանիքի շահերի պաշտպանության հարցը: Վկաների ցուցմունքները ի մի բերելու համար հայկական մամուլում տարածվեց հետևայլ հաղորդագրությունը. «Բոլոր անոնք որ բան մը գիտեն դէպքին եւ անոր հետ կապ ունեցող անձերու մասին, կրնան դիմել Վ. Եարճանեանը»: Վահան Եարճանեանը Սիամանթոյի եղբայրն էր, որ նրա եղեռական նահատակությունից հետո անցել էր Փարիզ, ապա՝ փաստաբանական գրասենյակ բացել: Դաշնակցական կազմակերպությունները վստահ էին, որ ֆրանսական պաշտոնական դատական մարմինները կբացահայտեն «այս քստմնելի սպանութեան գաղտնիքները»: Շուտով տիկին Բրաբիոն Սարաֆեանը անպարտ ճանաչվեց: Նիկողոս Սարաֆեանը կարողացավ հաղթահարել 1936թ. ավարտին ունեցած ընտանեկան կյանքի սև շրջանը, ինչպես հաղթահարել էր իրեն պատահած նախորդ սև շրջանները և նվաճել իմացական անջրպետերը:
Բայց Հայաստանը կ՚ուշանայ ու մեր աչքերը կը պղտորին զայն երազելէն...
Նա հայ ոգին և ինքն իրեն նմանեցնում էր նավաբեկությունից ազատված և մի կղզում հայտնված Ռոբինզոնին, որ սպասում էր փրկարար նավին: Նիկողոսի համար, որ հանգամանքների բերումով, ինչպես և Ռոբինզոնը, հայտնվել էր օտար մի վայրում, բաղձալի նավը Հայաստանն էր, հույսը՝ Երեւանը: «Միակ հողն ան է...ուրկէ կարելի պիտի ըլլայ ստանալ հարազատ բան մը»:
«Բայց Հայաստանը կ՚ուշանայ ու մեր աչքերը կը պղտորին զայն երազելէն»: Այլապես «ինչ հրաշքներ կարելի է գործել գաղութներու միացումովը մայր ոստանի մը մէջ: Ինչ հրաշքներ կարելի է ստանալ անոնց անջատ ու տեղական պայաններուն ու մշակույթներուն զուգահեռական քայլով առաջացած աշխատանքներով: Հսկայական երգեհոն»: Մայր Հայրենիքի և Սփյուռքի համատեղ ստեղծարար աշխատանք, կուտակում զորավոր փափուկ ուժի: Արարել և կառուցել, աշխարհը պետք է մեզնից լսի ստեղծագործ հաղթանակների մասին: «Աշխարհը յոգնած է մեր ժողովուրդին ողբը լսելէն: Մենք իսկ յոգնած ենք: Ուզեցինք պայքարիլ ու չգիտցանք կազմակերպել այդ պայքարը: Տուինք աշխարհի ամէնէն մեծ հերոսները եւ սակայն անոնք եղան լեռներու արծիւներ միայն, քաջ անհատական արարքներով: Չեղանք միակտուր ծառացումը, միակտուր վրեժը...»: Ովքե՛ր ավելի լավ կարող էին փայփայել հոգևոր վերածնունդի տեսիլքը և ավելի խոր զգալ բաց թողնված հնարավորությունների կործանարար բնույթը, քան ցեղասպանությունից հետո Սփյուռքը հիմադրած մտավորականները: «Կարելի չէ, կարելի չէ չըյիշել քեզ՝ օ՜ արիւն...»:
«Սասունցի Դավիթ»ը փոշիների մեջ
Ժամանակ պահանջվեց մինչև նրա ստեղծած հրաշալի գործերը, բանաստեղծական ոգին, պատմելու յուրահատուկ տաղանդը գնահատվեին: Թեպետ, դեռ չեն էլ գնահատվել ըստ արժանվույն: 1946 ին գրեց «Սասունցի Դավիթ»-ը՝ էպոսի այս ճյուղի իր տարբերակը և ուղարկեց Բոստոն՝ «Հայրենիք» եռամսյայի խմբագրություն, որտեղ մի ամբողջ 24 տարի այն մնաց խմբագրի գզրոցի մեջ՝ մոռացված, կամ՝ անարդարորեն անտեսված: Այնինչ, դա մի անսպասելի և հրաշալի գործ է, Սարաֆեանի գրական ժառանգության գոհարներից: Բարեբախտաբար «Հայրենիք» եռամսյայի 1970-ի թիւ 9 և 10 համարներում «Սասունցի Դավիթ»-ը տպագրվեց՝ գրողի սպասումից 2 տասնյակ և ավելի տարիներ անց և նրա մահից 2 տարի առաջ:
Ջերմ բարևներ տիկինին և Ձեզ...
Գրականության և արվեստի թանգարանում Սարաֆեանի թղթածրարի մեջ «Յառաջ» թերթի խմբագիր Արփիկ Միսաքեանի խոշոր ձեռագրով մի քանի կարճլիկ նամակներ կան՝ հասցեագրված գրողին: Դրանք պատմում են այն մասին, թե որքան սպասված հոդվածագիր էր թերթի համար Նիկողոս Սարաֆեանը:
«Սիրելի Սարաֆեան, շատ հաճոյքով հրատարակեցի Ձեր յօդուածը, շատ աւելի մեծ հաճոյքով ալ կարդացի՝ զգացի թէ երկար ժամանակ է կարօտցած էի Ձեր ոճը»: Թերթի 1956թ. առաջին թվի համար Արփիկը մի սիրուն պատմություն է սպասում Նիկողոսից: «Սիրելի պ. Սարաֆեան, կրնայի՞ք Յունուար 1-ի Կաղանդի թիւին համար յօդուած մը պատրաստել: Շատ շնորհակալ կ’ըլլամ...Եւ Ձեր նկարը ղրկէք...»: Արփիկ Միսաքեանի սպասումը պսակվեց Նիկողոս Սարաֆեանի «Սպասում»-ով՝ Սուրբ Ծնունդին և Կաղանդին նվիրված մի գողտրիկ, բարի, իմաստուն,մանկություն բերող պատումով:
«26.12.1968
Սիրելի պ. Սարաֆեան, ...Պարոյր Սեւակը իր մէկ հատորը Ձեզի 3 օր առաջ ինձի ձգեց, խնդրելով որ Ձեզի յանձնեմ...»:
Արփիկ Միսաքեանը մի պահապան հրեշտակ էր Փարիզի տաղանդավոր հայ մտավորականների համար:
...փշրուած ու խորտակուած՝ կ’երթամ ահա՝ փնտռելու մեծ, մեծ մոռացում մը…
Իր «ծովային» ծնունդից 70 տարի 4 ամիս անց ,1972 թվականի օգոստոս 13-ին մի երազ տեսավ.«...տարիքոտ մէկը որ ծանոթ կը թուէր եւ անճանաչելի էր, ուզեց որ համբուրեմ զինքը և համբուրեցի: Ո՞վ էր...արթընցած կը կարծեմ թէ համբուրածս մահը կրնայ ըլլալ: Վախով չէ որ կը մտածեմ անոր: Թերեւս անոր համար որ քանի մը տարիներ դեռ ապրելու յոյսը ունիմ և կամ մահէն անդին կայ երկարաձգուող կեանք մը թերեւս աւելի լաւ»: Այս երազից 4 ամիս և 2 օր հետո Նիկողոս Սարաֆեանը մահացավ:
Ու սիրելով կամ ատելով, երթալով նպատակներու ետեւէ, կը հասնինք մահուան հովիտը...
Մի կիրակի օր Վէնսէնի անտառի ճամփան բռնելու փոխարեն, ոտքերը անիմանալի կերպով Նիկողոսին տարան Պեր Լաշեզ: Այստեղ մարկիզների, մարկիզուհիների, արվեստի հայտնիների դամբարանների կողքին Անդրանիկի շիրիմն էր՝ «Մտածումներուս լուծումին խորանը: Այդպես ազգային, անբացատրելի զգացում մը կը մղէ զիս դէպի հոն: Ու ցաւ մը նոյնպէս: ...Լեռներու եւ ապառաժներու արծիւը, ժողովուրդին զաւակը՝ այն որ կը կռուէր, կը մտածէր, կը տառապէր իր ցեղին ազատագրութեան համար եւ արհամարհանք մը ունէր քաղաքակիրթ մարդկութեան դէմ»: Ինչպես Վենսենի անտառում, այստեղ ևս միջավայրը և տեսարանը վերստեղծում էին Նիկողոսի մանկության պատկերները: «Եվ ծառը որուն տակ կը կենամ աչքերս փակ, կը տեղափոխէ զիս հեռաւոր գիւղ մը եւ կը դառնայ այն ծառը, որուն տակ նստած էր հերոսը, 38 տարիներ առաջ, աչքերը յառած ծովուն վրայէն արշաւող ճերմակ նժոյգներուն, Վառնա»: Նա՝ փոքրիկ Նիկողոսը, բուլղարական գյուղում շատ անգամ էր տեսել Անդրանիկին, բայց անջնջելի էր մնացել ա՛յն օրը, երբ զորավարը ծնկներին նստեցրեց իրեն ու գգվեց.
«... ան կը փոխանցէր ինծի իր հոգիին խռովքը, հիմա, տարիներ վերջ միայն բացատրելի: ...Չեմ յիշեր մեր խօսքերը: Միտքս է միայն յուզումս: Ծեր հայրս անգամ կը խոնարհէր անոր առջեւ.
- Փաշա՜...
Եվ այդ մէկ բառին մէջ կար ամբողջ ցեղի մը երախտագիտութիւնը, հաւատքը, սէրը, տառապանքը: Աւելին՝ պաշտամունք մը: Զիս կը քարացնէր կուռքի մեծութիւնը:
Սուրբ օր մը: Եւ սակայն տխուր էր փաշան: Իր մտահոգ ու խռով նայուածքը չէր զատուեր ծովէն՝ ուրկէ դէպի Պոլիս կը մեկնէին հայերով բեռանւոր նաւերը: Սահմանադրութիւն: Բայց կասկածոտ էր փաշան: Ա՞յդ էր որ հերոսը ուզած էր փոխանցել ինծի:...Եւ այդ խռովքն է որ կ’անցնի մէջս այս օրերուն:..Անդրանիկ կը տեսնէր ամբողջ ողբերգութիւնը, ջարդը, որուն պիտի ենթարկուէին երգերով մեկնող իր հայրենակիցները...Ծառին տակ կ’ապրիմ այդ վայրկեանը...Ու...մահը նաեւ մանկութեանս եւ բոլոր գեղեցկութիւններուն զորս կորսնցուցի մտածումիս ճամբուն վրայ...»:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Մեկնաբանել