
Որքան մարդասիրական օգնություն է ստանում Հայաստանը
2024 թվականին Հայաստանը մոտ 86 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, նախորդ տարվա համեմատ այն 2.4 անգամ աճել է։
Ստացված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 74%-ը, կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը։ Այս տողի ներքո պետք է հասկանալ հիմնականում դեղորայքը։ Այն կազմել է մոտ 64 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 2.5 անգամ։ Սա նշանակում է, որ ստացված մարդասիրական օգնության ծավալի աճը նախևառաջ պայմանավորված է դեղերի ծավալով։
Առողջապահության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող դեղերի վերաբերյալ։ Դրանք ստանում և բաշխում է նախարարությունը։
Հայաստան ստացված մարդասիրական օգնության կազմում համեմատաբար տեսանելի ծավալ ունեն տրանսպորտային միջոցները (6.2 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը (5.2 մլն դոլար), մանածագործական իրերը (3․3 մլն դոլար), սարքերն ու ապարատները (3.2 մլն դոլար), ինչպես նաև՝ մեխանիզմները (2.2 մլն դոլար)։
Ստացված օգնության կեսից ավելին ԱՄՆ-ից է
2024 թվականին Հայաստանի ստացած մարդասիրական օգնության 52%-ը Միացյալ Նահանգներից է։ Դա կազմում է մոտ 45 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ 5.5 անգամ աճել է։
Վիճակագրական կոմիտեի տվյալներում չկա բացվածք, թե որ երկրից ինչ մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը։
Ստացված օգնության աշխարհագրության մեջ երկրորդ տեղում Գերմանիան է (8.3 մլն դոլար), հաջորդում է Ֆրանսիան (3.8 մլն դոլար):
2025-ի սկզբին Հայաստան ստացվող մարդասիրական օգնությունը կտրուկ կրճատվել է
Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ծավալի աճը այս տարվա առաջին ամիսներին չի պահպանվել։
Մասնավորապես, հունվար-ապրիլին ստացվել է 12.1 մլն դոլարի օգնություն, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 4 անգամ՝ հիմնականում դեղերի հաշվին։
Մեկնաբանել