HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափառող շները գլխացավանք են դարձել Չարենցավանի բնակիչների համար

Մայիսի 10-ին Արթուր Հակոբյանը հյուր էր գնում Չարենցավանի 4-րդ թաղամասում, երբ բակի շներից մեկը հարձակվել էր ու կծել ոտքը։ Սկզբից դիմել էր Ոստիկանություն, այնտեղից ուղորդել էին զանգել համայնքապետարան։ Արթուրը գնացել էր Շտապօգնության ծառայություն, որտեղ վիրակապել էին ոտքն ու ցուցում տվել հիվանդանոց գնալ: Արթուրը պատվաստում է ստացել կատաղության դեմ:

Մեզ հետ զրուցում նա զարմանում է, որ շները կարող են նաեւ ցերեկը հարձակվել: Ասում է՝ գիշերը Չարենցավանում մենակ քայլելը վտանգավոր է, քանի որ այդ ժամանակ շների կողմից հարձակման դեպքեր ավելի հաճախ են գրանցվում, քան ցերեկային ժամերին:

Չարենցավանի 4-րդ թաղամասի 8-րդ շենքի բնակիչները «Հետքի» հետ զրույցում պատմում են, որ վերջին 4-5 տարիներին իրենց բակում հայտնվել է մոտ 10 շուն։ Դրանցից հատկապես երկուսը ագրեսիվ են։ Ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակներն են վախենում ազատ տեղաշարժվել բակում։

Զրույցը դեռ նոր էինք սկսել, երբ բակում երեխայի ուժեղ լացի ձայն լսվեց: Բակի շներից մեկը հարձակվել էր երեխայի վրա, որն այդ պահին մոտեցել էր ցայտաղբյուրին՝ ջուր խմելու։

Զրույցը կիսատ ենք թողնում ու բակ իջնում։ 7-ամյա Ադանան ցույց է տալիս ձեռքը, որի բազուկին շան թաթի հետքերն են։ Նրա եւ մոր ու քրոջ ուղեկցությամբ գնում ենք Չարենցավանի Շտապօգնության ծառայություն։ Այստեղ չեն զարմանում կատարվածից։ Բուժքույրը նայում է Ադանայի ձեռքն ու ասում, որ հյուսվածքային փոփոխություն չկա, հետքերը մակերեսային են, ապա խորհուրդ է տալիս սեւ օճառով լվանալ։

2025 թ. ընթացքում մեր այցի օրվա՝ մայիսի 28-ի դրությամբ շների կողմից կծելու դեպքերի գրանցամատյանում արդեն 32 դեպք էր արձանագրվել։ Սակայն դրանք միայն այն դեպքերն են, երբ տուժածները պատվաստվել են։

Շների թեման արդիական է նաեւ դպրոցում

4-րդ թաղամասի 8-րդ շենքի հարեւանությամբ է գտնվում Ստեփան Ավանյանի թիվ 4 հիմնական դպրոցը։ Տնօրեն Տիգրան Խանսանամյանը «Հետքին» պատմում է, որ դպրոցի տարածքում թափառող շների կողմից ագրեսիվ վարքագիծ չի եղել, բայց օրվա տարբեր ժամերի տարածքում շներ հայտնվում են: Տնօրենի ասելով՝ դպրոցի աշխատակիցները փորձում են հավանական հարձակումների կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ ծնողական ժողովներին ասվում է, որ երեխաներին, հատկապես՝ ցածր դասարաններում սովորողներին, դպրոց բերեն եւ տուն տանեն ծնողները: Բացի դրանից՝ դպրոցի տնտեսվարը կամ տղամարդ աշխատակցիները դասերից 15 րոպե շուտ են դպրոց գնում, ու եթե բակում շների կուտակումներ են լինում, դրանց հեռացնում են դպրոցի տարածքից դուրս:

Խանսանամյանի տեղեկացմամբ՝ դպրոցում շների հարձակման դեպքեր չեն գրանցվել, փոխարենը այս տարի շները դպրոցից դուրս հարձակվել էին իրենց աշակերտներից մեկի վրա: Տնօրենն ասում է՝ տուժածի ծնողները դիմել էին Ոստիկանություն, համայնքապետարան, Շտապօգնություն, երեխան պատվաստում է ստացել:

«Հետքի» զրուցակիցը նաեւ նշում է, որ ուսումնական տարվա ընթացքում շներն ակտիվ են դպրոցի տարածքում, քանի որ երեխաները սիրում են խաղալ դրանց հետ, կերակրել ու առավոտյան իրենց հետ բերել դպրոց: Այս մասին դպրոցի աշխատակազմը զգուշացրել է ծնողներին:

ՀՎԿԱԿ. կենդանիներից մարդկանց տուժելու դեպքերն աճել են

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մարդու եւ կենդանիների համար ընդհանուր եւ մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոբերտ Կավկասյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ արձանագրված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս աճի միտումներ վերջին տարիներին:

Այսպես՝ եթե 2022 թ. ՀՀ-ում արձանագրվել է կենդանիների կողմից հարձակումների հետեւանքով մարդկանց տուժելու 6512 դեպք, ապա 2023-ին այդ թիվը եղել է 8202, 2024-ին՝ 10106, 2025 թ. առաջին 5 ամիսներին՝ 3849 դեպք: Դեպքերի աճը, ըստ Կավկասյանի, պայմանավորված է թափառող կենդանիների թվի աճով: Իսկ թե դա իր հերթին ինչի հետեւանք, ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչն առաջարկում է հարցնել Տարածքային կառավարման եւ ենթակառուվածքների նախարարությանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանին, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումներն են կազմակերպում եւ իրականացնում թափառող կենդանիների դեմ պայքարի միջոցառումները:

Կենդանիների կողմից տուժելու դեպքերը 2022-2025 թթ.
Infogram

«Բնակչության շրջանում կենդանիներից տուժելու դեպքերը մշտապես գտնվում են Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Արձանագրված յուրաքանչյուր դեպք ենթարկվում է համաճարակաբանական հետազոտության, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կատաղության հիվանդության հնարավոր զարգացումը կանխելու նպատակով: Մասնավորապես՝ բժշկական կազմակերպություններում տուժածներին ներարկվում է պատվաստանյութ»,- ասում է Ռոբերտ Կավկասյանը:

Չարենցավանում թափառող շների հարցը ցավոտ թեմա է

Չարենցավանի համայնքապետի առաջին տեղակալ Սեւակ Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ թափառող շների թեման իրենց համայնքի ցավոտ հարցերից է։ Խնդիրն ավելի սուր արտահայտվում է հատկապես գիշերային ժամերին, իսկ ձմռանը շների վարքի վրա կարող է ազդել սննդի փնտրտուքը։ Հանգամանքները, ըստ Վարդանյանի, տարբեր են, բայց հարցն օրակարգային է։ Չարենցավան խոշորացված համայնքն ընդգրկում է համանուն քաղաքը, որը նաեւ համայնքի կենտրոնն է, ինչպես նաեւ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս եւ Ֆանտան գյուղերը:

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ թափառող շների թեման մշտական է։ Համայնքապետարանը բնակիչներից ահազանգեր ստանում է, բայց, ըստ Է. Վարդանյանի, մարդիկ հիմնականում դիմում են Փրկարար ծառայությանը, որտեղից էլ տեղեկություններ են փոխանցվում համայնքապետարան։ Չարենցավանի բնակիչները հարցը լուծելու համար քայլեր են ակնկալում համայնքապետարանից։

Փոխհամայնքապետը նկատում է, որ թափառող շների մասով իրենց առավելագույն գործառույթը, որ կարող են անել, ստերջացման մրցույթներ կազմակերպելն է։ Բայց ասում է, որ տարեկան 150–160 շան համար ստերջացման մցրույթներ կազմակերպելը հարցը չի լուծում։

«Ստերջացումն էլ ինչ է՝ շանը բռնում են, եթե վտանգ չի ներկայացնում, կատաղած չէ, ստերջացնում են, ապա բերում-թողնում նույն տեղում։ Դա հարցի լուծման չի բերում, բայց գոնե որոշակիորեն կարողանում ենք լուծել բազմացման խնդիրը»,- նշում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։

Համայնքում թափառող շների քանակի մասին հստակ տվյալներ Չարենցավանի համայնքապետարանը չունի։ Խիստ մոտավոր հաշվարկներով՝ այդ թիվը 700-800 է։ Սեւակ Վարդանյանն ասում է, որ շների անընդհատ միգրացիա կա, գալիս-գնում են, բայց թե ինչ ուղիներով, չի կարող ասել։ Ըստ նրա՝ փաստն այն է, որ համայնքում թափառող նոր շներն ավելանում են։ «Ստերջացնում ենք, բայց մեկ էլ նոր շուն կարող է գալ առանց ստերջացման, որը կարող է 6 ամիս հետո սերունդ տալ։ Մեծ խնդիր է»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։

Վարդանյանի համոզմամբ՝ թափառող շների համար ստերջացումից բացի՝ անհրաժեշտ է կացարաններ կառուցել, ինչի հնարավորությունը համայնքը չունի։

«Հարցի լուծումը պետք է լինի մասնագետների հետ քննարկումներով։ Կացարաններ պետք է լինեն, որ մեծ մասին, թեկուզ այդ վտանգավոր շներին, մասնագիտական մոտեցում տան, պահեն, բուժեն, սնունդ տան: Արմատական լուծումը դա է, իսկ ստերջացումը զուտ ժամանակավոր է»,- նշում է փոխհամայնքապետը։ Նրա խոսքով՝ խնդրի մասին տեղյակ է նաեւ Կառավարությունը, ակնկալում են գործադիրի աջակցությունը։

«Ստերջացումն է միակ ելքը»

«Կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ»» ՀԿ-ի նախագահ Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ կենդանիների մասին տարբեր հարցերով իրենք հաճախ են ստանում ահազանգեր բնակիչներից: Նա նշում է, որ մարզերում շների ոհմակների խնդիր կա, բայց այդ հարցում մեղավոր են ոչ թե շները, այլ պատկան մարմինները: Հովսեփյանի դիտարկմամբ՝ շները բնազդաբար բազմանում են ու ոհմակներ կազմում, ինչից էլ բխում է ոհմակային վարքը:

«Այն փոքրաթիվ գործողությունները, որ արվում են մարզերում՝ ինչ-որ փոքր ծավալի ստերջացումներ անելով, լրիվ անիմաստ են շների գլխաքանակի կառավարման առումով։ Ստերջացումն ինքնանպատակ չէ, պետք է ճիշտ ծրագրին հետեւել։ Ամեն տարի գլխաքանակի 80 տոկոսի ստերջացում պետք է արվի, եթե քիչ են անում՝ 50/50 կամ 40/60 տոկոսային հարաբերակցությամբ, ապա մնացած տոկոսը հասցնում է այնքան բազմանալ, որ արածն արդյունք չի տալիս, քանի որ ձագերը լրացնում են։ Ամբողջ հանրապետությունում ստերջացման ծրագիրը համալիր, հետեւողական չի արվում, բայց դա է միակ ելքը»,- մեկնաբանում է Օվսաննա Հովսեփյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, տնային կենդանիների նկատմամբ վերահսկողության բացակայությունն է: Այսինքն՝ դրանց բուծումը որեւէ կերպ չի վերահսկվում, եւ կենդանիները տնից կարող են հայտնվել դրսում:

«Օրինակ՝ մենք ասում ենք՝ պետությունը կացարաններ չի կառուցում, բայց եկեք պատկերացնենք՝ կացարան է կառուցում, եւ բոլոր շները հավաքվել են, մեկ տարուց փողոցում լինելու է նույն պատկերը, քանի որ չկա պատասխանտու վերաբերմունք տերով կենդանիների նկատմամբ։ Մարդիկ իրենց շներին բուծում են կամ թողնում են ուղղակի զույգվի, հետո ձագերից ազատվում են կամ մի քանի ամիս պահելուց հետո լքում են շանը: Եվ այն, բնականաբար, բազմանում է ու շարունակում սերունդներ տալ։ Այսինքն՝ թափառող կենդանիները մեր մարդկային քաղաքակրթության արդյունքն են: Մենք ենք օգտագործել նրանց, ապա անպատասխանատու կերպով լքել եւ դարձրել թափառող։ Խորքային մեղավորը, բնականաբար, մարդն է, որպեսզի կարողանանք լուծել այդ հարցը»,- ասում է «Դինգո թիմի» ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ ստերջացումը նաեւ ոհմակ կազմելու խնդիրն է լուծում: Ստերջացնելուց հետո էգերի շուրջ ոհմակ չի ձեւավորվում: Իսկ ոհմակը, մեր զրուցակցի դիտարկմամբ, զուգավորման սեզոնին է կազմվում եւ շարունակում գործել:

«Այսինքն՝ ստերջացմամբ լուծվում է ոչ միայն գլխաքանակի, այլեւ ոհմակների կուտակման հարցը, որովհետեւ ստերջացված շունը ձագեր չունի, որ պաշտպանի»,- նկատում է Օվսաննա Հովսեփյանը:

«Պատժող օրենք ունենք կենդանիների նկատմամբ դաժանության մասին, բայց ոլորտը ուրիշ ոչ մի կերպ չի կանոնակարգվում: Այսինքն՝ կենդանուն խեղելը, սպանելը պատժվում է, բայց կենդանուն կամ դրա ձագերին տնից հանելը չի պատժվում։ Դա եւս պետք է պատժվի, որպեսզի մարդիկ պատասխանատու կերպով պահեն, չնպաստեն թափառող կենդանիների գլխաքանակի աճին իրենց տնային կենդանիներով»,- եզրափակում է «Հետքի» զրուցակիցը:

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter