HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկվում է երկարացնել խաղող մթերող կազմակերպությունների վարկերի բյուջետային երաշխիքի ժամկետը

Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը վերաբերում է խաղող մթերող կազմակերպությունների վարկերի գծով տրամադրված բյուջետային երաշխիքների ժամկետի երկարացմանը: Կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Վրաստանում կոնյակի արտահանման խոչընդոտներով:

Նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշման մեջ, որը պայմանավորված է վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում մաքսային ծառայության կողմից անհիմն կերպով, տևական ժամանակով բեռնատարները կանգնեցնելուն: Դրա պատճառով տնտեսավարողները վնասներ են կրում: Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել գյուղատնտեսական հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով տրամադրված վարկերի և բյուջետային երաշխիքների մարման ժամկետները:

Մասնավորապես՝ սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով բյուջետային երաշխիք ստացած տնտեսավարողներին հնարավորություն է տրվում ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ և վարկերի մայր գումարի մարման ժամկետները ֆինանսական կառույցների համաձայնությամբ մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև բյուջետային երաշխիքի մարման ժամկետները։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2025 թվականի ապրիլի 17-ից Վրաստանի մաքսային ծառայությունն անհիմն կանգնեցրել է հայկական ընկերությունների՝ Ռուսաստան և Բելառուս արտահանվող շշալցված կոնյակ տեղափոխող բեռնատարները՝ արտահանվող կոնյակի նմուշների լաբորատոր փորձաքննության պատրվակով։

«Բեռնատարներում առկա յուրաքանչյուր տեսականուց փորձաքննության նպատակով կատարվում է նմուշառում, իսկ բեռնատարները տեղափոխվում են Գեզի մաքսային տերմինալ։ Ոլորտի տնտեսվարողների կողմից տրամադրված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի հունիսի 10-ի դրությամբ Գեզի տերմինալում կուտակվել է շշալցված հայկական կոնյակով բարձված շուրջ 180 բեռնատար»,-նշված է Էկոնոմիկայի նախարարության հիմնավորումներում:

Կառավարությունը 2023թ. բյուջետային երաշխիքներ է տրամադրել խաղող մթերող 3 կազմակերպության 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025թ. նոյեմբեր-դեկտեմբերից։ 2024թ. բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող ևս 3 կազմակերպության՝ 3.1 մլրդ դրամի չափով, 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025թ. հոկտեմբեր-դեկտեմբերից։

Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն է տրվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովել 2023-2024 թվականների խաղողի մթերումների գործընթացը։

Մաքսային տերմինալում կանգնելու ժամանակահատվածում տնտեսավարողների համար առաջանում են լրացուցիչ ծախսեր՝ 1 օրվա կտրվածքով շուրջ 100 ԱՄՆ դոլար է վճարվում բեռնափոխադրող կազմակերպությանը: Բացի այդ, տնտեսվարողները  չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, որի դեպքում ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խմբաքանակի արժեքի 20%-ի չափով տուգանքի և զրկվում չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու իրավունքից։ 

«Նման իրավիճակը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարաման պայմանագրեր կնքելուց։ Այս դեպքում նվազում են նաև կոնյակի արտահանման ծավալները»,-նշված է հիմնավորումներում։

Կառավարության որոշման նախագծի հեղինակների դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում էականորեն կրճատվել են ընկերությունների ֆինանսական մուտքերը, լուրջ խնդիրներ են առաջացել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկային ու վարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու, հետագայում նաև խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու հարցերում։

«Հետքը» գրել էր, որ այս տարվա ապրիլի վերջից հայ կոնյակագործներն ու գինեգործները ահազանգում են, որ վրացական կողմը թույլ չի տալիս հայկական կոնյակով և գինիով բեռնված բեռնատարներին անցնել սահմանը։ Ալկոհոլային խմիչքն արտահանվում է Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով: Վրացական կողմը հայտարարում է, որ լաբորատոր փորձաքննությունների է ենթարկում է ապրանքը, որի հետևանքով հայկական ապրանքով բեռնված բեռնատարները օրեր շարունակ մնում են Լարսի անցակետում։ 

Վրացական կողմն այլ բացատրություններ այդպես էլ չի տվել։ Հայ կոնյակագործներն ու գինեգործները մայիսին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ արեցին, սակայն իրենց հարցերի պատասխանները չստացան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter