
Հայաստանում արդյունաբերական դրոնների օպերատոր է աշխատում. ինչո՞վ է այն տարբերվում մյուսներից
Այս տարվա մարտին Հայաստանում իր գործունեությունն է սկսել արդյունաբերական դրոնների օպերատոր «Դրոն» ՍՊԸ-ն: Ընկերությունը պետական գրանցում է ստացել 2024-ի օգոստոսին, սակայն միայն ամիսներ անց է սկսել ծառայություններ մատուցել, քանի որ մինչ այդ, ինչպես պատմում է ընկերության համահիմնադիր ու տնօրեն Արման Բաղդասարյանը, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել:
Չնայած դրոններ կամ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կիրառող բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ կան մեր երկրում, «Դրոն» ՍՊԸ-ի նպատակը կոմերցիան է՝ ծառայությունների մատուցումն ու դրանից շահույթի ստացումը, իսկ որ ավելի էական է, ընկերությունը շուկայում դիրքավորվել է որպես արդյունաբերական դրոնների առաջին օպերատոր: Ի՞նչ է սա նշանակում:
Ինֆորմացիայի տրամադրում դրոնների միջոցով
Արման Բաղդասարյանն ասում է, որ իրենց առաջնային նպատակը դրոնների միջոցով տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիա, տվյալներ հավաքելն ու հաճախորդներին տրամադրելն է: «Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչով ես թռել, ինչ օգտակար բեռ (payload) է եղել դրոնի վրա, մարդիկ պարզապես ուզում են ստանալ իրենց հարցերի պատասխանները»,- նշում է «Հետքի» զրուցակիցը՝ հավելելով, որ հարսանիքներ ու նմանատիպ միջոցառումներ չեն նկարում, ինչպես նաեւ կապ չունեն ռազմական սեգմենտի հետ:
Բաղդասարյանը երկար տարիներ ապրել ու աշխատել է Ավստրալիայում: Պատմում է, որ 2022-ին իր ընտանիքի կարիքների համար սիրողական դրոն էր գնել ու սկսել նկարել ճանապարհորդելիս: Չնայած կրթությամբ պետական կառավարման մասնագետ է ու ավիացիայի հետ երբեւէ մասնագիտական կապ չի ունեցել, ասում է, որ Ավստրալիայում աշխատելիս շատ է առնչվել RPAS-ներին:
RPAS-ը քաղաքացիական ավիացիայում համեմատաբար նոր հասկացություն է, նշանակում է remotely piloted aircraft system, թարգմանաբար՝ հեռակառավարվող օդանավային համակարգ, որը ներառում է հեռակառավարվող օդանավը (RPA, remotely piloted aircraft), դրան փոխկապակցված օդաչուական կայան(ներ)ը (RPS, remote pilot station), հրամանատարական ու վերահսկողական անհրաժեշտ կապուղիները եւ ցանկացած այլ բաղադրիչ, որը նշված է սարքի տվյալ տեսակի լրակազմում:
Հեռակառավարվող օդանավերն ինքնին ԱԹՍ/դրոն են եւ այսօր մեծ տարածում են գտել մեր կյանքում, քանի որ կարող են օգտակար լինել ամենատարբեր ոլորտներում՝ օդային վերահսկողություն, գյուղատնտեսական աշխատանքներ, նկարահանումներ, գովազդ, բեռի ու փոստի փոխադրումներ եւ այլն:
Արման Բաղդասարյանն ասում է, որ Ավստրալիայում դրոնով սիրողական նկարահանումներ կատարելիս որոշել էր ավելի խորը ուսումնասիրել ոլորտը, այն ամենը, ինչ կապված է RPAS-ների հետ՝ սկսած օրենսդրությունից: Արդյունքում նա ԱԹՍ-ի օդաչուի դասերի է մասնակցել Ավստրալիայում ու դարձել լիցենզավորված օդաչու: Այժմ նման լիցենզիա ունի երկու տարբեր երկրներից:
«Երբ ընտանիքով որոշեցինք վերադառնալ Հայաստան, սեգմենտներից մեկը, որ մեզ բավական հետաքրքիր թվաց, RPAS-ներն էին: Ուսումնասիրելով շուկան եւ հասկանալով, որ Հայաստանում դրանց կարիքը կա, բայց խաղացողները շատ չեն, որոշում կայացրեցինք, որ RPAS-ների տեխնոլոգիաներ պիտի փորձենք բերել Հայաստան: Շատ մարդիկ ունեն դրոններ, բայց մենք որոշեցինք, որ ոչ թե կոնկրետ մեկ ծառայություն ենք մատուցում, այլ մեր աշխատանքի արդյունքը տվյալների մատակարարումն է հաճախորդներին»,- պատմում է «Դրոն» ընկերության տնօրենը:
Նշում է, որ աշխատանքի բերումով Ավստրալիայում երկար տարիներ կապ է ունեցել արդյունաբերական բիզնեսների հետ ու, տարիների ընթացքում փորձ ձեռք բերելով, հասկացել է, որ Հայաստանում RPAS-ների կիրառման բնագավառները մեծ են ու բազմազան:
«Մենք փորձում ենք ԱԹՍ-ները կիրառել ցանկացած ոլորտում, որտեղ հնարավոր է: Ինչու՞ ենք առաջինը, որովհետեւ Հայաստանում չենք տեսել երկրորդ արդյունաբերական օպերատոր այն իմաստով, ինչ մենք ենք անում»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:
«Դրոն» ՍՊԸ-ն ծառայություններ է առաջարկում տարբեր ոլորտներում՝ նախագծում եւ շինարարություն, էներգետիկա եւ ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր եւ էկոլոգիա, պահպանություն եւ հսկողություն, գյուղատնտեսություն, նավթ եւ գազ:
«Բոլոր սեգմենտներում ունենք գիտելիքներ, նաեւ՝ խորհրդատուներ, որոնց շնորհիվ կարող ենք ճշգրիտ ինֆորմացիա տալ մեր հաճախորդներին: Օրինակ՝ «Գազպրոմը», եթե չեմ սխալվում, բավական մեծ ստորգետնյա գազահորեր ունի, որտեղ մարդ չի կարող մտնել: Մենք կարող ենք, օրինակ, դրոնով ստորգետնյա տարածքը սկանավորել, ուլտրաձայնային տվիչներով պատերի հաստությունը չափել: Դրա համար էլ կոչվում ենք արդյունաբերական,- ասում է Արման Բաղդասարյանը՝ հավելելով, որ կարող են աշխատել նաեւ անհատների հետ,- եթե դուք ունեք սեփական տուն, մենք կարող ենք գալ ու ջերմային տեսախցիկով ձեզ ինֆորմացիա տանք տան ջերմամեկուսացման վիճակի մասին»:
«Հետքի» զրուցակիցը ցույց է տալիս քիչ հեռվում դրված տուփը, որը ինքնավար դրոնի արձակման-ընդունման կայանն է. «Պատկերացրեք, որ ունեք ինչ-որ տարածք, որտեղ անվտանգության ապահովման խնդիր կա, եւ մարդիկ չեն կարող անընդհատ վերահսկել այն: Փոխարենը դուք կարող եք այդ տարածքում ունենալ սենսորներ, որոնց ազդանշանի հիման վրա ԱԹՍ-ն ավտոմատ կերպով կամ օպերատորի միջոցով կգնա այդ տարածք ու դիտարկում կանի»:
Հետո ցույց է տալիս մեկ այլ դրոն, որի վրա տեղադրված բարձրախոսով կարելի է միակողմանի հաղորդակցվել մարդկանց հետո, օրինակ՝ դրա միջոցով հասարակական կարգին հետեւող Ոստիկանությունը կարող է, ենթադրենք, ցույցերի, հավաքների մասնակիցների համար հայտարարություններ անել, իրազեկել, ուղղորդել եւ այլն:
Արման Բաղդասարյանը նկատում է, որ գյուղատնտեսության մասով իրենք քիմիական աշխատանքներ չեն կատարում, սրսկումներ չեն անում, փոխարենը կարող են ինֆորմացիա տրամադրել հողի կամ բերքի վիճակի մասին:
«Մենք տալիս ենք ինֆորմացիա՝ օգտվելով ծրագրերից ու արտերկրի փորձից: Դրա հիման վրա հաճախորդը եւ նրա թիմը կարող են եզրակացություններ անել ու քայլեր ձեռնարկել, օրինակ, բերքի որակը բարձրացնելու համար: Հաճախորդին քիչ է հետաքրքրում, թե ինչպես է այն ստացվում, նրան պետք է ինֆորմացիա, որ իմանա՝ ինչն է լավ կամ վատ, կամ որտեղ կան թերություններ, որ կարիք ունեն շտկելու»,- բացատրում է արդյունաբերական օպերատորի ղեկավարը:
Փոքր թիմ, մեծ հնարավորություններ
«Դրոն» ՍՊԸ-ի թիմը ներկայում մեծ չէ, սակայն ընկերությունն ունի օտարերկրացի խորհրդատուներ, ինչպես նաեւ հնարավորություն՝ հարկ եղած դեպքում ժամանակավորապես Հայաստան բերելու այնպիսի տեխնիկա, որը ներկա պահին իր տրամադրության տակ չկա (պահանջարկ չլինելու հետեւանքով ընկերությունն այդպիսի տեխնիկա չի գնել), սակայն, կախված պատվերի տեսակից ու աշխատանքների բարդությունից, կարող է պետք գալ:
«Քանի որ տվյալներ ենք մատակարարում հաճախորդներին, պետք է ունենալ ծրագրերի հետ աշխատելու կարողություններ: Դրոն-օգտակար բեռ-ծրագիր. սրանք իրար հետ օգտագործելով՝ ստանում ես արդյունք»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:
Ընկերության կազմում կա լիցենզավորված 2 օդաչու, մեկն էլ ներկայում պատրաստվում է: Հայաստանում այս պահին հնարավոր չէ ձեռք բերել ԱԹՍ-ի օդաչուի լիցենզիա, սակայն Արման Բաղդասարյանն ասում է, որ դա ընդամենը ժամանակի հարց է: Մյուս կողմից՝ նա տեղյակ չէ, թե արդյոք մեր երկրում կան ԱԹՍ-ի լիցենզավորված այլ օդաչուներ: «Հանդիպել եմ օնլայն լիցենզավորման, բայց ես ինքս չէի ուզի հայտնվել մի օդանավում, որի օդաչուն օնլայն է սովորել: Ինչպես դասական օդանավերում, այստեղ էլ պետք է լիցենզիայի համար պրակտիկա՝ թռիչքային ժամեր ունենաս»,- ասում է ԱԹՍ-ի օդաչուն:
«Ինչը որ աշխատում է, ձեռք մի տուր, որ չփչանա»
Արման Բաղդասարյանի գնահատմամբ՝ RPAS-ների զարգացումը Հայաստանում դեռեւս սկզբնական փուլում է: Ասում է, որ չնայած իրենք միջոցառումներ չեն նկարում, չի բացառվում, որ ապագայում դրանով էլ կզբաղվեն: Հիմա նաեւ դրոններ են վաճառում, սակայն դա ընկերության հիմնական նպատակը չէ: Փոխարենը այն սեգմենտը, որտեղ արդյունաբերական օպերատորը փորձում է տեղավորվել, ըստ մեր զրուցակցի, շատ մեծ է:
«Այսօր այն պահն է, երբ ասում են՝ ինչը որ աշխատում է, ձեռք մի տուր, որ չփչանա,- նկատում է Բաղդասարյանն ու հավելում, որ շատ հաճախորդներ դեռ չեն գիտակցում դրոնների արդյունավետությունը տարբեր խնդիրներ լուծելու մեջ,- երբ ասում ենք, որ այսինչ աշխատանքն ԱԹՍ-ով կարելի է ավելի անվտանգ անել կամ ավելի կարճ ժամանակում, մարդիկ ասում են՝ չէ, այսպես արել ենք 10-20-30 տարի, ուզում ենք շարունակել նույնկերպ»:
Օրինակ է բերում 312 մ բարձրություն ունեցող Երեւանի հեռուստաաշտարակի տեխնիկական զննության աշխատանքները, որոնց համար, իր տեղեկություններով, ներգրավվում են պրոֆեսիոնալ լեռնագնացներ: Ըստ Բաղդասարյանի՝ այդ ամենի համար կարելի է ԱԹՍ-ներ կիրառել, ինչն ավելի անվտանգ, արագ ու արդյունավետ կլինի: Նույնը վերաբերում է Ոստիկանությանը, որը կարող է զանգվածային միջոցառումների վերահսկման ու կառավարման համար բարձրախոսներով դրոններ կիրառել, փրկարարական աշխատանքների համար էլ կարելի է օգտագործել լուսաձայնային ազդանշաններ ունեցող ԱԹՍ-ներ: Օրինակները շատ են:
Առջեւում վկայական ստանալու գործընթացն է
Անցյալ տարի ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Միհրան Խաչատրյանը մեզ հայտնել էր, որ բոլոր նրանք, ովքեր կոմերցիոն նպատակներով ԱԹՍ-ներ են շահագործում, մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 27-ը պիտի համապատասխան վկայական ստանան: Ըստ Խաչատրյանի՝ դա ICAO-ի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջն է:
Եթե կոմերցիոն նպատակներով ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ շահագործողները ստանում են ՕՇՎ՝ օդանավ շահագործողի վկայական (AOC, air operator certificate), ապա RPAS շահագործողները ստանալու են ROC (remote operator certificate), որը կարելի է թարգմանել իբրեւ հեռավար շահագործողի վկայական:
Հասկանալի է, որ ROC ստանալու պահանջը տարածվելու է նաեւ «Դրոն» ՍՊԸ-ի վրա: «Մենք միանշանակ պատրաստ ենք այդ պրոցեսին ու դրան վերաբերվում ենք միայն ու միայն դրական, քանի որ դա կբերի համակարգվածության,- նշում է Արման Բաղդասարյանը,- «դրոն թռցնող» արտահայտությունը, որը մի տեսակ վիրավորական է, պետք է դառնա «ROC ստացած/ունեցող կազմակերպություն»: ROC ստանալը կնշանակի անվտանգություն, ինչը մարդիկ ուղղակի չեն գիտակցում»:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ իրենք երկխոսության մեջ են ՀՀ քաղավիացիոն իշխանությունների հետ, ու արդեն իսկ նկատելի են փոփոխություններ ներկայի եւ այն շրջանի միջեւ, երբ նոր էին տեղափոխվել Հայաստան. «Ավստրալիայում, որն ԱԹՍ-ների տեսանկյունից ամենաառաջատար պետություններից է, ամեն ինչի համար կան մշակված պրոցեսներ, որոնցով պետք է անցնես: Այդ ամենը մշակելու, ներդնելու եւ կիրառելու համար Ավստրալիայից պահանջվել է 15-20 տարի: Հայաստանում սկսվել է գործընթաց, որը, համոզված եմ, ավելի արագ է լինելու»:
Անվտանգությունը՝ առաջին տեղում
ՔԱԿ-ը ի գիտություն ԱԹՍ-ների սեփականատերերի եւ օպերատորների հայտարարել է, որ նախաձեռնել է անօդաչու համակարգերի անվտանգ շահագործման եւ գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքներ։ Կանոնակարգում չեն ներառվելու մինչեւ 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը: Մինչեւ նոր կանոնակարգի մշակումն ու հաստատումը ՔԱԿ-ը նշում է, որ անհրաժեշտ է հետեւել ՀՀ-ում ուսումնական եւ հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգին:
Այս կարգը սահմանում է, որ հեռակառավարվող անօդաչու համակարգերով թռիչքները, որոնք համարվում են հատուկ բնույթի թռիչքներ, աերոդրոմների տեղորոշիչ կետից մինչեւ 5 կմ շառավիղով շրջանում կարող են իրականացվել միայն ՔԱԿ-ի կողմից տրված թույլտվության հիման վրա: Իսկ եթե թռիչքները կատարվում են նշված շրջանից դուրս ընկած օդային տարածքում՝ կիրառելով մինչեւ 4 կգ քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգեր, եւ տեղանքի նկատմամբ թռիչքի հարաբերական բարձրությունը չի գերազանցում 120 մետրը, ապա թույլտվության կարիք չկա: Թռիչքի թույլտվություն չի պահանջվում նաեւ այն դեպքերում, երբ թռիչքն իրականացվում է աերոդրոմների վերոնշյալ տարածքից դուրս գտնվող տեղանքում՝ կիրառելով 4-50 կգ քաշով անօդաչու համակարգեր, եւ եթե տեղանքի նկատմամբ թռիչքի հարաբերական բարձրությունը չի գերազանցում 50 մետրը: Այս պարագայում, սակայն, թռիչքի անցկացման վայրում երրորդ անձինք չպետք է լինեն, նրանց հեռավորությունը անօդաչու համակարգի առանցքից պետք է լինի առնվազն 50 մ:
Անկախ ամեն ինչից՝ ԱԹՍ-ներով թռիչքները, ըստ կարգի պահանջների, պետք է իրականացվեն պարզ եւ վիզուալ օդերեւութաբանական պայմաններում:
Արման Բաղդասարյանն ասում է, որ իրենք վերջերս ստացել են 120 մետրից բարձր թռիչքի թույլտվություն, եւ ՔԱԿ-ի հետ հաղորդակցությունը համակարգված ու ժամանակին է եղել:
Լիցենզավորված օդաչուն շեշտում է, որ մարդկանց նախ պետք է կրթել ու բացատրել, թե ինչ խնդիրներ կարող են ստեղծել, եթե անտեսեն անվտանգության նորմերը:
«Թռիչքից առաջ, ինչպես ինքնաթիռի կամ ուղղաթիռի դեպքում, դու պրոցեսների միջով պիտի անցնես: Մարդկանց, գործող մայրուղիների վրայով թռչելը որոշ պետություններում հանցանք է: Մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչ կպատահի գետնի վրա գտնվողներին, եթե նրանց վրա, օրինակ, 180-200 մետրից 2 կգ քաշով ԱԹՍ ընկնի,- նշում է «Հետքի» զրուցակիցը,- առաջինը՝ կրթել, երկրորդը՝ վերահսկել, այդ թվում՝ ԱԹՍ-ների խլացուցիչները (jammer): Օրինակ՝ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ իր տան կողքով դրոն չպետք է թռչի, ու որոշում է, որ այդ ԱԹՍ-ն պետք է ընկնի, եւ խլացուցիչ է կիրառում: Այսինքն՝ հավանական զոհեր ու մի իրավիճակ, երբ հնարավոր չէ հասկանալ, թե ով էր անողը: Կրթել, վերահսկել, լիցենզավորել, ունենալ կանոնակարգող պրոցեսներ ու, բնականաբար, պատիժ հարկ եղած դեպքում: Մասնավորապես՝ եթե վտանգի ես ենթարկում մարդկանց կյանքը, պետք է պատասխան տաս»:
Ըստ «Դրոն» ընկերության ղեկավարի՝ ներկայում Հայաստանում բավականին զարգացել է FPV (first person view) դրոնների սեգմենտը. «Կոլեգաները բավականին արագ զարգանում են, ինչն ուրախացնում է, բայց կոմերցիոն ԱԹՍ-ների ոլորտում քիչ խաղացողներ ու օդաչուներ կան: Հարսանիք չենք նկարում, բայց դրա համար էլ է պետք կրթվել, քանի որ մարդկանց կողքն ես թռիչք կատարում: Դեպքեր են եղել, երբ լարը չեն նկատել, ու դրոնն ընկել է մարդկանց կամ բանուկ ճանապարհի վրա: Մենք ունենք հատուկ ռադար, որը լար է տեսնում, առանց դրա չենք թռչում»:
Այս տարվա մայիսի 12-ից «Դրոն» ՍՊԸ-ի բոլոր թռիչքները ապահովված են երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության մինչեւ 1 մլն դոլար ծածկույթով:
Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության կամ վերաապահովագրության սերտիֆիկատ ունենալը նախապայման է ՔԱԿ-ի կողմից թռիչքի թույլտվություն ստանալուց առաջ: Արման Բաղդասարյանն ասում է, որ այդ սերտիֆիկատի համար իրենցից պահանջվեց մոտ 2 ամիս, եւ բարդությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանում չկա համապատասխան շուկա ու նման ապահովագրության պահանջարկ. «Քանի որ մեծ ռիսկերը վերաապահովագրվում են արտերկրում, դրա ընթացքում բազմաթիվ հարցեր են տրվում, որոնց պետք է պատասխանես: Դա տեւեց մոտ երկու ամիս: Մեր ԱԹՍ-ներն էլ են ապահովագրված, բայց դա ավիացիոն իշխանությունների կողմից պահանջ չէ, նրանք երրորդ անձանց հասցված վնասի համար են ապահովագրություն պահանջում: Քանի դեռ ապահովագրություն չունեինք, 120 մետրից բարձր չէինք թռչում»:
«Ժամանակ է պետք, մենք գիտակցում ենք դա»
2024-ին պետական գրանցում ստանալու եւ միայն 2025-ի գարնանը կոմերցիոն գործունեություն սկսելու հանգամանքը «Դրոն» ընկերության ղեկավարը գլխավորապես պայմանավորում է սարքավորումները Հայաստան տեղափոխելու հարցում ծագած բարդություններով. «Գրանցումից հետո ահագին ժամանակ անցավ, քանի որ Հայաստան ԱԹՍ ներմուծելը բավական բարդ է: Առաջին անօդաչու համակարգը բերեցինք կանխավճարը մուծելուց 3,5 ամիս անց: Հայաստանում ոչ մի խոչընդոտ չկա, հիմնական խնդիրն այլ երկրների տարածքով տեղափոխումն է: Ամբողջ Եվրոպայով պտտեցինք, մինչեւ տեղ հասցրինք: Մենք սարքավորումները լեգալ ենք բերում, ներմուծում ու մաքսազերծում: Բոլորն էլ ընկերության հաշվեկշռում են: Իսկ մարտկոցները բերելը, որոնք համարվում են վտանգավոր բեռ, լրիվ ուրիշ պատմություն է: Դրանք պետք է բերել կարգոյով, բայց կարգոն էլ հաճախ չի գալիս Հայաստան»:
Նորաստեղծ բիզնեսի առաջին քայլերի վերաբերյալ Արման Բաղդասարյանն իրատես է. «Մենք չենք սպասում, որ մի ամսում ունենալու ենք պատվերների մեծ քանակ: Այն, ինչ հիմա կատարվում է, զուգահեռ է մեր բիզնես պլանին: Ժամանակ է պետք, մենք գիտակցում ենք դա»:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ որոշակի ճանաչելիություն արդեն ունեն, ստանում են զանգեր, միաժամանակ իրենց կողմից փորձում են կրթել հաճախորդներին այն իմաստով, որ վերջիններս ավելի լավ պատկերացում կազմեն ԱԹՍ-ների հնարավորությունների մասին: Զուգահեռաբար փորձնական թռիչքներ են կատարում ու պրոցեսներ բարելավում:
Մեկնաբանել