
Հայաստան ներկրվող գազի մինչև 20%-ը Իրանից է. ի՞նչ ռիսկեր կան Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին
Փորձագետներն ու իշխանության ներկայացուցիչները չեն շտապում հստակ գնահատականներ տալ, թե Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Ամեն ինչ կախված է պատերազմի հետագա ընթացքից։ Բացասական զարգացումներ կան բեռնափոխադրումների մասով, դրանք կարող են լինել նաև օտարերկրյա ներդրումների, էներգետիկ ոլորտներում։ Չեն բացառվում նաև դրական ազդեցությունները։
Փորձագետ. «Իրանի հետ ծրագրերի անգամ դադարեցման պարագայում Հայաստանը էներգետիկ անվտանգության խնդիրներ չի ունենա»
Հայաստանի և հարևան Իրանի միջև ներկա էներգետիկ համագործակցության և ընդլայնման հեռանկարները մթագնում են Իրանի և Իսրայելի հակամարտության համատեքստում։
ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանի դիտարկմամբ՝ թեև ծրագրերի անգամ դադարեցման պայմաններում Հայաստանը էներգետիկ անվտանգության խնդիրներ չի ունենա, սակայն այս իրադարձությունները էականորեն կվատթարացնեն Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը: Բոլոր դեպքերում, ամեն ինչ կախված է հակամարտության հետագա ընթացքից։
«Առաջիկա տարիներին, դժվար թե, հաջողությամբ իրականացվեն «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հեռանկարները, կդժվարանա բարձրավոլտ հաղորդագծի հետ կապված աշխատանքների հաջող ավարտը, իսկ «Մեղրի» հէկ-ի կառուցման ծրագրի իրականացումը անորոշ է դառնում»,- «Հետք»-ի հետ զրույցում նկատում է փորձագետը։
«Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խոշոր ծրագիր է։ 2009 թվականից Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ (գազատարի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2007թ․-ին): Հայաստանը 1 խմ գազի դիմաց Իրանին տալիս է 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Ծրագրի ժամկետները պարբերաբար երկարացվում են։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանը 2.7 մլրդ խմ (խորանարդ մետր) բնական գազ է ներմուծել։ Դրա 83.7%-ը ներկրվել է Ռուսաստանից, 16.3%-ը՝ Իրանից։
Նախորդ տարիների տվյալները ևս վկայում են, որ Հայաստան ներմուծված բնական գազի մինչև 20%-ն է Իրանից։ Միայն 2018 թվականին է Իրանի կշիռը գերազանցել այդ շեմը։
2024 թվականին Իրանից ներմուծված 446 մլն խմ գազի դիմաց Հայաստանը Իրան է արտահանել 1.465 մլրդ կՎտժ (միլիարդ կիլովատտ-ժամ) էլեկտրաէներգիա։
Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը շատ ավելի բարձր է։ Բացման ժամանակ հայտարարվել է մինչև 2.3 մլրդ խմ-ի մասին։
Հաշվի առնելով Իրանի ոչ մեծ տեսակարար կշիռը Հայաստան ներմուծված գազի կազմում՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի առնչությամբ հետագա ռիսկերը, ըստ Արա Մարջանյանի, հայկական ներքին շուկայում թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով անվտանգության հարցեր չեն առաջացնի։
Սակայն, ներկրվող իրանական գազի և Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալման հետագա ծրագրերն այս հակամարտության պայմաններում ռիսկի տակ են։
«Ծրագրվում էր, որ այս փոխանակման համաձայնագիրը կընդլայնվի, և մենք կհասնենք պլանավորված ցուցանիշներին՝ 1 մլրդ խմ գազ ստանալ և արտահանել 3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Եթե գազ այլևս չստանանք, ուղղակի էլեկտրաէներգիա այլևս չենք արտահանի, դա ներքին էներգետիկ շուկայի վրա ոչ մի ազդեցություն չի թողնի, սակայն կնշանակի, որ Հայաստան-Իրան համագործակցությունը դադարում է։ Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի մտածել այլ ոլորտներում էլեկտրաէներգետիկ հնարավորությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ Վրաստանի ուղղությամբ»,- ասում է Արա Մարջանյանը։
Իրանի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մյուս ծրագիրը 400 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծի և Իրան-Հայաստան ենթակայանի շինարարությունն է։ Դրանով նախատեսվում է ավելացնել Հայաստանից Իրանի առաքվող էլեկտրաէներգիայի ծավալը։
Դեռևս 2023 թվականի մայիսին գրել ենք, որ ըստ Կառավարության հաշվետվության՝ աշխատանքների գրեթե 80%-ն ավարտվել է։ Էլեկտրահաղորդման գծի կառուցումն ամբողջությամբ նախատեսվում էր ավարտել 2023 թվականի վերջին։
Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի հունիսի 9-ին, հայտարարել է, որ 400 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծի և Իրան-Հայաստան ենթակայանի շինարարությունը գտնվում է ակտիվ փուլում։ «Պետք է ասել, որ աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն ավարտված է»,- հավաստիացրել է նախարարը։
Հայաստանից Իրան արտահանման 75%-ը էլեկտրաէներգիան է
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից Իրան է արտահանվել 108 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է 14.5%-ով։
Նույն ընթացքում Իրանից Հայաստան է ներմուծվել 629 մլն դոլարի ապրանք, աճը՝ 5.2%:
Վերջին տասը տարիներին Հայաստանից Իրան արտահանումը չի գերազանցել տարեկան 110 մլն դոլարը, իսկ ներմուծումը թափ է հավաքել 2021 թվականից։
Արդյունքում, 2024 թվականին Իրանի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման մեջ կազմել է 3.7%։ Այս ցուցանիշով Իրանը զիջում է միայն Ռուսաստանին, որը բացարձակ առաջատարն է (ներմուծման կեսից փոքր-ինչ ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին) և Չինաստանին:
Իսկ Հայաստանի արտահանման մեջ Իրանի տեսակարար կշիռը 0.8% է:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել Հայաստանի արտաքին առևտրի 2024 թվականի տարեկան տվյալները՝ թեև արդեն 2025-ի երկրորդ կիսամյակի ավարտն է։ Ի տարբերություն ՊԵԿ-ի՝ Վիճակագրական կոմիտեի բազաներում չկան արտաքին առևտրի տվյալները՝ երկիր-ապրանք կտրվածքով։
Փոխարենը դրանք հասանելի են միջազգային առևտրի «UN Comtrade Database» հարթակում։
Ըստ այդ բազայի՝ Հայաստանից Իրան արտահանման առյուծի բաժինը էլեկտրաէներգիան է զբաղեցնում։ 2024-ին արտահանվել է 81.6 մլն դոլարի էլեկտրաէներգիա։ Դա Հայաստանից Իրան ամբողջ տարվա արտահանման 75%-ն է։
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը։ Արտահանվում է ոչ միայն Իրան, այլև Վրաստան։
Բացի էլեկտրաէներգիայից, Հայաստանը Իրան է արտահանում նաև ոչ մեծ ծավալի պղնձի հանքաքար և խտանյութ, ոչխարի միս, անձեռոցիկ և բամբակե հիգիենիկ պարագաներ և այլն։
Ի տարբերություն արտահանման՝ Իրանից Հայաստան ներմուծումն այժմ բավականին դիվերսիֆիկացած է։ Ներմուծման մեջ առավել մեծ կշիռ ունեն երկաթից և ածխածնային պողպատից չվերամշակված ձողերը (81 մլն դոլար) և բնական ու հեղուկ գազը (78 մլն դոլար)։
Հաջորդում են նավթավերամշակումից ստացված մնացուկը (կոքս, բիտում)՝ , նավթամքերքը (բենզին, մազութ, նավթ, դիզելային վառելիք, յուղ), վերամշակված երկաթե, պողպատե ձողերn ու գլանվածքները, որոնց տարեկան ներմուծումը 28-33 մլն դոլար է:
Հայաստանը Իրանից ներմուծում է նաև ցեմենտ, դռներ և պատուհաններ, հատակի սալիկներ, պոլիէթիլեն, մոլիբդեն, ինչպես նաև՝ կաթնամթերք, միրգ և այլն։
Վերջին երեք տարիներին Իրանից Հայաստան ներմուծման ծավալների աճը պայմանավորված է ոչ թե մեկ կամ երկու ապրանքի ներկրման կտրուկ ավելացմամբ, այլ՝ նշված ապրանքների մեծ մասի դեպքում գրանցվել է աճ։
Բեռնափոխադրման գործընթացի խաթարումից մինչև ներդրումային գրավչության վրա բացասական ազդեցություն. քննարկվող տնտեսական ռիսկերը
Իրանի և Իսրայելի միջև հակամարտության սրացման ֆոնին փակ ճանապարհների հետևանքով Հայաստան ուղևորվող բեռնատարները կուտակվել են Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում։ Մի մասն էլ առաջ են շարժվել և կրկին կանգնել՝ առանց սահմանը հատելու։
Հայկական սահմանում ևս՝ արդեն Ագարակի անցակետի մոտ, բեռնատարներ և մեքենաներ են կուտակված։
Ինչպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին և լրագրողների հետ զրույցում օրերս հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տնտեսվարողները խուսափում են բեռները հանել նավահանգստից։ Նրանք տարբեր ապրանքներ պետք է հասցնեն Հայաստան՝ հագուստ, տնտեսական ապրանքներ, խաղալիքներ, մեքենասարքավորումներ և այլն։ Ապրանքների մի մասի ծագման երկրները Չինաստանն ու Հնդկաստանն են։
«Ե՛վ մենք մեր արտահանման հետ կապված խնդիրներ ունենք, և՛ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծումներ են կատարում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հունվարի 16-ին ասել է Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ այդ խնդիրների լուծումը Հայաստանի կառավարության տիրույթում շատ փոքր մասով է. «Հույս ունենք՝ երկու երկրների միջև այս հակամարտությունը կավարտվի, և կկարողանանք բարեկամ Իրանի տարածքով շարունակել ազատ առևտուր իրականացնել, ինչպես նախկինում»։
Լրագրողների հետ զրույցում Պապոյանն ասել է, որ ուշացումներն առայժմ լուրջ ազդեցություն չունեն դեպի Հայաստան ընդհանուր բեռնահոսքի վրա։ Կա այլընտրանքային ճանապարհ՝ վրացական Փոթի նավահանգստով, որը որոշ տնտեսվարողներ արդեն օգտագործում են։ Այդ դեպքում, սակայն, նրանց ծախսերն են ավելանում։
Նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանն երեկ «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրանական կողմում կուտակված բեռնատարների մասին տեղեկությունները նույնն են։ Արդյոք դեպի Հայաստան ուղևորվող քանի բեռնատար է այս պահին Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում, առայժմ հայտնի չէ։
Հայաստան-Իրան տնտեսական կապերը ներառում են ոչ միայն ներդրումները, առևտուրն ու էներգետիկան, այլև զբոսաշրջությունը։
Հայաստանում Իրանի քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիկների նկատելի հոսք է գրանցվում իրանական Նոր տարվա՝ Նովրուզի օրերին՝ մարտ-ապրիլին։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում, ըստ աշխարհագրության, Իրանը չորրորդ տեղում է։ Նշված տարում Հայաստան է այցելել Իրանի 34 369 քաղաքացի։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.9%-ով։
Ֆինանսների նախարար. «Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը պետք է որ չտուժի»
Հայաստանի Ֆինանսների նախարարությունը դեռևս սցենարներ չի մշակել, թե Իրան-Իսրայել հակամարտության պայմաններում ի՞նչ հնարավոր ազդեցություններ կարող են լինել Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին հունիսի 17-ին ԱԺ-ում հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Որովհետև դեռ անորոշությունները շատ են, սցենարների ենթադրությունները կարող են շատ շեղվել։ Հենց որ զգանք դրա ազդեցությունների կոնկրետությունը, իհարկե, տեսանելի է, բնականաբար, համապատասխան վերլուծությունները կներկայացնենք»,- ասել է նախարարը։
Դրանից մեկ օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Վահե Հովհաննիսյանը նշել է՝ քանի որ Հայաստանի տնտեսության լոգիստիկիայի մի մասը կապված է նաև Իրանից մատակարարումների հետ, այս պայմաններում դրանք կարող են խաթարվել, երկարել, թանկանալ և այլն։
«Եթե իրավիճակն այնպես սրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային՝ միջազգային ներդրումներ կատարելու համար, բազմաթիվ են գործոնները, որոնք կարող են ազդել, սակայն մենք պետք է հետևենք զարգացումներին և հասկանանք՝ ինչ պետք է անենք, որ մեղմենք այդ ազդեցությունները»,- նշել է ֆինանսների նախարարը։
Երբ Իրան-Իսրայել կոնֆլիկտը սրվել է, Վահե Հովհաննիսյանն առաջինը մտածել է Հայաստանում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մասին՝ հաշվի առնելով իրանական կապալառուի փաստը: «Իմ տպավորությունն այն է, որ շինարարությունը պետք է որ չտուժի, որովհետև հիմա դեռ հողային աշխատանքներ են իրականացվում, շատ բան չկա ներմուծելու Իրանից և Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա, ամեն ինչ նորմալ աշխատում է»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը Կառավարության կողմից 5%-ի շրջանակներում է։ Թե այս հակամարտությունն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա, դեռևս չի կանխատեսվում, սակայն ազդեցությունները, ըստ Վահե Հովհաննիսյանի, կարող են ոչ միայն բացասական լինել, այլև դրական։
«Շատ բան կախված է սրացման աստիճանից և դրա տևողությունից։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, մենք, ելնելով 2014 թվականի մեր փորձից, միանգամից սկսեցինք նայել վատթարացման սցենարներ։ Բայց իրականում եղավ փոքր-ինչ այլ կերպ։ Բարեբախտաբար, մենք ունեցանք դրական զարգացումներ։ Դրա համար հիմա չենք շտապում եզրակացություններ անել։ Մեր անելիքները մնում են նույնը»,- հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։
Նշելով ռուս-ուկրաինական պատերազմի դրական ազդցությունների մասին՝ նախարարը նկատի ուներ մարդկանց և կապիտալի ներհոսքը Ռուսաստանից Հայաստան, որը էապես բարձրացրեց Հայաստանի տնտեսական աճը։
Իրանից Հայաստան մարդկանց ներհոսքն արդեն սկսվել է։ Թե դա ինչպես կազդի Հայաստանի տնտեսության, օրինակ՝ անշարժ գույքի շուկայի, սպասարկման և ծառայությունների ոլորտի վրա, արտարժույթի փոխարժեքների, կրկին կախված կլինի հակամարտության հետագա ընթացքից։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը սկսել է հարվածել Իրանի ուղղությամբ։ Այդ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզում և Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկություններին, Քերմանշահի և Խորեմաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև՝ Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և իրանական մյուս խոշոր քաղաքներին։
Իսրայելը հայտարարել է, որ «կանխարգելիչ այս հարձակումը պայմանավորված է նրանով, որ Իրանն առավել, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստացմանը»։ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հրթիռակոծումը։ Հրթիռակոծության տակ են հայտնվել նաև երկու երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։
Գլխավոր լուսանկարում՝ Թեհրան, 2025 թվականի հունիսի 13, (AP Photo/Vahid Salemi)
Մեկնաբանել