HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից

2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՆԳ ոստիկանության 8 ծառայող է ազատվել  աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։

Ոստիկանությունից մեզ տրամադրել են տվյալներ, թե 2020-2025 թթ․-ին քանի ոստիկան է ազատվել ծառաությունից թմրանյութեր օգտագործելու, ապօրինի շրջանառության և իրացնելու համար։ Ըստ վիճակագրության՝ ամենամեծ թիվը եղել է 2024-ին՝ 18 աշխատակից, որոնցից 15-ը՝ թմրամիջոց օգտագործելու, 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար, մեկ ոստիկան էլ ազատվել է ծառայությունից մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մեկ դեպքով Ոստիկանությունից հայտում են, որ տվյալ անձը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար։ Այլ կերպ ասած՝ շահադիտական նպատակներով զբաղվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի խոշոր չափերի վաճառքով։ Այս հանցագործությունը կատարողը պատժվում է չորսից ութ տարվա ազատազրկմամբ։

2021-ին ևս մեկ ոստիկան ծառայությունից ազատվել է մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Նա մեղադրվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի՝ առանց դրանք իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության համար։ Այս տիպի հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարով (այս դեպքով մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին գործել է 2003-ին ընդունված Քրեական օրենսգիրքը

project-04.jpg (245 KB)

Ըստ Ոստիկանության տրամադրած տվյալների՝ թմրանյութերի օգտագործումը ամենաշատը տարածված է Ոստիկանության ծառայողների կրտսեր խմբում, 2020-25 թթ․-ի ընթացքում կրտսեր խմբի 32 ծառայող է ազատվել աշխատանքից։ Այդ խմբի պաշտոններն են՝ կրտսեր տեսուչ, ավագ ոստիկան, ոստիկան։ Նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է միջին խմբի 20 ծառայող, խմբում ներառված են՝ բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ և ավագ օպերլիազոր, ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր, տեսուչ, քննիչ, օպերլիազոր։ Իսկ ավագ խմբից 1 ծառայող է ազատվել, խմբում ներառված են հետևյալ պաշտոնները՝  բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ։

project-02.jpg (158 KB)

Թմրանյութեր օգտագործելու համար ծառայությունից ազատվածների կեսից ավելին եղել են երկու խմբից՝ Ոստիկանության զորքերից՝ 19 և Պարեկային ծառայությունից՝ 14։ Մեկ ծառայող էլ Ոստիկանության կրթահամալիրից։ Մանրամասն պատկերը՝ վիզուալում․

project-03.jpg (182 KB)

Ի՞նչ է անում նախարարությունը

Ոստիկանությունից մեզ գրավոր հայտնեցին՝ ինչ միջոցառումներ են իրականացվում Ոստիկանության աշխատողների շրջանում թմրանյութերի օգտագործումը կանխարգելելու և թմրանյութեր օգտագործողներին հայտնաբերելու համար։ 

«Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև Ոստիկանության ծառայողները Կառավարության սահմանած կարգով հոգեֆիզիոլոգիական հետազոտության հետ մեկտեղ անցնում են թեստավորում՝ ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով»,- նշված է Ոստիկանության պատասխան նամակում։

Ոստիկանությունից հայտնում են՝ ծառայողների զբաղեցրած պաշտոնում  համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման մասնակցելու համար ցանկություն հայտնած ծառայողների նկատմամբ իրականացվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման վերաբերյալ ստուգում։

Այս տարվա հունիսի 5-ին Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը»։ Այս ռազմավարության մեջ անդրադարձ կա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում և հանրային ծառայությունում թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարին։ Ռազմավարության մեջ նշվում է՝ «անհրաժեշտ է միջազգային չափանիշների և այլ պետությունների լավագույն փորձի հիման վրա իրականացնել ուսումնասիրություն, որը կանդրադառնա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ թմրամիջոցի գործածման պարբերական թեստավորում անցնելու պարտականության նախատեսման հնարավորության հարցին»։

Փաստաթղթի համաձայն՝ պետք է անդրադարձ կատարվի, թե հանրային պաշտոնների և հանրային ծառայության որ տեսակների պարագայում նման պարտականության նախատեսումը կարող է հիմնավոր և իրավաչափ լինել։ Նշվում է՝ նման պարտականությունը չպետք է վերաբերի հանրային բոլոր ծառայողներին, այլ վերաբերի հանրային պաշտոններ զբաղեցնողների և հանրային ծառայություն իրականացնողների այն խմբերին, որոնց դեպքում թմրամիջոցների գործածումը մեծ ռիսկեր է ենթադրում։ Որպես օրինակ նշվում են՝ Դատախազությունում և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և այլն։

Ռազմավարության մեջ նշվում է, որ պետք է քննարկել նաև այն հարցը, ըստ որի՝ մինչ հանրային պաշտոնում նշանակվելը, պետք է թմրամիջոցի գործածման թեստավորում անցնելու պարտականություն նախատեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter