
Իշխանությունները պնդում են՝ նախապատրաստվում է հեղաշրջման փորձ, որի առանցքային դերակատարներից է Սամվել Կարապետյանը
Այսօր՝ հունիսի 24-ին, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։
Հունիսի 17-ին միլիարդատեր գործարարը «News.am»-ին տված հարցազրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով իշխանությունների՝ եկեղեցու դեմ ուղղված արշավը։
«Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի այս հայտարարությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն արեց ֆեյսբուքյան իր էջում.
«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Գրառմանը հաջորդեց ԱԱԾ-ի կողմից Կարապետյանի տան խուզարկությունը, իսկ նույն օրը ուշ երեկոյան նա կալանավորվեց։
Փաշինյանը Կարապետյանի ձերբակալումից հետո անգամ չդադարեց նրա վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներ անել:
Հունիսի 18-ին, Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված «civic.am» լրատվամիջոցը հրապարակեց մի փաստաթուղթ, որը, ըստ լրատվամիջոցի, ընդդիմության կողմից մշակված հեղաշրջման պլան էր։
Լրատվամիջոցի հրապարակած փաստաթղթում նկարագրվում էին իշխանափոխության համար անհրաժեշտ միջոցառումները և դրա իրականացման հնարավոր սցենարները։ Նշված էին նաև դերակատարների անունները և նրանց պարտականությունները:
Փաստաթղթում հիշատակված էր նաև Սամվել Կարապետյանի անունը։ Ըստ իշխանամերձ լրատվամիջոցի տարածած փաստաթղթի՝ նա պետք է ապահովեր 5000-8000 մարդու մասնակցությունը ցույցերին։
Թեև փաստաթղթի իրական լինելու վերաբերյալ որևէ ապացույց չկա, սակայն, հրապարակումը իրենց էջերում ակտիվորեն տարածում են Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ականներ։
Փաշինյանը հոդվածին կից գրել է. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»»։
«Civic.am»-ի այս հրապարակումից անմիջապես հետո Գլխավոր դատախազությունն այն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։
Սամվել Կարապետյանը, որը կալանավորվելուց հետո մի քանի անգամ ուղերձներ էր հղել բանտից, այս հրապարակմանը դեռևս չի անդրադարձել։
Մեկնաբանել