HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հանան, նկարչական ալբոմն ու ֆոտոխցիկը

Հանան նկարում է ամեն հարմար պահի։ Նկարչական ալբոմում օրագրի պես ֆիքսում է տեղերը, հանդիպումները, պահի տակ եկած մտքերը։ Ալբոմում ինքն է. 

«Ամենաշատը ինձ եմ նկարում, որովհետև ամենաշատը ինքս ինձ հետ եմ լինում»,- ասում է տասնյոթամյա Հանա Շարունին, ով սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում՝ գեղանկարչության բաժնում։

Հանան Իրանի Սպահան քաղաքից է, ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել  2020թ․ սեպտեմբերին։ 

«Շատ բան չգիտեի Հայաստանի մասին։ Տեղափոխվելուց մի քանի օր հետո սկսվեց արցախյան պատերազմը, Արցախի մասին լսել էի միայն դպրոցում՝ աշխարհագրության դասին»,- պատմում է Հանան, ում պարանոցին երևում է Արցախի տատիկ-պապիկ հուշարձանի կախազարդը։

Տեղափոխվելուց մեկ-երկու տարի հետո սկսել է խոսել հայերեն, ապագա մասնագիտության հարցում դեռ պատկերացում չի ունեցել, երբ 2021թ․-ին ընդունվել է Թումոյի կոմիքսների պատրաստման խմբակ։

«Ես ինչ հիշում եմ,  նկարում եմ, հորաքույրս էլ նկարչուհի է, բայց չեմ մտածել երբեք ընտրել այդ ճանապարհը, ծնողներս մտածում էին ինչ-որ պրագմատիկ բան ինձ համար՝ օրինակ ծրագրավորող։ «Թումո»-ում նկարչությունը խորացավ, իսկ Թերլեմեզյան ընդունվելով՝ հաստատվեց որոշումս»։

Նկարելուց բացի, Հանան լուսանկարում է։

«Ժապավենային ֆոտոխցիկ էի ուզում ունենալ, «Ֆեյբուք»-ում ստատուս գրեցի՝ ով ունի հին ապարատ, որ չի օգտագործում։ Արցախցի ընկերներիցս մեկը, ով տեղահանությունից հետո իր հետ բերել էր իրենց հին ֆոտոխցիկը, արձագանքեց։ Այդպես հիմա արդեն նաև լուսանկարում եմ»,- պատմում է Հանան, ով նկարչական ալբոմի հետ միշտ իր հետ վերցնում է նաև ֆոտոխցիկը. ճեպանկար-լուսանկարով գեղարվեստորեն ֆիքսում առօրյան։

Նրա նկարչական ալբոմում հաճախ են հանդիպում սոցիալական անարդարության, պատերազմի թեմաներով նկարներ։ «Թումո»-ում սովորելու շրջանում այնտեղ սովորող Արցախից տեղահանված պատանիներից շատերի հետ մտերմացել է, շրջափակումը,  տեղահանությունը, ասում է, ինքն էլ է ծանր տարել։ 

«Հունիսի 13-ին Իրանում իսրայելական հրթիռակոծությունից հետո, երբ սկսվեց Թեհրանից տարհանումը, հիշեցի Արցախի տեղահանության օրերը, երբ արցախցի ընկերներիս հետ համացանցով հուզված հետևում էինք այդ տեսարանին»։

Հանան ծրագրում է Թերլեմեզյանում դիպլոմային աշխատանքի համար գնալ Իրանի Բուշեր քաղաք՝ ճեպանկարների շարք անելու։ Այդտեղից է նրա հայրը, ումից լսել և ոգեշնչվել է այս քաղաքով։ Քաղաքը վերջերս ռմբակոծվեց իրանա-իսրայելական հակամարտության օրերին: 

«Արվեստը, ստեղծագործելը ինչքան էլ մեծ ուժ ունենան, անզոր են, երբ տերությունները որոշում են պատերազմել: Արվեստը միայն արտահայտվելու միջոց է»։

 Հանա Շարունի «Բուշերի երաժիշտը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter