
Հավաքվածները կրկին թույլ չտվեցին Միքայել արք. Աջապահյանին գնալ Քննչական կոմիտե
Երեկ՝ հունիսի 26-ին, հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանին։
Վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։
Այսօր՝ հունիսի 27-ի առավոտից ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները շրջափակել էին Շիրակի թեմի առաջնորդարանը։ Միքայել Աջապահյանը, սակայն, այնտեղ չէր։
Շիրակի թեմի առաջնորդը Մայր Աթոռում մասնակցում էր Քահանայից ժողովին։ Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները ժամը 11:00-ի մոտակայքում շրջապատեցին Վեհարանի տարածքը։ Աջապահյանը դուրս եկավ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ և հայտարարեց, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե թաքնվում է որևէ մեկի հետևում։
«Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը Կառավարությունում է նստած»,- հայտարարեց Միքայել սրբազանը Մայր Աթոռի բակում։
Դրանից հետո Շիրակի թեմի առաջնորդը երկու անգամ մոտեցավ ոստիկանության մեքենային և փորձեց նստել, սակայն հոգևորականները և Մայր Աթոռում հավաքված մարդիկ թույլ չտվեցին։
Իրավիճակը Մայր Աթոռի բակում պարբերաբար լարվում էր։ Մի քանի անգամ քաշքշուկ տեղի ունեցավ ուժայինների և հոգևորականների միջև։
Մոտ մեկ ժամ առաջ Ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները հեռացան Մայր Աթոռից։ ԱԱԾ-ի տարածած պարզաբանման մեջ ասված էր. «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։
Իսկ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարդու իրավունքներրի պաշտպանը ևս անդրադարձել է Մայր Աթոռում տեղի ունեցողին։ Նա մտահոգիչ է համարել ստեղծված վիճակը։
«Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։
Րոպեներ առաջ Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ մեկնում են Քննչական կոմիտե։
Միքայել Աջապահյանը ևս ելույթ ունեցավ և իր շնորհակալությունը հայտնեց հավաքվածներին իրենց պահվածքի համար։
«Ես որևէ բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից չեմ հրաժարվել։ Ասել եմ, լավ եմ արել։ Եվ պիտի շարունակեմ նույն ոգով»,- ասաց Սրբազանը։
Միքայել արք. Աջապահյանը հավաքվածներին խնդրեց թույլ տալ, որ նստի մեքենան և մեկնի Քննչական կոմիտե։ Սակայն հավաքվածները շրջապատեցին մեքենան և թույլ չտվեցին նրան հեռանալ։
Մեկնաբանել