
Սասունի պայքարը․ արցախցի նախկին զինվորականը պատրաստվում է ոտքի 5-րդ վիրահատությանը
Սասունը կտորով կապել է ճակատը: Գլխացավեր հաճախ է ունենում: Երեխաները գիտեն այդ մասին, եւ փորձում են անաղմուկ խաղալ: Հոր գլխացավերը երբեմն կարող են երկար տեւել: Օրեր են լինում, որ գլխաշորը 10 ժամ կապած է մնում գլխին։
Մասիս քաղաքում վարձակալած տան բակում արեւը, կարծես, վառում է բաց շագականակագույն հողը: Բակի քիչ թե շատ ստվերոտ տեղում սեղանի մոտ Սասունն է նստել՝ ծնողների եւ երեխաների հետ: Նրանց հետեւում կոկիկ շարված վառելափայտն է՝ ձմեռվանից է մնացել: Ձմռանը գազը խնայելու համար փայտ են վառում:
Մեխերից կախված երկու գլխարկներից մեկի վրա Արցախի դրոշն է: Տան անդամների սրտում ու մտքում Արցախն են ու դեպի Արցախ վերադառնալու հույսերը: Հենց դրանցով ու օրվա հոգսերով էլ հյուսվեց մեր զրույցը:
Քամի գրեթե չկա: Քիչ հեռու մի քանի ամսական Բոբին է՝ շունը, որ շոգից փորձում է հով տեղ փնտրել:
Սասուն Հակոբջանյանն Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից է: 2003 թ. Ստեփանակերտ է տեղափոխվել եւ մեկ տարի հետո անցել պայմանագրային զինծառայության: Արցախում են ծնվել Սասունի 6 երեխաները՝ Ռիտան, Շահենը, Մավրիկը, Լուիզան, Անկան եւ Ավետիսը:
Որպես բազմազավակ ընտանիք՝ Ստեփանակերտում տուն էին ստացել: 2023 թ. փետրվարից տեղափոխվել էին այդտեղ:
-Բայց չհասցրեցին վայելել,- ասում է Սասունի մայրը՝ տիկին Ռիտան: Զրույցի ընթացքում նա անընդհատ մաքրում էր թաց աչքերը: Կողքին նստած թոռներն ուշադիր նայում էին տատին:
2020 թ. սեպտեմբերի 25-ին Սասունը դիրքերից իջել էր ու չէր էլ մտածում, որ երկու օր անց պատերազմ է սկսվելու: Նորից բարձրացել էին դիրքեր: Սեպտեմբերի 30-ին ականանետի արկի պայթյունից վիրավորվել էր աջ ոտքը, գլուխն ու ողնաշարը, կոնտուզիա էր տարել: «Գլխիս մեջ բեկոր կա, ողնաշարիս մեջ էլ կա, ներվի վրա է, չեն թույլատրում, որ վիրահատեմ։ Բայց ասում են՝ եթե դա հնարավոր լինի հանել, կմնամ սայլակի վրա»,- նշում է Սասունը:
Աջ ոտքն արդեն 4 անգամ վիրահատել են: Սեղանից վերցնում է հեռախոսն ու ցույց տալիս հետվիրահատական շրջանի նկարները։ Վերջին անգամ ոտքը վիրահատել են 2024-ի հունիսի 27-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Վիրահատությունը մոտ 5 ժամ է տեւել։ «Անոթային վիրահատություն էր, ներվն էր։ Բժիշկն ասեց՝ 4 անոթը մի անոթին ա կպցրած։ Էդ մի անոթն ա աշխատում, դրա համար մատներս սեւանում են, թմրածություն եմ ունենում։ Ֆիզիկական ոչ մի բան չեմ անում»,- ասում է Սասունը։
Հայրը՝ Մավրիկ Հակոբջանյանը, լուռ լսում է որդուն, իսկ մայրն անընդհատ մաքրում է աչքերը։ Հուլիսի 5-ին Սասունը նորից հիվանդանոց է գնալու։ Մոտ 10 օր պիտի պառկի այնտեղ, եւ հնարավոր է, որ 5-րդ անգամ վիրահատվի։ Ասում է՝ եթե նորմալ նյարդ չգտնեն, ծնկից ներքեւ ոտքը կտրելու են։ «Ծնկիցս ներքեւ աշխատող ներվ չկա։ 50/50-ի շանս էլ չկա»,- նշում է 43-ամյա զրուցակիցս։ Սա ասում է անշտապ, հանգիստ, փոխարենը մայրը հուզմունքից պոռթկում է։ Երեխաները խաղում են հեռվում։ Հարեւան սենյակում Ավետիսը դեռ քնած է։
Սասունը երրորդ խմբի հաշմանդամություն ունի։ Բացի ոտքի վիրավորումից՝ կոնտուզիայից թուլացել է լսողությունը։
Հեռախոսով խոսելիս միշտ բարձրախոս է միացնում։ Լսողության սարքը 45 հազար դրամ է։ Պետպատվեր չկա, իսկ սարքը գնելու հնարավորություն չունի։
Զինվորական հոսպիտալում ստուգումներն ու վիրահատությունն անվճար են։
-Ֆիզիոթերապիա եմ անցել, մասաժներ, տոկեր, լազեր։ Դեղեր չեմ խմում, չի կարելի։ Ստամոքսս հիվանդ ա։ Տասներկումատնյա աղիքի մեջ երեք հատ խոց կա։ Սենց ահավոր վիճակ ա,- ասում է Սասունն ու շարունակում,- Մասիսում զոնդ եմ կուլ տվել ստամոքսիս համար, 15 հազար մուծել եմ։ Բժիշկն ասեց, թե չի կարող ասել՝ պետպատվե՞ր կա, թե՞ չէ: Նշանակումներն արեց, թոշակս ստացել էի: Մտա դեղատուն, 7 դեղի գումարը 3 ամսվա համար 170 հազար էր, ասեցի՝ չեմ ուզում։ Դա անցած տարի էր։
Երկրորդ անգամ նույն բժշկին էր դիմել ու խնդրել, որ ավելի մատչելի դեղորայք նշանակի։ Ասում է՝ այդ անգամ կարողացել էր դեղերը գնել՝ մոտ 45 հազար դրամ էր կազմել։
Սասունի զինվորական թոշակը ամսական 74 հազար դրամ է։ Տան միակ աշխատողը կինն է՝ Սուսաննան։ Ամեն օր առավոտվա 04։30-ին գնում է ծիրանի բերքահավաքի։ Աշխատում է մինչեւ կեսօր՝ տուն տանելով 8000 դրամ։ Կեսօրից հետո, սակայն, չի հասցնում հանգստանալ։ Գնում է հրուշակագործության դասերի։ Սասունն ասում է՝ լավ է, թող սովորի, գոնե ինչ-որ ձեւով կկարողանան ապրել։
Տան համար ամսական 100 հազար դրամ են վճարում։ Կոմունալ վճարումների հետ միասին տան համար ամսական ընդհանուր ծախսը 150 հազար է կազմում։ Ձմռանը տունը դժվար են ջեռուցում։ Գազ չեն կարող օգտագործել, քանի որ ծախսը շատ է, վառելափայտով են տաքացնում։
Սասունի ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն։ Տիկին Ռիտան ասում է՝ բրոնխների ու ողնաշարի խնդիր, աղեր ունի, արյան շրջանառությունը վատ է։ 2023-ի աշնանը Արցախից բռնագաղթելուց հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ դեղեր էին նշանակել։ Բռնագաղթից հետո կոկորդի ցավերը սրվել են, հազում է։ Տիկին Ռիտան ասում է՝ չգիտի էլ՝ իր օգտագործվող դեղերը պետպատվեր կա՞ն, թե՞ ոչ։ Ամուսնու աչքերն էլ նոր են վիրահատել։ Տեղահանման ճանապարհին նրա լսողության սարքն էր ջարդվել, Հայաստանում 48 հազար դրամով նորն են գնել։
Երեխաները նորից խմբվել են սեղանի շուրջ։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ը մեծերը լավ են հիշում։ Այդ օրը Ռիտան, Շահենն ու Մավրիկը դպրոցում էին։
-Առաջինը որ խփեց, մեր դասատուն ասեց՝ սալյուտա ա, բայց ես գիտեի, որ սալյուտ չի։ Հետո նորից կրակեցին, իջանք ներքեւ։ Դասատուն կողքս էր, ուշաթափվեցի։ Հետո պապան եկավ, տարավ,- հիշում է այդ ժամանակ 6-րդ դասարանում սովորող Ռիտան։
-Ես եմ գնացել պադվալից հանել, բերել տուն։ Երկու գիշեր վախեցած էր երեխան։ Տղաներին դպրոցից հանել, տուն էին բերել ոստիկանությունից,- հիշում է Սասունը։
-Ի՞նչ էիր մտածում էդ ժամանակ,- հարցնում եմ Ռիտային։
-Ավելի շատ պապայի մասին էի մտածում։ Մտածում էի՝ պապան կվատանար, որ փայտով էր, վախեցա, թե ոնց է իջնելու ներքեւ,- սա ասելուց հետո Ռիտան ձեռքով մաքրում է թաց աչքերն ու ժպտալով հորը նայում։
Սեպտեմբերի 29-ին Հակոբջանյանները դուրս են եկել Ստեփանակերտից։ Սասունը հասցրել է վերցնել փաստաթղթերը։
-Մինչեւ էսօր չեմ մտածում, որ Արցախ չեմ գնալու։ Մտածում եմ՝ պիտի վերադառնանք։ Էնտեղ գերեզմաններ ենք թողել, ախպերներ, պապի-տատիներ ենք թողել, մեր հողն ենք թողել,- ասում է նա։
Ֆինանսական մեծ դժվարություններով հանդերձ՝ Սասունը բոլոր երեխաներին պարի, երգի դասերի է ուղարկում։
Ռիտան ու Լուիզան պարի են հաճախում, Մավրիկն ու Անկան՝ երգի, Շահենը՝ դհոլի։ Երեխաների պարի ու երգի դասերի, ինչպես նաեւ ճանապարհածախսի համար ամսական մոտ 50 հազար դրամ են վճարում։ «Ինչքան հնարավորություն ունեմ, իրենց նպատակներին կձգտեմ հասցնել։ Չգիտեմ՝ ինչքան կձգեմ․․․»,- ասում է 6 երեխաների հայրը։
10 տարեկան Շահենը դհոլը բերում է, բայց քանի որ հայրը գլխացավ ունի, չի ուզում նվագել։
-Ինչ լավ դհոլ ունես,- դիմում եմ նրան։
-Պապան ա առել,- ժպտալով նայում է հորը։
Երեխաները, կարծես, շատ լավ են հասկանում տան մեծերի հոգսերը, հատկապես՝ հոր։ Զրույցի ընթացքում մի տեսակ հպարտությամբ ու հիացմունքով են նայում Սասունին։ Տատն ասում է, որ թոռներն իր փոքրիկ օգնականներն են. տնամերձ հողամասը միասին են մշակում։
Զրույցից հետո մեզ ցույց են տալիս այն։ Շահենը վերցնում է բահն ու սկսում աշխատել։ Մավրիկը ափը պարզում է մեզ՝ տնամերձ հողամասի միակ ծիրանենուց ծիրան է քաղել։
Քիչ անց Սասունը ձայն է տալիս Ռիտային՝ Ավետիսն արթնացել է։ Ռիտան վազում է դեպի սենյակ։
Սասունը լուռ նստած է։ Կողքին հայրն է՝ էլի լուռ։
Նրանց հրաժեշտ տալուց նկատում եմ, որ առանձին փոքր խոհանոցում աթոռին դրված է պարուրաձեւ էլեկտրական սալօջախը։
-Սրա վրա՞ եք ճաշ պատրաստում,- հետաքրքվում եմ ես։
-Հա, դե ոչինչ,- պատասխանում է տիկին Ռիտան։
Հիմա ընտանիքի ամբողջ մտահոգությունը Սասունի նոր վիրահատությունն է։
Լուսանկարները՝ Գայանե Հովսեփյանի
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։
Մեկնաբանել