HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Աբովյանի բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են, որ ԲԿ-ն չի կատարում դատարանի վճիռը

Արմինե Մկրտչյանը 2020 թվականից աշխատում է Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-ռենտգենաբան։ Իր խոսքով, 2023 թ. աշխատանքային իրավունքների խախտման մասին բարձրաձայնելուց հետո հիվանդանոցի ղեկավարության հետ հայտնվել է դատական քաշքշուկների մեջ։ 

Նա դիմել է դատարան իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջներով։

Դատարանը բավարարել է Արմինե Մկրտչյանի հայցը, եւ նա դատարանի վճռով վերականգնվել է իր պաշտոնում։ Սակայն, ինչպես ինքն է պնդում, գործատուն շարունակել է խախտել իր աշխատանքային իրավունքները՝ փոփոխելով պայմանագրային կետերը, սահմանափակել մասնագիտական լիազորություններն ու նվազեցրել աշխատավարձը։

Արմինե Մկրտչյանը պատմում է, որ դեռ աշխատանքի ընդունվելուց առաջ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել տնային հերթապահություն իրականացնելու վերաբերյալ։ Նախկինում աշխատելով «Իզմիրլյան» և «Միքայելյան» հիվանդանոցներում՝ նման հերթապահության ժամանակ տեխնիկն էր իրականացնում գործառույթների հիմնական մասը, իսկ բժիշկը ներգրավվում էր միայն հրատապ իրավիճակներում՝ վճարովի հիմքով։ 

«Մտածում էի, որ նույն աշխատաոճն է նաև այստեղ։ Բայց պարզվեց՝ ոչ միայն բժիշկը պետք է անի տեխնիկի աշխատանքը, կատարի բուժզննում, այնինչ դա նրա պարտականությունների մեջ չի մտնում»,- նշում է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ տնօրինությունը պարտադրել է մասնակցել տնային հերթապահություններին. «Նրանց  կողմից ներկայացված հերթապահության ցուցակները երբեմն ստորագրված էին, երբեմն՝ ոչ։ Ասում էին՝ պարտավոր եք գալ։ Մի հերթապահության ժամանակ տեխնիկը ուղարկեց հեռախոսով մի թերի նկար, որը չէի կարող մեկնաբանել։ Պարզապես տեղեկացրեցի, որ պատկերը վատ որակի է։ Օրեր անց այդ դեպքի համար տնօրենը ինձ նկատողություն տվեց»։

Բժիշկ-ռենտգենաբանի դիմումի հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական կենտրոնում արձանագրել է մի քանի խախտում, ներառյալ՝ աշխատավարձի սխալ հաշվարկ։ Տեսչական մարմնի միջամտությամբ իրականացվել է վերահաշվարկ, ինչից հետո Մկրտչյանին փոխանցվել է չվճարված գումարը։ Սակայն բժիշկը վստահ է՝ իր իրավունքների պաշտպանությունից հետո գործատուի վարքագիծը կտրուկ փոխվել է։

«Սկսվեցին անհիմն կարգապահական տույժերը։ Դիմեցի դատարան։ Ամբողջությամբ ապօրինի ճանաչվեցին տնօրենի հրամանները։ Դատարանը հաստատեց, որ ես ոչ մի բժշկական սխալ թույլ չեմ տվել, բժշկական սխալ թույլ տալուս հանգամանքը նրանք չկարողացան դատարանում ապացուցել։ Իսկ հիմա պնդում են, թե լսել են, որ սխալ եզրակացություն եմ տվել։ Սա ոչ միայն զրպարտություն է, այլև իրավունքների կրկնակի ոտնահարում»,- ասում է նա։

Մկրտչյանի խոսքով, աշխատանքում  վերականգնվելուց անմիջապես հետո գործատուն սահմանափակել է իր լիազորությունները։ Արմինե Մկրտչյանն այժմ չի ներգրավվում հիվանդանոցային ծառայությունում, այլ աշխատում է միայն պոլիկլինիկայում։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունն անդրադարձել է նաև աշխատավարձի վրա։ Եթե նախկինում՝ մինչև աշխատանքից ազատումը, իր միջին աշխատավարձը կազմել է շուրջ 570 հազար դրամ, ապա վերականգնումից հետո այն կրճատվել է գրեթե երեք անգամ՝ հասնելով 160-180 հազար դրամի։

«Դատարանի վճռով ես պետք է վերականգնվեի իմ նախկին հաստիքով, իսկ նախկինում իմ աշխատանքն ընդգրկում էր և՛ պոլիկլինիկան, և՛ հիվանդանոցը։ Բայց ինձ վերականգնեցին  միայն պոլիկլինիկայում։ Այս իրավիճակը բացահայտ խտրականություն է։ Մինչդեռ պնդում են, թե ոչինչ չի փոխվել»,- նշում է Մկրտչյանը։

Նրա խոսքով, երբ մյուս բժիշկները հիվանդանոցում ներգրավվում են վճարովի ծառայություններում, ինքը մնում է միայն պոլիկլինիկայում՝ շատ ավելի ցածր աշխատավարձով։

Մկրտչյանը նշում  է, որ աշխատավարձի հաշվարկների կամ արձակուրդների վերաբերյալ իր օրինական դիմումները ղեկավարությունը որակում է բարեվարքության կանոնների խախտում։

«Գրավոր դիմում եմ՝ պահանջելով ինձ հասանելի տեղեկատվություն։ Բայց պատասխանում են, թե խախտել եմ էթիկայի նորմերը։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպես է համակարգը փորձում լռեցնել աշխատողին»,- ասում է նա։

Հիմա Արմինե  Մկրտչյանը դատական նոր գործընթացի մեջ է՝ վիճարկում է վերականգնումից հետո իր պայմանագրային իրավունքի սահմանափակումը։ Նա նաև պնդում է, որ գործատուի կողմից պարտադիր պարապուրդի գումարը սկզբում վճարվել է թերի, իսկ մնացած մասը ստացվել է միայն Հարկադիր կատարման ծառայության միջամտությամբ։

«Ես աշխատանքային վեճի մեջ եմ մի հաստատության հետ, որտեղ տարիներ շարունակ հանդուրժել եմ խախտումները՝ իրավական անտեղյակության պատճառով։ Բայց երբ սկսեցի իրավաբանորեն պաշտպանել ինձ, սկսվեց ամեն ինչ՝ ճնշումներ, լռեցնելու փորձեր»,- ասում է նա։

Արմինե Մկրտչյանը միակը չէ, որ իր խախտված իրավունքների պաշտպանության համար դատական հայց է ներկայացրել բժշկական կենտրոնի դեմ։ Նույն բժշկական կենտրոնի մեկ այլ աշխատակից՝ Հերիքնազ Դավթյանը դիմել է դատարան Կոտայքի մարզի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների վերաբերյալ։

Արդեն երկու տարի Հերիքնազ Դավթյանը փորձում է վերականգնել իր աշխատանքային իրավունքը։ 60-ամյա ռենտգեն լաբորանտը 2020 թվականից աշխատել է Աբովյանի բժշկական կենտրոնում։ 

«Ես 40 տարվա աշխատանքային ստաժ ունեմ։ Աշխատել եմ Երևանի տարբեր հիվանդանոցներում, երբեք նման վիրավորական վերաբերմունքի չեմ արժանացել։  Առողջապահության ոլորտում տարիներով ծառայել եմ առանց խնայելու ինքս ինձ։ Հիմա, փաստորեն, արժեք չունի՝ ինչ ես արել այս երկրի համար»,-ասում է Հերիքնազ Դավթյանը։

Նրա պատմելով՝ Աբովյանի բժշկական կենտրոնում սկզբում աշխատել է ժամավճարով՝ չկանոնակարգված գրաֆիկով ու շատ ցածր վարձատրությամբ։ Հետագայում նրան առաջարկվել է կես դրույք աշխատանք՝ 62 000 դրամ աշխատավարձով, պայմանով, որ շաբաթական կաշխատի 15 ժամ։ Սակայն, Դավթյանի խոսքով, կենտրոնի ղեկավարությունը պարտադրել է շաբաթվա մեջ լրացուցիչ ժամեր աշխատել, առանց լրացուցիչ վճարի, ինչպես նաև՝ աշխատել շաբաթ օրերին։

«Ես տարիքով եմ ու արդեն չէի կարողանում այդ ծանրաբեռնվածությանը դիմանալ, ասացի, որ նման պայմաններով չեմ աշխատի։ Ասացին՝ կամ համակերպվում ես պայմաններին, կամ ազատվում ես»,-պատմում է նա։

Հերիքնազ Դավթյանի խոսքով՝ բժշկական կենտրոնում կան  աշխատակիցներ, որոնք առանց ներկայանալու աշխատավարձ են ստանում։ Ասում է՝ խոսքը տնօրենի ազգականների մասին է։

«Դիմեցի տնօրենին, բարձրաձայնեցի, որ ես ստիպված եմ մայրապետի հետ տեղափոխել ծանր հիվանդներին, մինչդեռ իր եղբոր տղան, որը պետք է դա աներ, անգամ աշխատանքի չէր գալիս, ու ոչ մի նորմալ արձագանք չէի ստանում»,֊նշում է նա։

2023 թ. օգոստոսին Հերիքնազ Դավթյանն առողջական խնդիրներ ուներ ու խնդրել էր անաշխատունակության թերթիկ տալ, որպեսզի աշխատանքի չներկայանա, մինչև առողջական վիճակը կարգավորվի։ Նրա խոսքով, սկզբում հրաժարվել են տրամադրել թերթիկը՝ ասելով, որ տնօրենն արգելել է, հետո Հերիքնազ Դավթյանը ստիպված փոխել է պոլիկլինիկան, որպեսզի կարողանա ստանալ անաշխատունակության թերթիկը։ 

Մի քանի օր անց՝ դեռևս արձակուրդում գտնվելիս, Դավթյանն իմացել է, որ ազատվել է աշխատանքից։

«Զանգեցի աշխատակազմի պատասխանատուին, հարցրի՝ ի՞նչ հիմքով եք ինձ ազատել, ասաց՝ տենց ենք ուզել, տենց ենք արել։ Ես զգուշացրել էի, որ բյուլետենում եմ, բայց, փաստորեն, դա եղանակ չէր փոխել։ Դատի տվեցի»,-պատմում է նա։

Դավթյանի գործը ներկայումս վերաքննիչ ատյանում է։ Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնում աշխատանքային իրավախախտումներն ամենօրյա բնույթ ունեն, սակայն շատերը լռում են՝ վախենալով կորցնել աշխատանքը։ «Մարդիկ, որ գործից ոչինչ չեն հասկանում, աշխատում են, իսկ ովքեր տարիներ շարունակ նվիրվել են այս ոլորտին, իրանց ասում են՝ պետք չեք»,-ասում է նա։

«Հետքը» կապ է հաստատել նաև Կոտայքի մարզի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի իրավաբանի՝ Էմին Ավետիսյանի հետ, որը բժշկական կենտրոնի շահերը ներկայացնում է դատարանում։

Արձագանքելով բժիշկ Արմինե Մկրտչյանի հայտարարություններին՝ Էմին Ավետիսյանն ասում է, որ կենտրոնը կատարել է դատարանի բոլոր որոշումները և Մկրտչյանը վերականգնվել է նույն հաստիքում։

«Դատարանի որոշման հետ մենք գուցե չհամաձայնենք, բայց այն ամբողջությամբ կատարել ենք։ Մկրտչյանը վերականգնվել է իր պաշտոնում, վճարվել է նաև պարապուրդի գումարը՝ ըստ Հարկադիր կատարման ծառայության կատարած հաշվարկի»,- ասում է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Արմինե Մկրտչյանի նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվել, իսկ վերականգնումից հետո նրա աշխատանքի պայմանները չեն փոխվել։

«Նրա կողմից բարձրացված պահանջները, այդ թվում՝ աշխատանքի պայմանների վերաբերյալ, հիմնավոր չեն։ Նա մատուցում է նույն ռենտգեն ծառայությունը, պարզապես ֆիզիկապես տեղակայված է պոլիկլինիկայի տարածքում։ Այն, որ աշխատակիցը ցանկանում է միաժամանակ ներգրավված լինել երկու տարածքներում, դա արդեն կառավարման որոշման շրջանակում չէ», -նշում  է իրավաբանը։  

Անդրադառնալով Մկրտչյանի նոր հայցին՝ Էմին Ավետիսյանը հավելեց․ «Ներկայացված է նոր հայց, որտեղ նշվում է, որ իր աշխատանքային իրավունքը խախտվել է։ Բայց, ըստ մեզ, որևէ հիմք չկա, քանի որ նրա գործունեությունը շարունակվում է, իսկ գործատուի պարտավորությունները կատարվել են։ Այս պահին Արմինե Մկրտչյանի դիմումներին կենտրոնը, կարելի է ասել, արդեն առանձնապես չի էլ արձագանքում, քանի որ դրանք հաճախ դուրս են աշխատանքային իրավունքի տրամաբանությունից»։

Ավետիսյանը պնդում է, որ բժշկական կենտրոնում որևէ խոչընդոտ չի ստեղծվել Մկրտչյանի աշխատանքի համար և նրա նկատմամբ կարգապահական տույժերը վերաբերել են կոնկրետ իրավիճակների։

«Նա պատասխանատվության է ենթարկվել մի դեպքի համար, երբ հիվանդը գտնվել է կյանքի համար վտանգավոր վիճակում։ Բժշկական կենտրոնը որևէ նախաձեռնությամբ չի հանդես եկել դատական գործընթաց սկսելու ուղղությամբ։ Դիմել է հենց հիվանդի հարազատը»,- ընդգծում է իրավաբանը։ Նրա խոսքով, հիվանդի հարազատները չեն դիմել դատարան, քանի որ Աբովյանում բոլորն իրար ճանաչում են և չեն ուզել խնդիրներ ստեղծել։

Հերիքնազ Դավթյանի բողոքների առնչությամբ իրավաբանը նշում է, որ ԲԿ-ն որոշել է դադարեցնել շաբաթ օրերին ռենտգեն ծառայությունների մատուցումը, ինչից հետո փոխվել է վերջինիս աշխատանքային գրաֆիկը։ Ավետիսյանի խոսքով՝ Դավթյանի բողոքը նույնպես ընթացքի մեջ է դատական կարգով, երբ հրապարակվի դատարանի վճիռը, ամեն ինչ պարզ կդառնա։ 

2023 թվականի սեպտեմբերի 12-ին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր առողջապահության ոլորտի մշտադիտարկումների արդյունքներին, այդ թվում՝ «Ռուբիկ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։ 

«Ծառայության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացվել է մշտադիտարկում հանրային գնումների գործընթացների կազմակերպման՝ ռիսկային համարվող հատվածի նկատմամբ։ Մշտադիտարկման արդյունքում՝ դիտարկված գնման գործընթացներում ի հայտ եկած առերևույթ իրավախախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ (շուրջ՝ 89մլն ՀՀ դրամ) նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ գործարքի կողմ հանդիսացող համապատասխան ընկերության՝ չգրանցված աշխատակիցների մասով ՊԵԿ լիազորություններից բխող վերահսկողություն իրականացնելու նպատակով»֊ասվում է ՊՎԾ ղեկավարի գրառման մեջ:

Հ. Գ. 

Հոդվածի հրապարակումից հետո՝ հուլիսի 3-ին, «Հետքի» խմբագրություն դիմեց «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շահերը դատարանում ներկայացնող իրավաբան Էմին Ավետիսյանը։ Նա պնդեց, որ բուժհաստատության հասցեին մեղադրանքներն անհիմն են։

«Խնդիրն այն է, որ երբ անձը կարծում է, թե իր իրավունքը խախտվել է, հաճախ անցնում է հերյուրանքների դաշտ։ Իսկ երբ մասնագիտացված վերահսկող մարմինը՝ Տեսչական մարմինը, արձանագրում է, որ խախտում չի եղել և բողոքներին ընթացք չի տալիս, սկսվում են ընկերության վարկանիշն արատավորելու փորձերը»,- ասաց իրավաբանը։

Ավետիսյանի խոսքով՝ Հերիքնազ Դավթյանի բողոքներին ընթացք չի տրվել, Տեսչական մարմնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որևէ խախտում չի արձանագրվել։ Իրավաբանը վստահ է, որ որոշ հայտարարություններ, որոնք շրջանառվում են հանրային դաշտում, հերյուրանք են՝ ուղղված ընկերության հեղինակության դեմ։

Անդրադառնալով Դավթյանի այն պնդմանը, թե կենտրոնում եղել են աշխատակիցներ, որոնք, ազգակցական կապ ունենալով տնօրենի հետ, չեն հաճախել աշխատանքի, սակայն վարձատրվել են, Ավետիսյանն ասաց․ «Խոսքը վերաբերում է կոնկրետ մեկ անձի՝ անվտանգության աշխատակցին։ Այդ պաշտոնը նախատեսում է 24-ժամյա ֆիզիկական ներկայություն, մեկ աշխատակից է նշանակված հերթապահության։ էս դեպքում մեկ անձի մասին ենք մենք խոսում, 24 ժամվա ընթացքում տվյալ մեկ անձն է ծառայություն իրականացնում, միգուցե ինչ-որ պացիենտ են բերել ու էդ պահին անձը գտնվել է, ենթադրենք, զուգարանում, դա չի նշանակում, որ ինքը աշխատանքի վայրում չի։ Անհնար է, որ նա բացակայի ու վարձատրվի»։

Իրավաբանը նաև հերքեց այն պնդումը, թե Դավթյանը ստիպված է եղել շաբաթ օրերին աշխատել՝ ղեկավարության ճնշման արդյունքում։ Ավետիսյանի խոսքով՝ շաբաթ օրերին ռենտգեն ծառայությունը դադարեցվել է, ինչից հետո Դավթյանին առաջարկվել է պայմանագրային փոփոխություն․ «Հերիքնազ Դավթյանն իր պայմանագրով աշխատել է շաբաթ օրերը, շաբաթական 3 օր։ Ու քանի որ ընկերությունը նպատակահարմար չի գտել, որ շաբաթ օրերը ռենտգեն ծառայությունը մշտապես բաց լինի, որպես առկա պայմանի փոփոխություն իրեն առաջարկվել է, որ աշխատի շաբաթվա աշխատանքային օրերին, ինքը դրանից է հրաժարվել, այլ ոչ թե հակառակը»։

Ինչ վերաբերում է Դավթյանի ազատմանը անաշխատունակության թերթիկի ընթացքում, Ավետիսյանի խոսքով՝ մինչև այսօր բուժհաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կվկայեր նրա ժամանակավոր անաշխատունակության մասին․ «Տեսչական մարմնի վարույթի ընթացքում նրան բազմիցս առաջարկվել է ներկայացնել թերթիկը, բայց այդպես էլ փաստաթուղթ չի ներկայացվել։ Մինչդեռ հիմա ասում է, թե իրեն ազատել են հենց այդ ընթացքում»։

Գլխավոր լուսանկարը՝ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter