
ՀԷՑ-ը «խլելու» մասին է, բայց ՀԷՑ-ի անունը չկա. ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագծերը
«Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներով փորձեք փաթեթավորել։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ ՀԷՑ-ում, հենց այսօ՞ր դա տեսաք, երե՞կ տեսաք, մի ամիս առաջ, մեկ տարի առաջ, երկու տարի առաջ չէի՞ք տեսնում, հենց այսօ՞ր որոշեցիք հրատապ կերպով ներկայացել»,- այսօր Ազգային ժողովում ընթացքող արտահերթ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նման որակում տվեց մոտ մեկ շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագծերի փաթեթին։
Այս փաթեթով խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում։ Սրանցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) նոր լծակներ են տրվում։
Մասնավորապես, առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում ավելացնել, որ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ, երբ առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։
«Էներգետիկայի մասին» օրենքում էլ խմբակցությունն առաջարկում է կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված ավելացնել։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։
Նախգծերի այս փաթեթը հրատապ կերպով հայտնվել է Ազգային ժողովի հուլիսի 1-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում։
Թեև նշված փաթեթում որևէ կերպ չի շոշափվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) անունը, սակայն ընդդիմադիր պատգամավորներն ու փորձագետների մի մասը համոզված են՝ այս օրենսդրական փոփոխությունները ուղղված են ՀԷՑ-ը ներկա սեփականատերերի «ձեռքից վերցնելուն» և պետականացնելուն։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։
Factor TV-ի հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ ցանկացած գործողություն, որը կվերաբերի ՀԷՑ-ին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով, և «էներգետիկայի մասին» օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում Կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։
Հունիսի 25-ին նշված նախագծերը ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ դրեց, երեկ՝ հունիսի 30-ին, Կառավարության եզրակացությունն է հրապարակվել ԱԺ կայքում։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի և հարակից օրենքի նախագծի հրատապ ընդունումը պայմանավորված է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտի իրավական կարգավորման բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ։ Հատկապես այնպիսի իրավիճակների արձագանքելու մասով, երբ հետևանքները կարող են վտանգել էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հանգեցնել բազմաթիվ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։ Հետևաբար, նման ճգնաժամային իրավիճակները բացառելու նպատակով նպատակահարմար է նախագծերի փաթեթը ընդունել հրատապ»,- ԱԺ այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Ընդդիմադիր պատգամավորների համար համոզիչ չէին հիմնավորումները՝ նախագծերի հրատապության վերաբերյալ։
«Եկեղեցու մասին Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունն է հրատապություն առաջացրել այս նախագծերի ընդունման համար։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու հարցում, հնարավոր է, «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հայտարարությունից օրեր անց նա կալանավորվեց։ Շատ չանցած՝ շրջանառության մեջ դրվեց այս նախագծերի փաթեթը։
Փաթեթի քննարկումը նախատեսվում է երկու ընթերցմամբ կազմակերպել, ինչպես գրված է ԱԺ կայքում, երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ի պատասխան պատգամավորների ձևակերպումների, թե սա «ՀԷՑ-ը խլելու» նախագիծ է, հայտարարեց, որ «ՀԷՑ» և «խլել» բառերը նախագծում չկան։
«Մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, և դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Նման հարցերին պետք է հրատապ լուծում տալ»,- ասաց նա։
Քննարկումները Ազգային ժողովում շարունակվում են։
Կառավարությունը համարում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի
Կառավարությունը մի շարք դիտարկումներ է ներկայացրել այս նախագծերի փաթերի վերաբերյալ և վերջում որպես ամփոփում գրել, որ փաթեթը լրամշակման կարիք ունի։
«Հարկ ենք համարում նշել, որ իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը»,- նշված է Կառավարության առաջարկի մեջ՝ հավելելով, որ նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները:
ՀԷՑ-ից հայտարարում են՝ օրենքի նախագիծը «անգրագետ է»
«Լինելով իրավաբան՝ համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ։ Անգամ պատրաստ եմ հիմնավորել որ ձևաչափով, որ կցանկանան։ Յուրաքանչյուր բառ տեղին է՝ պետականացնել, խլել»,- հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ըստ նրա՝ թեև ՀԷՑ-ում եղել են խնդիրներ, սակայն անցած տարիների ընթացքում որևէ ձևով անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որը կարող է բերել լիցենզիայից զրկելուն։ Մասնավորապես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման գնահատականներ չի տվել։
«Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք, հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական բոլոր հնարավորությունները մեզ համար սահմանափակեն, արդեն միջազգային կազմակերպությունների, մեր գործընկերների հետ միասին … Շատ վատ արձագանքներ եմ ստանում մեր միջազգային գործընկերներից։ Զարմացած են, ապշած են»,- հայտարարեց Դավիթ Ղազինյանը։
Թե ինչ ճանապարհով և ինչ ատյանով է պատրաստվում ՀԷՑ-ի ղեկավարությունը պայքարել, գաղտնի է պահվում։
Մեկնաբանել