HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով հուլիսի 1-ից չեղարկվում են Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանվել էին դեռևս 2004 թվականին։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

Հրամանագիրը, ի թիվս այլ կետերի, թույլ է տալիս թուլացնել արտահանման վերահսկողության գործողությունները, որոնք սահմանվել էին Դամասկոսի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձանց նկատմամբ սահմանափակումները մնում են ուժի մեջ:

Թրամփն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նաև հանձնարարել է վերանայել Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու, ինչպես նաև Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաային՝ հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչ հայտարարելու մասին որոշումները: Ստացվում է, որ ամերիկյան կողմը «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին, որը տարբեր ժամանակներում եղել է «Ալ-Կաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների մաս, կդադարի ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում։

CBS հեռուստաընկերությունը նշում է, որ պատժամիջոցներից մի քանիսի չեղարկումը պետք է ստանա նաև կոնգրեսի հավանությունը։

Արևմտյան երկրները Սիրիայի դեմ պատժամիջոցներ էին սահմանել դեռ այն ժամանակ, երբ երկրի նախագահը Բաշար Ասադն էր։ 2024 թվականին վերջինիս իշխանությունը տապալվեց ու Ասադը փախավ Ռուսաստան։ Իշխանության եկան «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գրոհայինները։ Ահմեդ ալ-Շարաան խոստանում էր, որ Սիրիան կդառնա ժողովրդավարական պետություն։

Մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ, որը փորձում էր ԱՄՆ առաջնորդին համոզել չեղարկել պատժամիջոցները։

Մայիսի վերջին էլ Եվրոպական միությունն էր հանել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Բրյուսելը, սակայն, հայտարարել էր, որ ցանկացած պահի դրանք կարող են վերականգնվել, եթե Սիրիայի նոր իշխանությունները չկատարեն իրենց խոստումները։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter