HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սամվել Կարապետյանի խոսքից առա՞ջ, թե՞ հետո. ՀԷՑ-ի շուրջ քննարկումներ ԱԺ-ում

Իշխանությունները հերքում են ընդդիմադիր պատգամավորների պնդումն այն մասին, որ այսօր ԱԺ-ում քննարկվող էներգետիկ ոլորտի օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագծերը ուղղված են ՀԷՑ-ը պետականացնելուն, և որ դրանք առաջ են քաշվել ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնի քաղաքական հայտարարությունից հետո։ 

ՀԷՑ-ը «խլելու» մասին է, բայց ՀԷՑ-ի անունը չկա. ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագծերը

«Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պնդում է, որ նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը չի ծագել նշված քաղաքական հայտարարությունից հետո։ Նա կարծում է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունն է հաջորդել իշխանությունների գործողություններին։

«Դա ծագել է այդ հայտարարությունից առաջ։ Հանձնարարվել է վարչապետի կողմից ՏԿԵՆ-ին և անձամբ ինձ։ Հանձնարարականը եղել է գրավոր, հստակ ամիս-ամսաթվով, և ինձ մոտ առնվազն տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։ Այսինքն, երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել կառավարման այս համակարգին ՀԷՑ-ում և դրանից բացի, հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները, մանավանդ անջատումների թվով, այլևս այնպես են խախտված, որ նոր ներդրումների հնարավորության դեպքում համակարգը պիտի անջատվի, ներդրում արվի, ենթադրենք հենասյուն փոխվի, լար փոխվի, ենթակայան կառուցվի, և այդ քննարկումը բերել է նրան, որ առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է ՀԷՑ-ը տարվա վերջին, դրան գումարած այն հանձնարարությունը, որ մեկասմյա ժամկետ է տրվել Հանրապետության վարչապետի կողմից՝ քայլեր ձեռնարկելու, այդ երկուսից ընդամենը երեք օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում։ Ես կուզեմ, որ մենք դասավորությունը տեսնենք հենց այս տրամաբանության մեջ»,- ԱԺ նիստին հայտարարեց Դավիթ Խուդաթյանը։

Նախագծերի այս փաթեթով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում։ Սրանցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) նոր լծակներ են տրվում։

Մասնավորապես, առաջարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում ավելացնել, որ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ, երբ առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

«Էներգետիկայի մասին» օրենքում էլ խմբակցությունն առաջարկում է կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված ավելացնել։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։

Հիմնական զեկուցող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու՞ է հիմա ԱԺ բերվել այս նախագիծը, ի՞նչ էներգետիկ անվտանգության խնդիր կա, որը այսօրվա եղած գործիքակազմով հնարավոր չէ լուծել։ Եթե չլիներ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, արդյոք այս նախագծերի փաթեթն այսօր կքննարկվեր ԱԺ-ում։

«Շատ ժամանակավրեպ նախագիծ է։ Շուտ պետք է բերվեր՝ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ։ Այս խուժան սեփականաշնորհման գործընթացին էր պետք ի սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել։ Ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը կարո՞ղ է հայտնվել մասնավորի, էլ չեմ ասում՝ ընտանիքի ձեռքում։ Մենք այդպիսի՞ պետություն ենք ուզում»,- ի պատասխան հարցերի նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա ևս շեշտեց, որ նախագծում ՀԷՑ-ի անունը նշված չէ. «Նախագիծը մի բանի մասին է՝ տալ հնարավորություն խախտումների առկայության պարագայում օպերատիվ միջամտություններ իրականացնել՝ ժամանակավոր օպերատիվ միջամտություն։ Կապել Սամվել Կարապետյանի այդ հայտարարության հետ, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս փաթեթը հակասում է բոլոր իրավական սկզբունքներին։ Եվ ինչպես Թագուհի Թովմասյանը, նա ևս ափսոսանք հայտնեց, որ ԱԺ-ում նախագծի հիմնական զեկուցողը Վլադիմիր Վարդանյանն է, որը կողմ է նախագծերը մանրամասն քննարկելու, մինչդեռ այս փաթեթը ԱԺ է մտել և քննարկվում է հրատապ կերպով։

Նիստին շոշափվեցին ՀԷՑ-ը պետականացնելու ճանապարհին միջազգային ներդրումային իրավունքի մասով Հայաստանի համար ռիսկային հետևանքները, Սամվել Կարապետյանի ռուսաստանյան բիզնեսները, Կիպրոսի քաղաքացիությունը և այլն։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս փաթեթի ընդունումից հետո ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշում է, որ կառավարումը պետք է «խլի նրա ձեռքից», հետո պետք է պարտադրի փոփոխություն անել կանոնադրության մեջ, սեփականության վերաբաշխում անի։ «Վաղը այդ մարդ ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի ձեր այս գործողությունների համար»,- հարցրեց նա։

Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և վարույթի ճակատագիրը որոշում է հանձնաժողովը։ «Եթե Հանձնաժողովը համաձայն չէ նախագահի հետ, թող վարույթը ավարտի։ Օպերատիվության տեսանկյունից, երբ անհրաժեշտ է արագ գործողություններ իրականացնել, անհրաժեշտ է, որ միանձնյա որոշումներ կայացվեն»,- նշեց նա։

Հայաստանում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով:

Օրենքը, ըստ իշխանությունների, բացեր ունի։ Այն ներկայում չի ապահովում բավարար մեխանիզմներ՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը կամ սպառողների լայն շերտերի իրավունքներին։

«Պետական մարմինները, փաստացի, կարող են միջամտել խախտումներ արձանագրելուց հետո, երբ վնասն արդեն իսկ հասցվել է։ Գործող կարգավորումները թույլ չեն տալիս անհապաղ միջամտել։ Ավելի արդյունավետ է կանխարգելել հնարավոր կոլապսը, քան հետագայում վերացնել դրա հետևանքները»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորները շարունակում են պնդել, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը ՀԷՑ-ը պետականացնելն է, որը հաջորդել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությանը։ 

Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են։

Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Խուդաթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter