HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մարզային դպրոցները՝ շրջիկ տոմսավաճառի զոհ

2023-2024 ուսումնական տարում Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց էր այցելել Դավիթ Գրիգորյան անուն֊ազգանունով մի տղամարդ և ներկայացել որպես Վանաձորի թատրոնի դերասան։ Ասել էր, որ միջոցառումներ է կազմակերպում, տոմսեր էր առաջարկել։  Տնօրեն Հասմիկ Մայիլյանը որոշել էր ընդունել Դավիթ Գրիգորյանի առաջարկը։ Առաջին համերգը բարեգործական էր լինելու։

«Դպրոց հաճախակի գալիս էին նման առաջարկներով՝ համերգներ, կրկեսային ներկայացումներ։ Մտածեցինք՝ մեր աբոնեմենտները տեղում օգտագործենք, որ երեխաները կարողանան մասնակցել, առանց տրանսպորտի ծախսի։ Դավիթ Գրիգորյանն ինքն էր եկել ու առաջարկ ներկայացրել»,-ասում է Մայիլյանը։

Առաջին համագործակցությունը, ըստ նրա, եղել է երգիչ Դավիթ Ամալյանի բարեգործական համերգը, որի հասույթը, ըստ Դավիթ Գրիգորյանի, պետք է տրամադրվեր Դավիթ Ամալյանի զոհված որդու գերեզմանաքարի պատրաստմանը։

«Ինքը՝ Գրիգորյանը, դպրոցի կոլեկտիվի առաջ ներկայացրեց, պատմեց, որ համերգը բարեգործական է։ Բոլորը մեծ պատրաստակամությամբ համաձայնեցին։ Տոմսերը 5000 դրամով վերցրինք։ Բայց համերգը չկայացավ»,- հիշում է տնօրենը։

Ըստ Մայիլյանի՝ Գրիգորյանը զանգել ու հայտնել է, որ համերգը հետաձգվում է, ապա՝ թե շփոթել է դպրոցների անունները, համերգն արդեն կայացել է ու ինքը սխալմամբ Էջմիածնի դպրոցներից մեկի անձնակազմին է տարել։ Որպես փոխհատուցում առաջարկել է Արարատ քաղաքի մշակույթի տանը մեկ այլ ներկայացում դիտել։

«Մի քանի անգամ ներկայացման օր էր փոխել։ Պետք է դիտեինք «Ցանկապատը» ներկայացումը, որտեղ խաղում է նաև Մկրտիչ Արզումանյանը։ Բայց ներկայացման օրը պարզվեց, որ բոլոր դերասանները փոխված են, այլ դերասանական կազմ է։ Դերասանները, իր ասելով, եկել էին Վանաձորից։ Ոչ ոք չէր հավանել ներկայացումը։ Նոր Կյանքի, Նոյակերտի, Արարատի մի քանի դպրոցների ներկայացուցիչներ էլ բողոքեցին»,-ասում է նա։

Ըստ տնօրենի՝ Դավիթ Գրիգորյանը պատճառաբանել է, թե դերասանուհիներից մեկի մայրը մահացել է, ստիպված են եղել ներկայացումը խաղալ այլ դերասանական կազմով։ 

«Ցանկապատը» ներկայացումը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով, սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է։ Դերերում խաղում են՝  Մկրտիչ Արզումանյանը, Արծրուն Հարությունյանը, Աստղիկ Աբաջյանը և այլոք։

2024-2025 ուսումնական տարում Դավիթ Գրիգորյանը կրկին այցելել է Եղեգնավանի միջնակարգ դպրոց եւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Ալպիական մանուշակը» ներկայացման տոմսեր առաջարկել։

«Տոմսեր բերեց, ասաց, որ քանի որ կազմակերպիչն ինքն է, 6000 դրամ արժողությամբ տոմսը մեզ կվաճառի 3000 դրամով։ 22 տոմս վերցրինք։ Ներկայացումը չեղարկվեց։ Ասաց՝ դերասաններից մեկի մայրն է մահացել։ Հետո առաջարկեց տեղափոխել ապրիլի 1-ին, ասացին, որ այդ օրը կոլեկտիվը չի կարողանա մասնակցել։ Ասացի՝ մեր գումարները վերադարձրեք, ասաց՝ կփոխհատուցի, բայց մինչև այսօր ոչինչ չի վերադարձվել, անընդհատ նոր ժամկետներ է նշել»,-ասում է Հասմիկ Մայիլյանը։

Ըստ նրա՝ դպրոցի անձնակազմը ամիսներ շարունակ փորձել է կապ հաստատել Դավիթ Գրիգորյանի հետ։ «Ամեն շաբաթ զանգել եմ, փոխտնօրեն Անդրեասյանը զանգել է։ Այս պահի դրությամբ 66 000 դրամ պարտք է մեր կոլեկտիվին»,-ասում է տնօրենը։

Մայիլյանի խոսքով՝ դիմել են ոստիկանություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Դավիթ Գրիգորյանը խոստացել է հնարավորինս սեղմ ժամկետում վերադարձնել գումարը։

«Ասացին՝ եթե ուզում եք, եկեք հաղորդում ներկայացրեք։ Բայց ես էլ ժամանակ չունեի, համ էլ մտածում էի՝ գուցե մարդկայինով հասկանա։ Բայց հետո հասկացա՝ պրոֆեսիոնալ խաբեբա է։ Ամեն անգամ մի բան էր ասում՝անձամբ կբերեմ, կփոխանցեմ հաշվեհամարին, անգամ փոխտնօրենի հաշվեհամարն էր վերցրել, բայց խոստումները մնացին օդում»,-ասում է Մայիլյանը։

Նրա խոսքով՝ այլ դպրոցներ էլ են տուժել Դավիթ Գրիգորյանի գործողություններից, սակայն ոմանց հաջողվել է գումարները ստանալ։

Քանի որ Դավիթ Գրիգորյանը Եղեգնավանի միջնակարգ դպրոցում ներկայացել էր որպես Վանաձորի թատրոնի դերասան, զանգահարեցինք Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ ճշտելու՝ Դավիթ Գրիգորյան անուն-ազգանունով դերասան ունե՞ն։

Վանաձորի թատրոնից մեզ հայտնեցին, որ Դավիթ Գրիգորյանն իրենց թատրոնում չի աշխատում։ Որոշ մանրամասներ իմանալուց հետո ասացին, որ այդ մարդը խաբեբա է և շրջում է տարբեր մարզերով, ներկայանում տարբեր թատրոնների անունից և ներկայացումների տոմսեր առաջարկում։ Նաեւ ասացին, թե Դավիթ Գրիգորյանը գյումրեցի է։

«Հետքը» հունիսի 16-ին կապ հաստատեց Դավիթ Գրիգորյանի հետ։ Նա նախ հարցրեց, թե որ դպրոցի մասին է խոսքը, ապա ասաց, որ մի քանի դպրոցների արդեն վերադարձրել է տոմսերի գումարները կամ ցուցադրել խոստացված ներկայացումները։ Նշեց, որ մինչև հունիսի 25-ը Եղեգնավանի դպրոցական անձնակազմին կփոխանցի ներկայացման տոմսերի գումարները, քանի որ ներկայացումը չի կայացել։

Հուլիսի 1-ին կրկին կապ հաստատեցինք Դավիթ Գրիգորյանի հետ, այս անգամ նոր ժամկետ նշեց՝ մինչև շաբաթվա վերջ, ասաց, որ դպրոցի փոխտնօրենի հաշվեհամարին գումարը կփոխանցի։

Տնօրեն Հասմիկ Մայիլյանը չի հավատում Դավիթ Գրիգորյանի խոստմանը, քանի որ ամիսներ շարունակ նույնն է լսել, ամեն անգամ Դավիթ Գրիգորյանը նոր ժամկետներ է ասել։

Հասմիկ Մայիլյանը հանրայնացնում է այս թեման՝ կանխելու Դավիթ Գրիգորյանի գործելաոճը հետագայում, ուզում է, որ մարդիկ ավելի զգոն լինեն։

«Հետքը» կապ հաստատեց նաեւ «Ցանկապատ» և «Ալպիական մանուշակ» բեմադրությունների սցենարի հեղինակ և ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի հետ։ Նա հայտնեց, որ Դավիթ Գրիգորյանը կապվել է իր հետ, ասել, որ ուզում է Ստանիսլավսկու թատրոնում մի ամբողջ դահլիճի տոմս գնել։ «Այդ մարդը եկել է, ասել, թե ուզում է մի ամբողջ դահլիճի տոմս առնել։ Ասեցի, որ պայմանագիր պիտի կնքենք, 10 օր հետո գումարը կբերի, պայմանագրով կանենք։ Տոմսերը տվեցինք, բայց պայմանավորվածությունը խախտեց։ Ես չեղյալ համարեցի ամեն ինչ։ Թե դրանից հետո ինչ է արել, ես չգիտեմ»,- ասում է ռեժիսորը։

Նա պնդում է, որ «Ցանկապատ» ներկայացումը բացարձակապես կապ չի ունեցել Գրիգորյանի նախաձեռնության հետ։ ««Ցանկապատը» ես բեմադրում եմ միայն «Հանդարտ» ծրագրի շրջանակում, կոնկրետ վայրում։ Երբեք դա այլ վայրում չի ցուցադրվել։ Բացառվում է, որ խոսքն այդ ներկայացման մասին լինի։ Ես իմ կողմից միայն միջնորդել էի՝ թող օր վերցնի, Ստանիսլավսկու թատրոնում «Ալպիական մանուշակը» ցուցադրենք, բայց երբ խախտեց պայմանավորվածությունը, էլ կապ չեմ ունեցել։ Շատ դպրոցներից հետո լսել եմ, որ մարդիկ բողոքել են, էն դպրոցները, որոնք զանգել են ինձ, անգամ ասել եմ՝ գան իրենց տոմսերով, ներկայացումները նայեն, որ չստացվի՝ տուժել են»,-ասում է նա։ 

Տիգրան Գյուլումյանը հերքեց նաեւ որևէ կապ Դավիթ Գրիգորյանի հետ, միայն նշեց, որ երբեմն խոսում է նրա, դպրոցի տնօրենների հետ՝ տեղեկանալու՝արդյոք փոխհատուցել է դպրոցներին։ Նրա տեղեկություններով, մեծ մասին փոխհատուցել է։

Կապ հաստատեցինք նաև երգիչ Դավիթ Ամալյանի հետ։ Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Մայիլյանը պատմել էր, որ Դավիթ Գրիգորյանն առաջին ագամ Դավիթ Ամալյանի բարեգործական համերգի առաջարկով էր դպրոց գնացել։

Դավիթ Ամալյանի խոսքով՝Դավիթ Գրիգորյանը ոչ միայն իրեն, այլև բազմաթիվ այլ անձանց է խաբել։ Ինքը ստիպված է եղել ոստիկանություն դիմել, քանի որ ոչ մի կերպ չի կարողացել կապ հաստատել Դավիթ Գրիգորյանի հետ։

«Էնքան էի դժվար դրության մեջ ընկել, որ ստիպված եղա ոստիկանություն դիմել։ Կյանքում նման քայլ չէի արել, բայց այլ ելք չունեի։ Սկզբում ամբողջովին անհետացել էր՝ փախած, չէի կարողանում գտնել։ Բոլոր ճանապարհներն օգտագործել էի՝ կապ հաստատելու համար, բայց անհաջող։ Մի օր ոստիկանությունից ինձ զանգեցին ու ասացին՝ Եղեգնաձորում իմ անունից ինչ-որ գործողություն է անում։ Ես էլ այդ պահին խնդրեցի՝ եթե բռնեք, գոնե ինձ ասեք, ես իմ ձևով պիտի պատժեմ։ Որովհետև ոչ միայն ինձ, այլ շատերին է խաբել՝ բարեգործական համերգների անվան տակ»,- ասում է երգիչը։

Նրա խոսքով, Դավիթ Գրիգորյանը զանգել է իրեն, առաջարկել համերգ կազմակերպել։ Սկզբում վստահել է, երկու համերգ է կազմակերպվել, ապա տեղեկացել է, որ Դավիթ Գրիգորյանն իր անունից տոմսեր է վաճառում՝ առանց իր հետ պայմանավորվելու։ Դավիթ Ամալյանը նշում է, որ Գրիգորյանի պատճառով ֆինանսական կորուստներ է կրել։

«Երկու անգամ է կազմակերպել համերգ։ Հետո իմացա, որ տոմսեր է վաճառել, իսկ ինձ ոչ մի բան չի հայտնել, ես նույնիսկ տեղյակ չեմ եղել, որ իմ անունով համերգ է ուզում կազմակերպել։ Հետո մարդիկ կապվում են ինձ հետ ու ասում՝չես ամաչու՞մ, համերգ ես կազմակերպում, հետո չեղարկում ես։ Ասում եմ՝ տիկին ջան, ես տեղյակ չեմ, ընդհանրապես կապ չունեմ էս ամենի հետ։ Ինձ համար շատ ահավոր իրավիճակ էր»,-ասում է երգիչը։

Հուլիսի 2-ին Տիգրան Գյուլումյանի հետ մեր զրույցից մեկ ժամ չէր անցել, երբ զանգահարեց Դավիթ Գրիգորյանը։ Ասաց՝ ռեժիսորից տեղեկացել է մեր զրույցի մասին եւ որոշել է կապ հաստատել՝ հասկանալու, թե ինչ հարցեր ունենք։ Կրկին պնդեց, որ շատ դպրոցներ գոհ են իրենից։ «Չէի ասի, թե բոլորը դժգոհ են։ Դեպքեր են լինում, բայց միշտ փորձում ենք կարգավորել, հնարավորության սահմաններում փոխհատուցել»,-ասաց նա։ 

Մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ մինչև շաբաթվա վերջ կփոխանցի չկայացած ներկայացումների գումարները։ «Ինչ վերաբերում է Դավիթ Ամալյանի բողոքին և ոստիկանություն դիմելուն, եթե դիմել է, ուրեմն ինչ-որ բան սխալ է հասկացվել։ Ես էլ եմ ուզում պարզել՝ ինչ է եղել, չգիտեմ, թե ինչից է դժգոհ»,-ասաց նա։

Դավիթ Գրիգորյանի անվան շուրջ պատմությունները, տարբեր դպրոցների տնօրենների ու մշակութային գործիչների փոխանցմամբ, ունեն նույն սցենարը՝ միջոցառումների առաջարկ, չեղարկում, ժամկետների բազմակի խախտում և, որոշ դեպքերում, չվերադարձված գումարներ։ Դավիթ Գրիգորյանը պնդում է, որ փոխհատուցում է բոլորին և ոչ ոքի խաբել չի ուզում։ Սակայն մի շարք դեպքերում մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց գումարները։

Գլխավոր լուսանկարը՝ Հայկ Մակիյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter