
Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ այն անվանելով «շատ կարևոր և բովանդակալից զրույց երկու նախագահների միջև»։
Ի սկզբանե Թրամփ-Զելենսկի բանակցությունների մասին հայտնել էր նաև Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Լրագրողի աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տևել է մոտ 40 րոպե և դա «լավ զրույց էր»։ Ինչպես նշել է Ռավիդը, Թրամփն ու Զելենսկին քնարկել են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարվածների ակտիվացումը և Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումը։
Ավելի ուշ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Թրամփի հետ հեռախոսազրույցը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ռազմաճակատում առկա իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի ուղղությամբ ռուսական օդային հարվածները։
«Քննարկեցինք ՀՕՊ-ի հնարավորությունները և պայմանավորվեցինք, որ կաշխատենք երկնքի պաշտպանությունն ավելացնելու ուղղությամբ։ Խոսք գնաց նաև պաշտպանական արդյունաբերության հնարավորությունների և համատեղ արտադրության հնարավորությունների մասին։ Պատրաստ ենք Ամերիկայի հետ ուղղակի նախագծերի իրականացմանը և կարծում ենք, որ դա չափազանց անհրաժեշտ է անվտանգության համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և համապատասխան տեխնոլոգիաներին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նախագահ Զելենսկին։
Մինչ Զելենսկիի հետ հեռախոսազրույցը, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է այդ հեռախոսազրույցից ու որևէ առաջընթաց չի գրանցվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղությամբ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել