HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Իմ որոշումն աշխարհի ամենաարդար դատական ակտն է եղել»․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը վերջին խոսքն ասաց դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 4-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Ամբաստանյալի աթոռին է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը, նա մեղադրվում է  դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։ 

Շուրջ երեք տարվա քննությունից հետո այս դատական գործը հասել է ավարտական փուլի։ Արուսյակ Ալեքսանյանը 1,5 տարի կալանավորված է եղել, այնուհետև 1 տարի գտնվել է տնային կալանքի տակ, այժմ էլ նրա խափանման միջոցներն են՝ վարչական հսկողությունը, 25 մլն դրամի չափով գրավը և երկրից բացակայելու արգելքը։ Դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։ Ըստ Արուսյակ Ալեքսանյանի՝ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն ամբողջությամբ ապօրինի է։ «Իմ նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք տարբեր հարթություններով և ուղղություններով, գործել են երկակի ստանդարտներ, իրականացվել է թիրախավորված քրեական հետապնդում և ընտրովի արդարադատություն»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։ 

Ալեքսանյանը ելույթի սկզբում անդրադարձավ ԱԱԾ օպերլիազորի կողմից կազմված զեկուցագրին, որի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանը, զբաղեցնելով դատավորի պաշտոնը, իր վարույթում գտնվող տարբեր դատական գործերով քննությամբ դեռևս չպարզված անձանցից պարբերաբար պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 2 միլիոնից 5 միլիոն դրամ կաշառք: Այս զեկուցագրի հիման վրա է, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հատուկ գործողություններ են իրականացվել՝ գաղտնալսել հեռախոսները, տեսաձայնագրել աշխատասենյակը։ Այդ գործողությունների արդյունքներով ԱԱԾ աշխատակիցները կաշառքի վերաբերյալ չեն գտել որևէ ապացույց, փոխարենը նախաձեռնել են այս քրեական վարույթը։

Ըստ Արուսյակ Ալեքսանյանի՝ այդ զեկուցագիրը կեղծ է եղել, ինքը երբևէ կաշառք չի վերցրել, և այդ է պատճառը, որ նույնիսկ գաղտալսումներից հետո արդեն 3 տարի է՝ ԱԱԾ աշխատակիցները որևէ ապացույց չեն կարող գտնել այդ մասին։ Արուսյակ Ալեքսանյանի համոզմամբ՝ եղել է դիտավորություն իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին, այդ պատճառով էլ ԱԱԾ աշխատակիցները, չգտնելով կաշառքի վերաբերյալ որևէ ապացույց, ստեղծել են այս քրեական գործը։ Զեկուցագրի կեղծ լինելու վերաբերյալ Արուսյակ Ալեքսանյանը բողոքարկել է նաև դատարան, սակայն նույնիսկ վերադաս ատյաններում արդյունքի չի հասել։ 

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը պնդում է՝ օպերլիազորի զեկուցագիրը եղել է փաստազուրկ և ոչ բավարար հիմք, որ դատարանը թույլ տար իր նկատմամբ ներքին դիտման, գաղտնալսման գործողություններ կատարել։ Ըստ նրա՝ խախտվել է իր՝ որպես դատավորի անձեռնմխելիությունը։ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Արղամանյանը մեկնաբանել է, որ հանրային շահը գերակա է Արուսյակ Ալեքսանյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին։ «Էդ ի՞նչ հանրային շահ է, որ ավելի գերակա է, քան արական սեռի օպերների խմբակի կողմից տևական ժամանակ կին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին իր աշխատասենյակում հետևելը, օրինակ՝ զուգագուլպա հագնելը տեսնելը»,- ասում է Արուսյակ Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ երկու ամիս շարունակ իրեն հետևել են, կաշառքի վերաբերյալ ոչինչ չեն բացահայտել, սակայն օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամկետը երկարացրել են։ «Բա երկարացնելուց ո՞րն էր հանրային շահը։ Հետաքրքի՞ր էր անձական կյանքս։ Բազմասերիանոց նովե՞լ էր, ի՞նչ էր»,- հեգնում է Ա․ Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ գործելաոճը ոչ միայն ապօրինի է, այլև բարոյազուրկ։ «Ձեզ չթվա, թե այդ տխրահռչակ զեկուցագիրը (ԱԱԾ օպերլիազորի կազմած-խմբ․) կարող եք որևէ կերպ «սղցնել», չի լինելու նման բան»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։

Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ այս ամբողջ քրեական վարույթը ծնունդ է առել այդ զեկուցագրից, ուստի գործի ամբողջ ապացուցողական զամբյուղը պետք է ճանաչվի անթույլատրելի։

Արուսյակ Ալեքսանյանը հերքեց նաև մեղադրող կողմի այն պնդումը, թե իր եղբայրը՝ Ռուստամ Ալեքսանյանը, կապ է ունեցել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն հանդիսացող Սերգեյ Գրիգորյանի հետ, ում Ալեքսանյանը ազատել է կալանքից։ «Սա քննչական դեպարտամենտի և դատախազության անելանելիության հերթական դրսևորումն է․ էլի քննությունը խեղճացել է, էլի դիմել են օպերատիվ բլոկի վառ երևակայությանը։ Նախ ցույց տվեք վարույթի ընթացքում ձեռք բերված որևէ տվյալ այն մասին, որ իմ եղբայր Ռուստամ Ալեքսանյանը մտերիմ հարաբերություններ է պահպանում քրեական ենթամշակույթ կրող տարբեր անձանց հետ, առավել ևս՝ «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի հետ։ Կամ ցույց տվեք մեկ տվյալ, որ Ռուստամ Ալեքսանյանն ինձ դիմել է Սերգեյ Գրիգորյանին ազատ արձակելու հարցով․ նման տվյալ գոյություն չունի»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ի դեմս իրեն, առաջին անգամ կալանավորվել է կին դատավոր։ Ըստ Արուսյակ Ալեքսանյանի՝ իր նկատմամբ այս քրեական հետապնդումը սկսելու նպատակը եղել է «ցուցանիշներ, մասկի շոուներ ապահովելը, աշխատելու իմիտացիա ստեղծելը, գերատեսչության առավելություններն ընդգծելը, դատական իշխանությանը սաստելու ոչ բարի նպատակները»։ Նա նաև կարծում է՝ իր ազատազրկումը ինչ-որ չափով քաղաքական երնթատեքստ ունի, քանի որ իրավապահ մարմինները կարծել են նաև, թե ընդդիմադիր գործիչների հետ կապեր ունի Ալեքսանյանը․ հենց դա էլ հիմք է հանդիսացել օպերատիվ-հետախուզական միջոցառումները երկարաձգելու համար։ Դատավոր Ալեքսանյանը նշում է՝ շրջապատում ունի տարբեր հայացքների տեր ընկերներ, սակայն հերքում է մեղադրանքը, թե նրանք կարող էին որևէ ազդեցություն ունենալ իր՝ որպես դատավորի գործունեության վրա։ 

Նա հիշատակեց ներքին դիտման արձանագրությունները, ըստ որոնց՝ Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատասենյակում ասել է, թե քաղաքական գործիչ Արմեն Գևորգյանն «իրեն դզում է»։ Ըստ Արուսյակ Ալեքսանյանի՝ մեղադրող կողմի համար այդ արտահայտությունն է հիմք հանդիսացել, որ իրեն մեղադրել են ընդդիմադիրների հետ կապեր ունենալու մեջ։ «Մի հատ էլ առանձին քննություն են անում էդ մասով, կանչում, հարցնում են՝ ինչու՞ է դզում։ Դա այդպես կարևո՞ր է, կներեք, դուք իմ ճաշակի տե՞րն եք։ Ես իմ տան մեջ նստած խոսում եմ, դա առհասարակ կարա՞ քննության առարկա լինի։ Արմեն Գևորգյանին ոչ ճանաչում եմ անձամբ, ոչ էլ մոտիկից տեսել եմ։ Կարո՞ղ է որ Արմեն Գևրոգյանն ինձ դզում է, դրա համար եմ 2․5 տարի նստել։ Որ իմանայի, չէր դզի»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։ 

Նա այնուհետև խոսեց դատախազության ու դատավորի գործողությունների մասին՝ նրանց ևս մեղադրելով խտրական վերաբերմունքի, երբեմն նաև իրեն թիրախավորելու մեջ։ Ալեքսանյանը, դիմելով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին, ասաց՝ չպետք է թույլատրեր իր և իր ընտանիքի անդամների մասնավոր կյանքի վերաբերյալ հեռախոսազանգերի և աշխատասենյակում ծավալված խոսակցությունների գաղտնալսումները հրապարակվեին բաց դատական նիստում՝ լրագրողների ներկայությամբ։

Դիմելով դատախազությանը՝ Ա․ Ալեքսանյանն ասաց․ «Էդքան պետական ռեսուրս եք մսխել, որ դատարան ներկայացնեք Արուսյակ Ալեքսանյանի բառամթերքի բազմաշերտ լինե՞լը։ Տեսեք, Արուսյակ Ալեքսանյանը մեկին դիմեց  «գազան», էն մեկն ասաց՝ «մեռնեմ ջանիդ», էն մյուսին էլ անվանեց «ոչխար» կամ «անասուն», էդ «անասուն» ու «ոչխար» ասելով էլ ծանր հետևանքներ առաջացան»,- հեգնեց Արուսյակ Ալեքսանյանը։

Ելույթի վերջին հատվածում Արուսյակ Ալեքսանյանն անդրադարձավ արդեն իրեն առաջադրված կոնկրետ մեղադրանքին։ Նա չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը, թե անարդար դատական ակտ է կայացրել՝ Սերգեյ Գրիգորյանին ազատելով կալանքից։ Ըստ Ա․ Ալեքսանյանի՝ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին վերագրվել է ոչ մեծ, միջին ծանրության հանցանք։ «Իմ որոշման արդարացիությունը գնահատելու համար բավական է հետևած լինել իմ կայացրած որոշմանը հաջորդած իրադարձություններին»,- ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ ազատ արձակվելուց հետո Սերգեյ Գրիգորյանը դրսևորել է իրավահպատակ վարքագիծ։

Նա հիշատակեց նաև այն հանգամանքը, որ վերջերս Սերգեյ Գրիգորյանը մահացել է, և ըստ նախաքննական մարմնի՝ նա պատվերով սպանվել է։ Ալեքսանյանը հարցնում է՝ դրանից առավել ի՞նչ իրադարձություն պետք է տեղի ունենար, որ ևս մեկ անգամ հավաստվեր Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին իր որոշման արդարացի լինելը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը շատ թանկ է արժեցել իր համար, դրա համար սեփական ազատությամբ է հատուցել, բայց դրա համար չի զղջում, քանի որ իր որոշման շնորհիվ հետագայում առերևույթ սպանված Սերգեյ Գրիգորյանը մի քանի օր ավել հնարավորություն է ունեցել գտնվել ազատության մեջ, իր ընտանիքի կողքին։

«Եվ եթե ինձ հարցնում են՝ ինչու՞ ես գրավի դիմաց ազատ արձակել Սերգեյ Գրիգորյանին, ապա ես պատասխանում եմ՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել և արդար եմ արել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու իմ որոշումը ոչ միայն անարդար դատական ակտ չէ, այլ աշխարհի ամենաարդար դատական ակտն է»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։

Նա հերքեց նաև իրեն վերագրվող մեղադրանքը՝ լիազորություններն անցնելու մասին։ Ըստ մեղադրանքի՝ Արուսյակ Ալեքսանյանը, քննելով Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, խախատել է ձեռք բերված պայմանավորվածությունը մակագրման վերաբերյալ։ «Ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել ոչ միայն Պողոսյան Գագիկի (այդ ժամանակ դատարանի նախագահի պաշտոնակատար-խմբ․), այլև առհասարակ դատարանի որևէ նախագահի կամ նախագահի պաշտոնակատարի հետ»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։

Ա․ Ալեքսանյանն անդրադարձավ նաև գործով վկաների ցուցմունքներին՝ նշելով, որ թե նախաքննության փուլում, թե դատաքննության փուլում որևէ վկա չի ասել որևէ բառ կամ տառ, որը կվկայի իր կողմից որևէ հանցավոր արարք կատարելու մասին։

Ամփոփելով ելույթը՝ Արուսյակ Ալեքսանյանը դիմեց դատավոր Վահե Դոլմազյանին՝ ասելով․ «Եթե Դուք իսկապես օրենքով և իրավունքով եք առաջնորդվում, ապա պարտավոր եք արդարացման վերդիկտ կայացնել։ Պատվարժան դատարան, ես վաղ, թե ուշ արդարացվելու եմ և շարունակելու եմ իմ առաքելությունը ՀՀ-ում՝ որպես դատավոր․ ոմանք դա ուզենան, թե՝ ոչ, բայց դա տեղի ունենալու է, և ես հավատում եմ իմ հաղթանակին»։

Ալեքսանյանի եզրափակիչ ելույթից հետո կարճ ելույթով հանդես եկավ գործով հանրային մեղադրող Մհերյան Ռոբերտը։ Նա նշեց, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված ապացույցներն ամբողջությամբ թույլատրելի են։ Նրա կարծիքով՝ պաշտպանական ճառերի մեծամասնությունում կարմիր գծով անցնում էր հետևյալը՝ խախտվել է դատավարական ընթացակարգը, ինչը նշանակում է, որ լայն իմաստով փաստի կամ դրանց մի մասի վիճարկում շատ դեպքերում տեղի չի ունենում։ «Փոխաբերաբեր ասած՝ եթե չկա մեղադրանքից պաշտպանվելու առաջնային միջոցը և հնարավորությունը, այսինքն՝ մեղադրանքի հիմքում ընկած փաստերի հերքումը կամ դրանց ջլատումը, ապա պետք է դիմել երկրորդային միջոցներին՝ դրա պրոցեսուալ կողմի վիճարկմանը, որպիսի ճանապարհով ընթանում է պաշտպանական կողմը»,- ասաց հանրային մեղադրողը։

Նիստի ավարտին դատավոր Վահե Դոլմազյանը քննեց Արուսյակ Ալեքսանյանի՝ հուլիսի 2-ին ներկայացրած միջնորդությունը՝ 12 օրով ընտանիքի հետ Վրաստան հանգստի մեկնելու թույլտվության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս Արուսյակ Ալեքսանյանի համար խոչընդոտ են իր նկատմամբ կիրառված «երկրից բացակայելու արգելք» և «վարչական հսկողություն» խափանման միջոցները։ Հաշվի առնելով, որ դատաքննությունն ավարտական փուլում է, Արուսյակ Ալեքսանյանն արդեն հանդես է եկել եզրափակիչ ելույթով՝ դատավոր Վահե Դոլմազյանը բավարարեց միջնորդությունը, վերացրեց այդ երկու խափանման միջոցները՝ թողնելով միայն 25 մլն դրամի չափով գրավը։

Գլխավոր լուսանկարում՝ Արուսյակ Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter